Արևելահայ գրական լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արևելահայ գրական լեզու, արևելահայերեն, աշխարհաբարի կամ նոր հայերենի երկու տարբերակներից մեկը։ Առաջ է եկել «ում» ճյուղի բարբառների և, հատկապես, Արարատյան բարբառի հիման վրա՝ XVII դ․ սկսած, հայ ժողովրդի պատմական կյանքի զարգացմանը զուգընթաց։ Արևելահայ գրական լեզուն աստիճանաբար ասպարեզից դուրս է մղել գրաբարը, ընդարձակել իր գործառնությունները և XIX դ․ կեսերին, հաստատուն դիրքեր նվաճելով գրականության մեջ, դարձել ազգային գրական լեզու։ Մինչև Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացվելը (1828), գրաբարի, իբրև գրավոր լեզվի, տիրապետության շրջանում արևելահայ գրական լեզուն ընթացել է տարերային զարգացման ճանապարհով։ Վաղ արևելահայ աշխարհաբարի գրավոր նմուշների (Զաքարիա Ագուլեցի, «Օրագրություն», 1648-1683, հրտ․1939, Յ․Շրյոդեր, «Արամեան լեզուին գանձ», 1711, Կ․Սարաֆյան, «Գիրք՝ որ կոչի բանալի գիտութեան», 1788 և այլն) լեզուն կրում է գրաբարի ու բարբառների որոշակի ազդեցությունը, հատկանշվում թե մեկի, թե մյուսի բազմազան տարրերով։ XVII-XVIII դդ․ արևելահայ աշխարհաբարը դեռևս գրական լեզվի աստիճանի չէր բարձրացել և գրականանալու, կատարելագործվելու միայն առաջին ընձյուղներնէր արձակել՝ գերազանցապես ներկայացնելով ժամանակի կենդանի-խոսակցական լեզուն՝ ավելի շատ բնական վիճակով։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, երբ հայ հասարակական կյանքում տեղի ունեցան զգալի տեղաշարժեր, խարխլվեցին ավատական և զարգացան բուրժուական հարաբերությունները, արևելահայ գրական լեզուն սկսեց հաղթահարել իր ճանապարհին եղած խոչընդոտները՝ փոխարինելով պաշտոնական գրական լեզվին՝ գրաբարին։ Արևելահայ աշխարհաբարի օգտին կրքոտ պայքար է ծավալել հայ մեծ լուսավորիչ-դեմոկրատ Խ․Աբովյանը (1809-1848), որը, «արդյան ազգային գրականության» հիմքերը դնելով, հիմնարար դեր է կատարել նաև արևելահայ գրական լեզվի մշակման ու զարգացման գործում։ Խ․Աբովյանի սկսած պայքարը շարունակել են Ս․Նազարյանցը (1814-1879) և Մ․Նալբանդյանը (1829-1866), որոնք «Հյուսիսափայլ» ամսագրով (1858-1864) և իրենց գործերով պաշտպանել են աշխարհաբարի դատը, ապահովել արևելահայ գրական լեզվի վերջնական հաղթանակը։ XIX դ․ 50-60-ական թթ․ ձևավորվել է արևելահայ գրական լեզուն, ընդարձակվել են նրա գործածության շրջանակները, գրականությունից բացի այն դարձել է նաև դպրոցի, մամուլի, թատրոնի լեզու։ Մ․Նալբանդյանն առաջադրեց լեզվի մշակման իր տեսությունը, գտնելով, որ «նոր լեզուն պիտի նայվի և մշակվի ինքնուրույնաբար, առանց ամենևին հին լեզվից խպնելու, առանց գավառական բարբառների կամ օտար լեզուների ազդեցությանց ստրկանալու» (Երկ․ լիակտ․ժող․, հ․ 3, 1940, էջ 167)։

Լիակատար հաղթանակ տանելով գրաբարի դեմ՝ արևելահայ գրական լեզուն մտել է իր զարգացման բնականոն հունը, հետզհետե թոթափվել ինչպես գրաբարյան, այնպես էլ նեղ բարբառային անհարկի, ոչ ընդհանրական տարրերից ու ձևերից։ Արևելահայ գրական լեզվի զարգացումը առաջ են տարել արևելահայ մշակույթի ներկայացուցիչները և դրանց մեջ, հատկապես, գեղարվեստական խոսքի վարպետները (Րաֆֆի, Ղ․Աղայան, Մուրացան, Հ․Հովհաննիսյան, Հ․Թումանյան, Ա․Շիրվանզադե, Ա․Իսահակյան, Նար-Դոս, Վ․Տերյան և ուրիշներ), որոնցից յուրաքանչյուրը, յուրովի մշակելով նորաստեղծ գրական լեզուն, որոշակի դեր է կատարել նրա ժողովրդականացման ասպարեզում։ Գնալով կայունացել է արևելահայ գրական լեզվի քերականական համակարգը՝ մերժվել են գրաբարյան կամ գրաբարաբնույթ (ասվեցավ, տեսանել, մեք, յուրյանց, նոքա, առաջև, վերա և այլն) և բարբառային կամ բարբառաբնույթ (էս, չի տեսավ, իրանց, էստոնք, հասցրուց, միջումն և այլն) տարրերն ու ձևերը, դուրս մղվել թուրք-պարսկական նորագույն փոխառությունները, կազմվել բազմաթիվ նոր բառեր, նորաբանություններ և այլն։

Արևելահայ գրական լեզվի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել խորհրդային շրջանում։ Բավականաչափ ընդլայնվել են նրա գործառնությունները, ստեղծվել է գիտատեխնիկական ճոխ տերմինաբանություն, կատարվել են անհրաժեշտ փոխառություններ, բառապաշարը հարստացել է բաղադրյալ բառերով, բարդություններով, մանավանդ՝ հապավումներով։ Արձակագիրների ու բանաստեղծների (Դ․Դեմիրճյան, Ե․Չարենց, Ա․Բակունց, Ս․Զորյան, Ն․Զարյան, Պ․Սևակ, Հ․Շիրազ և այլն) գործունեությունը նպաստել է արևելահայ գրական լեզվի մշակմանն ու կատարելագործմանը։ Արևելահայ գրական լեզուն ունի քերականական (ձևաբանական ու շարահյուսական) ճոխ կառուցվածք, բառակազմական բազմազան միջոցներ, հարուստ բառապաշար։ Գործածում է 1940-ի որոշմամբ ընդունված ուղղագրությունը։

Գրկ․ Այտոնյան IX․, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Վնն․, 1866։ Պալասանյան Ս․, Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց, Թ․, 1870։ Սևակ Գ․, ժամանակակից հայերենի համառոտ պատմություն, Ե․, 1948։ Նույնի, ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե․, 1955։ Աճառյան Հ․, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, Ե․, 1951։ Նույնի, Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, հ․ 1-6, Ե․, 1952 - 71։ Ղազարյան Ս․, Հայոց լեզվի համառոտ պատմություն, Ե․, 1954։ Մարգարյան Ա․, Մ․ Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը, Ե․, 1957։ Նույնի, Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Ե․, 1958։ Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Ե․, 1965։ Ջահուկյան Գ․, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Ե․, 1969։ Նույնի, ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե․, 1974։ Աբրահամյան Ս․ Գ․, Պառնասյան Ն․ Ա․, Оհանյան Հ․ Ա․, ժամանակակից հայոց լեզու, հ․ 2, Ե․, 1974։ Ա․ Մարգարյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png