Հիմք (քերականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմք, քերականորեն ձևավորված բառի այն մասը, որը մնում է նրանից մեկ ձևակազմական (քերականական) մասնիկ՝ վերջավորություն, միջմասնիկ, նախամասնիկ, անջատելուց հետո։ Նավակում, նավակներ ձևերում հիմքն է նավակ։ Այն հիմքը, որը չունի այլ ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում է պարզ (ձի պարզ հիմք է ձիու ձևի մեջ), այն հիմքը, որն ունի ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում է ձևավոր (նավակներիցս դեպքում -ս մասնիկի ձևավոր հիմք է նավակներից, որ արդեն ունի -ներ և -ից ձևակազմական մասնիկները)։ Ձևակազմական միջմասնիկի հիմքը քերականորեն ձևավորված բառն է՝ առանց այդ մասնիկի [հաղթվեց բառի մեջ -վ ձևակազմական մասնիկի հիմք է (ձևավոր) հադթեց բառը]։ Որոշ լեզվաբաններ ընդունում են նաև բառակազմական հիմք։

Հիմքերը կարող են լինել ածանցավոր և անածանց: Անածանց հիմքերն այն հիմքերն են, որոնք կազմված են միայն արմատից, օրինակ, սեղանից, վազել բառաձևերի հիմքերը՝ սեղան, վազ, կազմված են միայն արմատից: Անածանց են բոլոր արմատական բառերի հիմքերը, որոնցում վերջավորությունները, առանց ածանցներով միջնորդավորվելու, ուղղակի իանում են արմատներին[1]:

Առանց բնակազմիչ հատուկ տարրերի հիմքն անվանվում է անբուն հիմք: Այսպես՝ լատիներեն fer-s բառաձևի հիմքը անբուն է, իսկ fer-i-mus բառաձևինը՝ բնավոր, որովհետև վերջինիս մեջ առկա է i բնակազմիչ տարրը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հ․Զ․ Պետրոսյան, Ս․Ա․ Գալստյան, Թ․Ա․ Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ․Բ․ Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 409 CC-BY-SA-icon-80x15.png