Բառակազմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառակազմություն, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է բառերի կառուցվածքի, բառերի կազմության օրենքների ու կանոնների, լեզվի բառակազմական համակարգի քննությամբ։ Բառակազմությւոն է կոչվում նաև նոր բառերի կազմության գործընթացը, լեզվի բառակազմական օրենքներով նոր բառերի կազմումը։

Բառակազմական օրինաչափությունների, կանոնների ու կաղապարների ամբողջությունը ներկայացնում է տվյալ լեզվի բառակազմական համակարգը։ Բառակազմական համակարգի մեջ են մտնում այն տարրերը, որոնցից կազմված է բառը, նրա կառուցվածքի մեջ մտնող միավորները (արմատ, ածանց, հոդակապ), բառերի կառուցվածքը, ինչպես նաև այն օրենքները, որոնցով բառերն ըստ իրենց բառակազմական իմաստների խմբավորվում են բառակազմական տիպերի՝ բառերի որոշակի տեսակների մեջ։

Բառակազմությունը սերտորեն կապված է բառապաշարի, ինչպես նաև քերականության` ձևաբանության ու շարահյուսության հետ։

Բառապաշարի հետ բառակազմության հետ ունեցած կապը պայմանավորված է նրանով, որ բառակազմության շնորհիվ լեզվի բառակազմական միջոցներով կերտվող նորանոր բառերը համալրում են լեզվի բառային կազմը։ Իսկ նոր բառերի կերտումը կատարվում է բառապաշարի զարգացման պահանջով։

Բառակազմության կապը քերականության հետ անմիջական է. բառերը կազմվում են տվյալ լեզվի քերականության` ձևաբանական և շարահյուսական կանոններով։

Համաժամանակյա բառակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաժամանակյա բառակազմության նպատակն է պարզել և մեկնաբանել բառերի կազմության օրինաչափությունները լեզվի զարգացման ժամանակակից փուլում։ Այսինքն՝ բառի՝ ըստ բաղադրիչների տարրալուծումը կատարվում է ժամանակակից լեզվաըմբռնողությամբ։ Այդ տեսակետից, օրինակ, տիկին, տիեզերք բառերը պարզ են, դրանք չի կարելի բաժանել բաղադրիչների։ Նույնպես և արդի լեզվաըմբռնողությամբ անձամբ, մասին բառերը գիտակցվում են որպես ուղիղ, ոչ թե քերականական ձևեր, ինչպես գրաբարում։

Այսպիսով՝ համաժամանակյա բառակազմությունն ուսումնասիրում է լեզվի ժամանակակից փուլում գոյություն ունեցող միավորները, որոնք կարող են բացատրվել միայն լեզվի՝ այդ շրջանում գործող օրինաչափություններով։

Տարժամանակյա բառակազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարժամանակյա բառակազմության նպատակն է բացատրել ու մեկնաբանել բառակազմական օրինաչափությունների պատմական կապերը։ Դա նշանակում է, որ բառակազմական իրողություններն ուսումնասիրվում են իրենց պատմական զարգացման մեջ։ Այսպես, վերոնշյալ տիկին, տիեզերք բառերը տարժամանակյա կամ պատմական բառակազմության տեսակետից տարրալուծվող միավորներ են՝ տի-կին, տի-եզեր(ք), որտեղ տի բաղադրիչի իմաստն է՝ «մեծ»։ Մասին բառը գրաբարի մասն բառի տրականի ձևն է, իսկ անձամբ բառը՝ անձն բառի գործիականը։

Այսպիսով՝ բառակազմության համաժամանակյա և տարժամանակյա մոտեցումների դեպքում միևնույն տերմինով անվանվող մի շարք հասկացություններ տարբեր բովանդակություն են ստանում։

Բառակազմության դրսևորումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառակազմության հիմնական դրսևորումներն են՝

  • ածանցում (նախածանցում, միջածանցում, վերջածանցում, բարդության ածանցում՝ բարդածանցում), երբ բառակազմական հիմքերին ավելացնելով մասնիկ (ածանց) կազմում ենք նոր բառեր,
  • բառաբարդում կամ բարդացում (հարադրություն, կրկնություն, կցում), երբ պարզ, ածանցավոր բառերի կամ արմատների համակցումով ստեղծվում են նոր բառեր,
  • հապավում, երբ սկզբնատառերի՝ սկզբնահնչյունների, բառերի սկզբնամասերի և այլ տարրերի համակցումով բաղադրյալ անուններից կազմում են ուրույն (կրճատ) բաղադրություններ,
  • քերականական ձևերի քարացում, երբ հին լեզվավիճակների որոշ քերականական ձևեր հետագայում վերածվում են կայուն, անտրոհելի կապակցությունների, բաղադրությունների և գործածվում են իբրև բառի ուղիղ, ինքնուրույն ձևեր (օրինակ՝ շնորհիվ, հարկավ, նաև),
  • բազմիմաստ բառերի իմաստների հեռացումը, երբ բազմիմաստությունը տրոհվում է և իմաստներից որևէ մեկի մեկուսացումը, հեռացումը հանգեցնում է նոր, ինքնուրույն բառիմաստի հաստատման, նույնանուններիի գոյացման։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Վ. Առաքելյան և ուրիշներ, Հայոց լեզու, 1 մաս, Ա պրակ, հ. 1, Երևան, 1979։