Կոնգրեսի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Library of Congress
(Կոնգրեսի գրադարան)
US-LibraryOfCongress-BookLogo.svg
Thomas Jefferson Building Aerial by Carol M. Highsmith.jpg
Երկիր ԱՄՆ
Տեսակ ազգային գրադարան, United Nations Depository Library և depository library
Հիմնվել է 1800 թվականի ապրիլի 24-ին
Տեղադրություն Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Կոորդինատներ: 38°53′16.00079999999″ հս․ լ. 77°0′14.000400000003″ ամ. ե. / 38.8877779999999973° հս․. լ. 77.00388900000000092° ավ. ե. / 38.8877779999999973; 77.00388900000000092
Հավաքածուներ
Հավաքածուների տեսակ գրքեր, ամսագրեր, թերթեր
Չափ 155.3 միլիոն
Այլ տվյալներ
Բյուջե 646.761.000 դոլար
Տնօրեն Ջեյմս Հեդլի Բիլինգտոն
Կայք loc.gov
Library of Congress Վիքիպահեստում

Կոնգրեսի գրադարան (անգլ.՝ The Library of Congress), ԱՄՆ ազգային գրադարան, աշխարհի խոշորագույն գրադարան։ Գտնվում է Վաշինգտոնում: ԱՄՆ Կոնգրեսի գիտական գրադարանն է, սպասարկում է կառավարական մարմիններին, հետազոտական կենտրոններին, գիտաշխատողներին, մասնավոր, արտադրական ընկերություններին, դպրոցներին։ Գրադարանի հատուկ բաժինը զբաղվում է հեղինակային իրավունքների (անգլ.՝ copyright) ձևակերպմամբ. այն կարելի է ձևակերպել համացանցում՝ լրացնելով Կոնգրեսի գրադարանի համապատասխան ձևաթուղթը։

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ջեֆերսոնի շենքի կառուցումը
  • Հիմնադրվել է 1800 թվականի ապրիլի 24-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը ստորագրեց հրաման մայրաքաղաքը Ֆիլադելֆիայից Վաշինգտոն տեղափոխելու մասին։ Օրենքն ուներ կետ, որով 5,000 դոլար (այն ժամանակ դա զգալի գումար էր) տրվում էր Կոնգրեսին անհրաժեշտ գրքերի ձեռքբերման և դրանց պահպանման համար համապատասխան շինություն ստեղծելու մասին։ Օրենքը նշում էր նաև գրադարանի գործառույթները, որի համաձայն՝ գրադարանից կարող էին օգտվել միայն նախագահը, փոխնախագահը, Սենատի և Ներկայացուցիչների պալատի (Կոնգրես) անդամներ։ Այդ պատճառով գրադարանն անվանվեց Կոնգրեսի գրադարան։
  • Գրադարանի նախնական ֆոնդը ուներ 740 գիրք և Ամերիկան ներկայացնող աշխարհագրական 3 քարտեզ՝ գնված Լոնդոնում։ Հաջորդ նախագահը՝ Թոմաս Ջեֆերսոնը, որը նախագահելու իրավունք է ստացել 1801 թվականի մարտի 4-ին, սկսեց լրջորեն զբաղվել գրադարանի ֆոնդով, դերով և նշանակությամբ։ Նրա օրոք գրադարանի ֆոնդը զգալիորեն արագ մեծացավ։

Ութ տարի անց նախագահի պաշտոնն ստանձնեց Ջեյմս Մեդիսոնը, որին ծանր ժամանակաշրջան բաժին հասավ. սկսվեց 1812-1814 թվականների անգլո-ամերիկյան պատերազմը:

  • Պատերազմի ժամանակ՝ 1814 թվականի օգոստոսին, Վաշինգտոնը գրեթե ամբողջովին այրվել էր անգլիացիների կողմից։ Այրվել էր և Կապիտոլիումը, որտեղ էլ գտնվում էր գրադարանը իր մեծարժեք գրքերով։ Մայրաքաղաքը բրիտանական զորքերից ազատագրելուց հետո Մեդիսոնը հրամայեց վերականգնել գրադարանը։ Նախկին նախագահ Ջեֆերսոնը, որը մոլի գրքասեր էր, Կոնգրեսին առաջարկեց ձեռք բերել իր անձնական հավաքածուն՝ 6,487 տարալեզու հատորներից, որ նա հավաքել էր մոտ կես դար, և որին հավասարը այդ ժամանակ չկար ԱՄՆ-ում։ Ամերիկան ընդունեց այդ առաջարկը։ Գործարքի արժեքը կազմեց 23,940 դոլար: Այդ ժամանակներից «Կոնգրեսի գրադարան» անվանումը դարձավ համահունչ «Ջեֆերսոնի գրադարան» անվանը։
  • 1851 թվականին գրադարանն ապրեց երկրորդ սարսափելի հրդեհը, որի ժամանակ ոչնչացվեց Թոմաս Ջեֆերսոնից գնված գրքերի մեծ մասը, գրքերի ողջ ֆոնդի երկու երրորդը՝ մոտ 55,000 գիրք։ Միայն մեկ տարի անց պետբյուջեից տրվեց 168,700 դոլար՝ գրադարանը վերականգնելու համար։ Այդ միջոցների առյուծի բաժինն օգտագործվեց շինարարական աշխատանքների համար։
  • 1850-ական թվականներին Կոնգրեսի գրադարանից օգտվելու իրավունք ձեռք բերեցին նախարարներ, որոշ կազմակերպությունների ղեկավարներ, Գերագույն դատարանի անդամներ, քաղաքական կուսակցությունների՝ հարգանք վայելող անդամներ, ճանաչված գիտնականներ ու գրողներ, լրատվական խոշոր ընկերությունների լրագրողներ։
  • 1870 թվականին, Կոնգրեսի գրադարանի ղեկավար Էյնսուորթ Ռենդ Սպոֆորդի ջանքերի շնորհիվ, կառավարական մակարդակով ընդունվեց հրաման, ըստ որի ԱՄՆ-ի տարածքում լույս տեսած ցանկացած հրատարակությունից մեկ օրինակ պարտադիր փոխանցվում է Կոնգրեսի գրադարանին։ Օրենքով ամրագրվեց նաև գրադարանի՝ պետբյուջեից դրամական միջոցների ընդունման և ծախսման կարգը։ Ընդունվեց մասնավոր անձանց, ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, գրադարանին ֆինանսապես կամ գրքերի նվիրատվությունների ձևով աջակցողների խրախուսման կարգ։
Գրադարանի գերբը
  • Հերբերտ Պատնեմը, որ ղեկավարել է գրադարանը 1899-ից 1939 թվականներին, մշակեց գրքերի դասակարգման հարմար համակարգ, իսկ իր ղեկավարության վերջին տարիներին բացվեց երկրորդ՝ հատուկ Կոնգրեսի գրադարանի համար կառուցված շենքը։ Մասնաճյուղը ստացավ գրադարանի հիմնադրի՝ Ջոն Ադամսի անունը։ Նոր շենքի համար տրամադրվել էր 6,500,000 դոլար։ Այն գտնվում է Թոմաս Ջեֆերսոնի անվան «գիտելիքների պալատի» անմիջական հարևանությամբ։
  • 1907 թվականին գրադարանը 40,000 դոլարով ձեռք բերեց ռուս առևտրական գրքասեր Գ. Յուդինի անձնական գրադարանը, որ պարունակում էր 81,000 օրինակ գիրք և ամսագիր՝ հիմնականում Ռուսաստանին վերաբերող։ Այդ ժամանակներից այն Ռուսաստանի տարածքից դուրս գտնվող ռուսալեզու ամենամեծ հավաքածուն է։
  • 1939-ից 1944 թվակններին գրադարանը ղեկավարել է Արչիբալդ Մաքլիշը, 1945-ից 1953 թվականներին՝ Լյութեր Էվանսը, 1954-ից 1974 թվականներին՝ Քուինսի Մամֆորդը, իսկ 1987-ից 1987 թվականներին՝ Դենիել Բուրստինը։
  • 1980 թվականին կառուցվեց Կոնգրեսի գրադարանի երրորդ՝ իր ծավալով ամենամեծ շենքը, որը ստացավ Ջեյմս Մեդիսոնի անունը։ Մեդիսոնի շենքում պահվում են թերթեր, ամսագրեր՝ աշխարհի շատ լեզուներով։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի սեպտեմբերի 14-ից գրադարանի տնօրենն է Ջեյմս Բիլինգտոնը։

Գրադարանի ֆոնդերի ծավալ և բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգրեսի գրադարանի շենքը

Բովանդակությամբ ֆոնդերը գրեթե համընդհանուր են՝ բացառությամբ օտար բժշկական և գյուղատնտեսական գրականության, որը հավաքվում է ազգային բժշկական և գյուղատնտեսական գրադարաններում։ Առավել ամբողջական է ներկայացված իրավունքի, պատմության, բանասիրության, քաղաքականության, բնական և տեխնիկական գիտությունների, տեղեկատվության բնագավառների գրականությունը։

Գրադարանում պահվում են 5,500 ինկունաբուլաներ, Թոմաս Ջեֆերսոնի և այլ նախագահների գրքերի հավաքածուները, չինական (330,000 հատոր) և ճապոնական (450,000 հատոր) գրականության հավաքածուներ։

1960-ական թվականների տվյալներով գրադարանում պահվում էին.

  • 14,5 միլիոն գիրք և բրոշյուր
  • 132 հազար հատոր միահյուսված թերթեր
  • ավելի քան 29 միլիոն միավոր ձեռագիր նյութեր
  • 3,3 միլիոն միավոր երաժշտական նոտագիր գրականություն
  • աշխարհագրական ավելի քան 3 միլիոն քարտեզ
  • մեծ քանակությամբ կինոֆիլմեր, սկավառակներ, միկրոֆիլմեր ևն։

2000-ական թվականների տվյալներով՝ գրադարանը պարունակում է 130 միլիոն միավոր, այդ թվում՝

  • ավելի քան 30 միլիոն գիրք և տպագիր այլ նյութեր 470 լեզուներով
  • ողջ աշխարհի թերթերի միլիոնից ավելի թողարկումներ
  • 58 միլիոն ձեռագիր
  • Ամն կառավարության միլիոնից ավել հրատարակում
  • 4,8 միլիոն քարտեզ
  • 12 միլիոն լուսանկար
  • 2,7 միլիոն ձայնագրություն
  • 500 հազար միկրոֆիլմ

Ֆոնդերի տարեկան աճը կազմում է 1-3 միլիոն միավոր։

Մոտավոր հաշվարկներով գրադարանի ողջ ֆոնդը թվայնացնելու դեպքում կկազմի 17-20 տերաբայթ: Եվ չնայած այդ բնագավառում ծրագրված աշխատանք չի տարվում, 1994-2007 թվականներին թվայնացվել է գրադարանում պահվող տեքստային նյութերի մոտ 10 %-ը[1]:

Գրադարանի մասնաշենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգրեսի գրադարանը գտնվում է Վիրջինիա նահանգի Կապիտոլիումի բլրի երեք շենքերում։ Բոլոր երեք շենքերը իրար են կապված ստորգետնյա անցումներով, այնպես որ գրադարանի ընթերցողները անցնում են պահակակետը միայն մուտքում։ Գրադարանը առանձին պահոց ունի քիչ օգտագործվող նյութերի համար։

Թոմաս Ջեֆերսոնի մասնաշենք

Թոմաս Ջեֆերսոնի մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ջեֆերսոնի մասնաշենքը գտնվում է Ինդիփենդենս պողոտայի (անգլ.՝ Independence Avenue) և Իսթ Քեփիթլ (անգլ.՝ East Capitol Street) փողոցների միջև՝ Ֆըրստ ՍԻ (անգլ.՝ 1st Street SE) փողոցում։ Այն բացվել է 1897 թվականին իբրև գրադարանի հիմնական շենք, և երեք շենքերից հնագույնն է։ Սկզբում հայտնի լինելով իբրև գլխավոր շենք՝ այն իր այժմյան անունը ստացել է 1980 թվականի հունիսի 13-ին։

Գրադարանի՝ Ջոն Ադամսի մասնաշենքը

Ջոն Ադամսի մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ադամսի մասնաշենքը գտնվում է Ինդիփենդենս պողոտայի, Իսթ Քեփիթ լև Սեքընդ ՍԻ (անգլ.՝ 2-nd Street SE) փողոցների միջև։ Շենքը սկզբնական շրջանում իբրև Ջեֆերսոնի շենքին հարակից շինություն։ Շենքի դռները ընթերցողների առաջ բացվել են 1939 թվականի հունվարի 3-ին։

Ջեյմս Մեդիսոնի մասնաշենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1971-1976 թվականներին որպես նախագահ Ջեյմս Մեդիսոնի պաշտոնական հուշարձան։ Մեդիսոնի շենքը ապաստան է տվել Մերի Պիկֆորդ թատրոնին, Կոնգրեսի գրադարանի «կինո և հեռուստանկարների ընթերցասրահին»: Թատրոնը անցկացնում է դասական և ժամանակակից ֆիլմերի, հեռուստաշոուների անվճար ցուցադրում։

Տեսաձայնային նյութերի պահպանման ազգային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսաձայնային նյութերի պահպանման ազգային կենտրոնն է, որ երբեմն կոչվում է Պակարդի մասնաշենք։ Կոնգրեսի գրադարանի ամենանոր շենքն է. բացվել է 2007 թվականին, գտնվում է Վիրջինիայի Կալպեպեր քաղաքում։ Այն վերափոխվել, վերակառուցվել է նախկին պահեստարանից և սառը պատերազմի բունկերից։ Մասնաշենքը նախագծվել է որպես ֆիլմերի, հեռուստահաղորդումների և երաժշտության հավաքածուների պահպանման շենք։ Այն կոչվել է Դևիդ Վուդլի Պակարդի պատվին, որի հումանիտար համալսարանը ղեկավարել է մասնաշենքերի նախագծումն ու շինարարությունը։ Համալիրի գլխավոր տարրը ար-դեկո ոճով կառուցված կինոթատրոնն է, որը ամեն շաբաթվա կեսին հասարակությանը անվճար ներկայացնում է ֆիլմեր[2]:

Գրադարանի աշխատանքի կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգրեսի գրադարանն ունի 18 ընթերցասրահ՝ 1460 տեղով։ Գրադարանի հրատարակություններից առավել նշանակալից են ամենամսյա «Ազգային ամփոփիչ տեղեկագիրքը» (անգլ.՝ «The National Union Catalog»), որը լույս է տեսնում 1958 թվականից և գրքերի ամփոփիչ տեղեկագիրքը, որ պահվում է ԱՄՆ-ի գրադարաններում (610 հատոր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]