Նորաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորաբանություն, լայն առումով՝ լեզվի մեջ երևան եկած և դեռ քաղաքացիության իրավունք չստացած նոր բառեր, իմաստներ, դարձվածքային միավորներ, ինչպես նաև ոճական ու քերականական իրողություններ, նեղ առումով՝ լեզվի զարգացման յուրաքանչյուր փուլում գործածվող այն բոլոր նոր բառերը, որ կազմվում են նոր հասկացություն արտահայտելու կամ նոր առարկա, երևույթ, հատկանիշ ևն նշանակելու համար։ Նորաբանությունների մեջ առնում են նաև նորագույն փոխառությունները (կոմբայն, էքսկավատոր, կիբեռնետիկա)։ Տարբերակում են՝ բառային նորաբանություններ, որոնք իրենց հնչյունական կազմով և իմաստով բոլորովին նոր բառեր են և առաջին անգամ են գործածվում լեզվում, իմաստային նորաբանություններ, որոնք լեզվում արդեն եղած բառերն են՝ նոր իմաստներով։ Նոր բառը լեզվում լայն տարածում ստանալուց հետո դադարում է նորաբանություն լինելուց (մարքսիզմ, կոմունիզմ, ինքնաթիռ, կոմերիտական)։ Սովետական շրջանի որոշ նորաբանություններ՝ նէպ, նէպման, ժողկոմ, ժողկոմատ, արդեն հնաբանություներ են։ Առանձնանում են հեղինակային նորաբանությունները կամ դիպվածային բառերը, որոնք կազմվում են առանձին հեղինակների կողմից կամ զանազան առիթներով և լեզվում տարածում չեն գտնում՝ որսասար (Հ. Թումանյան), մասիսվել, արարատվել (Հ. Շիրազ), լեզվաչմտածողություն (Գ. Մահարի) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 374 CC-BY-SA-icon-80x15.png