Առավելաբար արևմտահայերենին բնորոշ բառեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առավելաբար արևմտահայերենին բնորոշ բառեր - սրանք այն բառերն են, որոնք և՛ արևելահայերենում, և՛ արևմտահայերենում գործածվում են, սակայն արևմտահայերենում ունեն ավելի մեծ ու հաճախակի կիրառկություն։

Օրինակ՝ դրացի բառը։ Արևելահայերենը այս բառի հոմանիշներից գերադասում է հարևան, դրկից բառերը, իսկ արևմտահայերենի բոլոր ոճերում գերազանցաբար օգտագործվում է դրացի բառը։ Սակայն արևելահայերենը բարիդրացիական հարաբերություններ քաղաքագիտական եզրի մեջ է միայն օգտագործում այս բառը։

Նույնը կարելի է ասել ճերմակ բառի մասին, որը արևմտահայերենում կազմում է բառակազմական մի ընդարձակ փունջ, որոնց մեծ մասը բացակայում է արևելահայերենում, օրինակ՝ ճերմկեղեն, ճերմկիլ, ճերմկնալ, ճերմկոտ, ճերմկորակ, ճերմկուց, ճերմկցնել և այլն։ Արևելահայերենը բառակազմության մեջ հիմնականում օգտվում է սպիտակ բառից։

Պաղ բառը խորթ չէ արևելահայերենին, սակայն ունի սահմանափակ կիրառություն։ Դա վերաբերում է ոչ միայն գործածության հաճախականությանը, այլ նաև բառակազմական ակտիվությանը. մի շարք բաղադրություններում պաղ արմատը արևելահայերենում ունի սառ հոմանիշը, ինչպես՝ պաղորակ-սառնորակ, պաղություն-սառնություն, պաղարյուն-սառնարյուն, պաղսիրտ-սառսիրտ։ Այս արմատով կազմվում ենմիայն արևմտահայերենին բնորոշ մի շարք բառեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես՝ պաղածո - սառը ուտեստներին տրվող ընդհանուր անուն, պաղանձավ - քարայր, պաղանուշ - սառը, հաճելի, պաղապուր - 1. պահքի օրերին պատրաստվող ապուր՝ լոբով ու կորկոտով, 2. անհամակրելի, 3. անկիրք, անտարբեր, պաղառիլ - մրսել, պաղառություն - մրսածություն, պաղավուն - սառնոտ, պաղբերան - 1. ապշահար, շշմած, 2. սառնասիրտ և այլն։

Դեռ այս օրինակներին կարելի է հավելել նաև պաղ բաղադրիչով այն հարադրությունները, դարձվածքները ու կայուն կապակցությունները, որոնք բնորոշ են միայն արևմտահայերենին՝ պաղ աչքով նայիլ - չհամակրել, պաղ առած - մրսած, պաղ երկաթ ծեծել - անիմաստ գործով զբաղվել, պաղ խոսք ընել - վիրավորական խոսք ասել և այլմ։

Առավելաբար արևմտահայերենին բնորոշ բառերի օրինակներ. աղտ, աղտոտել, անհանդարտ, արվեստական, բաղդատել, բավել, բնավ, բոլորվիլ, գամ, գամել, գայթել, գզրոց, գինով, գինովնալ, գիրկընդխառն, դիմադարձ, դրացի, զատել, զարմիկ, զարմուհի, ժահր, լամբակ, խածնել, խարկել, խորունկ, կակուղ, կակուղնալ, կռթնել և այլն։

Հայերենի երկու տարբերակների շփումների ընթացքում հնարավոր է, որ գործածության հիշյալ տարբերությունները հասնեն նվազագույնի, և այս բառախմբի մի շարք բառեր դադարեն ունենալ գործածության հաճախականության հետ կապված այս տարբերությունները։ Շատ բառեր արևմտահայերենից անցնելով արևելահայերենին՝ այսօր գործածական են երկու տարբերակներում էլ։ Ներկայումս դեռևս դրանք ընկալվում են արևմտահայերեն ծագմամբ բառեր, սակայն այդ բառերի կիրառության հետագա ընդարձակումը կասկած չի թողնում, որ ապագայում դրանք կընկալվեն իբրև ընդհանուր հայերեն բառեր։ Այսօր արդեն նման օրինակներ են ամանոր, այպանել, բաղդատել, թիվ (համար իմաստով), լրագրություն և նման բազմաթիվ բառեր[1]։

Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Կ. Սաքապետոյան (2006). Արևմտահայերենի դասագիրք. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 59-61.