Հրամայական եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրամայական եղանակի (լատին․՝ modus imperativus) բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, թելադրանք, կոչ, պատվեր, հորդոր, խնդրանք։ Պաղդասար Դպիրն այս եղանակն անվանել է աղաչական եղանակ[1]։

Հրամայական եղանակն ունի միայն եզակի ու հոգնակի թվերի երկրորդ դեմքի բայաձևեր։

Ժամանակակից հայերենում հրամայական եղանակի բայաձևերը կազմվում են ԻՐ, Ա և ՈՒ վերջավորություններով։ Հրամայական եղանակի հոգնակի բայաձևերը կազմվում են Եք վերջավորության միջոցով[2]։

Ա և Ե խոնարհման և կրավորական բայերի եզակի հրամայականը կազմվում է առաջին հիմքով, մյուս բայերինը՝ երկրորդ (կատարյալի) հիմքով։ Ա խոնարհման բայերի եզակի հրամայականը կազմվում է ա, պատճառական բայերինը՝ ու, իսկ Ե խոնարհման բայերինը՝ պարզ և սոսկածանցավոր, ինչպես նաև Ա խոնարհման սոսկածանցավոր բայերինը՝ իր վերջավորությամբ։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
գրի՛ր գրե՛ք
հասի՛ր հասե՛ք
հեռացի՛ր հեռացե՛ք
կարդա՛ կարդացե՛ք
մոտեցրու՛ մոտեցրե՛ք

Օրինակ՝

  • Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով... (Ավետիք Իսահակյան)
  • Մի հավատար ստվերներին, հենվիր միայն քեզ վրա,
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա։ (Ավետիք Իսահակյան)

Արգելական հրամայական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժխտական (արգելական) հրամայականը կազմվում է մի մասնիկով[3], օրինակ՝

  • Դու մի՛ հավատա ժպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին... (Հովհաննես Թումանյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
  3. Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 171։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]