Լևոն Զավեն Սյուրմելյան
Լևոն Զավեն Սյուրմելյան արմտ. հայ.՝ Լեւոն Զաւէն Սիւրմէլեան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1905 |
| Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1995[2] (89 տարեկան) |
| Վախճանի վայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Մասնագիտություն | գրող, գրականագետ, թարգմանիչ և խմբագիր |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կեդրոնական վարժարան[1] և Կանզաս նահանգի համալսարան |
| Լևոն Զավեն Սյուրմելյան Վիքիդարանում | |
Լևոն Զավեն Սյուրմելյան (նոյեմբերի 24, 1905, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 3, 1995[2], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ անգլագիր գրող, բանասեր, հայերենով բանաստեղծությունների մեկ ժողովածուի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Սյուրմելյանը ծնվել է Տրապիզոնում, 1905 թվականին։ Նրա հայրը՝ Կարապետ Սյուրմելյանը, դեղագործ էր, մայրը՝ Զվարթ Տիրատուրյանն էր։ Ունեցել է մեկ եղբայր և երկու քույր։ Զավենը չորս երեխաներից երրորդն էր։
1915 թվականի Եղեռնի ժամանակ կորցրել է ծնողներին։ Մի հույն բարեկամ բժիշկ պատսպարել է չորս որբերին։ 1916 թվականին տասնմեկամյա Զավենը ռուսական նավով ուղևորվել է Բաթում, ապա Կրասնոդար։ Զինադադարից հետո՝ 1918 թվականին, Զավենն իր որբ ընկերների հետ հասնել է Պոլիս, ապա՝ Արմաշի երկրագործական վարժարան։ Մեկ տարի հետո ընկերների հետ որոշել է մեկնել Հայաստան, բայց հազիվ էին տեղ հասել, երբ թուրքերը գրավել են Կարսը։ Զավենն ու իր որբ ընկերները թափառական ու ցրտահար օրեր են անցկացնելով, ի վերջո, 1920 թվականին կրկին վերադարձել են Պոլիս, որտեղ Զավենը հաճախել է Կեդրոնական վարժարան։ Պոլսի որբանոցում և Կենդրոնական վարժարանում ուսանելու ժամանակ նրա առաջին ոտանավորները արժանացել են Հակոբ Օշականի և Վահան Թեքեյանի ուշադրությանը։
1922 թվականին, Հայ գյուղատնտեսության միության աջակցությամբ ուղևորվել է ԱՄՆ, Կանզաս նահանգի երկրագործական քոլեջում ուսանելու։ Սովորել է նաև Նեբրասկայի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարաններում։ Ստեղծագործել է 15 տարեկանից։ 1924 թվականին Վահան Թեքեյանը խմբագրել է առանձին նամակներով ուղարկած Սյուրմելյանի բանաստեղծությունները և Փարիզում իր միջոցներով հրատարակել է նրա հայերեն միակ բանաստեղծությունների ժողովածուն՝ «Լույս զվարթ»-ը, որն այդ շրջանի հայկական բանաստեղծության լավագույն նմուշներից է։ Հետագայում գրել է միայն անգլերեն։
1931 թվականին Սյուրմելյանը Լոս Անջելեսում խմբագրել է «Armenian Messenger» շաբաթաթերթը։
Սյուրմելյանը ճանաչում է ձեռք բերել իր առաջին անգլերենով գրված վեպը՝ «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք», որն ինքնակենսագրական բնույթ է կրում և պատմում է Եղեռնի մասին տասնամյա Զավենի աչքերով։ Վեպը հրատարակվել է 1945 թվականին։ Սյուրմելյանը հեղինակ է նաև «98.6°» վեպի (1950)։ Այս վեպն առանձնանում է հերոսների ներաշխարհի նուրբ վերլուծության վարպետությամբ։
1964 թվականին Անգլիայում տպագրվել է Սյուրմելյանի «Սասնա ծռեր» ստեղծագործությունը, իսկ 1968 թվականին «Անմահության խնձորները», որը հայ ժողովրդական ավանդավեպերի հավաքածու է։ Այս երկու ստեղծագործությունները հովանավորել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործության կարևոր նմուշներ։ 1968 թվականին հրատարակվել է նաև Սյուրմելյանի գրականագիտական «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» աշխատությունը։
1958 - 1969 թվականներին անգլերեն և անգլալեզու գրականություն է դասախոսել Կալիֆոռնիայի համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։
Վախճանվել է 1995 թվականին[3]։
Հայերեն միակ «Լույս զվարթ» բանաստեղծությունների ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լույս զվարթ» ժողովածուն դարձել է Սյուրմելյանի առաջին ու վերջին հայերեն ստեղծագործությունը, ինչպես նաև՝ Սյուրմելյանի միակ բանաստեղծական ժողովածուն։ Ժողովածուն 1924 թվականին լույս է տեսել Փարիզում և վերահրատարակվել Նյու Յորքում, 1950 և 1972 թվականներին։
Ժողովածուում ընդգրկված են 21 բանաստեղծություններ, որոնք նկատվել են այդ օրերի բանաստեղծաշատ մթնոլորտում։ Սյուրմելյանի բանաստեղծություններում նկատվում են հողի ու բնության նկատմամբ սեր ու նվիրվածություն։ «Փափագ» է վերնագրել իր բանաստեղծությունը, որի մեջ ցանականում է լինել «ցորենի արտին ծաղիկը կարմիր՝ գավաթ արևին», «Գյուղի հին կամուրջ մը փայտե», «Մամռապատ աղբյուր մ', որ հազիվ կերգե», «Գեղջուկին կավե ամանը բարի, որ քաղքի ծարավն ալ մեջս մարի»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- I Ask You Ladies and Gentlemen (Ձեզ եմ դիմում, տկնայք և պարոնայք)
- Apples of Immortality: Folktales of Armenia (Անմահության խնձորներ. Հայկական հեքիաթներ)
- 98.6°։
Հայերեն թարգմանված երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոյս զուարթ, Փարիզ, 1924, 32 էջ
- Լոյս զուարթ (քերթուածներ), Նիւ Եորք, 1950, 120 էջ
- Լոյս զուարթ (քերթուածներ), Պէյրութ, 1972, 148 էջ
- Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ, Երևան, 1979, 304 էջ։
- Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ, Երևան, 1984, 304 էջ
- 98,6օ (վեպ), Երևան, 2005, 364 էջ
- Արձակի տեխնիկա (չափ և խենթություն), Երևան, 2008, 336 էջ
- Լոյս զուարթ (քերթուածներ), Երեւան, 2014, 48 էջ։
- Ձեզ եմ դիմում տիկիններ և պարոններ, Երևան, 2015, 304 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 10, Երևան, 1985։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 4, Երևան, 2003։
- Ով ով է /Հայեր։ Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 478.
- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Լևոն Զավեն Սյուրմելյան (2005). 98.6°. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. էջ 3-24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Գաբրիելյանի գրախոսականը Սյուրմելյանի «Արձակի տեխնիկա» գրքի հայերեն հրատարակման առթիվ(չաշխատող հղում)
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զավեն Սյուրմելյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Զավեն Սյուրմելյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 478)։ |
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Տրապիզոն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 1995 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լևոն Զավեն Սյուրմելյան
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ամերիկահայ բանասերներ
- Ամերիկահայ լեզվաբաններ
- Ամերիկահայ թարգմանիչներ
- Ամերիկահայ խմբագիրներ
- Անգլալեզու բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ