Հովսեփոս Փլավիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հովսեփոս Ֆլավիոսից)
Հովսեփոս Փլավիոս
հին հունարեն՝ Ἰώσηπος Φλάβιος
Ծնվել է37[1][2][3]
Երուսաղեմ, Հրեաստան[4][3]
Մահացել է100[5] կամ 95[3]
Հռոմ, Հռոմեական կայսրություն[3]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԱզգությունHebrews?
Ուղղությունփարիսեցիներ[6]
Մասնագիտությունգրող և պատմաբան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[7], հին հունարեն[8], արամեերեն[6] և եբրայերեն[6]
Երեխա(ներ)Հյուրկանոս Փլավիոս, Սիմոն Փլավիոս Ագրիպպա և Հուստոս Փլավիոս
ՀայրՄատթիաս
 Flavius Josephus Վիքիպահեստում

Հովսեփոս Փլավիոս (հայտնի է նաև որպես Հովսեփ Բեն Մաթաֆիա, իսկ հռոմեական քաղաքացի դառնալուց հետո՝ Տիտոս Փլավիոս Հովսեփոս, 37[1][2][3], Երուսաղեմ, Հրեաստան[4][3] - 100[5] կամ 95[3], Հռոմ, Հռոմեական կայսրություն[3]), անտիկ շրջանի հրեա պատմիչ և մատենագիր։ Գրել է «Հրեական պատերազմի մասին», «Հրեական հնախոսություն», «Ընդդեմ Ապիոնի», «Կյանքը» աշխատությունները։ Բացառիկ տեղեկություններ է հաղորդում Հայոց արքաներ Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի և Տրդատ Ա Արշակունու վերաբերյալ։

Մասնակցել է 66-73 թվականներին Հռոմի դեմ բռնկած հրեական ապստամբությանը, Գալիլեայում ղեկավարել է Յոտապատա բերդի պաշտպանությունը, գերվել հռոմեացիներից։ Հռոմում ընդունել է իրեն հովանավորող Վեսպասիանոս կայսրի Փլավիոս ազգանունը։ Հունարեն գրել է «Հրեական պատերազմի մասին» (7 գիրք, ընդգրկում է մ.թ.ա. 175 - մ.թ. 73 թվականների ժամանակաշրջանը), «Հրեական հնախոսություն» (20 գիրք, շարադրել է հրեաների պատմությունն աշխարհի ստեղծումից մինչև մ.թ. 66 թվականը), «Կենսագրություն» (նկարագրում է 66 թվականից մինչև II դարի սկզբի իրադարձությունները) ևն երկեր։ Հովսեփոս Փլավիոսն իր նկարագրած շատ իրադարձությունների ականատեսն է ու մասնակիցը, օգտագործել է նաև հավաստի այլ աղբյուրներ։ Հովսեփոս Փլավիոսի երկերում արժեքավոր տեղեկություններ կան Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի, Տրդատ Ա-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հայաստանի և հայերի վերաբերյալ նրա տեղեկությունները ճշմարիտ են և արժանահավատ, հակասում կամ ճշտում են հունահռոմեական հեղինակների աչառու տեղեկությունները։ Հովսեփոս Փլավիոսի երկերից օգտվել է Մովսես Խորենացին։

Կյանքի վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփոս Փլավիոսը ծնվել է Երուսաղեմում, Գայոս Կալիգուլա կայսեր իշխանության առաջին տարում (37/38 թ.), հրեա քահանայապետի ընտանիքում, որտեղ և ստացել է անբասիր ռաբբիական դաստիարակություն։ 64 թվականին՝ 26 տարեկան հասակում, նա մեկնում է Հռոմ՝ նպատակ ունենալով պաշտպանելու մի խումբ հրեա քահանաների, որոնց դեմ մեղադրանք էր հարուցվել։ Սակայն գալով կայսրության մայրաքաղաք, նա ականատես է լինում, թե ինչպես է այն հրկիզվում՝ Ներոնի ձեռքով։ Իսկ Ներոնն այդ բանն արել էր ներշնչվելու և գրական մեծարժեք ստեղծագործություն գրելու համար, քանզի, ինչպես ինքն էր ասում, Հոմերոսի ժամանակներում տեղի ունեցան այնպիսի պատմական և գեղեցիկ իրադարձություններ, որոնք նրան ներշնչեցին գրելու իր «Իլիական» և «Ոդիսական» պոեմները, իսկ իր ժամանակներում ոչ մի սրտահույզ իրադարձություն տեղի չի ունենում։ Քահանաների պաշտպանության առաքելությունը կատարում է մեծ հաջողությամբ՝ կայսրուհի Պոպպեայի միջոցով, որից հետո նրանից առատ պարգևներ ստանալով, վերադառնում է Երուսաղեմ։ Բայց շատ ժամանակ չէր անցել, երբ 66 թվականին ծագեց Հրեական կոչված պատերազմը, որն ըստ էության հրեաների ապստամբությունն էր հռոմեակն տիրապետության դեմ։

Հրեական պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիլիա վարչական շրջանը՝ մինչև Հրեական պատերազմը

I դարում Պաղեստինը ենթարկվել էր Հռոմին և կառավարվում էր Հռոմի նշանակած կուսակալների միջոցով, որոնցից մեկն էլ Պոնտացի Պիղատոսն էր։ Սա 37 թվականին ետ կանչվեց Պաղեստինից, և նոր կայսր Կալիգուլան Հրեաստանի թագավոր կարգեց Հռոմում դաստիարակված Հերովդես Ագրիպասին, որը հլու գործիք էր լինելու Հռոմի ձեռքին։ Հրեաները մինչ այդ ազատված էին կայսեր պաշտամունքին մասնակցելու պարտավորություններից։ Սակայն Կալիգուլայի կամքով Երուսաղեմի տաճարում պետք է կանգնեցվեր կայսեր հսկայական արձանը։ Այդ անհանդուրժելի հրամանը պետք է հանգեցներ հրեաների բացարձակ ապստամբությանը, սակայն 41 թվականին Կալիգուլայի սպանությունը կանխեց դեպքերի հախուռն զարգացումը։ Դրանից հետո Պաղեստինը միացվել էր Սիրիա պրովինցիային և հրեաները թեև վայելում էին մի շարք արտոնություններ, սակայն հռոմեական իշխանությունների և տեղի բնակչության հետ տարբեր առիթներով ծագող վեճերն անպակաս էին, քանզի նրանք տառապում էին ծանր հարկերի տակ, իսկ նրանց կրոնական առանձնաշնորհները հաճախ ոտնահարվում էին։ Դեպքերի հետագա արագ զարգացումն անխուսափելիորեն տարավ դեպի զինված ընդհարման, որն էլ բռնկվեց 66 թվականին։

Մասնակցությունը Հրեական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսպասիանոսի կիսանդրին

Երիտասարդ Հովսեփոս Փլավիոսը, որը Հռոմում եղած ժամանակ տեսած լինելով նրա հարստությունն ու հզորությունը, հռոմեական բանակը համարում էր անպարտելի, սկզբում ջանաց մեղմել զայրացած հրեաների տրամադրությունը և կանխել ապստամբությունը, բայց նրա բոլոր հորդորներն ու պատճառաբանություններն անցան ապարդյուն։ Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով, նա ստիպված եղավ գործուն մասնակցություն ունենալ արդեն սկսված ապստամբությանը և անգամ նշանակալից դեր խաղալ։ Քսանիննամյա Հովսեփոսը, որ հոգևորական էր, ուրիշ երկու հոգու հետ, որպես զորահրամանատար ուղարկվեց Գալիլեա և իր ձեռքը վերցրեց այդ շրջանում գտնվող Յոտապատա բերդի պաշտպանությունը։ Սակայն հռոմեացիները շուտով գրավեցին այդ բերդը և Հովսեփոսին էլ գերի վերցրին։ Կայսր Ներոնի հրամանով Պաղեստին արշավել էր զորավար Վեսպասիանոսը, ում մոտ էլ տարան Հովսեփոսին։ Վեսպասիանոսի հետ զրույցի ընթացքում Հովսեփոսը կանխագուշակեց նրա բարձրանալը Հռոմի կայսեր գահին։ Եվ իսկապես, ընդամենը երկու տարի անց Վեսպասիանոսը կայսր հռչակվեց, որից հետո հիշելով հրեա երիտասարդ հոգևորականի կանխագուշակումը, ազատեց նրան գերությունից։ Դրանից հետո, որպես երախտագիտության նշան, Հովսեփոսն իր անվանն ավելացրեց Վեսպասիանոսի «Փլավիոս» մականունը։ Այսպես, Հովսեփոսը դարձավ հռոմեական քաղաքականության ջատագով։

Երբ Վեսպասիանոս Պաղեստինից ճամփա ընկավ դեպի Հռոմ՝ իշխանությունն ստանձնելու համար, նրա ճամբարում գտնվող Հովսեփոսը միացավ նրան։ Ալեքսանդրիայում նրանք հանդիպեցին նոր կայսեր Տիտոս որդուն, ով նշանակվել էր Հրեաստանում պատերազմ մղող հռոմեական զորքերի գլխավոր հրամանատար։ Հովսեփոսը Տիտոսի հետ վերադարձավ Պաղեստին, որտեղ մասնակցեց պաշարմանը։ Ինչպես ինքն է պատմում, նա այդ ընթացքում, հռոմեական ճամբարում նստած կատարել է դեպքերի մանրամասն գրառումներ, քանի որ իրազեկ է եղել քաղաքի իրադրությանը հրեա դասալիքների միջոցով, որոնց հաղորդած տեղեկությունները, լինելով հրեա, միայն ինքը կարող էր հասկանալ։ Պաշարման ընթացքում Հովսեփոսը մի քանի անգամ հորդորել է իր հայրենակիցներին՝ զենքը ցած դնել և հնազանդվել ամենազոր Հռոմին, ինչն առավել շատ է բորբոքել հրեաների ատելությունը նրա հանդեպ։ Ինչպես մինչ այդ, այժմ էլ հրեաները նրան սպանելու փորձ են անում, սակայն անհաջող։ Երուսաղեմի մատույցներում Հովսեփոսն ու հրեաները մնացին մինչև Երուսաղեմի գրավումն ու ավերումը, որով էլ ավարտվեց Հրեական պատերազմը։Ապստամբության վերջնական ճնշումից հետո Հովսեփոսը Տիտոսի հետ մեկնեց Հռոմ, որտեղ արժանացավ կայսեր ջերմ ընդունելությանը։

Հռոմում ապրած տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես վարձատրություն՝ Հռոմին մատուցած ծառայությունների համար, Հովսեփոսին թույլատրվեց բնակվել կայսերական արքունիքում, նրան շնորհվեց հռոմեական քաղաքացու իրավունք։ Միաժամանակ նա կայսր Վեսպասիանոսից ստացավ դրամական թոշակ և «ոչ փոքր հողակտոր՝ Հրեաստանում»։ Նման հովանավորություն Հովսեփոսը ստացավ նաև գահի վրա Վեսպասիանոսին հաջորդած որդուց՝ Տիտոսից։ Ավելի քան հավանական է, որ հենց այդ ժամանակ էլ Հովսեփոսը հնարավորություն է ունեցել անձամբ ծանոթանալու հռոմեական պատմագրության խոշորագույն ներկայացուցչին՝ Կոռնելիոս Տակիտոսին, քանի որ եբրայեցի մատենագրին հովանավորող նույն այդ Փլավիոսների օրոք Տակիտոսը վարում էր մի շարք բարձրագույն պետական պաշտոններ՝ հռոմեական կայսրության մեջ։ Տիտոսի մահից հետո գահին բազմեց նրա եղբայրը՝ Դոմիցիանոսը (81-96 թթ.), ով հեռու էր գրականությունն ու գիտությունը հովանավորելուց, ուստի նրա օրոք Հովսեփոսի և մյուս պատմագիրների վիճակը դարձավ անապահով։ Այդ է պատճառը, որ հռոմեական մշակույթի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Տակիտոսը, Պլինիոս Կրտսերը, Յուվենալը և ուրիշներ, Դոմիցիանոսի բռնատիրության տարիներին նախընտրել էին լռել և միայն այս կայսեր սպանությունից հետո մագաղաթին հանձնեցին իրենց ստեղծագործությունները։

Դոմիցիանոսի սպանությամբ Փլավիոսների տոհմը հանգեց, և Հովսեփոսը զրկվեց կայսերական հովանավորությունից ընդհանրապես։ Նա գտավ մի նոր մեկենաս՝ հանձին ոմն Եփափրոդիտոսի, որն այդ ժամանակ քերականի համբավ էր վայելում, ձեռքի տակ ուներ մեծ գրադարան և զբաղվում էր Հոմերոսի ուսումնասիրությամբ։ Հովսեփոսի կյանքի հետագա տարիների մասին մեզ ոչինչ հայտնի չէ, մեզ անհայտ է մնում նույնիսկ նրա մահվան տարեթիվը։ Միայն, հիմնվելով իր ինքնակենսագրական ծավալուն աշխատության վրա, կարող ենք ասել, որ մինչև 110 թվականը դեռևս ողջ է եղել։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմում, վայելելով Վեսպասիանոսի և Տիտոսի հովանավորությունը և ստանալով նրանց աջակցությունը տարբեր հարցերում, Հովսեփոսը ձեռնամուխ եղավ մինչև մեր օրերը հասած իր հետևյալ երկերի շարադրմանը՝ «Հրեական պատերազմի մասին», «Հրեական հնախոսություն», «Կյանքը» (որ Հովսեփոսի ինքնակենսագրականն է) և «Ընդդեմ Ապիոնի»։

«Հրեական պատերազմի մասին» մատյանը եբրայեցի մատենագրի վաղագույն և առավել հռչակավոր աշխատությունն է, որ գրված է իրազեկ ու ականատես մարդու բոլոր առավելություններով, որ միաժամանակ ձեռքի տակ ուներ և տվյալ պատերազմի վերաբերյալ զեկուցագրերն ու բացատրությունները, ինչպես նաև Վեսպասիանոսի ու Տիտոսի հուշերը։ Այն, որ Հովսեփոսն այս աշխատությունն անվանել է «Հրեական պատերազմի մասին», ցույց է տալիս հրեական ապստամբության մասին հռոմեական կողմի տեսակետը։ Հովսեփոսի գրած նախաբանից պարզվում է, որ մեզ հասած հունարեն բնագիրը աշխատության առաջին շարադրանքը չէր, այլ դրան նախորդել է արամեերեն գրված և «վերին բարբարոսներին» ուղղված շարադրանքը։ Հաջորդ պարբերության մեջ նա բացահայտում է, թե ում նկատի ունի այդ խոսքով՝ Պարթիայի, Բաբելոնիայի և Արաբիայի բնիկներին, Միջագետքի հրեական գաղութը, ինչպես նաև Ադիաբենեի բնակիչներին, ա՛յն իշխանության, որի թագավորական տունը, ինչպես հպարտությամբ նշում է Հովսեփոսը, հարել էր հրեականությանը։ Հունարեն բնագիրը, Հովսեփոսի բնորոշմամբ, արամեերեն սկզբնօրինակի տարբերակն է միայն, և գրված է Հռոմեական կայսրության հպատակների՝ այսինքն հունա-հռոմեական աշխարհի համար։ Սակայն արամեերեն այդ բնագիրը, որը, հավանաբար, ավելի անկողմնակալ է գրված եղել, մեզ չի հասել։ Իսկ ո՞րն է Հովսեփոսի այս գրքի նպատակը. դա ընդարձակ մի զեկույց էր, որի հիմնական նպատակն էր նախազգուշացնել Արևելքի ժողովուրդներին այն բանում, որ դիմադրությունը Հռոմին անմիտ բան է։ Հռոմեական կողմի համար պարթևների ուժեղացման վտանգը մշտական սպառնալիք էր ներկայացնում, ուստի և պատահական չէ, որ պարթևները հիշատակված են Հովսեփոսի հավանական ընթերցողների ցուցակի սկզբում։ Հունարեն շարադրանքի առաջին ուրվագիծը գրված է եղել մաս առ մաս, որպես հետևանք՝ Հովսեփոսի և Հրեաստանի Ագրիպաս թագավորիմիջև եղած նամակագրության։ Ագրիպասը, հավանաբար, ծանոթ է եղել «Պատմության» արամեերեն տարբերակին։ Իսկ հունարեն գործերն ավարտուն վիճակում ներկայացրել է իրեն հովանավորող կայսրերին, ինչպես նաև արքունիքին մոտ կանգնած հեղինակավոր մարդկանց և ստացել Տիտոսի արտոնությունը՝ դրանք հրապարակելու համար։ Իսկ այս երկը հանրությանը ներկայացվել է 70-ական թվականների վերջին։

Հովսեփոսի «Հրեական պատերազմն» ամբողջությամբ վերցրած, որպես գրական երկ, ունի խոշոր արժանիքներ։ Ճաշակով ընտրված բառերը, դասական համաչափ ու շքեղ ոճը մեծապես պարտավորեցնում են թարգմանչին և դժվարին խնդիրներ հարուցում նրա առջև։ «Հրեական պատերազմի մասին» երկից 16 տարի անց՝ 94 թվականին, հայտնվեց Հովսեփոս Փլավիոսի երկրորդ մեծ երկը՝ «Հրեական հնախոսությունը»։ Այդ 16 տարին նա ծախսել է ծավալուն երկի շարադրանքի անհրաժեշտ նյութեր հավաքելու համար։ Այս մատյանը բաղկացած է 20 գրքից, իսկ հիմնական բովանդակությունը կազմում է հրեա ժողովրդի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև հրեական պատերազմի բռնկումը (66 թ.)։ Այս աշխատությունը շարադրելիս Հովսեփոսի հիմնական աղբյուրը եղել է Աստվածաշունչը, որին հետևելով, սակայն, Հովսեփոսն իր երկը հեղինակել է որպես պատմագիր և ոչ թե պարզապես հրեա ժողովրդի զրույցները գրի առնող։ Այս մատյանով նա նպատակ է ունեցել հռոմայեցիների, հույների և Արևելքի հունալեզու ընթերցողների աչքին բարձրացնել հրեաներին, նրանց պատմությունն ու մշակույթը։ Դրանից ելնելով, Հովսեփոսը շարադրանքից դուրս է թողել մի շարք այնպիսի իրողություններ՝ հրեից պատմությունից, որոնք հազիվ թե նպաստեին այդ նպատակին։ Այս երկու գործերից բացի, Հովսեփոսի գրչին են պատկանում նաև լրիվ պահպանված, ծավալով համեմատաբար ոչ մեծ, բայց պատմական որոշակի արժեք ներկայացնող երկու շարադրանք՝ «Կենսագրություն» և «Ընդդեմ Ապիոնի»։ Իրենց բովանդակությամբ և ունեցած նշանակությամբ առաջինը ձայնակցում է «Հրեական պատերազմն», իսկ երկրորդը՝ «Հրեական հնախոսությանը»։ Սրանք եղան Հովսեփոսի վերջին ստեղծագործությունները՝ գրված I և II դարերի սահմանագծին, Տրայանոս կայսեր (98-117 թթ.) գահակալության տարիներին։

Հովսեփոսի պատմագրության արժեքը Հայոց պատմության տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հրեական հնախոսության» գերմ. հրատ., 1552 թ.

Մեզ համար խիստ արժեքավոր են Հովսեփոսի պատմության հատկապես այն հատվածները, որոնք վերաբերում են Տիգրան Մեծին, Արտավազդ Բին (Ք.Ա. I դար) և Տրդատ Ա-ին (մ.թ I դար)։ Նրա վկայությունների բացառիկ նշանակությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից են.

ա) Հովսեփոսը Ստրաբոնից հետո, ժամանակով առավել մոտ է Տիգրանին և վերջին Արտաշեսյաններին։ Ինչ վերաբերում է Տրդատ Ա-ին, ապա Փլավիոսն այն պատմիչն է, որի քաղաքական գործունեության և գրական ստեղծագործության տարիները համընկնում են Մեծ Հայքում Արշակունյաց հարստության հիմնադրի գահակալության տարիներին։

բ) Ինչքան էլ Հովսեփոսի գործերում սուր կերպով զգացվում է նրա սուբյեկտիվ վերաբերմունքը նկարագրված դեպքերի նկատմամբ, որոնց ինքն անմիջական մասնակցություն է ունեցել, այնուամենայնիվ, Հայոց թագավորներին, առանձնապես Տիգրան Մեծին և Արտավազդ Բ-ին վերաբերող նրա վկայությունները առավել անաչառ են։ Եթե, օրինակ, հույն հեղինակների, հատկապես Պլուտարքոսի ուրվագծած Տիգրանը դաժան և կամակոր միապետ է, ապա Հովսեփոսի գրչի տակ Հայոց թագավորը պատկերված է մեղմաբարո և մարդկային։ Եբրայեցի պատմիչի՝ Տիգրանին տված այս գնահատականն առանձնապես արժեվորվում է, եթե նկատի առնենք, որ Հայոց թագավորը, հայ մատենագրության տվյալներով, մեծ թվով հրեաների գերեվարել ու գաղթեցրել էր Մեծ Հայք։ Ինչ վերաբերում է Արտավազդին, եթե Պլուտարքոսը նրան բնութագրում է իբրև նենգամիտ և հռոմեական շահերին դավաճանած մարդ, ապա Հովսեփոսը նրան ներկայացնում է իբրև զոհ՝ Անտոնիոսի մեքենայությունների ու փառասիրության։

Հովսեփոսը նոր անուն չէ հայ մատենագրության համար։ Ի թիվս այլ աղբյուների, հայոց քերթողահայր Մովսես Խորենացին բազմիցս օգտվել է հրեա պատմիչի երկերից։ Խորենացին մերթ վկայակոչում է իր այս աղբյուրին և բառացի մեջբերում անում, մերթ էլ օգտվելով Հովսեփոսի տեղեկություններից, դրանք վերաշարադրում է իր մատյանում՝ հարմարեցնելով իր «Պատմութիւն Հայոց»-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Флавий, Иосиф (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVI. — С. 92—93.
  2. 2,0 2,1 Флавий Иосиф (ռուս.) // Еврейская энциклопедия: Свод знаний о еврействе и его культуре в прошлом и настоящемСПб.: 1913. — Т. 15. — С. 302—311.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Overview // Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Иосиф Флавий // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118640003 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Varma S. R. Mini Bio // Internet Movie Database — 1990.
  7. Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.)SISMEL – Edizioni del Galluzzo.
  8. CONOR.Sl

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ընդդեմ Ապիոնի։ Հրեական պատերազմի մասին։ Հրեական հնախոսություն։ Հռոմեական պատմություն։ Երևան, 1976 թ.:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 578