Jump to content

Արշակավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակավան
անտիկ քաղաք Խմբագրել Wikidata
Ստեղծում350s-ականներ Խմբագրել Wikidata
ՀիմնադիրԱրշակ Բ Խմբագրել Wikidata
ԵրկիրՄեծ Հայք Խմբագրել Wikidata
Մայրաքաղաքն էՄեծ Հայք Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԱյրարատ
 • Կոգովիտ Խմբագրել Wikidata
Located in the present-day admi­nis­tra­ti­ve ter­ri­to­rial entityԱղրըի մարզ Խմբագրել Wikidata
Բնաշխարհագրական օբյեկտի տարածքումՀայկական լեռնաշխարհ
 • Արարատյան դաշտ Խմբագրել Wikidata
Արշակավանի մոտակայքում գտնվող ժամանակակից թուրքական Բայազեթ քաղաքը
Բայազեթի բերդը

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում «ի թիկնաց լերինն Մասեաց», հնում գործող Թավրիզ - Դարոյնք - Կարին (Էրզրում), Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա (այժմ Թուրքիայի տարածքում)։ Այն գտնվում էր դեպի Պարսկաստան գնացող առևտրային ճանապարհի վրա[1]։

Հիմնադրել է Արշակ Բ արքան 350-ական թվականների սկզբին։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ-ը հրովարտակ է արձակել, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Ըստ Լեոյի ենթադրության՝ քաղաքում բնակություն էին հաստատել ոչ միայն վատ վարքագիծ դրսևորած անձինք, այլ նաև ճորտ գյուղացիները՝ «շինականները»[2]։ Քաղաքում բնակվողներին Արշակ Բ-ի կողմից տրված էին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ։ Քաղաքում բնակություն էին հաստատել հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20․000 ծուխ[3]։ Նախարարները բազմաթիվ անգամներ իրենց բողոքներով դիմել են Արշակ Բ-ին, անպատասխան մնալով դիմել են Շապուհին[4]։

Թադևոս Հակոբյանի կարծիքով՝ «նոր մայրաքաղաքի հիմնադրմամբ Հայոց արքան ձգտում էր՝

  • նրա բնակչությանը որոշ արտոնություններ տալով նախարարների դեմ մղվող պայքարում նրան դարձնել իր հենարանը,
  • նախարարներին ենթակա շինականների հաշվին մեծացնել պետական հարկատու բնակիչների թիվը,
  • շինականներին ու «ծառաներին» տրվող արտոնություններն օգտագործել սուր բնույթ ստացած դասակարգային ներհակություններն առժամանակ մեղմացնելու համար»[5]։

Արշակավանի բնակեցման եղանակը չէր կարող դուր գալ հայ նախարարներին և, հատկապես, նրանց, որոնց տիրություներն անմիջականորեն սահմանակից էին քաղաքին։ Դժգոհ էր Արշակավանի հիմնադրումից և հոգևորականությունը՝ Ներսես Ա Մեծ կաթողիկոսի գլխավորությամբ, որին հատկապես մտահոգում էին քաղաքում տիրող ազատ բարքերը[3]։

Քաղաքի կործանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակավանի մասին պատմող հայ պատմիչներ Փավստոս Բուզանդը և Մովսես Խորենացին իրար հակասող տեղեկություններ են տալիս Արշակավանի կործանման մասին։ Ըստ Բուզանդի Արշակավանը բնակչությունից դատարկվել է Աստծո կողմից, որպես պատիժ ուղարկված համաճարակի հետևանքով[3]։ Պատմահոր վկայությամբ, սակայն, քաղաքը ոչնչացրել են ըմբոստ նախարարների միացյալ ուժերը[4]։ Խորենացին հաղորդում է, որ նախարարները, միանալով Ներսես Կամսարականին, պաշարել են քաղաքը։ Քաղաքի պաշարումից էլ սկսվել է ժանտախտը, և նախարարներին հաջողվել է գրավել քաղաքը։ Արշակավանը նախարարների կողմից գրավվելուց հետո հիմնահատակ քանդվել է։ Բնակչությունը մեծ մասամբ սպանվել է, միայն փրկվել են մանուկները[6]։ Որոշ հեղինակներ Արշակավանի կործանումը թվագրում են՝ կա՛մ 355 թվականով, կա՛մ 358 թվականի տեղի ունեցած երկրաշարժով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մանանդյան, Հակոբ (1944). Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր 2.
  2. 2,0 2,1 Վարշամյան, Էդգար (2022). ««Հայոց թագավոր Արշակ Բ-ի ներքին քաղաքականությունը»». Պատմություն և մշակույթ. No 1 (17): 7–25.
  3. 3,0 3,1 3,2 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, գիրք Դ, գլուխ ԺԳ
  4. 4,0 4,1 Մովսես, Խորենացի (1981). «Հայոց պատմություն», գլուխ իէ. Երևանի համալսարան.
  5. Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, էջ 69-70
  6. Լեո (1900). Երկերի ժողովածու (Հատոր I). Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 462-463. ISBN 978-5-550-00407-4. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]