Ուրմիա, Օրումիե, Ուռմի - քաղաք է Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջանի օստանի վարչական կենտրոնը։ Ունի 577300 բնակիչ (2008)։ Խաղողագործության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գորգագործական և տնայնագործական արտադրություն։ Ունի համալսարան։ Թաղերից՝Ֆաթալի խանգոլ[2]։
Եղել է Մեծ ՀայքիՊարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Ուրմիան շարունակել է մնալ հայաբնակ, սակայն դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ Նրանք զբաղվել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկություններ) ու առևտրով, ինչպես նաև այգեգործության, պարտիզպանությամբ և բրնձի մշակմամբ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Ուրմիայի հայերը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռահավա հայկական գյուղերի հետ։ 1926 թվականին, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի վերանվանվել է Ռեզայե, 1979 թվականի հեղափոխությունից հետո կրկին՝ Ուրմիա։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և ամբողջ Ատրպատականում բնակվում է մոտ 2000 հայ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։ Քաղաքն ունի հայկական կանգուն եկեղեցի։