Շիրակավան (մայրաքաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակավան (այլ կիրառումներ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Շիրակավան | ||
| 40°42′56.55″N 43°43′18.87″E / 40.7157083°N 43.7219083°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Վանի մարզ | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Շիրակավան (Երազգավորս, Երազգավորք), միջնադարյան քաղաք, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 890-929 թվականներին[1]:
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրակավանը գտնվում էր Ախուրյան և Կարս գետերի միացման անկյունում՝ Ախուրյանի աջ ափին։ Այն տեղակայված էր Անի քաղաքից ոչ հեռու։ Քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա գտնվում էր Տիգնիս ամրոցը, որը հետագայում դարձել էր Անի մայրաքաղաքի պաշտպանական կարևոր հենակետերից մեկը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս Ք.ա. 3-2-րդ դարերում այս տարածքում եղել է բնակավայր։ Այդ մասին վկայում է վրաց մատենագիր Լեոնտի Մրովելին, նշելով, որ Արտաշես Ա-ի օրոք վրաց թագավորն ու հյուսիսային լեռնականները հարձակվում են Հայաստանի վրա, կողոպտում Շիրակավանը և այլ բնակավայրեր[1]։ Շիրակավան մայրաքաղաքի մասին թեև շատ քիչ, բայց վկայություններ կան Սեբեոսի, Ստեփանոս Ասողիկի, Սամվել Անեցու, Վարդան Արևելցու և այլ մատենագիրների աշխատություններում[2]։
Սեբեոսը իր «Պատմության» մեջ, այսինքն 7-րդ դարում, Շիրակավանը հիշատակվում է որպես գյուղ[3]։ Սա հայ մատենագրության մեջ առաջին հիշատակությունն էր։ 869 թվականին Զաքարիա Ձագեցի կաթողիկոսի գլխավորությամբ գումարված դավանաբանական ժողովը տեղի է ունեցել Շիրակավանում։ Այդ փաստը վկայում է, որ դեռևս մայրաքաղաք հռչակվելուց առաջ այն կարևոր բնակավայր է եղել[1]։
9-րդ դարում՝ Բագրատունյաց թագավորության օրոք, այնտեղ կար ամրոց, պաշտպանական այլ կառույցներ, իսկ 3 կմ հեռավորության վրա գտնվում էր Տիգնիս ամրոցը, որ հետագայում Անի մայրաքաղաքի պաշտպանական կարևոր հենակետ էր դարձել[1]։
Բագրատունյաց թագավորություն իր գոյության 160 տարիների ընթացքում փոխել է 4 մայրաքաղաք։ Սմբատ Ա-ի և Աշոտ Երկաթի օրոք[4], մոտ 40 տարի, թագավորության արքայանիստն ու մայրաքաղաքը Շիրակավանն էր։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում` Շիրակավան անունով[5]։ Պատմիչ Վարդան Արևելցին գրում է, որ Սմբատ Բագրատունին Շիրակավանում կառուցել է ս. Ամենափրկիչ եկեղեցին և այնտեղ էլ օծվել է։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 1950-ական թվականները[1]։ Սմբատ Ա-ն և Աշոտ Երկաթը իրենց գահակալության շրջաններում ռազմական տեսակետից ամրապնդել է արքայանիստը։ Շիրակավանում կային բերդեր և մի շարք պաշտպանական կառույցներ։ Աբաս թագավորի օրոք (928-953 թթ.) թագավորության մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխվել է Կարս[2]։
Պատմական տարբեր ժամանակահատվածներում քաղաքը բազմիցս ավերվել է թյուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, թուրքմենների, պարսիկների կողմից։ 11-րդ դարում թյուրք-սելջուկների արշավանքի ժամանակ՝ 1064 թվականին, Շիրակավանը ավերվել է։ ԱյնուհետևԲարսեղ եպիսկոպոսի մի արձանագրության վկայությամբ 12-րդ դարի երկրորդ կեսին քաղաքը վերականգնվել և զարգացում է ապրել Զաքարյանների իշխանապետության օրոք։ Սակայն 13-րդ դարի երկրորդ կեսից վերածվել է սովորական գյուղի[2]։
Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, ենթարկվելով հնչյունափոխության, դարձել է Բաշ-Շորագյալ։ Ռուսական կայսրությանը միացվելուց հետո, այն մտել է Կարսի մարզի մեջ և որոշակիորեն զարգացում ապրել, առաջադիմել։ 20-րդ դարի սկզբին հայաբնակ մեծ գյուղ էր. 208 տուն՝ 1601 բնակչությամբ։ 1877 թվականին գյուղում բացվել է Սահակյան վարժարանը։ Արշակ Ասլամազյանը գյուղում կառուցել է ջրաղաց՝ Գերմանիայից իր բերած սարքավորումներով։ Վերջինս, ոգևորվելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներով և նրա խորհուրդներով, Շիրակավանում ձեռնարկում է պեղումներ, որի արդյունքում հայտնաբերում է հսկայական նյութ[1]։
Պեղումներ իրականացնելու կամ որպես հյուր Շիրակավան են այցելել Աշխ. Քալանթարը, Հ. Օրբելին, Տարագրոսը, Թ. Թորամանյանը, Ն. Բունիաթյանը, Ավ. Իսահակյանը։ Վերջինիս հայրենի Ղազարապատ գյուղը մոտ էր Շիրակավանին[1]։
1920-1921 թթ. Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերը ոչնչացվել և անհետացել են։ Բաշ-Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան. մի մասը բնակություն է հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Սերգեյ Վարդանյան (1985). Հայոց մայրաքաղաքները. Երևան: «Սովետական գրող». էջեր 82–83.
- 1 2 3 4 Սմբատ Մինասյան (2011 թ․ սեպտեմբերի 17). «Երազգավորս — Շիրակավան». Armenian-History. Վերցված է 11.02.2023-ին.
- ↑ «Պատմութիւն» (PDF).
{{cite web}}:|first=missing|last=(օգնություն) - ↑ Եղիազարյան, Արման. [Ashot_Yerkat.pdf «Աշոտ Երկաթ. թագավոր Հայոց»] (PDF).
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - 1 2 «Հայաստանի մայրաքաղաքները». Հայկական Հանրագիտարան. Վերցված է 12.02.2023-ին.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 515)։ |
