Jump to content

Աշխարհբեկ Քալանթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթար ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխարհբեկ Քալանթար
Ծնվել էփետրվարի 11, 1884(1884-02-11)[1] կամ 1887[2]
Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էենթդ․ 1942[3][4] կամ հուլիսի 2, 1942(1942-07-02)[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհայագետ, հնագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն, հայագիտություն, հնագիտություն, ազգագրություն և արվեստագիտություն
ԱնդամակցությունՌուսական կայսերական հնագիտական միություն
Ալմա մատերՆերսիսյան դպրոց (1905)[1], Թիֆլիսի 2-րդ գիմնազիա (1907)[1] և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1911)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարՆիկողայոս Մառ
 Ashkharbek Kalamtar Վիքիպահեստում

Աշխարհբեկ Քալանթար (Աշխարհբեկ Լոռիս-Մելիք Քալանթար, փետրվարի 11, 1884(1884-02-11)[1] կամ 1887[2], Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - ենթդ․ 1942[3][4] կամ հուլիսի 2, 1942(1942-07-02)[1]) հայագետ, հնագետ, պատմաբան։

Վաղ տարիները, կրթությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թ. փետրվարի 11–ին, Լոռու Արդվի գյուղում Լոռիս Մելիք և Արղության (մոր կողմից) ազնվական ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1907 թ. Թիֆլիսի գիմնազիան։ 1907 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-լեզվաբանական բաժինները, համալսարանը գերազանցությամբ ավարտելով 1911 թю։ Սանկտ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ 1912-1913 թթ. Կայսերական ակադեմիայի կողմից գործուղվել է Իմիրզեկ (Վանստան), ապա Սուրմալուի գավառ՝ ուսումնասիրելու եզդիների ազգագրությունը և Զորի բազիլիկան, նաև Լոռի. արդյունքները հրատարակում է ակադեմիայի զեկույցներում[5]։

Անիի պեղումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թ. ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Հնագիտական ինստիտուտի իսկական անդամ, իսկ 1914 թ.՝ Կայսերական Հնագիտական ընկերության անդամ[6]։

1914 թ. Կայսերական ակադեմիայի որոշմամբ նշանակվել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի գիտական ավանդապահ։ 1914 թվականին Մառն իր բացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների XIII արշավախմբի ղեկավարությունը։

1918 թվականին Հայոց Ազգային Խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանի հանձնարարությամբ կազմակերպել է Անիից մոտ 6000 հնագիտական իրերի փրկությունը, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Մինչ այդ՝ 1917 թ.՝ Նիկողայոս Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավախմբին։

1921 թվականին Քալանթարը Թիֆլիսից Երևան է փոխադրել Մշո Սուրբ Առաքելոց վանքի նշանավոր դուռը, ինչպես նաև Անիի հնադարանի դրամական ժողովածուն, հայերեն արժեքավոր ձեռագրեր։

Քալանթարը մասնակցել է հայ ազատագրական շարժմանը (1915) Հայ կամավորական գնդի կազմում, որպես Անդրանիկ Օզանյանի թարգմանիչ և խորհրդական՝ փոխգնդապետի կոչումով, ճանապարհին ուսումնասիրել Խոյի շրջակա պատմական հուշարձանները։

1920 թ. Քալանթարի գլխավորած արշավախումբը չափագրել-լուսանկարել է Անիի շրջակա հուշարձանները՝ Տեկոր, Ալաման, Նախճավան, Բագարան, Մրեն, Խծկոնք, Արջո-Առիջ, Ջալալ, Ագարակ. նրա օրագիրը հրատարակված 1994 թ. (անգլերեն) և 2007 թ. (հայերեն) պարունակում է վերջին վկայությունները ներկայումս մասամբ կամ ամբողջովին ավերված այդ հուշարձանների։

2013 թ. միջազգային արշավախումբը կրկնել է Քալանթարի 1920 թ. օգոստոս-սեպտեմբերի արշավախմբի ուղին, կատարելով համեմատական հետազոտություն Անիի մերձակա այդ պատմական հուշարձանների` Տեկոր, Ալաման, Նախճավան, Բագարան, Մրեն, Խծկոնք, Արջո-Առիջ և այլն[7]։

Երևանի համալսարանի և Հնությունների պահպանության կոմիտեի հիմնադրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհբեկ Քալանթարը 1919 թ. Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, ուր նաև ստեղծեց հնագիտության և արևելագիտության ամբիոնը։ 1922 թ. հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Մինչ այդ՝ 1918-1919 թթ. նա դասախոսել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանում, ընդգրկվելով հայկական համալսարանի հիմնադրման հանձնաժողովի կազմում։ 1929 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում[8]։

1919 թվականին Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի հետ միասին հիմնադրում է Հնությունների պահպանության կոմիտեն, երկար տարիներ պաշտոնավարելով որպես գիտնական քարտուղար՝ համակարգելով հնագիտական աշխատանքները։ 1919-1937 թթ. նա ղեկավարել է 30-ից ավելի արշավախմբեր ու պեղումներ, իբրև հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել մասնագետների մի քանի սերունդներ։

1931-1933 թթ. Թամանյանի հետ համառ պայքար է մղել Երևանի երկու եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի և Կաթողիկե քանդման դեմ, ապա դրանց քանդման ընթացքում կատարում կարևոր ուսումնասիրություններ։

Քալանթարին նվիրված հուշատախտակը իր ապրած տան պատին:

1935 թվականին նշանակվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական բաժանմունքի (ԱՐՄՖԱՆ) Գիտական Խորհրդի անդամ։

Աշխարհբեկ Քալանթարի բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938 թվականին նա ձերբակալվել է համալսարանի մի խումբ դասախոսների թվում («պրոֆեսորների գործը»)։ Մահացել է ենթադրաբար 1942 թվականին աքսորում։

«Ամերիկյան հնագիտական հանդեսը» (American Journal of Archaeology, 100, 638, 1996) Ա. Քալանթարի փարիզյան 1994 թ. հրատարակության հատորի գրախոսականում գրում է.

Եթե մինչ այժմ Լեման-Հաուպտն ու Մառն էին համարվում Հարավային Անդրկովկասի վաղ պատմության հետազոտությունների նախաձեռնողները, ապա այս հատորը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ոչ այլ ոք, քան Աշխարհբեկ Քալանթարն է եղել Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը։
Քալանթարի կյանքը և գործը բացահայտում են այն մնայուն կարևորությունը, որ ունի Հայկական լեռնաշխարհը համաշխարհային պատմության մեջ։

Նախապատմական ջրաբաշխական համակարգի հայտնաբերումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհբեկ Քալանթարի բրոնզե կիսանդրին Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում:

Քալանթարը հեղինակել է ութանասունից ավելի աշխատություններ, որոնք վերաբերվում են Հայաստանի պատմահնագիտական հարցերին՝ քարե դարից մինչև միջնադար, արվեստի, ճարտարապետության հուշարձանների, վիմագիր արձանագրությունների, ժայռապատկերների լուսաբանմանը։

1930-1933 թթ. Արագածի վրա, Գեղամա լեռներում հայտնաբերել է նախապատմական ջրաբաշխական համակարգ, ջրանցքների - ջրամբարների կանոնավոր ցանցով, 1931 թ. գլխավորել է հին Վաղարշապատի՝ Զվարթնոցի -Հռիփսիմեի մերձակա հնագիտական պեղումները, որոնց արդյունքները հրատարակել է "Հին Վաղարշապատի պեղումները" գրքում (1938)։

Նրա աշխատություններից են նաև.

  • «Անիի պեղումները», Հորիզոն 1907
  • Պրոֆ, Ն. Մառի պեղումները Անիում, Հորիզոն 1909
  • «Ազգային թանգարանի հարցը», Հովիտ 1909
  • Отчет о командировке в Имирзек летом 1912 г. Изв.Импер.Акад.Наук, 127, 1913
  • Отчет о командировке в Лори летом 1913 г., Изв.Импер.Акад.Наук, 725, 1913
  • Зорская базилика и развалины древнего Карван-сарая, Христ. Восток, т. III, вып.1, 101, 1914
  • Պատմական հուշարձանների ոչնչացումը ռազմական գործողությունների տարածքում թուրքական ռազմաճակատում, Հորիզոն 1916
  • «Վանստան» 1933; հրատարակվել է 1994-ին՝ անգլերեն, 2007-ին՝ հայերեն
  • Inscriptions d'Armenie en caracteres inconnus, Revue Archeologique, 30, 43, 1929
  • Վիշապների դարաշրջանի ջրաբաշխական համակարգը, 1935
  • Նյութեր հայկական և Ուրարտական պատմությունից, 2004

Հուշատախտակ, բրոնզե կիսանդրի

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Երևանի Տերյան փողոցի թիվ 62 տան պատին բացվել է Քալանթարին նվիրված հուշատախտակ, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան։ Հուշատախտակը կրում է մի քանի խորհրդանիշներ. շրջանակը կրկնում է Անիի զինանշանի ուրվագիծը, զետեղված է հատված Վանի ուրարտական մի արձանագրությունից, ինչպես նաև մի զարդանախշ Վանստանի վանքից, բոլորը՝ գիտնականի ուսումնասիրություններից։ Գիտնականը ապրել է այդ տանը 1935-1938 թթ.։ Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էր հնագետի դուստրը՝ Մարիաննա Գուրզադյանը, հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը։

2015 թվականին Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում բացվել է Աշխարհբեկ Քալանթարի բրոնզե կիսանդրին, քանդակագործ՝ Տիգրան Մուրադյան։

2020 թվականի փետրվարի 11–ին՝ Աշխարհբեկ Քալանթարի ծննդյան օրը Էրեբունի թանգարանում մեկնարկել էր Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից կազմակերպված ‹‹Ուեդուրիեթիունի երկրի հնագիտական ժառանգությունը›› խորագրով եռօրյա գիտաժողովը նվիրված ականավոր հնագետի հիշատակին։

Աշխարհբեկ Քալանթարի փաստաթղթերից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.)СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
  3. 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  5. http://www.azg.am/AM/2005120110(չաշխատող հղում)
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
  7. Ա. Ղազարյան (2013) Արջո Առիչից մինչև Մրեն http://www.armeniandiaspora.am/images/menus/774/content.pdf Արխիվացված 2016-04-17 Wayback Machine
  8. http://www.acam-france.org/bibliographie/auteur.php?cle=kalantar-ashkharbek

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհբեկ Քալանթար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհբեկ Քալանթար» հոդվածին։