Նախնական կրթությունն ստացել է Չարսանջակում, ապա՝ ԽարբերդիԵփրատ քոլեջում։ 1895 թվականին անցել է Կովկաս և որպես բանվոր աշխատել Թիֆլիսում։ 1898 թվականին մի խումբ համախոհների հետ հիմնադրել է Հայ բանվորների սոցիալ-դեմոկրատական խումբը, եղել վերջինիս «Բանվոր» թերթի խմբագիրներից։
1901 թվականին ցարական կառավարությունը Կոզիկյանին ձերբակալել է և արգելափակել Մետեխի բանտում։ 1903 թվականին արտաքսվել է Ռուսաստանից, հաստատվել Ժնևում։ Արտասահմանում սերտ կապեր է հաստատել հնչակյան կուսակցության և հայ սոցիալ-դեմոկրատական այլ խմբակների հետ։ 1905 թվականին, համառուսական բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխության օրերին, Կոզիկյանը ծպտյալ վերադարձել է Թիֆլիս, վարել մի շարք թերթերի («Կյանք», «Ձայն», «Գործ») խմբագրությունը։ 1909 թվականին անցել է Թուրքիա, որտեղ ծավալել է հրապարակախոսական աշխատանք, դատապարտել երիտթուրքերի պանթյուրքիստական քաղաքականությունը։ 1911-1912 թվականներին կազմակերպչական աշխատանք է կատարել Արևմտյան Հայաստանում, հիմնել հնչակյան կուսակցության մասնաճյուղեր։ Նահատակվել է 1915 թվականի Մեծ եղեռնի օրերին։ Հրատարակված է Կոզիկյանի «Թող ֆաքդերը խոսին» (1904) գրքույկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 713)։