Երևակ (հանդես)
«Երևակ», ուսումնական, բանասիրական և կրոնական կիսամսյա, ապա՝ ութօրյա հանդես։ Լույս է տեսել 1857-1862 թվականներին, 1864-1866 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․ Տերոյենց (Չամուռճյան)։
Արտահայտել է կղերա-ամիրայական վերնախավի հայացքները, պահպանողական դիրքերից պայքարել է ընդդեմ Միքայել Նալբանդյանի, Հարություն Սվաճյանի, Կարապետ Փանոսյանի, Գրիգոր Չիլինկիրյանի, Կարապետ Ութուճյանի։ «Հյուսիսափայլ», «Մեղու», «Ծաղիկ» ու «Մասիս» պարբերականների արծարծած «լուսավորության ու ազատության» գաղափարները համարել է ազգավնաս, կրոնն ու եկեղեցին՝ հայ ժողովրղի «առաջընթացի և ազգային միասնության միակ միջոցը»։
Մեծ տեղ է հատկացրել հայ առաքելական եկեղեցու դիրքերից գրված կրոնական հոդվածներին։ Նյութեր է տպագրել արվեստի պատմության, մատենագիտության, աշխարհագրության, բժշկության, պատմության վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 547)։ |