Ծաղիկ (թերթ)
Այս հոդվածը պարբերականի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ծաղիկ (այլ կիրառումներ)։
| Ծաղիկ | |
|---|---|
| Տեսակ | հանդես |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | դեկտեմբեր 1886 |
| Երկիր | |
| Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
| Լուծարվել է | հուլիս 1908 |
«Ծաղիկ», գրական-բանասիրական, մանկավարժական, տնտեսական, գիտական և քաղաքական պարբերական։ Հրատարակվել է 1886-1908 թվականներին, Կոստանդնուպոլսում, փոփոխական պարբերականությամբ (եռօրյա, շաբաթաթերթ, կիսամսյա, օրաթերթ)։ Հիմնադիր-տնօրեն՝ Ա. Սագայան, խմբագիրներ՝ Հ. Հաճյան, Ա. Սագայան, Գ. Փալագաշյան, Մ. Մուլթանյան, Մ. Տյոքմեճյան և ուրիշներ։
«Ծաղիկ»-ին զուգահեռ կամ դադարների շրջանում նոր անվանումով լույս են տեսել մանուկների, կանանց, պատանիների համար պարբերականներ՝ նոր խմբագրական կազմով։ Տպագրել է գեղարվեստական գործեր, ժողովրդական ու աշուղական երգեր, տնտեսագիտական-երկրագործական, բժշկագիտական հոդվածներ, գրախոսականներ, ուղեգրություններ ու հուշեր, գիտական զրույցներ և այլն։ Արտացոլել է արևմտահայ գրականության զարգացման ընթացքը XIX դարի վերջին և XX դարի սկզբին, համախմբել պոլսահայ մտավորականության կարող ուժերը (Արշակ Չոպանյան, Տիրան Չրաքյան, Ռուբեն Զարդարյան, Լևոն Բաշալյան, Զապել Եսայան, Հրանդ Ասատուր, Ռ. Որբերյան, Սիպիլ, Ա. Հարությունյան, Թլկատինցի, Ռ. Պերպերյան, Թեոդիկ, Հ. Մառք և ուրիշներ)։ Քննարկել է ուսումնակրթական, լեզվաոճական, նախադպրոցական դաստիարակության, հայ մամուլի և հրապարակագրության հարցեր։ Լույս է ընծայել պատմամշակութային, հին ձեռագրերի ու գաղթավայրերի, ժողովրդական կենցաղի ու սովորույթների, կանանց կրթության վերաբերյալ հոդվածներ։
Անդրադարձել է նաև արևելահայ հասարակական-քաղաքական և գրական-մշակութային հարցերին։ Տպագրել է Հակոբ Պարոնյանի և Ե. Տեմիրճիպաշյանի գործերը, Ա. Ծատուրյանի, Ա. Իսահակյանի բանաստեղծությունները, Հ. Հիսարյանի «Խոսրով և Մաքրուհի» վեպը, Թ. Թերզյանի, Հ. Ոսկանի, Վ, Տեր-Մինասյանի և ուրիշների հոդվածներն ու ուսումնասիրությունները։ Մեծ տեղ է հատկացրել արևմտաեվրոպական գրականությանը, թարգմանաբար լույս ընծայել Շեքսպիրի, Դանթեի, Գյոթեի, Մոպասանի, Բալզակի, Զուդերմանի, Ֆրանսի, Իբսենի երկերից, նյութեր հրատարակել ականավոր գրողների (Սերվանտես, Շիլլեր, Գյոթե, Հայնե, Տոլստոյ, Հաուպտման, Չեխով) մասին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 108)։ |