Գրիգոր Չիլինկիրյան
| Գրիգոր Չիլինկիրյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1839 |
| Ծննդավայր | Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | փետրվարի 2, 1923 |
| Մահվան վայր | Իզմիր, Թուրքիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մեսրոպյան վարժարան |
| Մասնագիտություն | հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ և հասարակական գործիչ |
Գրիգոր Հովակիմի Չիլինկիրյան (1839, Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - փետրվարի 2, 1923, Իզմիր, Թուրքիա), հայ հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական, գրական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Չիլինկիրյանը ծնվել է 1839 թվականին Զմյուռնիայում։ Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել հունարենին, ֆրանսերենին, իտալերենին։ Մեսրոպյան վարժարանում դասավանդել է թուրքերեն։

1861-1867 թվականներին հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը։ 1867-1878 թվականներին Չիլինկիրյանի թարգմանությամբ լույս են տեսել Վիկտոր Հյուգոյի, Ալֆոնս դը Լամարթինի, Անտուան Ֆրանսուա Պրևոյի, է. դը Միրգուրիի, է. Այուի, Ժորժ Սանդի և այլոց ստեղծագործություններից։ Գլխավորել է «Տիգրան» մասոնական մասնաժողովի գործունեությունը։ Չիլինկիրյանն առաջ է քաշել արմատական ժողովրդավարական և ազատագրական գաղափարներ։ Հանդիպել է Հնդկաստանից վերադարձող Մ. Նալբանդյանին, քարոզել նրա գաղափարները։
Չիլինկիրյանը պաշտպանել է Վիկտոր Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, համակրանքով արտահայտվել Ջ. Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման վերաբերյալ։ Առաջ է քաշել ազգային-սոցիալական հարցերը «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիրը, պաշտպանել է զեյթունցիների պայքարը։
Գրիգոր Չիլինկիրյանի հրապարակախոսության լավագույն էջերից են «Ծաղիկ» հանդեսի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմիւռնական նամականի» և «Ուղեւորութիւն ի Կոստանդնուպոլիս» (1883) նամակագրական և գեղարվեստական-հրապարակախոսական երկերը։ Լույս է ընծայել «Վիպակներ եւ ցան ու ցիր գրուածներ» (1920) ժողովածուները։
Նպաստել է ազգային թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը, հայ գրականության իրապաշտական ուղղության արմատավորմանը[1]։
Ծածկանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Պերճ, Վարաժ և այլ ծածկանուններով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարյան Հ., Գրիգոր Չիլինկիրյան, Ե., 1959:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Կեանք եւ Գրականութիւն, Յարութիւն Քիւրքճեան, երկրորդական բաժին Ա. տարի, էջ 26։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 24)։ |
