Մատթեոս Մամուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատթեոս Մամուրյան
Madtheos Mamourian.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1830(1830-10-17)
ԾննդավայրԻզմիր, Eyalet of Aidin, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 2, 1901(1901-01-02) (70 տարեկանում)
Մահվան վայրԻզմիր, Sanjak of Smyrna, Aidin Vilayet, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ[1]
ԿրթությունՄեսրոպյան վարժարան և Քեմբրիջի համալսարան
Մասնագիտությունհրապարակախոս, գրող, թարգմանիչ, բանասեր և մանկավարժ
ԱշխատավայրՄեսրոպյան վարժարան և Արևելյան մամուլ

Մատթեոս Հովհաննեսի Մամուրյան (հոկտեմբերի 17, 1830 թվական, Զմյուռնիա-հունվարի 2, 1901 թվական, Զմյուռնիա), արևմտահայ դեմոկրատական գործիչ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, բանասեր, պատմագետ, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թվականին ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը, 1850 թվականին՝ Փարիզի Մուրադյան վարժարանը։ 1851 թվականին Մամուրյանն Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է «Աղաբեկյան» ուսումնարանը։ 1853 թվականին ուսուցչություն է արել Կ. Պոլսում, զորակոչվել բանակ և Ղրիմի պատերազմի ժամանակ աշխատել իբրև թարգմանիչ, 1856-1857 թվականներին եղել է Քեմբրիջի համալսարանի ազատ ունկնդիր։ 1858 թվականին շրջագայել է Եվրոպայում, այցելել նաև Պետերբուրգ։ 1860-1865 թվականներին եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետը։ 1862 թվականին հանգանակություն է կատարել Զեյթունի ապստամբների օգտին, հրապարակել Կիլիկիայում Ազիզ Փաշայի արյունահեղ քաղաքականությունը դատապարտող հոդվածներ։ 1865-1899 թվականներին, ընդմիջումներով, եղել է Մեսրոպյան վարժարանի տեսուչը, դասավանդել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և համաշխարհային պատմություն։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1871-1901 թվականներին Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը։ 1853 թվականից Մամուրյանը հրապարակախոսական հոդվածներով և թարգմանություններով հանդես է եկել «Մասիս», «Մեղու», «Ծաղիկ» և այլ պարբերականներում։ 1850-1860-ական թվականներին գրած իր բազմաթիվ հոդվածները ամփոփել է «Հայկական նամականի» (1872 թ.) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1881 թ.) հրապարակախոսական երկերում, որտեղ քննարկված են ազգային-ազատագրական պայքարի, Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներ։ Մամուրյանի քաղաքական դավանանքն արտահայտված է «Սև լեռին մարդը» («Արևելյան մամուլ», 1871-1881 թթ.) վեպում, որտեղ հետևելով Միքայել Նալբանդյանին, նա հայ ժողովրդի ազատագրությունը կապել է ռուսական հեղափոխության հաղթանակի հետ։ Պաշտպանելով Միքայել Նալբանդյանի գործն ու գաղափարախոսությունը՝ Մամուրյանը իր ստեղծագործություններում անդրադարձել և զարգացրել է կնոջ ազատության, լեզվի, գրականության, կրոնի, բարոյագիտության և այլն հարցերի վերաբերյալ նրա տեսակետները։ Մամուրյանը դրականապես է գնահատել Փարիզի կոմունան, II և III Ինտերնացիոնալների գործունեությունը, արևմտահայ իրականության մեջ պրոպագանդել Կառլ Մարքսի, Ֆ. Լասալի, Ա. Թյուրգոյի, Ադամ Սմիթի, Դ. Ռիկարդոյի հայացքները։ «Համառոտ ընդհանուր պատմություն դպրոցաց համար» (մաս 1-3, 1875-1878 թթ.), «Համառոտ պատմություն Հայոց մինչև մեր օրերն» (1887 թ.), «Մանր վեպեր ու դասեր քաղված մանր տղոց համար» (1876 թ.), «Բանալի հայերեն շարադրության» (1878 թ.), «Գիտելիք ու պարտիք տղայոց» (1879 թ.) և այլն դասագրքերի հեղինակ է։ Մամուրյանը հայերեն է թարգմանել Վոլտերի, Գյոթեի, Լեսինգի, Ալեքսանդր Դյումայի, Ժյուլ Վեռնի, է. Պրևոյի, Կ. Բոմարշեի, Վալտեր Սկոթի, Լև Տոլստոյի և ուրիշ գրողների երկեր, ինչպես նաև «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով)։ Մամուրյանը գրել է նաև դրամատիկական գործեր, մանկավարժական և այլն բնույթի հոդվածներ։ Մամուրյանը 19–րդ դարի 60-80-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից է, նրա պաշտպանած բուրժուա-դեմոկրատական գաղափարներն իր ժամանակի համար ունեցել են առաջադիմական նշանակություն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 198 CC-BY-SA-icon-80x15.png