Հազար ու մի գիշեր
Հազար ու մի գիշեր արաբ․՝ ألف ليلة وليلة | |
---|---|
Հեղինակ | անհայտ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Կազմված է | Sinbad the Sailor?, Ալադինն ու կախարդական լամպը, Ալի Բաբան և 40 ավազակները, The Ruined Man of Baghdad and His Slave-Girl?, The Lovers in the School? և Q124432842? |
Բնօրինակ լեզու | արաբերեն[1] |
Կերպար(ներ) | Շահրազադ, Shahryar?, Dunyazad?, Solomon in Islam?, Հարուն ալ Ռաշիդ, Sinbad the Sailor?, Badroulbadour?, Old Man of the Sea?, Aziz?, Uns al-Wujud?, Ahmed?, Alasnam? և Thief of Baghdad? |
Երկիր | Մերձավոր Արևելք |
Arabian Nights Վիքիպահեստում |
Հազար ու մի (մեկ) գիշեր (պարս.՝ هزار و يك شب, հեզար օ յեք շաբ, արաբ․՝ كتاب ألف ليلة وليلة, քիթաբ ալֆ լայլա ուա լայլա), միջնադարյան արաբական գրական հուշարձան։ Հեքիաթների ժողովածու, որի ծագումն ու հեքիաթների քանակը երկար տարիներ գիտական բանավեճերի առարկա են եղել։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական ժողովրդական գրականության, նույնիսկ ամբողջ արաբական միջնադարյան արձակի հուշարձաններից ամենահայտնին «Հազար ու մի գիշեր»-ն է, որում միավորված են ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրեր՝ հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, անեկդոտներ, վիպակներ և վեպեր։ Միջնադարյան արաբական աղբյուրներն ընդգրկում են որոշ տեղեկություններ այդ հուշարձանի պատմության մասին։ Արաբները դրանք թարգմանել են պարսկերենից 8-րդ դ., երբ պարսկական սովորույթները ակտիվորեն ներմուծվում էին արաբամուսուլմանական մշակույթի մեջ։ Նրանք փոխել են վանկերը, ձևերը, հեքիաթներ են հորինել, ընդ որում՝ դրանց նմանությամբ։
Պարսկերեն տարբերակն է «Հեզար աֆսանե»-ն, որում պատմվում է, թե ինչպես պարսիկ թագավորներից մեկը ամուսնանալով ինչ որ աղջկա հետ և անցկացնելով նրա հետ գիշերը, հրամայում է հաջորդ օրը սպանել նրան։ Այսպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև արքան ամուսնանում է Շահրազադի՝ թագավորական նախարարի աղջկա հետ, որը փայլում էր խելքով։ Նրա հետ անցկացնելով գիշերը՝ Շահրազադը ամբողջ գիշեր նրան պատմում էր հեքիաթներ և պատմություններ մինչև առավոտ, սակայն պատմությունները նա դիտմամբ կիսատ էր թողնում, ինչի համար էլ թագավորը հետաձգում էր սպանությունը։ Նա 1000 գիշեր շարունակ պատմում է այդ պատմությունները, մինչև վերջապես նրան սիրահարված թագավորը որոշում է չսպանել նրան։
19-րդ դարում ծավալվում են հետազոտություններ, որոնք տևում են կես դար։ Ի վերջո հետազոտողները գալիս են այն եզրակացության, որ ժողովածուում պետք է առանձնացնել 3 հիմնական շերտ՝ հնդիրանական, բաղդադյան և եգիպտական։
9-10-րդ դարերում Բաղդադում արաբական հավաքածու «Հազար ու մի գիշերը» ընդգրկում էր հնդիրանական և հենց բաղդադյան նյութերը, իսկ 12-13-րդ դդ. ձևակերպվում է կահիրյան խմբագրությունը՝ ընդգրկելով մի շարք նյութեր՝ սիրիական և եգիպտական ծագմամբ։ Հավաքածուի ձևավորման վերջին փուլը ձգվում է մինչև 14-րդ դ. և դրանցում հերոսական դրվագներ են հայտնվում կապված խաչակիրների և բյուզանդացիների հետ։ Այսինքն գալիս ենք այն տեսակետին, որ հավաքածուն մեկ կազմող չունի։ Նրա հեքիաթներն ու պատմվածքները ներմուծվել են արաբական աշխարհի տարբեր շրջաններում՝ տարբերվելով լեզուներով և ոչ միատեսակությամբ։ Հավաքածուում հերոսները իրական անձեր են՝ խալիֆաներ, դատավորներ, պոետներ, գիտնականներ և այլն։ Կան առանձին առակներ կենդանիների մասին, որոնք արտացոլում են վերացական հասկացություններ։ Հնդկաստանից եկել է ընդհանուր շրջանակային–արկղային կոմպոզիցիան, որը խաղում է կարևոր կառուցվածքային դեր։ Շրջանակային–արկղային կոմպոզիցիան ոչ միայն միավորում է ամբողջ «Հազար ու մի գիշեր»-ը, որը իրենից ներկայացնում է հսկա շրջանակային ձևով կազմված վեպ, այլև օգտագործվում է հեքիաթների և պատմվածքների ցիկլերի ժողովածուում։
Հնդիրանական շերտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հերթին այս շերտին է պատկանում Շահրազադի և թագավոր Շահրիյարի մասին պատմությունները, որոշ կախարդական հեքիաթներ կենդանիների մասին և խրատական բնույթի մի շարք վիպակներ։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ դրանք հնդկական են և արաբներին են հասել Պարսկաստանի միջոցով։ Որոշ հեքիաթներում հանդիպում են պարսկական անուններ, Սասանյան դինաստիայի թագավորներ, իրանական աշխարհագրական անուններ։ Հնդկաստանից է եկել ընդհանուր շրջանակային–արկղային կոմպոզիցիան, որի գլխավոր առանձնահատկությունը շրջանակային հեքիաթների առկայությունն է որը ամբողջ պատմությանը տալիս է ամբողջականություն։ Շրջանակի մեջ պետք է մտնեն մի շարք ինքնուրույն, բովանդակային շարադրանքներ։
Հնդիրանական ծագմամբ հեքիաթների ժանրային հիմնական հատկանիշը այն է, որ նրանցում մասնակցում են հրաշագործ, կախարդական ուժեր, որոնք գիտակցաբար որոշում են հերոսների բախտը և իրականացնում են հիմնական սյուժետային գործա- ռույթը։ Նրանցում պատմվում է այն մասին, թե ինչպես Շահրիյար և Շահզեման եղբայր-թագավորները, որոշ ժամանակով տնից բացակայելու պատճառով իրենց կանանց դավաճանության զոհը դարձան։ Կնոջ դավաճանության մոտիվը կազմում է հին հնդկական շատ շարադրանքների բովանդակությունը, օրինակ՝ «70 պատմություններ թութակի մասին»: Խրատական բնույթի 2 վիպակի՝ «Ջիլլիադեի և Շիմասի մասին հեքիաթ»-ի և «Հեքիաթ արքայորդու և 7 վեզիրների մասին»-ի սկզբնական հայրենիքը Հնդկաստանն է, բայց, Իրանի միջոցով թափանցելով արաբների մոտ, դրանք ենթարկվել են վերամշակման և համալրվել իսլամական դիդակտիկայով։ Ի տարբերություն հնդկական հեքիաթների, որոնցում պատմական հիմքը գրեթե չի զգացվում, իրանական հեքիաթներում նախաիսլամական Իրանի իրականությունը ներկայացվում է ակնհայտորեն։ Դրանց հիմնական սյուժեն սիրային բախումներն են։ Իրանականում կախարդական, մոգական տարրը չնայած առկա է, բայց երկրորդական դեր է կատարում։
Բաղդադյան շերտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքյան պատմվածքներում գործողությունը տեղի է ունենում Միջագետքի քաղաքներից մեկում, ավելի հաճախ Բաղդադում։ Նրանցում հանդես են գալիս առևտրականներ, արհեստավորներ, խալիֆան ու նրա մերձավորները, բարի ու չար վեզիրներ, արդար ու նենգ դատավորներ, ոստիկաններ, ավազակներ, հարճ-երգչուհիներ։ Պատմական աղբյուրները հարուստ նյութ են պարունակում արքունական բարքերի, քաղաքաբնակների կենցաղի մասին։ Բաղդադյան շերտում հիմնականում հետաքրքիր իրադարձություններն են, որոնք իրական կյանքում են տեղի ունենում։ «Շարժիչ ուժի» դերը բարի ու չար ուժերի փոխարեն կատարում է գործող անձերից մեկը՝ խալիֆա Հարուն ալ-Ռաշիդը, ով հանդես է գալիս պահապանի կամ փրկիչ-հերոսի դերում։ Այսպես կոչված հարունյան ցիկլի մեջ մտնում է մոտ 50 հեքիաթ ու պատմվածք, որոնցում հանդես է գալիս ինքը՝ Հարունը, երբեմն նրա որդիները ու հայտնի արքունականները։
Բաղդադյան ցիկլի առավել վաղ խմբագրությանն են վերաբերում հնագույն Արաբիայի բազմաթիվ լեգենդներ, ավանդույթներ։ Այստեղ մտնում են նաև բազմաթիվ սիրային և արկածային պատմություններ։ Վաղ շերտը կապված է բեդվին պոետների մասին լեգենդների հետ, հատկապես ուզրա ցեղից։ Առավել հայտնի հերոսներից է Մաջնունը։ Բաղդադյան պատմվածքներում շատ կարևոր դեր են խաղում բանաստեղծությունները, երգն ու երաժշտությունը, պատահական չէ, որ հաճախ նրանց հերոսուհիները ստրկուհի-երգչուհիներ են։ Բաղդադյան ամենահայտնի հեքիաթներից է «Ալի Բաբան և քառասուն ավազակները» պատմվածքը։
Եգիպտական շերտ
[խմբագրել | խմբագրել կոդը]12-րդ դարից սկսած հավաքածուում ներառվում են եգիպտական ծագման հեքիաթներ և պատմություններ։ 14-16-րդ դդ. ընթացքում ընդունում է այն տեսքը, որով հասել մեր օրերը։ Այս շրջանի նովելները ներկայացնում են 14-16-րդ դարերի եգիպտական քաղաքի կյանքի ընդարձակ պատկերը, քաղաքացիների բնավորությունները և պատկերացումները։ Եգիպտական պատմվածքները ստեղծվել են առևտրա-արհեստավորական միջավայրում, որոնցում իրականությունը գնահատվում է առևտրականի և արհեստավորի դիրքերից։ Այս նովելների հերոսը սովորական առևտրական է կամ աղքատ արհեստավոր, ոչ շատ կրթված, սակայն օժտված առողջ դատողությամբ և հնարամտությամբ, որոնց շնորհիվ կարողանում է հասնել բարձր դիրքի և հարստության։
Եգիպտական նովելներում ներկայացված է ծաղրական վերաբերմունքը տգետ կառավարիչների նկատմամբ, որոնք թշնամաբար են տրամադրված իրենց վեզիրների նկատմամբ և կարեկից են աշխատավոր-քաղաքացիների նկատմամբ։ Այս հեքիաթներում այլ կերպ են ներկայացված կախարդական ուժերը։ Դրանք արդեն ինքնուրույն հոգիներ չեն, այլ կախարդական գործող չինովնիկներ են, որոնք ոչ չար են, ոչ բարի։ Այս կախարդական ուժերը մեծ տեղ են գրավում «Ալա ադ-Դինի և կախարդական լամպի մասին» հեքիաթում։ Սյուժեի հիմքը կախարդական թալիսմանն է, որին կուրորեն ենթարկվում է ամենակարող ջինը։ Գլխավոր հերոսը Ալա ադ-Դինը տարբեր իրավիճակներում տարբեր ձևերով է հանդես գալիս։ Սկզբում նա մի ծույլ երիտասարդ է, այնուհետև վերածվում է խենթ սիրահարի։ Երբ թագավորության վրա հարձակվում են թշնամիները, նա ոչնչացնում է նրանց, շատերին գերի վերցնում։ «Մարուֆ կոշկակարի մասին» պատմվածքում գլխավոր հերոսը կոշկակարն է։ Նրա հաջողությունը կյանքում պայմանավորված է նրա բարությամբ։ Կախարդական իրը՝ մատանին, ընկնում է նրա ձեռքից այն ժամանակ, երբ նա օրհնում է գյուղացուն։
Ժողովածուի հիմքն է կազմում «Հազար ու մի գիշերի» միջին պարսկերենից (փեհլևի) կատարած արաբական թարգմանությունը (9-րդ դար)։ Վերջին ժողովածուն, իր հերթին, թերևս ծագում է հնդկական բնագրից։ Արաբերեն հայտնի բոլոր ժողովածուները 17-19-րդ դարերի են, միայն քչերն են գալիս 15-րդ դարից, երբ ժողովածուն երևի ձևավորվել է վերջնականորեն։ Հեքիաթների տարակերպությունը բացատրվում է ոչ միայն նրանց ստեղծման տարաժամանակությամբ, այլև նրանով, որ առանձին հեքիաթներ կամ շարքեր առաջացել են սոցիալական տարբեր միջավայրերում։
Առաջին ոչ լրիվ թարգմանությունը ֆրանսերենով կատարել է Անտուան Գալլանը, հրատարակել է 1704-1717 թթ.։ Այս տեքստը հետագայում օգտագործվել է տարբեր լեզուներով թարգմանելու համար։ «Հազար ու մի գիշեր» ժողովածուի հեքիաթները համաշխարհային հռչակ են ձեռք բերել, ազդել են Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների բանահյուսությունների, գրականությունների վրա և լայնորեն պատկերվել են արվեստում։
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герхардт М. Исскуство повествования. М., 1984г.
- Гибб Х.А.Р. Арабская литература, М.1960
- Where is A Thousand Tales? [Hezar Afsan Kojast?] by Bahram Beyzai, Roshangaran va Motale'ate Zanan, 2012.
- In Arabian Nights: A search of Morocco through its stories and storytellers by Tahir Shah, Doubleday, 2008.
- The Islamic Context of The Thousand and One Nights by Muhsin J. al-Musawi, Columbia University Press, 2009.
- Nurse, Paul McMichael. Eastern Dreams: How the Arabian Nights Came to the World Viking Canada։ 2010. General popular history of the 1001 Nights from its earliest days to the present.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուլթանը
-
1001 գիշեր գիրքը
-
Սինդբադի 5-րդ ճանապարհորդությունը
-
Շահրազադն ու Շահրիյարը [նկարիչ՝ Ֆերդինանդ Քելլեր], 1880 թ.
-
Գրքի նկարազարդումներից [նկարիչ՝ Սանի Օլ Մոլք], Պարսկաստան, 1853 թ.
-
Գրքի նկարազարդումներից [նկարիչ՝ Սանի Օլ Մոլք], Պարսկաստան, 1849-1856 թթ.
-
Страница из Калила и Димна, датированная 1429, из Герата, персидская версия Панчатантры; изображает шакала-визиря, Димну, пытающегося привести его льва-короля в войну.
-
Հեքիաթների գրքի երկրորդ հատորի կազմը [նկարիչ՝ Նիկոլայ Ուշին], 1929—1930 թթ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Thousand Nights and a Night in several classic translations, including the Sir Richard Francis Burton unexpurgated translation and John Payne translation, with additional material.
- The Arabian Nights Entertainments, Selected and Edited by Andrew Lang, Longmans, Green and Co., 1918 (1898).
- Read all the 1001 Nights fairytales
- The Arabian Nights, BBC Radio 4 discussion with Robert Irwin, Marina Warner and Gerard van Gelder (In Our Time, October 18, 2007)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազար ու մի գիշեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 44)։ |
|