Առակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առակ, բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։

Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։

Նկարագրություն[խմբագրել]

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։ Հայ գրականության մեջ առակագրությունն սկզբնավորվել է թարգմանությունների միջոցով. դրանք ամփոփվել են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակները» ժողովածուներում, որոնք հունարենից թարգմանվել են V–VI դարերում, այլ տվյալով՝ VII դարում։ XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ, 1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։ Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»։ Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»։ Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ։ Նշանավոր առակագիրներ են ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը և ռուս Իվան Կռիլովը։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը,Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։

Առակը Հայ Գրականության մեջ[խմբագրել]


Առակը ժողովրդական բանահյուսության հնագույն տեսակներից է և առկա է գրեթե բոլոր ժողովուրդների բանավոր ստեղծագործության մեջ։ Այն այլաբանական բովանդակություն ունեցող փոքրածավալ պատմողական ստեղծագործություն է, որում հաճախ մարդկանց փոխարեն հանդես են գալիս կենդանական, բուսական աշխարհի ներկայացուցիչներ, տիեզերական մարմիններ, որոնք անձնավորված են։Նրանց փոխհարաբերություններն այլաբանորեն ներկայացնում են մարդկային կյանքի զանազան խրատական, հաճախ երգիծական բովանդակություն։Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գր. Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։ Ինչ վերաբերում է ժողովրդական առակներին, որոնցից մի քանիսը պատահաբար մեջ են բերում հին հեղինակները, նույն բախտն են ունեցել, ինչ-որ մեր հին ժողովրդական բանահյուսությունն ընդհանրապես։ Դրա պատճառն այն է , որ առակները եկեղեցականների կողմից ոչ միայն արհամարհված են եղել իբրև գեղջկական, ուստի անարժեք բաներ, այլև իրենց աշխարհիկ բնավորության պատճառով հալածված։ Զանազան տեսակի գուշակություն անողների հետ, ինչպես են «հաւահմայք», «հացահմայք», «հատահարցք», մերժված և հաղորդության անարժան են համարել նաև «զբախաւսք, գրատեսք, շրջողք տանէ ի տուն, հետաքրքիրք, զրուցատարք, առասպելախաւսք»։ Վերջինը վերաբերում է առակախոսներին. հայերեն «առասպել» բառը, բացի իր իսկական նշանակությունից, գործածվում է նաև իբրև առակ։
Մեծ դժվարությամբ , ուրեմն, առակի տեսակը մուտք է գործում գրավոր գրականության մեջ։ Եվ վերջապես 12-13-րդ դարերում արդեն հանդես են գալիս հայ նշանավոր առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Մխիթար Գոշն առակների մեջ տեսնում է բնականաբար 2 մաս՝ բուն պատմվածքը և խրատական եզրակացությունը։ Պատմվածքը, որ նա շեշտում է առակ, գաղափար, օրինակ, եղանակ և այլ բառերով, ըստ Մխիթարի լինում է 3 տեսակ՝ բարոյական, առասպելական և ստեղծական։ Բարոյական առակները առնված են կենդանիների բարքից, բնավորությունից կամ բույսերի հատկություններից և շատ քիչ ունեն կամ բնավ չունեն գործողություն։ Առասպելական առակների մեջ պատմվածքը վերաբերում է կենդանիներին, երբեմն և բույսերին՝իբրև գործող անձերի, իսկ ստեղծական առակներն առնված են մարդկանց կյանքից, գործող անձերը մարդիկ են։
Խրատական եզրակացությունը , որ հեղինակը կոչում է խրատ, նշանակ, ճշմարտություն և այլ բառերով, 2 տեսակ է։ «Ճշմարտությունը առակների հեղինակի համար երկու բովանդակություն կարող է ունենալ, երկու էություն` աշխարհական և եկեղեցական, ըստ որում նրա նպատակն է «կերպարանել»` պատկերացում տալ, բացահայտել, ցուցադրել, արտացոլել այդ երկու ճշմարտություններն այլաբանորեն: Դատաստանագրքում հեղինակը ձգտել է նույն նպատակին հասնել` ճշմարտությունը (դարձյալ ` եկեղեցական և աշխարհական)պարզել օրենսդրական միջոցներով` կազմելով դրա համար 2 տիպի օրենքներ»։ Եվ քանի որ առակագրի համար էականը «ճշմարտությունն» է, ուստի առակի առասպելն այնպես է հորինվում, որ հարմարվի բարոյակրթական մասին կամ գործողությունն այնպես կարճ է պատմվում, որ երբեմն նույնիսկ խրատական մասն ավելիմեծ տեղ է բռնում, քան պատմվածքը։ Այսինքն՝ նպատակը ուսուցողական է։
Նույնքան ուշագրավ են Վ. Այգեկցու առակները։ Հայտնի է, որ նրա առակների գիտական հետազոտումը կատարել է հայագետ Նիկողայոս Մառն իր «Ժողովածոյք առակաց Վարդանաց» ուսումնասիրության մեջ։ Նա գիտականորեն ապացուցում է, որ արաբերեն «Աղվեսագիրքը» թարգմանված է հայերեն համանուն ժողովածուից


Կարևորը և գլխավորն այն է , որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր նաև աշխարհականների համար և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։
Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png