Խիկար Իմաստուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խիկար Իմաստուն (Ախիկար, Աքաիկարոս, Խիկար), ապրել է մ.թ.ա. 5-րդ դարում, Ասորեստանի Սենեքերիմ թագավորի ժամանակ, եղել նրա ատենադպիրը։

Խիկարի անվամբ մեզ է հասել «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» զրույցը, որը դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել։ Այն պատմում է Խիկարի և իր քեռորդու՝ Նաթանի մասին։ Խիկարը որդեգրել, սնուցել է Նաթանին, մինչդեռ սա չարությամբ է հատուցել Խիկարին։ Բնագիրը զուգորդվում է հետաքրքրական արկածներով ու խրատներով։ Զրույցի հնագույն մի օրինակ (մ.թ.ա. 5-րդ դար), պապիրուսի վրա, արամեերեն, հայտնաբերվել է Էլեֆանտին կղզու հրեական համայնքում։ Զրույցը հիշվում է Աստվածաշնչում, վերապատմվում Եզոպոսի կենսագրության երկրորդ մասում։

Խիկարի հետ է առնչվում արաբ Լուկմանը։ Բնագիրն ամբողջական կամ հատվածաբար պահպանվել է ասորական, հայկական, արաբական, եթովպական, սլավոնական, վրացական, թուրքական խմբագրումներով։ Հայկական բնագիրը թարգմանվել է ասորերենից, 5-րդ դարում։ Հայերեն խմբագրված տեքստի հատվածներ մեզ հասել են 11-12-րդ դարերից, իսկ ձեռագիր ամբողջական օրինակ՝ 14-րդ դարից։ Այն, միաժամանակ, հնագույնն է պահպանված բոլոր խմբագրումներից։ Հայերենից են ծագում սլավոնական, վրացական, թուրքական խմբագրումները։ Խիկարը տեղայնանալով՝ մեծ ժողովրդականություն է վայելել միջնադարյան Հայաստանում իբրև ազգային իմաստուն։ Նրա անվան շուրջ հյուսվել են առակներ ու զրույցներ։ Խիկարի զրույցն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1708 թվականին, «Պատմութիւն Պղնձէ քաղաքին» ժողովածուի մեջ և, այնուհետև, մինչև 1911 թվականը վերատպվել 14 անգամ։ 1968 թվականին հրատարակվել է Խիկարի գիտա-համեմատական բնագիրը՝ ընդգրկելով ավելի քան 100 ձեռագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png