Կառլ Մարքս
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարքս (այլ կիրառումներ)
Կարլ Մարքս (անգլ.՝ Karl Marx, մայիսի 5, 1818[1][2][3][4][5], Թրիեր, Պրուսիայի թագավորություն[6][7][2] - մարտի 14, 1883[8][1][3][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։
Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ 1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։
Բովանդակություն
Աշխատանքային ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]
1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ 1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ Էնգելսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։ 1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ 1845 թվականի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ 1848-1849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։
Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։ 1848-1849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ 1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ 1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864-1876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թվականին լուծարվել է։
Մարքսի աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։
1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (1845-1846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-1850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։
Մարքսի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին։ 1904 թվականին Ժնևում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։ Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թվականին)։ 1933-1991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց Երևանի կենտրոնում (այժմ՝ Մովսես Խորենացու անվան)։[10] Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։ Նույն փողոցի վրա գործում է նաև «Մարքսի շաուրմա» անունով շաուրմայանոց։[11]
Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Էնգելսի և ընտանիքի հետ (1864 թվական)
-
Իր կնոջ՝ Ջենիի հետ (1869 թվական)
-
Իր կնոջ՝ Ջենիի հետ (1866 թվական)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրոշմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Gemkow H. Carlos Marx. Biografía completa
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Маркс Карл // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.marxists.org/archive/marx/bio/marx/eng-1869.htm
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 The Sydney Morning Herald — Sydney: Fairfax Media, 1954. — ISSN 0312-6315
- ↑ http://data.bnf.fr/ark:/12148/cb11914934t
- ↑ Երևան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի նոր ու նախկին անուններ (սկսած 1990 թվականից)
- ↑ Հայկական ժամանակ. Մարքսի շաուրմա և Մարքսի փողոց՝ Արտաշատում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլ Մարքսը գրապահարանում
- Մարքսի քննադատական քաղաքական տեսությունը
- Հազարամյակի մեծագույն մտածողը
- Սթենթֆորդի փիլիսոփայական հանրագիտարան
- Կառլ Մարքսը հայկական հանրագիտարանում
|
- Մայիսի 5 ծնունդներ
- 1818 ծնունդներ
- Մարտի 14 մահեր
- 1883 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք թղթադրամների վրա
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Փիլիսոփաներ
- Մարքսիստներ
- Կոմունիստներ
- Պոլիգլոտներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանացի տնտեսագետներ
- Գերմանացի աթեիստներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի քաղաքական գործիչներ
- Գերմանիայի հրեաներ