Արևելյան մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արևելյան մամուլ», գրական-քաղաքական պարբերական։ Հրատարակվել է Զմյուռնիայում, 1871-1909 թթ. և 1919-1922 թթ.։ 1871-1893 թթ.-ին՝ ամսագիր. 1894-1902 թթ.-ին՝ կիսամսյա հանդես, 1903-1909 թթ-ին՝ շաբաթաթերթ, 1919-1922 թթ.-ին օրաթերթ։

Խմբագիրներ՝ Մատթեոս Մամուրյան (1871-1901), Հրանտ Մամուրյան (1901-09, 1919-22)։

Թերթը ունեցել է ժողովրդավարական ուղղություն, պաշտպանել է Օսմանյան կայսրության կազմում արևմտահայերի ինքնավարության գաղափարը։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և հետո «Արևելյան մամուլ»-ը կողմնորոշվել է դեպի Անգլիան՝ նրանից ակնկալելով բարենորոգումների անցկացում արևմտյան Հայաստանում։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո քննադատել Է Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանին՝ նրա գործունեության մեջ չտեսնելով ազգային քաղաքականության սկզբունքները։

1870-1880-ական թթ. վաղաժամ է համարել ազատագրական պայքարը՝ գտնելով, որ դրան պետք է նախորդի տնտեսական, ազգային, մշակութային զարգացման մի տևական ժամանակաշրջան։ 1880-ից հրաժարվել է արտաքին քաղաքական որևէ կողմնորոշումից և հիմնականում ապավինել հայության ազգային միասնության շնորհիվ ինքնորոշման հասնելու գաղափարին։ «Արևելյան մամուլ»-ի հրապարակախոսության մեջ իրական կողմերով ներկայացված է Հայաստանի բնակչության կեղեքումը թուրք և քուրդ հարստահարիչների կողմից։ 1908 թ.-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել երիտթուրքերի ջարդարար քաղաքականության դեմ և հայ ժողովրդի փրկությունը տեսել զինված ինքնապաշտպանության մեջ։ 1919-1922-ին լայնորեն անդրադարձել է հույն-թուրքական պատերազմին, Կիլիկյան Հայաստանի իրադարձություններին, հայկական հարցի վիճակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png