Հրաչյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա (այլ կիրառումներ)
Հրաչյա
Հրաչյա Հայկազունի

Հրաչյա (ծննդյան և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 630-590 թվականներին։ Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարույր Սկայորդու որդին և հաջորդը։ Հույն պատմագիրներ Հերոդոտոսը և Ստրաբոնը նրան անվանում են Պրոտոթիեսի որդի Մադիես (Մադիոս), որը մ.թ.ա. 624 թվականին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի թագավոր Կվաքսարեսին պարտության մատնելուց հետո արշավել է Ասորիք և Փոքր Ասիա, ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և Մերձավոր Արևելքում հաստատել իր 28-ամյա գերիշխանությունը։ Ասքանազյան թագավորության հետ ռազմաքաղաքական սերտ դաշինքը շարունակել են Արարատյան և Մանայի թագավորությունները, այդ պատճառով հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 629-586 թթ.) Հայաստանը ներկայացնում է վերոհիշյալ երեք թագավորությունների անքակտելի միության տեսքով։ Իսկ որոշ ուսումնասիրողներ (Ս. Պալասանյան և ուրիշներ) Հրաչյային անունը նույնացնում են Ռուսա սեպագիր անվանը։ Մովսես Խորենացին Հրաչյային համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցը (մ.թ.ա. 604-562 թթ.)՝ ավելացնելով, որ Երուսաղեմի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ (մ.թ.ա. 597 թ.) նա Հայաստանում տեղ է հատկացրել հրեա որոշ գաղթականների, մասնավորապես՝ Բագրատունիների նախնի Շամբատի տոհմին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png