Jump to content

Սենեքերիմ Սևադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենեքերիմ Սևադյան
Սյունիքի արքա
Իշխանություն1072 - 1096
Ծնվել է՝11-րդ դար
Մահացել է՝1094
ՀաջորդողԳրիգոր Բ Սենեքերիմյան
ՏոհմՀասան-Ջալալյաններ
միապետ
ՀայրՍահակ-Սևադա Բ
ՄայրՍոփիա
ԵրեխաներԳրիգոր Բ Սենեքերիմյան

Սենեքերիմ կամ Սենեքերիմ Սևադյան (11-րդ դար - 1094), Սյունիքի թագավորության թագավոր։ Պատմիչի վկայությամբ եղել է «յոյժ գեղեցիկ տեսլեամբ եւ առոյգ հասակաւ` հանճարեղ և իմաստուն» երիտասարդ։ Նա բարեկամական հարաբերություններ է հաստատում սելջուկյան սուլթան Մելիք-Շահի (1072–1092 թթ.) հետ՝ ձգտելով վերադարձնել սելջուկ-թուրքերի բռնագրաված Սյունյաց գավառները։ «Յոլով գաւառս շորթեալ հանին ի Սիսական աշխարհէս` ի ձեռաց բնիկ տերանցն», –գրում է Ստեփանոս Օրբելյանը։ Եվ պատահական չէ, որ օգտվելով Մելիք-Շահի բարյացակամ վերաբերմունքից, այս դիվանագետ թագավորը երբեմն նաև սրի միջոցով «ընդարձակեաց զամենայն սահմանս տէրութեան իւրոյ եւ բազում ամօք վարեաց զթագաւորութիւնն եւ խաղաղական կենօք մինչեւ ի մահ Մելիք սուլթանին, որ մեռաւ ի 541 (1092) թուականին»։ Իր հրամանագրերից մեկում Սենեքերիմը փառաբանում է Աստծուն իր հաջողությունների համար. «Աստուած անյիշաչար եղեւ առ յիս եւ ողորմեցաւ ինձ եւ կրկին հաստատեաց ի յիս զհայրենի տէրութեան իմոյ, որ խախտեալ էր ի ձեռն Իսմայէլականացն»։ Սենեքերիմը հաղթական պատերազմներ է մղել Սյունիքի Կովսական գավառ ներխուժած Փատլուն ամիրայի դեմ։ Սենեքերիմն ունեցել է 3 որդի (Գրիգոր, Սմբատ, Սևադա, Կյուրիկե) և մեկ դուստր։

Բաղաբերդ

Սենեքերիմի մայրը՝ իշխանուհի Սոփիան, արձանագիր հիշատակարաններում կոչված է «Աղվանից թագուհի»։ Նույն՝ 1081 թ., Շահանդուխտ թագուհին, «սրբասնունդ օրիորդ» Կատան՝ նրա քույրը, և Սենեքերիմ եղբայրը մոր հիշատակը հավերժացնելու նպատակով գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել մեծ տաճարի արևելյան սարալանջին։ Վահանավանքի կրկնահարկ դամբարան-եկեղեցու գավթում է թաղված Աղվանից կաթողիկոս Տեր-Ստեփանոսը, որը Կապան էր եկել «նեղեալ ի Տաճկաց», այսինքն՝ սելջուկ-թուրքերից, հավանաբար, 1070-ական թթ.։

Ի տարբերություն հարևան Վասպուրականի իշխողների, որոնք քրիստոնյա Բյուզանդիայի աջակցությամբ, փաստորեն, կործանեցին իրենց երկիրը՝ փոխանակելով այն Կեսարիայի հետ, Սյունիքի տերերը իրենց հեռատես և դիվանագիտական հմուտ քայլերի շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատեցին սելջուկ սուլթանների հետ ու պահպանեցին Սյունյաց աշխարհն ավերիչ ասպատակություններից։ Այս նուրբ, ճկուն ու հեռատես քաղաքականությունը հետագայում որդեգրեցին հատկապես Օրբելյան և Պռոշյան իշխանները, երբ մոնղոլների աշխարհավեր արշավանքներից տարիներ հետո հարաբերական անդորրն ու կայունությունն օգտագործելով՝ Սյունյաց լեռնաշխարհի ապահով մի անկյունում հիմնադրեցին հանրահռչակ Գլաձորի ուսումնագիտական կենտրոնը։

Թագավորը բնական մահով չմահացավ. սպանվեց սելջուկների կողմից։ Նրան հաջորդեց որդին՝ Գրիգորը, Սյունիքի ամենաերկարակյաց թագավորը, ով իշխեց Սյունիքում 70 տարի՝ 1096-1166 թթ.։

Նախորդող
Գրիգոր Ա Սյունի 1051 - 1072
Սյունիքի արքա
Սենեքերիմ Սևադյան

1072–1096
Հաջորդող
Գրիգոր Բ Սենեքերիմյան 1096-1166

Օգտագործված գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]