Jump to content

Իշխանաց իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իշխանաց-իշխան (իշխողների իշխող), բարձրաստիճան տիտղոս-կոչում միջնադարյան Հայաստանում, շնորհվել է կողմնակալ-հրամանատարներին, տարածքների կուսակալներին։

Առաջացման ակունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանը տիրող ավագանու ներկայացուցիչն է, նաև՝ առանձին ռազմա-քաղաքական միավորման գլուխը մինչդասակարգայինից դասակարգային հասարակության անցման շրջանում։ Կենտրոնացված պետության առաջացմամբ իշխանները ընդգրկվել են նրա մեջ՝ կազմելով արտոնյալ, ժառանգական ավագանին՝ ազնվականությունը։ Հայաստանյան դասակարգային հասարակությունում մեծ, տեր, զորավոր, իշխող իմաստներով և տարբեր անվանումներով իշխաններ են կոչվել մանր ու խոշոր գավառատերերը՝ կրտսեր իշխան, իշխան, ավագ իշխան, տեր, տանուտեր, նախարար, ավագ նախարար, նահանգների տերերը՝ մեծ իշխան, կուսակալները՝ գահակալ իշխան, բդեշխ, երկրի տիրակալը՝ արքա, թագավոր, Հայոց իշխան։ Սրանց զուգահեռ առկա էր նաև գահերեց իշխան տիտղոս-կոչումը։ Հայ իրականությունում իշխան կոչումը համապատասխանել է տոհմացեղային դարաշրջանի հույների բազիլեոսին, լատինների դուքսին, գերմանների հերցոգին, արաբների մալիքին, միջնադարում՝ արևմտաեվրոպական գրաֆին, կոմսին, մարկիզին և ռուսական կնյազին։ Հայկական միջավայրում 19-րդ դարի ընթացքում և 20-րդ դարի սկզբին իշխանը լոկ տիտղոս է եղել և վերացվել է 1917 թ-ի խորհրդային դեկրետի հետագա կիրառմամբ։

Իշխանաց-իշխան տիտղոս-կոչումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի սկզբներին Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները ազատագրված Հայաստանում վարչական բաժանումներ կատարեցին և վաղ միջնադարյան բդեշխությունների օրինակով ստեղծեցին կողմնակալություններ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ և դրանց գլուխ նշանակեցին կամ իշխանական հին տոհմերի ներկայացուցիչների, կամ իրենց զորավարների։ Կողմնակալների այս նոր հաստատության ղեկավարներին շնորհեցին իշխանաց-իշխան տիտղոս-կոչում, որով վերջիններս իրենց ենթակա կողմնակալությունում առանձնաշնորհ տարբերակվեցին իրենց տոհմակից և այլ տոհմերի իշխաններից։ Նորանշանակ կողմնակալ-հրամանատարները սկզբում ունեին զինվորական-վարչական պաշտոն, սակայն շատ արագ ստացած պաշտոնն ու կոչումը վերածեցին ժառանգական մենաշնորհի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 376