Jump to content

Դարբնությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դարբնությունից)
Դարբնությունը Հայաստանում
Հայաստանի ավանդական արհեստ Խմբագրել Wikidata
արհեստ, ավանդական արհեստագործություն Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata
Ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակՈչ նյութական մշակութային ժառանգության ընդհանուր գույքագրում Հայաստանում Խմբագրել Wikidata

Դարբնություն, հնագույն ժամանակներից հայտնի արհեստ, որը հայտնի է եղել աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են դարբնությանյան աստված (Հեփեստոսը)։ Դարբիններն ավելի վաղ շրջանում պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսային ու կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից, դարբնությունը համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։

Մարդկությանը հայտնի առաջին մետաղները եղել են ոսկին, արծաթը, պղինձը և դրանց համաձուլվածքները։ Դա պայմանավորված է եղել այս մետաղների բնական առկայությամբ, և սառը վիճակում դրանց մշակման հեշտությամբ։ Պղնձյա ամենահին գտածոները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով։ Դրանք պղնձից պատրաստված զարդեր էին (ուլունքներ, հարթեցված թիթեղներից ծալված խողովակներ)։ Պղնձի այն հանքավայրերը, որոնք երկրի վերին շերտերում են շատ չեն։ Հնագույն ժամանակներից հայտի պղնձի հանքավայրեր են եղել Փոքր Ասիայում, որի ժողովուրդներն էլ առաջինն են տիրապետել պղնձի արդյունահանման և ձուլման արվեստին։ Պղնձի հանքաքարերով հարուստ շրջաններից են եղել Կովկասի, հատկապես Հարավային Կովկասի լեռները, որտեղ հայտնի են ավելի քան չորս հարյուր հնագույն պղնձի հանքավայրեր։

Դարբնությունը Հայաստանում մեծ տարածում ստացած արհեստ է եղել՝ թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։ Միջին դարերից սկսած մինչև 19-րդ դարի վերջերը քաղաքային դարբինները համախմբվել են եղբայրությունների (համքարությունների) մեջ և զբաղեցրել են առանձին թաղամասեր կամ փողոցներ։ Դարբնությունը հարգված արհեստ է եղել նաև Հին Հայաստանում։ Դարբնությունը համարվել է կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար դարբնությունն ուժի, զորության խորհրդանիշ է եղել։ Ըստ առասպելի, Արտաշես արքայի որդի Արտավազդը, որ շղթայված է եղել Մասիսի վիհում, չար ոգի է եղել, որը կարող էր դուրս գալ և կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները խփել են սալին և ամրացրել Արտավազդի շղթաները։

Ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին վերագրել են գերբնական զորություն, որն առնչվել է վաղնջագույն ժամանակներից եկող մետաղի պաշտամունքի հետ։ Տակավին ուրարտական և վաղ հայկական ժամանակներից Հայաստանի տարածքում պողպատ է ձուլվել։ Արմավիրում, Արտաշատում, Տիգրանակերտում, Դվինում, Վաղարշապատում, Կարսում, Անիում եղել են արհեստավորաց տներ, որտեղ դարբնությունն առաջնակարգ արհեստ է եղել։ Վիմագիր մի արձանագրության մեջ հիշաշտակված է Անի քաղաքի «Դարբնի փողոցը»։

Դարբնությունը որպես մշակութային ժառանգություն արժևորելիս կարևորվում է այն հանգամանքը, որ զնդանը ծիսական վայր է համարվել։ Զնդանը դարբնության ոչ միայն գլխավոր սարքավորումներից է, այլև՝ հիմնական խորհրդանշանը։ Հնուց զնդանի հետ կապված ավանդույթներ կան, որոնք այն կապում են ընդհուպ տիեզերական ծառի խորհրդանշանին, որի մոտ, ըստ առասպելական մտածողության, տեղի է ունենում արարչագործական առաջին գործողությունը։ Պատահական չէ, որ ըստ հին վարպետների վկայության, որպես զնդանի կոճղ գործածել են այն ծառատեսակները, որոնց կայծակը հաճախ է խփել։ Ըստ ավանդույթի, կայծակ խփած ծառը համարվել է մաքրագործված, քանի որ կայծակի միջոցով ոչնչացվել է նրա մոտ ապրող աշխարհակործան վիշապը։

Որպես քաղաքային արհեստ դարբնությունն իր լիարժեք արտահայտությունն է ձեռք բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում։ Եթե գյուղերում միայն կենցաղային իրեր են պատրաստվել, ապա քաղաքում շատ ավելի լայն առաջարկ է եղել. պատրաստվել են տան արտաքին ձևավորման տարրեր՝ դռների, պատուհանների ճաղավանդակներ, բազրիքներ և այլն[1]։

Աշակերտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարբնության մեջ կարևոր և երկարատև գործընթաց էր աշակերտությունը։ Հայաստանում վարպետներն աշակերտության էին վերցնում սեփական տղաներին կամ ազգակիցներից որևէ մեկին, որպեսզի արհեստը մնար ընտանիքի ներսում։ Արհեստի ժառանգորդության դրդապատճառներից մեկն էլ վարպետների հանդեպ համայնքում առկա հարգանքն ու պատիվն էր, ինչը ոչ պակաս կարևոր էր համարվում, որ կապված մնար տվյալ ընտանիքի անվան հետ։ Սակայն, քիչ չէին լինում դեպքերը, երբ աշակերտության էին վերցնում ընտանիքից դուրս որևէ մեկին։

Համքարության կարգով, աշակերտության վերցված ցանկացածի հանդեպ վարպետը երդման արարողակարգ էր անցնում, որտեղ երդվում էր աշակերտին մոտենալ սեփական որդու պես և սովորեցնել նրան արհեստի բոլոր հմտությունները։ Որոշ դեպքերում, աշակերտը տարիներ շարունակ մնում էր վարպետի օգնականի դերում։ Սկզբնական շրջանում աշակերտի հիմնական գործը լինում էր փուքս փչելը, որն անհրաժեշտ էր կրակարանի կրակը վառելու ու թեժ պահելու համար, արհեստանոցում առօրյա ու կենցաղային բնույթի աշխատանքները։ Երկար ժամանակ նրան թույլ չէր տրվում մոտենալ զնդանին կամ մուրճով աշխատանք անել։

Այդ ժամանակաշրջանում վարպետները ստուգում էին աշակերտի անձնական հատկանիշները, որպեսզի հասկանային, թե արդյոք նա ունի դարբին դառնալու անհրաժեշտ տվյալներ։ Կարևորվում էին հատկապես աշակերտի ուշիմության, դիտողականության, հանձնարարությունները կատարելու ընդունակություններն ու այլ որակներ։ Լինում էին դեպքեր, որ աշակերտն իր ողջ կյանքի ընթացքում այդպես էլ վարպետի կորչման չէր արժանանում և մնում էր դարբնոցում՝ որպես բանվոր։ Աշակերտության շրջանը հաջող ավարտածները սկզբում ստանում էին ենթավարպետի կոչում, իսկ երբ արդեն լիովին տիրապետում էին արհեստի հմտություններին, հատուկ արարողակարգով օծվում էին վարպետ։

Վարպետ օծելն ուղեկցվում էր ծիսական արարողություններով, նվիրատվություններով ու երդմնակալությամբ։ Օծվողը պարտավորվում էր նաև հարգանքով մոտենալ իրենից ավագ վարպետներին, պահպանել պատվի ու արժանապատվության բոլոր նորմերը։ Արարողությունը, որպես կանոն, ավարտվում էր նվիրատվություններով և խնջույքով։

Ներկա ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական դարբնոցային ավանդական տեխնոլոգիական հմտություններով այսօր Հայաստանի տարբեր համայնքներում ու հատկապես Գյումրիում գործում են արհեստանոցներ, կան նաև դարբինների գերդաստաններ, որոնք անցյալում տարածված համքարությունների ավանդույթների կրողներն են։ Գյումրին հանրապետության միակ համայնքն է, որն այսօր էլ կենսունակ է պահում քաղաքային դարբնության ավանդույթները։ Այն բացի կենցաղային գործառույթից՝ նաև գեղարվեստական առանձնահատկություններ ունի։ Գյումրեցի դարբինները պահպանում են ավանդական դարբնոցային տեխնոլոգիաներով աշխատելու սովորույթը և ավանդական տեխնոլոգիական հմտությունների կրողներն ու փոխանցողներն են։

Հայաստանի կառավարությունը մտադիր է Գյումրիի դարբնությունը ներառել ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դարբնություն». Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն.
  2. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու հայտ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով». news.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 314