Անիի կաթողիկոսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անիի կաթողիկոսարան, Ամենայն Հայոց կաթողիկոսության հինգերորդ աթոռանիստը 992-1046 թվականներին։

Կաթողիկոսարանի հաստատումը Անիում[խմբագրել | խմբագրել կոդը]

961 թվականին Աշոտ Ողորմած թագավորը Անին հռչակեց մայրաքաղաք։ Քաղաքական ու հոգևոր մեկ կենտրոն ունենալու նպատակով հայոց արքան Աղթամարից Անի է հրավիրում Անանիա Ա Մոկացի կաթողիկոսին, որը հաստատվում է Անիի մոտակայքում գտնվող Արգինայում։ Անիում աթոռակալում է Ստեփանոս Գ Սևանացին, իսկ Խաչիկ Ա Արշարունու օրոք կրկին աթոռանիստ է դառնում Արգինան։ Սմբատ Բ Տիեզերակալի ժամանակ կրկին առաջանում է կաթողիկոսական աթոռը Անի տեղափոխելու հարցը։ Սկսվում է Կաթողիկեի՝ Մայր տաճարի շինարարությունը։ Սմբատ Բ-ին հաջորդած Գագիկ Ա Բագրատունին և նրա կինը՝ Կատրանիդեն, շարունակում են տաճարի շինարարությունը, և 992 թվականին կաթողիկոս ձեռնադրված Սարգիս Ա Սևանցին վերջնականապես հաստատվում է Անիում[1]։

Կաթողիկոսարանի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթողիկոս Պետրոս Գետադարձի օրոք սկսվեց Բագրատունիների թագավորության քաղաքական ճգնաժամը, ինչը բացասաբար ազդեց կաթողիկոսական աթոռի վրա։ Կաթողիկոսը, միջամտելով քաղաքական խնդիրներին, ավելի բարդացրեց իրավիճակը։ Դրությունը ավելի բարդացավ թագավորության ակումից հետո, երբ բյուզանդացիները պայքար սկսեցին նաև եկեղեցու դեմ։ Իրենց տիրապետության օրոք նրանք Անիից հեռացրին հայոց հայրապետերին ու թույլ չտվեցին վերադառնալ նախկին աթոռանիստ։ Անիի կաթողիկոսարանը դադարեց գործել բյուզանդացիների անհանդուրժողականության հետևանքով։ Կաթողիկոսական աթոռը վերականգնելու փորձ արվեց 1081 թվականին Բարսեղ Ա Անեցու կողմից, սակայն 1105 թվականին նա տեղափոխվեց Կիլիկիա։ 1195 թվականին անեցիները կաթողիկոս ձեռնադրեցին Բարսեղ Բ-ին, ում իշխանությունը տարածվում էր միայն Հյուսիսային Հայաստանի մի քանի շրջանների վրա։ Նրա մահից հետո Անիում նոր կաթողիկոս չձեռնադրվեց[2]։

Կաթողիկոսարանի դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի կաթողիկոսարանը երկրի հոգևոր ու աշխարհիկ կյանքի կարևոր կենտրոն դարձավ։ Այստեղ հաստատվեցին կաթողիկոսարանի վարդապետարանը, դիվանն ու մատենադարանը։ Անիի կաթողիկոսարանում են գործել ժամանակի նշանավոր վարդապետներից շատերը։ Կաթողիկոսարանը անհրաժեշտ պայքար է մղել աղանդավորական շարժումների դեմ։ Այն նկատելի հետք է թողել Հայ եկեղեցու պատմության մեջ։ Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ՝ Անիի կաթողիկոսարանը ոչնչով չի զիջել հայոց թագավորական գահին։ Մեծ է եղել կաթողիկոսարանի դերը երկրի հոգևոր-մշակութային կյանքում։ Այն ուներ վարդապետարան, գրատուն։ Մատենադարանապետերից նշանավոր էր հատկապես Սարգիս վարդապետ Անեցին, իսկ Բարսեղ Ա Անեցու ժամանակ կաթողիկոսարանի վարդապետարանի ուսուցչապետն էր հռչակավոր վարդապետ Հովհաննես Սարկավագը։ Կաթողիկոսական աթոռի հեռացումից հետո Անին դարձյալ մեծ դեր է խաղացել Հայաստանի եկեղեցական կյանքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2002. էջ 62.
  2. 2,0 2,1 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2002. էջեր 62–63.