Ամատունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամատունիներ, հայ նախարարական հնագույն տոհմ Վասպուրական նահանգի Արտազ գավառում։ Հայոց արքունիքում գրավում էին 15-րդ գահը, վարում էին հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես Խորենացու, Ամատունիները ծագումով հրեա էին՝ սերված ոմն Մանուե նախահորից, և նրանց սկզբնական հայրենիքը Պարսկաստանի Ահմատանի կողմերում էր։ Հայաստան գալով՝ Արտաշես թագավորից ստացան գյուղեր ու դաստակերտներ և կոչվեցին Ամատունիներ։ IV դարի վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի Խոսրով Դ թագավորին։ Այդ փորձի ձախողումից հետո Սասանյան Արտաշիր թագավորը Ամատունիներին և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։ 450-451 և 481-484–ին հայ ազգային–ազատագրական պատերազմներում Ամատունիներից մարտնչում էին Վահան, Առանձար, Առնակ և Քաջաջ իշխանները։ V դարում Ամատունիներից Վահան իշխանը իր ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի դին Էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի–դամբարան։ 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, շուրջ 12000 հայ գյուղացիներ Համամ Ամատունու և նրա հայր Շապուհի գլխավորությամբ անցնում են Բյուզանդիայի տիրապետության սահմաններում գտնվող Խաղտիք երկրամասը և բնակվում այնտեղ։ Վերջին դարերում Ամատունիների շառավիղները բնակվել են Վրաստանում և ներկայիս Արագածոտնի մարզի Օշական գյուղում։

Ամատունիների շառավիղի հետնորդները մեծամասամբ աչքի են ընկել մտավոր բարձր հատկանիշերով ու կազմակերպչական ունակություններով։ Միայն Օշական գյուղում հիշվող անուններ են Սահակ վարդապետ Ամատունին, Վազգեն Քահանան, մանկավարժներ Աշխարհիկ և Իշխան Ամատունիները, հայտնի բժիշկ Մարտին, տնտեսագետ Վարդան Ամատունիները։ Լրագրող, ռադիոժուռնալիստ Լևոն Ամատունին։ Հանրապետությունում հայտնի է, ԽՍՀՄ, ապա Հայաստանի ժուռնալիստների միության անդամ լրագրող-լուսանկարիչ Վահան Ամատունու անունը։ Դժբախտաբար այս անձանց մեծամասնությունը հեռացել են կյանքից, մյուսները տեղափոխվել բնակության այլ վայրեր ու հայտնի այս գյուղում իրական Ամատունիների շառավիղից քիչ մարդ է մնացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png