Նիկոդիմոս Ամատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոդիմոս Ամատունի
իշխան
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ և իրավագետ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 3, 1859(1859-05-03)
Ծննդավայր Օշական, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 4, 1946(1946-03-04) (86 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Եսայի Ամատունի
Մայր Մարգարիտ Ամատունի
Ամուսին Եվգենյա Ամատունի
 
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Նիկոդիմոս Եսայու Ամատունի (ռուս.՝ Аматуни Никодим Исаевич, մայիսի 3, 1859(1859-05-03), Օշական, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1946(1946-03-04), Փարիզ), իշխան, Ռուսական կայսրության պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), Ռուսական կայսրության 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է Ռուսասկան կայսրության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում։ Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում։ Սերվում է Ամատունիների ազնվական տոհմից, նրա տոհմակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թվականին Վրաց Հերակլ II թագավորի հրովարտակով, ապա 1826 թվականին Ռուսաստանի Նիկոլայ I ցարի հրամանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոդիմոս Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին (15-ին) Ռուսական կայսրության Երևանի նահանգի Օշական գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, Օշական գյուղում՝ հոր ավագ քահանա Տեր Եսայու մոտ։ Չբավարարվելով նախնական կրթությամբ, հակառակ ծնողների կամքին, անակնկալ հեռանում է գյուղից և մեկնում Թիֆլիս՝ միանում դեռ 1784 թվականին վրաց Հերակլ II թագավորի, ապա և ռուսաց Նիկոլայ I ցարի հրովարտակներով ազնվականի տիտղոսը վերաշնորհված, Թիֆլիսում ծանրակշիռ հեղինակություն վայելող իր ազգականներին։ Ապացուցելով Օշականի և Թիֆլիսի Ամատունիների գենետիկ ազգակցական տոհմային կապը վերականգնում է իր իշխանաց տիտղոսը։ Նիկոդիմոս Ամատունին սովորում և ավարտում է Ներսիսյան դպրոցը։ Այստեղ նա ծանոթանում է թիֆլիսահայ կյանքին, մտերմանում է այն ժամանակվա հայ գրողների հետ, ընկերություն է անում գրող, թատերագետ, դերասան Պետրոս Ադամյանի հետ։ Թատերական հայտնի գործիչ Նապոլեոն Ամատունին հետագայում իր դստեր՝ Եվգենյային կնություն է տալիս Նիկոդիմոսին։ Մինչ այդ՝ վերջինս, ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ մեկնում է Պետերբուրգ։

Հայ եկեղեցական, գրական կյանքում հայտնի, «Հայոց բառ ու բան» բառարանի և այլ աշխատությունների հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունին Նիկոդիմոսի հորեղբոր տղան է։

1920 թվականին Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա։ Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը։ Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935), եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք։

Ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական, վրացական ու նաև ֆրանսիական գրեթե բոլոր աղբյուրները վկայում են, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է 1865 թվականի մայիսի 3-ին Թիֆլիսում և մահացել 1946 թվականի մարտի 4-ին Փարիզում։

Նրա մասին ուսումնասիրություն կատարած Ռուսաստանի, Սանկ Պետերբուրգի ազգագրական թանգարանի՝ Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը «Իշխան Ն. Ե. Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության մեջ գրել է, որ Նիկոդիմոս Իսայևիչ Ամատունին, Հայ Առաքելական եկեղեցու հավատքի հետնորդ է և ծնվել է 1862 թվականի մայիսի 3-ին։

Նիկոդիմոս Ամատունու ծննդյան վայրի ու տարեթվի մեջ առկա հակասությունների մեջ հստակություն է մտցրել լրագրող՝ Վահան Ամատունին (Նիկոդիմոս Ամատունու հորեղբոր ծոռը)։ Նրա հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է 1859 թվականի մայիսի 3-ին՝ Ռուսական կայսրության Երևանի նահանգի Օշական գյուղում։ Այդ մասին նա հիմք է ընդունել Հայաստանի ազգային արխիվում պահվող՝ 1842-1879 թվականների Օշականի գյուղի եկեղեցու չափաբերական մատյանի՝ 1859 տարեթվի ներքո արված արձանագրությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)», Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիև