Հաթերք (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաթերք (այլ կիրառումներ)

Հաթերք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում (ընդգրկել է ձախափնյակը՝ Եղիշ Առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արևմտյան կողմի ձորը)։ Կոչվել է իշխանանիստ Հաթերք բերդավանի անունով։ XII-XIII դարերում եղել է Կենտրոնական Խաչենի իշխանության տիրույթը։ XII դարի 1-ին կեսին երեք ճյուղի բաժանված Խաչենի իշխանության գահերեց իշխան Հասան Ա, մոտ 1142 թ.-ին հաջորդելով հորը՝ Վախթանգ-Սակառին, հաջողությամբ պայքարել է Հայաստանի հյուսիսարևելյան նահանգներն ասպատակող սելջուկյան թուրքերի դեմ և պահպանել անկախությունը։ Նրա որդու՝ Վախթանգի գահակալման տարիներին (1182-1214) Հաթերքի իշխանությունը վերելք է ապրել, աշխույժ քաղ-տնտեսական կապեր հաստատել շրջակա իշխանությունների և երկրների (հատկապես՝ վրաց Բագրատունիների թագավորության) հետ։ Վախթանգը հովանավորել է Մխիթար Գոշին, հայ մշակույթի ուրիշ գործիչների։ Արու ժառանգներից զուրկ Վախթանգի մահից հետո Զաքարյանները Հաթերքի իշխանությունը բաժանել են իրենց փեսաներ Հասանի (Դոփի ամուսինը) և Ներքին Խաչենի տեր Վախթանգի (Խորիշանի ամուսինը) ժառանգների միջև։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png