Տփղիսի ամիրայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տփղիսի ամիրայություն
إمارة تفليس
 Վրաց իշխանություն 736 - 1122 Վրաց թագավորություն 
Քարտեզ

Caucasus 750n de.png
(Ամիրայության տարածքը 750 թվականին)

Քարտեզ2

Caucasus 850 map alt de.png
(Կովկասը 850 թվականի ապստամբությունից առաջ)

Քարտեզ3

Caucasus 1060n map de.png
(Ամիրայության տարածքը 1060 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տփղիս (Թբիլիսի)
Մակերես 80.000 (750)
Մակերես 5.000 (1050)
Լեզու արաբերեն, վրացերեն, հայերեն
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Շուաբիներ, Շեյբանիներ, Ջաֆարիներ
Պետության գլուխ ամիրա
Պատմություն
- Թբիլիսիի գրավում 735
- Ամիրայի ապստամբություն 853
- Թբիլիսիի ազատագրում 1122

Տփղիսի ամիրայություն (արաբ․՝ إمارة تفليس‎‎՝ «իմառաթ Թիֆլիս», վրաց.՝ თბილისის საამირო` Թբիլիսի սաամիրո), վարչաքաղաքական ինքնուրույն միավոր Արաբական խալիֆայության կազմում: Մտնում էր Արմինիա կուսակալության մեջ` 736-885 թվականներին։ 885-1122 թվականներին պահպանել է ինքնուրույնությունը, սակայն ընդունել Հայ Բագրատունիների և Վրաց Բագրատիոնիների գերիշխանությունը։

Տփղիսի ամիրայությունը գոյատևել է շուրջ 4 դար՝ 736-1122 թվականները։ Սկզբնական շրջանում նրա հսկողության տակ են եղել ժամանակակից Վրաստանի կենտրոնական և արևելյան շրջանները, Աղվանքի արևմուտքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Տայքը, Գուգարքը և Ուտիքը:

9-րդ դարում ստեղծվում է Տայքի կյուրոպաղատությունը, ապա նաև անջատվում են այլ հայկական գավառներ։ Անկախ իշխանություններ են ստեղծվում նաև Քարթլիում, Կախեթի մարզում, Հերեթում: Ամիրայի իշխանությունը դառնում է ձևական, երբ 885 թվականին հիմնադրվում է Բագրատունիների թագավորությունը: 10-11-րդ դարերում այն սահմանափակվում էր Թիֆլիս քաղաքի շրջակայքով։ 1080 թվականից սկսած քաղաքը ղեկավարում էր տեղի ավագանին, իսկ 1122 թվականի ազատագրումից հետո այն միացվում է Վրացական թագավորությանը և դառնում մայրաքաղաք։

Ամիրայությունը ղեկավարում էին Օմայյան արքայատոհմի ճյուղ Շուաբիների ներկայացուցիչները, ապա՝ Սահակ ամիրայի ապստամբությունից հետո, Շեյբանիները և Ջաֆարիները։ Վարչատարածքային միավորը և ամիրայի նստավայրը Թբիլիսին էր, որը ժամանակի հայկական աղբյուրներում կոչվում էր «Տփղիս», իսկ արաբերենում՝ համապատասխան հնչյուններ չունենալու արդյունքում՝ «Թիֆլիս»:

Ամիրան ենթարկվում էր Արմինիայի ոստիկանին, սակայն նրան նշանակում էր անմիջապես խալիֆը[1]:

Արաբական արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ դարի սկզբին մեկուսացված կյանքով ապրող Արաբական թերակղզու բնակչությունը ապրում էր առանձին ցեղերով կամ ցեղախմբերով, խիստ տարածված էին ցեղական բարբառները։ Գերիշխող կրոնը հեթանոսությունն էր, կային նաև քրիստոնեական ու հուդայական համայնքեր։ Այդ ժամանակ վաճառաշահ քաղաքներից մեկի՝ Մեքքայի ալ-Կուրեյշ ցեղի ներկայացուցիչ արաբ վաճառական Մուհամմադը հիմնում է նոր միաստվածային կրոն՝ իսլամ (արաբ․՝ الإسلام‎‎՝ հնազանդություն), և հորջորջվում որպես ալ-ռասուլ (արաբ․՝ رسول‎‎, մարգարե)։ Նոր կրոնը բոլոր մուսուլմաններին պարտադրվում էր «սրբազան պատերազմ» մղել «անհավատների», այսինքն՝ ոչ մուսուլմանների, առաջին հերթին՝ հեթանոսների դեմ։

Արաբական միացյալ պետությունը օտար աղբյուրներում կոչվում է «խալիֆայություն», քանի որ նրա ղեկավարը խալիֆն էր (արաբ․՝ خليفة‎‎՝ փոխարինող)։ Տերության ինքնանվանումը ալ-Դաուլա ալ-Արաբիյյա էր (արաբ․՝ الدولة العربية‎‎՝ արաբական պետություն

Այդ ժամանակ երկարատև պատերազմներից թուլացել էին Մերձավոր Արևելքի երկու հզոր պետությունները՝ Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Պարսկաստանը: Հպատակ ժողովուրդները պատրաստ չէին լուրջ դիմադրություն ցույց տալ նոր թշնամուն[2]:

640 թվականին տեղի ունեցավ արաբների առաջին արշավանքը Հայկական լեռնաշխարհ, որին 642-643 թվականներին հաջորդեց երկրորդը։ Հաղթական արշավանքերը արաբներին բերեցին հարուստ ավար և գերիներ։ Պարտություն կրելով նաև 650 թվականին կայացած երրորդ արշավանքում՝ հայերը որոշեցին տեղի տալ և հաշտության պայմանագիր կնքել արաբների հետ։

652 թվականին Դամասկոսում կնքված հայ-արաբական պայմանագրի արդյունքում Հայաստանը, ինչպես նաև հարևան Վրաստանը և Աղվանքը, ճանաչեցին արաբների գերիշխանությունը, սակայն ստացան ինքիշխանության իրավունք։ Այս իրավիճակը տևեց կես դար՝ մինչև 701 թվականը, երբ ամբողջ Հարավային Կովկասն ու Հայկական լեռնաշխարհը միավորվեցին վարչաքաղաքական մեկ կառույցի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Այն բաժանվեց 4 ամիրայությունների՝

Նախկին Մեծ Հայքի թագավորության շատ տարածքներ դուրս մնացին Արմինիայի կազմից։ Նրանք շարունակեցին մնալ արաբական այլ ամիրայությունների կազմում և աստիճանաբար կորցրին հայկական դիմագիծը։ Փոքր Հայքը և Արևմտյան Վրաստանը մնացին Բյուզանդական կայսրության կազմում։

Ամիրայության ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական քարտեզ, որ ընդգրկում է Թբիլիսին

Արաբները Վրաստանում առաջին անգամ հայտնվել էին դեռ 645 թվականին՝ Հայաստան կատարած երկրորդ արշավանքից հետո։ 735 թվականին Մրվան II-ի զորքերը գրավում են Թբիլիսին: Իր դաժանությունների և ժողովրդի ձայնը չանսալու համար վրացիները նրան անվանել են «խուլ», իսկ հայերը՝ «կույր», քանի որ նա չի ցանկացել տեսնել ժողովրդի արցունքները։ Արաբների շրջանում իր համառության պատճառով կոչվել է «ավանակ»:

Մրվանը սկզբում նշանակվել էր Արմինիայի փոխարքա, ով տարածաշրջանը իսլամացնելու հանձնարարություն էր ստացել։ Թբիլիսիում նա նշանակում է ամիրա (արաբ․՝ أمير‎‎՝ իշխան), ում ազդեցությունը պետք է գործեր Գուրջանի վրա։ Դրա մեջ չէր մտնում Արևմտյան Վրաստանի ծովեզրյա հատվածը և Աբխազիան. այն շարունակում էր մնալ Բյուզանդական կայսրության գերիշխանության տակ։

Արաբական տիրապետության շրջանում Տփղիսը (ալ-Թիֆլիս) վերածվում է վաճառաշահ քաղաքի՝ իսլամական աշխարհի ու քրիստոնյա Եվրոպայի միջև։ Այն նաև վահան էր արաբների համար՝ ընդդեմ Բյուզանդիայի ու Խազարների պետության։ Թբիլիսիում սկսում է տարածվել մուսուլմանական մշակույթը, սակայն քաղաքը չի իսլամանում, քանի որ տեղաբնիկ բնակչությունը ամուր կառչում է ուղղափառ եկեղեցուն։

Սկզբնական շրջանում ամիրայի իշխանությունը ընդգրկում էր բավական ընդարձակ տարածք, սակայն կարճ ժամանակում տեղի տալով հայ և վրացի իշխաններին՝ նա սահմանափակվում է Շիդա Քարթլիով ու Քվեմո Քարթլիով:

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

9-11-րդ դարերում Թիֆլիսի ամիրայության հյուսիսային սահմանը Դիգոմի կիրճն էր[3], հարավում ամիրային պատկանում էին Բիրթվիսի, Օրբեթի և Փարցխիսի բերդերը։ 9-րդ դարի վերջին Քվեմո Քարթլիի հարավային շրջանները՝ Լոռի-Փամբակը, անցնում են հայ Բագրատունիներին: Ավելի ուշ՝ 978 թվականին, այնտեղ հիմնադրվում է Տաշիր-Ձորագետի թագավորությունը[4]: Նրանց էին պատկանում Սամշվիլդե ամրոցը և Դեբեդի հովիտը։ Արևմուտքում ամիրայության սահմանն անցնում էր Թրիալեթի (Թռեղք) հետ[5]: Արևելքում ամիրային էր պատկանում մինչև Իորի գետն ընկած ընդարձակ տարածքը՝ Կախեթի մարզը, Հերեթը, Տավուշը[6]:

Կովկասյան տարածաշրջանը 1060-ական թվականներին

9-րդ դարում ամիրայության տարածքը կրճատվում է և սահմանափակվում Քարթլիով։ Վրաստանը չի իսլամանում, կառուցվում են մի քանի մուսուլմանական կառույցներ ամիրայության կենտրոն Տփղիսում։ Կովկասի քաղաքների շարքում այն երկրորդն էր՝ Դերբենդից հետո։ Դեռ 8-րդ դարում Բյուզանդիան կարողանում է վերջնականապես հաստատվել Աբխազիայի թագավորության տարածքում, ավելի ուշ նաև՝ Լազիկեում: Վերջինս ամբողջովին ազատագրվում է միայն 9-րդ դարում։

Այդ ժամանակաշրջանում Տփղիսի ամիրան Բաղդադից փորձում է վարել ինքնուրույն քաղաքականություն և դադարում է հարկ վճարել նրան։ Ի պատասխան դրա՝ Աբբասյանները 853 թվականին զորք են ուղարկում թուրք հրամանատար Բուղայի գլխավորությամբ։ Դա տեղի էր ունենում Արմինիայի ապստամբության ընթացքում, երբ հայերը կարողանում են ինքնուրույնություն նվաճել։ Տեղացի բնակչությունը՝ մասնավորապես Կախեթի մարզի ու Հերեթի քրիստոնյաները, որոշում են օգտվել առիթից։ Ամիրայության կենտրոնը պարտություն է կրում, և Թբիլիսին ավերվում է, իսկ քրիստոնյաների մի ստվար հատված արտագաղթում է Աբխազիայի թագավորություն։ Դրան հակառակ՝ Արևելյան Վրաստանի լեռնականները կարողանում են լուրջ հակահարված տալ Բուղային և այդպիսով առանձնանալ ամիրայությունից։

11-րդ դարում Տփղիսի ամիրայի իշխանությունը սահմանափակվում էր քաղաքով և նրա մերձակա ավաններով։ 1080 թվականից պատմության մեջ ամիրայի մասին հիշատակություններ չեն նշվում։ Վրացական աղբյուրների համաձայն՝ քաղաքը կառավարում էր ավագանին։ 1122 թվականին հաղթական զորքով Թբիլիսի է մտնում վրաց թագավոր Դավիթ Շինարար Բագրատիոնին (1089-1125), վերակառուցում քաղաքը և դարձնում իր պետության մայրաքաղաքը։ Քաղաքի չորսհարյուրամյա օտար տիրապետությունն ավարտվում է։

Միջնադարյան Թբիլիսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տփղիսը մեծ քաղաք էր՝ երկշերտ պարիսպներով։ Բերդը ուներ երեք դարպաս։ Նրա շուրջ տարածվում էր բուն քաղաքը՝ Կուր գետի երկու ափերին, որոնք միմյանց միանում էին նավակներից պատրաստված կամուրջով։ Աշխարհագրագետները և ճանապարհորդները հիշատակում են հանքային բուժիչ աղբյուրների մասին, որոնց շուրջ կառուցվել էին բազմաթիվ հասարակական շինություններ ու բաղնիքներ։ Տները կառուցված էին հիմնականում սոճու փայտից։ 9-րդ դարում Թբիլիսին ուներ մոտ 50 000 բնակչություն և թվաքանակով զիջում էր միայն Դերբենդին: Հիմնականում ապրում էին արհեստավորներ ու առևտրականներ։

Վրաստանի պատմություն
Վրաստանի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաոխա
Կոլխիդա
Վիրք
Լազիկա
Միջնադար
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատիոնիներ
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Վրաց թագավորություն
Մոնղոլական տիրապետության
Լենկ-Թեմուրի տիրապետության
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան

Վրաստան Վրաստանի պորտալ

Թբիլիսին մշտապես եղել է վրաց ազնվականության ուշադրության կենտրոնում։ 9-րդ դարի սկզբին հայ Բագրատունիների աջակցությամբ վրաց Բագրատիոնիները Վրաստանի հարավ-արևմուտքում ստեղծում են ինքնիշխան միավոր՝ Տայքի կյուրոպաղատությունը (Տաո)։ Շուտով ամիրայությունից անջատվում և Տայքին է միանում նաև Կղարջքը (Կլարջեթ)[7]: Արևելքում հզորանում էր Կախեթի մարզ-Հերեթի թագավորությունը:

1020-ական թվականներից Վրացական թագավորությունը սկսում է նորանոր տարածքներ նվաճել ամիրայությունից, որի գոյությունը փաստացիորեն դադարում է 1080 թվականին։ 1122 թվականին Դավիթ Շինարարը ազատագրում է քաղաքը, ամրացնում նրա պարիսպները և այն կառուցապատում նոր շենքերով ու եկեղեցիներով։

Ամիրաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուաբիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսմայիլ իբն Շուաբ (առաջին հայտնի ամիրան, մինչև 813)
  • Մուհամմադ իբն Աթաբ (813-829)
  • Ալի իբն Շուաբ (829-833)
  • Իսհակ իբն Իսմայիլ (833-853)

Շեյբանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուհամմադ իբն Խալիլ (853-870)
  • Իսա իբն ալ-Շեյխ (870-876)
  • Իբրահիմ (876-878)
  • Գաբուլոք (878-880)

Ջաֆարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջաֆար I իբն Ալի (880-914)
  • Մանսուր իբն Ջաֆար (914-952)
  • Ջաֆար II իբն Մանսուր (952-981)
  • Ալի իբն Ջաֆար (981-1032)
  • Ջաֆար III իբն Ալի (1032-1046)
  • Մանսուր իբն Ջաֆար (1046-1054)
  • Աբու ալ-Հայջա իբն Ջաֆար (1054-1062) (վերջին հայտնի ամիրան)
  • Գանձակի ամիրա Փադլուն (1068-1080, նշանակվել է սելջուկյան սուլթան Ալփ Արսլանի կողմից)

Վրացական աղբյուրների համաձայն՝ 1062-1068 և 1080-1122 թվականներին քաղաքի իշխանությունը պատկանում էր ավագանուն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лордкипанидзе М. Д. Из истории Тбилисского эмирата. - Мимомхилвели, II. 1951, с. 185 (վրացերեն)
  2. Արաբական արշավանքները Հայաստան
  3. Мусхелишвили Д. Л. Вопросы политической географии Кахети и Эрети. - СИГГ, 111, 1967, с. 75.
  4. Արտաշես Շահնազարյան «Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության առաջացաումն ու հզորացումը»
  5. Мусхелишвили Д. Л. Вопросы политической географии Кахети и Эрети. - СИГГ,, էջ 72, 75.
  6. Мусхелишвили Д. Л. Указ. соч., с. 76; он же. Основные вопросы…, гл. IV, § 4.
  7. Heinz Fähnrich: Geschichte Georgiens von den Anfängen bis zur Mongolenherrschaft S. 100 ff. Shaker, Aachen 1993, ISBN 3-86111-683-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png