Գուրիայի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրիայի իշխանություն
გურიის სამთავრო
 Վրաց թագավորություն 1490 - 1829 Ռուսական կայսրություն 
Քարտեզ


(Վրաստանը 18-րդ դարի երկրորդ կեսին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Օզուրգեթ
Մակերես 2.000 կմ2
Լեզու Վրացերեն
Ազգություն Վրացիներ
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Դադիանիներ
Պետության գլուխ Իշխան
Պատմություն
- Վրաց թագավորության կործանում 1490
- Բաթումի, Քոբուլեթի և Խինոյի գրավում 1609
- Աջարիայի գրավումը օսմանցիների կողմից 1723
- Ռուս-թուրքական պատերազմ 1828-1829

Գուրիայի իշխանություն (վրաց.՝ გურიის სამთავრო` գուրիիս սամթավրո), ուշմիջնադարյան պետություն Վրաստանի արևմուտքում 1490-1829 թվականներին։ Հիմնադրել է Գուրիայի իշխան Գիորգի Դադիանին՝ 1490 թվականին՝ որպես Իմերեթի թագավորության վասալ պետություն։ Երկիրը կառավարել է Դադիանիների տոհմը, ովքեր ծագում էին Բագրատիոնիներից[1]։ Տարածքը կազմել է առավելագույնը 5 000 քառ. կմ՝ Մամիա II իշխանի օրոք (1600-1625)։

Պետության մայրաքաղաքն էր Օզուրգեթը։ Հզորության շրջանում, երբ թուլանում էր Օսմանյան կայսրության գերիշխանությունը Սև ծովի արևելյան ափերի վրա, գուրիացիները գրավում են Աջարիան։ Ընդհանուր առմամբ՝ իշխանությունը զբաղեցրել է ժամանակակից Վրաստանի Գուրիայի մարզի տարածքը։

Ուշ միջնադարում՝ 16-18-րդ դարերում, իշխանությունը եղել է Իմերեթի թագավորությունից կախյալ վարչական միավոր, որն իր հերթին ենթարկվում էր Օսմանյան կայսրությանը։ Նրա տարածքում առաջանում են բազմաթիվ իշխանություններ։ 19-րդ դարում Կովկասում ուժեղանում է Ռուսական կայսրության իշխանությունը, և կարճ ժամանակում այն ամբողջապես նվաճվում է։ Իշխանության տարածքը բռնակցվում է Ռուսաստանին՝ սկզբում՝ Վրացա-Իմերեթական նահանգի, ապա՝ Քութայիսի նահանգի կազմում։ 20-րդ դարի սկզբին՝ Ռուսական հեղափոխության տարիներին, գուրիացիները կարողանում են ժամանակավորապես ինքնիշխանություն նվաճել՝ ստեղծելով Գուրիայի հանրապետությունը։

Գուրիայի իշխանությունը Մերձավոր Արևելքի երբեմնի հզորագույն քրիստոնեադավան պետության՝ Վրաց թագավորության մասն էր։ Վրաստանն իր շուրջ էր համախմբել հայերին, աբխազներին, օսերին, ասիաբնակ հույներին և աղվաններին[2]։ Գուրիայի իշխանությունը՝ որպես վարչական միավոր, ստեղծվել էր դեռ 1385 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատիոնիների արքայատոհմի գլխավորած Վրաց թագավորությունը 14-րդ դարում թուլացել էր և դարձել Մոնղոլական կայսրության մի մասը։ 1386 թվականին անկախանալով և վերամիավորվելով՝ մեկ դար անց այն բաժանվել 3 մասի՝ Քարթլիի, Կախեթի և Իմերեթի թագավորությունների։ Վերջինիս կազմում ձևավորվել էին մի քանի քաղաքական միավորներ, որոնք փաստացիորեն ինքնիշխան էին (Մեգրելիա, Սվանեթիա, Գուրիա)։ Գուրիայի իշխանությունը, որ ստեղծվել էր դեռ 1386 թվականին, Վրաց թագավորության անկումից հետո (1690) դառնում է անկախ միավոր[3]։

Դադիանի իշխանական տոհմի ճյուղ Գուրիելի դինաստիայի զինանշան

16-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը սկսում է Մերձավոր Արևելքի նվաճումը. թուրքական զորքերը մտնում են Փոքր Ասիայի արևելյան շրջաններ։ Գուրիայի իշխանները օգնում են հունաբնակ Տրապիզոնի կայսրությանը՝ օսմանցիների դեմ պայքարում։ Վերջին կայսր Դավիթը Գուրիայի իշխան Մամիային ամուսնացնում է իր դստեր հետ։ Մինչև 16-րդ դարը Գուրիան ձևականորեն ընդունում էր Իմերեթի գերիշխանությունը։

Իշխանությունը ղեկավարում էին Վարդանիձե-Դադիանի տոհմի ճյուղերից մեկի ներկայացուցիչներրը, ովքեր հայտնի էին որպես Գուրելի։ Գուրիայից բացի, պետության կազմ էր մտնում նաև Աջարիան՝ Բաթում քաղաքով։ 15-18-րդ դարերում Գուրիայի իշխանները փոխադարձ հաջողություններով պատերազմներ են վարել օսմանցիների դեմ՝ հարավային տարածքների համար։ 16-րդ դարի կեսին թուրքերը նվաճում են Ճանեթի մարզը (Լազիստան) և ներխուժում են Աջարիա։ 1609 թվականին գուրիացիները վերադարձնում են Բաթումը, սակայն 18-րդ դարում ամբողջ Աջարիան վերագրավվում է թուրքերի կողմից։ Գուրիայի իշխանությյունը թուլանում է և վերջնականապես դառնում Իմերեթի վասալը։

1801 թվականին, երբ Քարթլի-Կախեթի թագավորությունը միանում է Ռուսական կայսրությանը, Գուրիայի իշխան Մամիա V-ը 1810 թվականի հունիսի 19-ին կնքում է մի պայմանագիր, որի համաձայն իր Գուրիան ընդունում է Ռուսաստանի գերիշխանությունը, սակայն մնում է ինքնիշխան[4]։ 1828 թվականին՝ հերթական Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ Դավիթ Գուրիելիի կառավարման տարիներին, իշխանությունը վերացվում է։ Գուրիան ավելի ուշ դառնում է Քութայիսի նահանգի մի մասը՝ որպես Օզուրգեթի գավառ[5]։

Գուրիայի իշխաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կախաբեր I - (1385-1410), Գիորգի II Դադիանիի որդին
  • Գիորգի I - (1410-1430), իր որդին
  • Մամիա I - (1430-1450), իր որդին
  • Մամիա II - (1450-1469), Լիպարիտ I Դադիանիի որդին
  • Կախաբեր II - (1469-1483), իր որդին
  • Գիորգի I (II) - (1483-1512), իր որդին
  • Մամիա I (II) - (1512-1534), իր որդին
  • Ռոստոմ - (1534-1564), իր որդին
  • Գիորգի II (III) - (1564-1583 և 1587-1600), իր որդին
  • Վախթանգ I - (1583-1587), իր որդին; բռնապետ
  • Մամիա II (IV) - (1600-1625), իր եղբայրը
  • Սիմոն I - (1625), իր որդին
  • Քայխոսրով I (III) - (1625-1658), Վախթանգ I-ի որդի
  • Դեմետրե - (1659-1668), Սիմոն I-ի որդի
  • Գիորգի III (IV) - (1669-1684), Քայխոսրով I-ի որդի
  • Մաղաքիա - (1684-1685) և (1689), իր եղբայրը; բռնապետ
  • Քայխոսրով II (IV) - (1685-1689), Գիորգի III-ի որդի
  • Մամիա III (V) - (1689-1712 և 1712-1714), իր եղբայրը
  • Գիորգի IV (V) - (1712, 1714-1716 և 1716-1726), իր որդին
  • Քայխոսրով III (V) - (1716), իր եղբայրը
  • Մամիա IV (VI) - (1726-1744), Գիորգի IV-ի որդի
  • Գիորգի V (VI) - (1744), իր եղբայրը
  • Սիմոն II - (1744-1778 և 1780-1792), իր որդին
  • Քայխոսրով IV (VI) - (1778-1780), իր եղբայրը
  • Վախթանգ II - (1792-1803), իր եղբայրը
  • Մամիա V (VII) - (1803-1823 կամ 1826), Սիմոն II-ի որդի
  • Դավիթ I - (1823 կամ 1826-1829), իր որդին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Багратионы
  2. The Chautauquan, Volume 22, Theodore L. Flood, Frank Chapin Bray, 1895, p698
  3. Большая Советская Энциклопедия, Гурийское княжество
  4. Lang, David M. (1957), The Last Years of the Georgian Monarchy։ 1658-1832, p. 52. New York։ Columbia University Press
  5. վրաց.՝ "გურიის სამთავრო"(Principality of Guria)։ ქართული საბჭოთა ენციკლოპედია (Encyclopaedia Georgiana). Vol. 3: p. 314-5. Tbilisi, 1978