Քրիստոնեության ընդունումը Վիրքում
Քրիստոնեության ընդունումը Վիրքում կամ Վիրքի քրիստոնեացում (վրաց.՝ ქართლის გაქრისტიანება), 4-րդ դարում Վիրքի թագավորությունում քրիստոնեական ուսմունքի տարածումը և վրաց ժողովրդի անցումը հեթանոսությունից քրիստոնեություն։ Վիրքում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն կապված է Սուրբ Նինոյի (հայկական իրականության մեջ հայտնի է որպես Նունե) անվան հետ, ով փախչելով Հռոմի կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից հաստատվել էր Մեծ Հայքի թագավորությունում և ապա ճանապարհ բռնել դեպի Վիրք։ Նրա հետ արևելք էին ժամանել նաև Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն, Շողակաթը, ովքեր սակայն դահճաբար սպանվում են հեթանոս Տրդատ Մեծ Արշակունու կողմից։ Նունեն իր քրիստոնյա քույրերից առանձնացել էր Վարագա լեռան մոտ և իր ճգնավոր կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի շրջակայքում։ Ըստ ավանդության, Նունեի քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ վրաց արքա Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը, ընդունում է քրիստոնեական կրոնը։ Նախքան քրիստոնեության ընդունումը՝ Նունեն բուժել է վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։ Հաջորդիվ Վիրքի արքան գնում է որսորդության և շրջափակվում մութ մառախուղով, որից էլ դուրս է գալիս «Նունեի քարոզած Աստծուն» աղոթելու միջոցով։ Վերադառնալով պալատ՝ արքան հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես «բարձյալ աստծո որդի», իսկ Նունեին՝ վրաց եկեղեցու առաքյալ։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տալիս Կուր գետի ափին՝ բլրի վրա վեր խոյացող Արամազդի արձանը և փոխարենը կանգնեցնում Քրիստոսի խաչի նշանը։ Այսպիսով՝ 326 թվականին, Վրաստանը դառնում է աշխարհի երկրորդ քրիստոնյա երկիրը։ Այս լուրը մեծ ցնծությամբ ընդունվում է Մեծ Հայքի թագավորությունում, որը 301 թվականին արդեն իսկ Գրիգոր Լուսավորչի ջանքերով ընդունել էր քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։
4-րդ դարում Վիրքը գտնվում էր աշխարհաքաղաքական երկու ուժերի՝ Հռոմեական կայսրության և Պարթևական տերության բախումների կիզակետում։ Թերևս, ինչպես հայոց տիրակալությունը, այնպես էլ Վիրքը, ցանկանում էր վարել չեզոք քաղաքականություն՝ բացառելով տարածաշրջանային ուժերի անուղղակի ազդեցությունը։ 313 թվականի Միլանի հրովարտակով քրիստոնեությունը Հռոմում դառնում է թույլատրելի կրոն և ապա ընդունվում պետական մակարդակով։ Այսպիսով, Վիրքն ու Մեծ Հայքը կրոնական հողի վրա ակամա թեքվում են դեպի արևմուտք և վերջիններիս հետագա ճակատագիրը Հռոմի հետ ընթանում է նույն ուղով։ Այսպիսով, քրիստոնեության ընդունումը Վրաց թագավորությունում ունենում է նաև աշխարհաքաղաքական նշանակություն և կարևորապես ներազդում է միջազգային հարաբերությունների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհաքաղաքական իրադրությունը նախօրեին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրքի թագավորությունը (Իբերիայի թագավորություն կամ Կովկասյան Իբերիա) մ․թ․ա․ 4-3-րդ դարերի սահմանագծում Սև ծովի արևելյան ափին առաջացած վաղ ստրկատիրական պետություն էր, որը, ըստ վրացական ավանդազրույցի, հիմնադրվել է Քարթլիի տանուտեր Փառնավազի կողմից։ Արտաշեսյանների թագավորության օրոք Վիրքում գերիշխել է հայկական ազդեցությունը, իսկ Տիգրան Մեծը վերջինս դարձրել է հարկատու և ենթակա թագավորություն։ Մ․թ․ա․ 66 թվականի Արտաշատի պայմանագրով Վիրքը (կամ վրաց թագավորությունը) դուրս է գալիս հայկական գերիշխանության և աշխարհակալության սահմաններից դուրս։ Քրիստոնեական ուսմունքը Հայկական լեռնաշխարհում տարածվել էր դեռևս 1-ին դարում։ Այս կրոնի էությունը կայանում էր նրանում, որ աշխարհաստեղծման և արարչության գործընթացները վերագրվում էր մեկ աստծո, որն էլ համարվում էր երկնքի և երկրի տիրակալը։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն էր մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած աստվածամարդու և նախահավիտենական աստծո որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։ Նախքան այդ, Վիրքի դավանանքը սահմանափակվում էր բնապաշտապան, հոգեպաշտական և առարկայապաշտական հավատալիքներով, որոնք համախմբվում էին նախաքրիստոնեական վրացական հեթանոս դիցաբանության մեջ։ Վրացական դիցարանի աստվածները հիմնականում փոխառություններ էին հեթանոս Հայաստանի պանթեոնից։ Օրինակ՝ հին հայերի շրջանում երկրի արարիչ համարվող Արամազդը վրացական իրականության մեջ դարձել է Արմազի։ Կային նաև տեղական հավատալիքներ։
Հայոց պատմահայր Մովսես Խորենացին հավաստել է, որ վրացիները, ինչպես և հայերը, ունեցել են Արամազդի և Վահագնի պաշտամունք։ Այդ մասին հավաստում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մեջ զետեղված հետևյալ հատվածը․
1-ին դարում Հայաստան են ժամանում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, իսկ Վիրք՝ Անդրեաս առաքյալը։ Վերջիններս հիմնում են առաջին քրիստոնեական համայնքները տարածաշրջանում, իսկ սուրբ Թադեոսը հիմնադրում է Հարավային Կովկասի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Թադեի վանքը։ Միաժամանակ, Անդրեասը դառնում է նաև վրացական եկեղեցու հիմնադիրը։ 1-ին դարում քրիստոնեության տարածումից հետո այն պաշտոնապես ընդունվում է միայն 4-րդ դարում՝ Հռոմեական կայսրությունից Վիրք ժամանած Նունե առաքյալի ջանքերով։
Հռիփսիմյանց կույսերի վարդապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից փախչելով, 4-րդ դարում Մեծ Հայքի թագավորություն են ժամանում քրիստոնյա քույրեր, ովքեր նպատակ ունեին այստեղ տարածել քրիստոնեությունը։ Նրանցից ավագն էր Հռիփսիմեն, ով էլ մերժել էր Դիոկղետիանոսի կնության առաջարկությունը։ Կայսրը լուր է հղում հայոց Տրդատ Մեծ արքային, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին։ Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվում, սակայն վերստին մերժում ստանալով հրամայում է նրան և իր քույրերին՝ Գայանեին, Շողակաթին և մյուսներին, դաժանաբար սպանել։ Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի հետ միաժամանակ Հայաստան էր ժամանել նաև Նունեն (վրացական աղբյուրներում՝ Նինոն), ով էլ ի սկզբանե հեռանալով հավատակից քույրերնից ապաստանել էր Վիրքի թագավորությունում՝ Մցխեթա քաղաքի շրջակայքում։ Այս կապակցությամբ ևս գրել է հայոց քերթողահայրը․
Նախքան Նունեն իր գործունեությունն էր ծավալում Վիրքում, 301 թվականին հայոց Խոսրով արքային սպանած Պարթև Անակի որդի Գրիգորի ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում ընդունվում է որպես պետական կրոն։ Այսպիսով՝ Վիրքի հարևան Մեծ Հայքը դառնում է առաջին քրիստոնյա պետությունն աշխարհում։ Վերջինիս օրինակին է ծառայում նաև Վրաստանը, ով Նունեի անձնազոհ ջանքերի շնորհիվ դառնում է աշխարհում երկրորդ քրիստոնյա պետությունը։ Քույրերից հեռանալով՝ Նունեն հաստատվում է Մցխեթում, որտեղից էլ վերջինս մուտք է գործում վրաց արքունիք։ Ի տարբերություն հավատակից քույրերի՝ Նինոն Վիրքում չի հալածվում։ Նունեի վարդապետության պատմությունը տեղ է գտել վրաց ավանդական պատմագիտության մեջ։ Այն ներառված է 9-րդ դարի հեղինակ Ղևոն Ռուիսեցու «Քարթլիի կյանքը» աշխատության «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմություն» բաժնում։ Այնտեղ վերջինս ներկայացվում է որպես հայրենյաց հավատի և վրաց ժողովրդի բարօրության համար պայքարի գործիչ՝ օժտված մարդկային և քրիստոնեական բարձր արժանիքներով և նվիրումով։ Ըստ վրացական նույն սկզբնաղբյուրի՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության ժամանակ նախ եղել է Ջավախքում՝ Փարվանա լճի մոտ։ Այստեղ քրիստոնյա կույսը մնում է մի քանի օր, կերակուր խնդրում ձկնորսներից։ Այնտեղ նաև նշվում է, որ Նունեն հովիվների հետ խոսել հայոց լեզվով։
Վրաց արքունիքի և Միհրան արքայի քրիստոնեացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ես Երևանից դուրս եկա այն համոզմամբ, որ երկու երկրների ապագան նրանց համերաշխության և համագործակցության մեջ է։ Թվում էր թե այդ գաղափարներով էր ներծծված մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները։ Թվում էր նաև, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չուներ։ Ստեղծված պայմաններում այլ տարբերակի մասին մտածելու որևէ հիմք չկար, բացի փոխադարձ ըմբռնմամբ բարեկամական համաձայնության գալուց
Ըստ Ղևոնդ Ռուիսեցու «Քարթլիի կյանքը» (բնօրինակ վրացերեն թարգմանությամբ՝ «Քարթլիս ցխովրեբա») սկզբնաղբյուրի՝ Վիրքի արքա Միհրանը, որն այդ անվան երրորդ կրողն էր իր տոհմում, Սասանյանների Շապուհ I արքայի որդին էր և հենց այդ ծագումնաբանության շնորհիվ էլ կարգվել էր վրաց արքա։ Որոշ պատմիչներ էլ կարծում են, որ Միհրանը սերվում էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում հաստատված Միհրանյանների իշխանական տոհմից։ Միհրանը փորձել է ամեն կերպ պահպանել չեզոքություն՝ բացառելով և՛ Պարսկաստանի, և՛ Հռոմի միջամտությունը Վիրքի ներքին գործերին։ Միհրան III-ի կառավարման տարիներին Վիրք է ժամանում Նունեն, ով հաստատվում է Մցխեթում։ Արքան արդեն լսել էր Հռիփսիմյանց կույսերի վարդապետությունը և իր մոտ է հրավիրում Նունեին՝ լսելով վերջինիս գաղափարական պատմությունը։ Վրաստանում Նունեն բժշկում է շատ հիվանդների և սկսում մեծ ժողովրդականություն վայելել։ Օրերից մի օր էլ հիվանդանում է վրաց թագուհին՝ Միհրանի կին Նանա Պոնտացին։ Տեսնելով այս ամենը՝ Միհրան III-ը մտածում է այդ հավատի ճշմարտացի լինելու մասին, սակայն նրա այս կանխամտածվածությունը հաստատվում է իր հետ պատահած դեպքից հետո։ Մինչ այդ վրաց արքան ականատես էր եղել Մեծ Հայքի թագավորության Տրդատ արքայի հետ պատահածին, որն էլ ավելի էր ամրապնդել նրա հավատը։ Իր սովորության համաձայն Միհրանը Վրաստանի անտառներից մեկում գնում է որսի և հանկարծակիորեն մոլորվում է լեռների դժվարանցանելի տեղերում, օդի, բայց ոչ աչքերի խավարելուց։ Այս կապակցությամբ պատմիչները գրել են «խոսքով մեգ է բերում» կամ «ցերեկը մթնեցնում գիշեր է դարձնում»։ Ականատես լինելով այս ամենին, վրաց արքան զարհուրում է՝ հիշելով Տրդատի հետ պատահածը։ Վախենալով կրկնել Տրդատի սխալները՝ նա միանգամից ցանկացավ ելք գտնել իրավիճակից և Նունեի աստծուն աղոթելու միջոցով ցրել իրեն պատած խավարը։ Միհրանը այս դեպքից հետո արդեն ի սրտե նվիրվել էր քրիստոնեական կրոնին։ Հետագայում դրա հավաստիքն է դարձնում վերջինիս եռանդուն եկեղեցաշինական գործունեությունն ու անձնվիրական հավատը։ Այսպես կոչված «Նունեի աստծուն» աղոթելուց հետո (քանի որ վերջինիս մտքերն ու գաղափարական բովանդակությունը մեզ է հասել սբ Նունեի միջոցով) խավարը ցրվում է, իսկ վրաց արքան իր հերթին աղոթում իրեն պարտավորեցնում է ընդունել ավետարանն ու քրիստոնեական ուսմունքը։
Այս դեպքի շուրջ միևնույն կերպ գրել է և՛ Մովսես Խորենացին, և՛ Ղևոնդ Ռուիսեցին։ Մասնավորապես, այս կապակցությամբ վրաց պատմահայրը գրել է․
Իր հետ պատահածից դաս քաղելով Միհրանը վերադառնում է արքունիք և կատարում խոստումը։ Վրաց մեծամեծերի ներկայությամբ և մասնակցությամբ տեղի է ունենում քրիստոնեության ընդունման արարողությունը։ Վրաց ժողովրդի մկրտությունը տեղի է ունենում Կուր գետում։ Առաջինը Նունեն մկրտում է Միհրան արքային և իր ընտանիքին, ապա՝ ժողովրդին։ Քրիստոնեության ընդունումից հետո Միհրան արքան նամակ է հղում Կոստանդիանոս Ա Մեծին (ըստ հայկական աղբյուրի՝ Գրիգոր Լուսավորչին) և խնդրում հոգևորականներ առաքել Վիրք։ Վրաց ժողովուրդը հոժարակամությամբ ընդունում է ավետարանը։ Արքան հրաման է տալիս կործանել երկրի տարածքում գտնվող բոլոր կուռքերը, ինչպես արել էր և ինքը, և կանգնեցնել պատվական խաչի նշանը։
Նախ և առաջ քրիստոնեացած վրացիները կործանում են երկրի գլխավոր տաճարը՝ նվիրված շանթարձակ Արամազդին։ Որպես կանոն, ամեն առավոտ բոլորն իրենց տների կտուրներից աղոթում էին Արամազդին, քանզի վերջինիս բարձրաբերձ արձանը երևում էր Մցխեթի բոլոր անկյուններից։
Նրա վրա հարձակվեցին քաղաքի նախարարները, թե ում պիտի երկրպագենք կուռքերի փոխարեն։ Նունեն ասաց, թե Քրիստոսի խաչի նշանին։ (Խաչ) շինեցին, կանգնեցրին վայելուչ բլուրի վրա, քաղաքի արևելյան կողմում, որ նույնպես բաժանված էր ավելի փոքր գետով։ Առավոտը ամբողջ բազմությունը նրան երկրպագեց, դարձյալ ամեն մեկն իր տան տանիքից։ Բայց երբ բլուրը բարձրացան ու տեսան, որ մի տաշած փայտ է, ոչ ճարտար ձեռքի գործ, շատ շատերն արհամարհեցին՝ ասելով, թե այդպիսի փայտով նրանց անտառը լիքն է, և թողին հեռացան։ Բայց բարերարն աստված նրանց գայթակղվելը տեսնելով, երկնքից ամպի սյուն իջեցրեց, լեռը լցվեց անուշահոտ բուրմունքով, և լսելի եղավ բազմաթիվ սաղմոսերգուների քաղցր ձայն, և լույս ծագեց խաչի նման, փայտյա խաչի ձևով ու չափով, որ կանգնեց նրա վրա՝ տասներկու աստղով։ Ապա բոլորը հավատացին ու երկրպագեցին, և այնուհետև նրանից բժշկական հրաշքներ էին կատարվում: |
Հաջորդիվ Նունեն քարոզչություն է իրականացնում նաև Քարթլիի մյուս մարզերում և գավառներում։ Նրա ջանքերով Մցխեթում հիմնադրվում է Վրաստանի առաջին քրիստոնեական կառույցը՝ Սվետիցխովելին։ Սվետիցխովելին հազարամյակներ շարունակ եղել է Վրաստանի գլխավոր տաճարը։
Հին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նունեի վարդապետության և Վրաստանի քրիստոնեականացման մասին գրել են վաղ շրջանի բազմաթիվ եկեղեցական պատմիչներ, այդ թվում՝ Սոկրատ Սքոլաստիկոսը, Թեոդորետոս Կյուրացին, Սոզոմեն և այլք։ Սոզոմենի «Եկեղեցական պատմություն» աշխատության 8-րդ գլուխը Հայաստանում և Վրաստանում քրիստոնեության տարածման մասին կարևորագույն գրավոր սկզբնաղյուրներից է։
Վրաստանում քրիստոնեության տարածման և ընդունման մասին հավաստի աղբյուրների դասին է պատկանում նաև Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը։ Հայոց քերթողահայրը մանրամասն կերպով ներկայացրել է քրիստոնեության վկայաբանությունը, ինչպես նաև վրացի ժողովրդի քրիստոնեացումը։
Վրաստանի քրիստոնեացման մասին ընդհանրական պատմությունն առաջին անգամ գրի է առնվել միայն ուշ միջնադարում՝ 9-10-րդ դարերում։ Վրաց միասնական պատմությունը գրելու պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Ղևոնդ Ռուիսեցին (Լեոնտի Մրովելի)՝ իր «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը» երկում (վրացական բնօրինակում՝ «Քարթլիս ցխովրեբա», թարգմանաբար՝ «Քարթլիի կյանքը»։ Հայտնի է, որ վրացի պատմիչ Ղևոնդն իր աշխատությունը գրելու ժամանակ որպես սկզբնաղբյուր օգտագործել է նաև Խորենացու աշխատությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական սկզբնաղբյուրները Վրաստանի մասին», մատենաշար՝ հայ-վրացական հարաբերություններ, հեղինակ՝ Ռուզաննա Հարությունյան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2016, ԵՊՀ հրատարակչություն, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1
- «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմություն», Լեոնտի Մրովելի, Թբիլիսի, Վրաստան