Նունե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նունե (այլ կիրառումներ)
Նունե
Santa Nina.jpg
Ծնունդ 296
Ծննդավայր Կապադովկիա, Թուրքիա
Վախճան հունվարի 14, 335
Սրբացված կարգ սուրբ

Նունե (հայտնի է նաև որպես սուրբ Նունե կույս, վրացական աղբյուրներում՝ սուրբ Նինո (წმინდა ნინო), մոտ 296 – մոտ 340, Վիրք), III դարի վերջի – IV դարի 1-ին կեսի ճգնավոր, տոնելի սրբուհի, Հայաստանում և Վրաստանում քրիստոնեություն քարոզիչ։ Ըստ ավանդության, նրա քարոզչությամբ և Հիսուս Քրիստոսի անունով կատարած հրաշագործությունների շնորհիվ քրիստոնեություն է ընդունել վրաց թագավոր Միհրանը, արքունիքը և ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Ըստ հայկական աղբյուրների, Նունեն եղել է ս. Հռիփսիմյանց կույսերից մեկը, նրանց հետ Հռոմից հասել է Հայաստան։ Վարագ լեռան մոտ առանձնացել է ընդհանուր խմբից և մեկնել Վիրք, ճգնողական կյանքը շարունակել Մցխեթ քաղաքի մոտակայքում։ Այստեղ քրիստոնեություն է քարոզել և «Սուրբ Հոգու զորությամբ» կատարել բժշկումներ։ Ըստ ավանդության, կույսը բուժել է Վրաց Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով, ապա բժշկել նաև հիվանդացած Նանա թագուհուն։

Դրանից քիչ անց, Միհրանը, մի անգամ որսորդության գնալիս, հանկարծակի շրջափակվել է մութ մառախուղով։ Որոշել է աղոթք հղել Նունեի քարոզած Աստծուն, ինչից հետո խավարը փարատվել է։ Վերադառնալով պալատ՝ թագավորը հրաման է արձակում՝ ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Բարձրյալ Աստծո Որդու, իսկ Նունեին՝ որպես առաքելուհու։ Թագավորի գործակցությամբ Նունեն քանդել է տվել Կուր (Քուռ) գետի ափին՝ բլրի վրա կանգնեցված Արամազդի (Արմազի) արձանը և փոխարենը կանգնեցրել Քրիստոսի խաչի նշանը։[1]

Նունեի խորհրդով Վրաց թագավորը պատգամավորներ է ուղարկել Կոստանդիանոս կայսրին (ըստ վրաց վկայաբանության) կամ Գրիգոր Ա Լուսավորչին (ըստ հայկական վկայաբանության), որպեսզի հոգևորականներ առաքվեն Վիրք։ Կուր գետում տեղի է ունեցել ժողովրդի մկրտություն, ապա Մցխեթում կառուցվել է Սուրբ Խաչ եկեղեցին։ Սուրբ Նունեն նաև շրջել է Վիրքի մյուս գավառներում՝ քարոզելով քրիստոնեական հավատը։

Վախճանվել է խաղաղությամբ՝ բնական մահով։ Գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որն ուխտավայր է դարձել։

Ըստ վրացական աղբյուրների՝ սուրբ Նունեն դեպի Վիրք իր ուղևորության սկզբում եղել է Ջավախքում, Փարվանա լճի մոտ։ Այստեղ նա մնացել է 2 օր, կերակուր խնդրել ձկնորսներից, հովիվների հետ խոսել հայերեն։ Վրաստանում սուրբ Նունեի հիշատակի տոնը տոնվում է հունվարի 14-ին։ Հայ եկեղեցին ներկայումս այն նշում է Տոն Կաթողիկեին (Տոն Ս. Էջմիածնի) հաջորդող երեքշաբթի օրը՝ Սուրբ Մանե կույսի հիշատակի հետ միասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, II, ՁԶ Երանելի Նունեի մասին, թե ինչպես պատճառ դարձավ վրացիների փրկության, Երևան, 1990, էջ 150: