Շապուհ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շապուհ I
Ծնվել է՝2-րդ դար
ԾննդավայրՖիրուզաբադ, Ֆարս, Իրան
Մահացել է՝272[1][2][3][…]
Վախճանի վայրBishapur, Կազերուն, Ֆարս, Իրան
Երկիր Սասանյան Պարսկաստան
ՏոհմՍասանյաններ
գերիշխան
ՀայրԱրտաշիր Պապական
ՄայրMurrod?
ԵրեխաներՎահրամ Ա, Ներսեհ և Որմիզդ Ա Սասանյան
ՀավատքԶրադաշտականություն

Շապուհ I (պահլավերեն՝ Shahpuhr, որը թարգմանությամբ նշանակում է «արքայորդի», արդի պարսկերենով՝ شاپور یکم - Shapur Yekem - Շապուհ Առաջին), ծննդյան թիվն անհայտ 200-205 վ. 273 թ ― Սասանյան Պարսկաստանի թագավոր, «արքայից արքա» 243 - 273 թթ։ Արտաշիր I-ի՝ Սասանյանների արքայական հարստության հիմնադրի որդին էր։

Նվաճողական քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաղշ-ի Ռուստամի բարձրաքանդակներից մեկը, որտեղ պատկերված է Շապուհ I-ը՝ ձի հեծած, իսկ իր ձիու ոտքերի դիմաց՝ պարտված Վալերիանոսը՝ ծնկաչոք դիրքում

Շապուհ I-ը շարունակում էր իր հոր կողմից վարած շարունակական պատերազմները Հռոմի հետ և նրա զավթողական քաղաքականությունը, նվաճելով Մծբինը (Հայոց Միջագետքում) և Խառանը (Օսրոենեում), իսկ հետագայում ներխուժելով Ասորիքի խորքերը։ 243 թ Եդեսիայի մոտակայքում հռոմեական զորքերից պարտություն կրելուց հետո Շապուհին այնուամենայնիվ հաջողվեց հաշտության նպաստավոր պայմանագիր կնքել Հռոմի հետ 244-ին։ 252 թ, օգտվելով Հայաստանում տեղի ունեցող ներքին պառակտումներից, նա միջամտեց և աջակցեց իր դաշնակցին՝ Արտավազդ Արշակունուն, որն այդ թվականին Շապուհի օգնությամբ իրեն հռչակեց Հայոց արքա (Արտավազդ Ե)։ Արտավազդի պարսկամետ կողմնորոշումը երկար չտևեց և շուտով նա սկսեց մտերմանալ Հռոմի հետ, ինչն առիթ ծառայեց Շապուհի կողմից ռազմական միջամտության։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և միաժամանակ օգտվելով Հռոմեական կայսրության մեջ տիրող ներքին քաղաքական քաոսից, Շապուհ I-ը 256 թ անսպասելիորեն հարձակվեց Հայաստանի, Ասորիքի և Կենտրոնական Անատոլիայի վրա, գրավեց և ամբողջովին թալանեց Անտիոքը, բայց ապա հակահարվածների ենթարկվեց հռոմեական կայսր Վալերիանոսի կողմից։ Սակայն քիչ անց Շապուհը վճռական հաղթանակ կրեց Վալերիանոսի զորքերի վրա՝ Ուռհայի մոտակայքում (260 թ), որտեղ պարսից բանակի կողմից մասնակցում էին նաև նորից դաշնակից դարձած Արտավազդ Արշակունու հայկական զորամասերը։ Պարտությունից հետո Վալերիանոսը ուղղվեց Շապուհի հետ բանակցություններ վարելու, բայց Շապուհը նրան դավադրորեն ձերբակալեց և ցմահ կալանքի ենթարկեց։ Հայոց Արտավազդ արքան Շապուհին նամակ գրեց՝ Վալերիանոսին ազատ արձակելու առաջարկով, սակայն Շապուհը նրա միջամտությանը չարձագանքեց։ Վալերիանոսի գերեվարության փաստը հետագայում կարևոր սյուժե դարձավ Շապուհ I-ին նվիրված մի շարք հայտնի բարձրաքանդակների համար։

Ներքին կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապուհն առանձնապես շահագրգռված չէր Հռոմեական կայսրության արևելյան տարածքներին վերջնականապես տիրանալու մեջ, նա բավարարվում էր իր նվաճումներից գոյացած ավարով (թանկարժեք իրեր, ինչպես նաև մարդկային ուժ)։ Անտիոքից բերված գերիները կառուցեցին Գունդի Շահփուր քաղաքը, որը խորհրդանշանն էր Շապուհի հաղթանակների և որը հետագայում հայտնի դարձավ որպես ուսման կենտրոն Սասանյան Պարսկաստանում։ Շահագործելով նույն գերիների աշխատատանքը, նա կառուցեց այն ժամանակների համար ինժեներական գլուխգործոց համարվող Շուշթարի ամբարտակը, որի ավերակները պահպանվել են մինչև օրս և հայտնի են «Բանդե-Ղեյսար» («Կեսարի ամբարտակ») անունով։

Շապուհին այլևս չէր բավարարում Արտաշիրից ժառանգած «Արյաց արքայից արքա» կոչումը, և ինքն իր համար ավելի փառավոր և տիեզերական իմաստ ունեցող տիտղոս ընտրեց՝ «Արյաց և անարյաց արքայից արքա» (šāhān šāh ērān ud anērān)՝ շեշտելով նաև ոչ իրանական ազգերի վրա իր գերիշխանության տարածման փաստը։ Երևի պատճառը հենց իր տիեզերակալական հակումներն էին, որ Շապուհը փորձում էր իր կայսրությունում հաստատել մի այնպիսի կրոն, որն ընդունելի կլիներ իր բոլոր հպատակների համար։ Դրանով է բացատրվում իր հատուկ վերաբերմունքը Մանիի՝ մանիքեության հիմնադրի և ջատագովի նկատմամբ, թեև իր ժամանակի վիմագրերն ու այլ աղբյուրները նշում են, որ Շապուհը շարունակում էր կառուցել զրադաշտական ատրուշաններ ամբողջ երկրի տարածքում։

Թեև իր հորը՝ Արտաշիրին է պատկանում Սասանյան կայսրությունը հիմնադրելու փառքը, սակայն Շապուհն էր, որը կենտրոնացրեց և ամրապնդեց այդ պետության կառավարման ապարատը, ընդլայնեց երկրի տարածքը և ապահովեց նրա սահմանները՝ հաստատելով ռազմական ուժի գերազանցություն այդ ամբողջ տարածքաշրջանում։ Նա այդ նոր տիրությունը պատկերացնում էր որպես բազմազգ պետություն, որտեղ մանիքեականությունը կարող էր ծառայել որպես միավորող գործոն։ Դա իհարկե չիրականացվեց և զրադաշտականությունը պահպանեց, իսկ հետագայում՝ էլ ավելի ամրապնդեց իր դիրքը Պարսկաստանում՝ որպես պետական միակ կրոն։

Շապուհ I-ի մահից հետո իրեն հաջորդեց իր ավագ որդին՝ Որմիզդ I-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արտաշիր I
Պարսից արքա
Շապուհ I

243 - 273
Հաջորդող
Որմիզդ I