Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
վրաց.՝ საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა
 Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն 1918 - 1921 Վրացական ԽՍՀ 
Flag of Georgia (1918–1921).svg Coat of arms of the Democratic Republic of Georgia.svg
Քարտեզ

Democratic Republic of Georgia in 1918.svg

Քարտեզ2

Democratic Republic of Georgia (hy).svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թբիլիսի[1]
Մակերես 107.600 կմ2(1918)
Բնակչություն 2.500.000 (1919)
Լեզու վրացերեն
Ազգություն վրացիներ, հայեր, ռուսներ
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի
Հիմն Թավիսուփլեբա
Արժույթ վրացական լարի
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა), անկախ վրացական պետություն Հարավային Կովկասում 1918-1921 թվականներին։ Հիմնադրվել է 1918 թվականի մայիսի 26-ին՝ անջատվելով Անդրկովկասյան Ֆեդերացիայից[2]։ Տարածքը կազմել է առավելագույնը 107 600 քառ. կմ։

Վրաստանի մայրաքաղաքը Անդրկովկասի քաղաքական ու մշակութային կենտրոն Թբիլիսին էր։ Սկզբնական շրջանում, երբ ավարտվում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Գերմանական կայսրության հովանավորության ներքո Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Քութայիսի և Թիֆլիսի նահանգներում հռչակում է երկրի անկախությունը[3]։ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո տարածաշրջանում Օսմանյան կայսրության ու Գերմանիայի ազդեցությունը վերանում է, և այն անցնում է Միացյալ Թագավորության հսկողության ներքո։ Բացի Թիֆլիսի ու Քութայիսի նահանգներից, պետության սահմաններում են եղել նաև Բաթումի մարզն ամբողջությամբ, Կարսի մարզի հյուսիսային ու արևելյան հատվածները, Սուխումի և Զաքաթալայի շրջանները, տարբեր ժամանակներում՝ Սոչի քաղաքը, հատվածներ Էրզրումի ու Տրապիզոնի նահանգներից։

1921 թվականին Խորհրդային Հայաստանից 11-րդ Կարմիր բանակի զորքերը հարավից մտան Վրաստան, գրավեցին Թբիլիսին և երկրում հաստատեցին խորհրդային կարգեր։ 1921 թվականի մարտի 18-ին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը լուծարվեց, և հիմնադրվեց Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը[4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրկովկասյան միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Ռուսական կայսրությունում բռնկվել էր Փետրվարյան հեղափոխությունը: Անդրկովկասում դրա գլխավոր արդյունքներից մեկը Անդկովկասյան Հատուկ Կոմիտեի (ՕԶաԿոմ) կազմավորումն էր՝ Թիֆլիս կենտրոնով (մարտ-նոյեմբեր 1917)։ Այն կազմված էր պետական դումայի ներկայացուցիչ 4 անդամներից, ովքեր հարում էին բուրժուա-դեմոկրատական կուսակցությանը։ Վրաստանի խորհրդի պատգամավորների մեծ մասը անդամագրված էին սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը և աջակցում էին Ժամանակովոր կառավարությանը[6]։

Հեղափոխությունը հանգեցրեց քաոսի։ Ռուսաստանը դեռևս դուրս չէր եկել պատերազմից, և այն շարունակում էր երկու ճակատով՝ գերմանա-ավստրո-հունգարական ու կովկասյան: 1917 թվականի նոյեմբերին Անդկովկասյան Հատուկ Կոմիտեն փոխարեն Անդրկովկասի առաջատար ազգային կուսակցությունների՝ վրացի մենշևիկների, մուսավաթականների, դաշնակցականների, նաև էսէռների, սոցիալ-ֆեդերալիստների և նրանց պաշտպանող խորհուրդների ու արհմիությունների ներկայացուցիչների՝ Թիֆլիսում կայացած խորհրդակցությունում ստեղծվում է Անդրկովկասի կոմիսարիատը։ Դրանում ազդեցիկ էին վրացի մենշևիկները։ Ժողովրդին ուղղված իր կոչում Անդրկովկասյան կոմիսարիատը հայտարարել էր, որ կոչված է պայքարելու անիշխանության և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ 1917 թվականի դեկտեմբերին Երզնկայի զինադադարից հետո թուրքական զորքերը հարձակվեցին Արևմտյան Հայաստանի ու Անդրկովկասի վրա։

Նոյ Ռամիշվիլի`
Վրաստանի առաջին վարչապետ
(մայիսի 26-հուլիսի 24, 1918)

Պատերազմի հետևանքով Անդրկովկասյան կոմիսարիատի հիմնական ազգային կուսակցությունների միջև կային լուրջ տարաձայնություններ ներքին և արտաքին քաղաքականության հարցերում։ Վրացի մենշևիկները ձգտում էին ստեղծել անկախ վրացական պետություն և այդ նպատակին հասնելու առաջին քայլը համարում էին խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատումը։ Մուսավաթականները հակված էին դեպի Թուրքիան և պատրաստ էին աջակցելու Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը։

1918 թվականի փետրվարի 10-ին ստեղծվեց պետական իշխանության հակահեղափոխական մարմին՝ Անդրկովկասյան սեյմը: Նրա օրենսդիր մարմինը ներառում էր պատգամավորական պալատներ։ Բոլշևիկյան Ռուսաստանը 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում պարտվողական պայմանագիր կնքեց, որով նա գնաց հսկայական տարածքային զիջումների։ Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը[7]։

Վրաց և հայոց ազգային խորհուրդները դիմում ներկայացրեցին Ռուսական կայսրությանը, որով նրանք նշում էին որ դեմ են Բրեստ-Լիտովսկում կայացած որոշումներին և պատերազմ են հայտարարում Թուրքիային։ Պատերազմի ընթացքում թուրքերը Գերմանիայի օգնությամբ ռազմակալում են Կարսը, Արդահանը, Բաթումը և Ախալցխան։

Ապրիլի 22-ին Անդրկովկասը հայտարարեց «Անկախ դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետություն»։ Նոր պետական կազմավորումը տևեց երկու ամիս։ Քաղաքական այս իրավիճակում, Վրաստանի Ազգային խորհուրդը խնդրում է Գերմանիայի հովանավորությունը, որը դեռևս 1918 թվականին ստորագրել էր գաղտնի պայմանագիր Թուրքիայի հետ, որի արդյունքում մեծացել էր իր ազդեցությունը Թուրքիայում։ Գերմանիան հայտնում է իր պատրաստակամությունը՝ Վրաստանին օգնելու համար։ Մայիսի 26-ին, 27-ին և 28-ին իրենց անկախությունը հռչակեցին համապատասխանաբար Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը:

Պատերազմից հետո բանակցությունները Տրապիզոնից տեղափոխվեցին Վրաստանի նավահանգստային Բաթում քաղաք։ Մայիսի 11-ից 26-ը Բաթումում տեղի էին ունենում բանակցություններ՝ Անդրկովկասում անկախ պետությունների ստեղծման մասին։ Թուրքիան պահանջում էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրի դրույթների պահպանումը, սակայն դրան դեմ էին Հայաստանը և Վրաստանը։

Գերմանիայի և Թուրքիայի ռազմախուժում (ինվազիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացի կամավորները 1918 թվականին

Մայիսի 28-ին Գերմանիայի և Վրաստանի միջև ստորագրվում է պայմանագիր, որի համաձայն երկրում աճում է Գերմանիայի ազդեցությունը։ Գերմանիան Ղրիմից էքսպեդիցիոն ուժեր է տեղափոխում դեպի Փոթի նավահանգիստ։ Գերմանիայի կովկասյան դաշնակիցը՝ Թուրքիան, իր հերթին նվաճումներ սկսեց Անդրկովկասում։

Թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան և վճռական ճակատամարտեր տեղի ունեցան Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում։ Բացի այդ, թուրքերը ռազմակալեցին Վրաստանի հարավը և ներխուժեցին Ադրբեջան։ Աբխազիան խորհրդայնացվեց և այստեղ հաստատվեցին սոցիալիստական կարգեր։ Գծվեց Աբխազայի և Վրաստանի միջև սահմանը։

Վրաստանը մենշևիկների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենշևիկների իշխանության տարիներին խախտվեցին Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ Լարված էին հարաբերությունները նաև ռուսական կայսերական գեներալների («սպիտակներ») հետ։ 1918 թվականի առաջին կեսին մենշևիկյան իշխանության դեմ տեղի ունեցան աշխատավորների զինված ընդվզումներ։ Հեղափոխական շարժման դեմ պայքարի նպատակով մենշևիկները գործակցեցին ինտերվենտների հետ, 1918 թվականի մայիսի վերջին Վրաստան մտան գերմանական զորքերը։

1918 թվականի հունիսի 4-ին վրացական մենշևիկյան կառավարությունը Բաթումում պայմանագիր կնքեց Օսմանյան կայսրության հետ, որով վերջինիս էր անցնում Վրաստանի տարածքի մի մասը (Աջարիան

1918 թվականի նոյեմբերի 30-ց սկսած, երբ կնքվեց Մուդրոսի զինադադարը, գերմանա-թուրքական զորքերին փոխարինեցին անգլիացիները, որոնք Վրաստանում մնացին մինչև 1920 թվականի հուլիսը։ 1919 թվականին Վրաստանի բոլշևիկները Գրիգորի Օրջոնիկիձեի գլխավորությամբ սկսեցին նախապատրաստվել զինված ապստամբության։ 1919 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին ապստամբեց Վրաստանի գավառների մեծ մասը։

Երկրի ներքին և արտաքին իրավիճակը մենշևիկյան կառավարությանը ստիպեց ՌԽՖՍՀ-ի հետ կնքել պայմանագիր, որով նա պետք է խզեր կապերը ռուսական հակահեղափոխության հետ, Վրաստանից դուրս բերեր օտարերկրյա զորամասերը, օրինականացներ բոլշևիկյան կազմակերպությունները։ Վրաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Սերգեյ Կիրովը։

Հայ-վրացական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ-վրացական պատերազմ
Գեորգի Մազնիաշվիլի

Անդրկովկասյան երեք հանրապետությունները իրենց ստեղծման առաջին տարիներին գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։ Հայաստանի առաջին հանրապետությունը և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը անկախության հռչակագրերի ստորագրումից հետո ունեին տարածքային վեճեր։

Վրաստանը, օգտվելով Հայաստանում Թուրքիայի ինտերվացիայից, իր 7000 հոգուց կազմված զորքերը մտցրեց Լոռի։ Հայկական ուժերը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ հակահարված հասցրին Վրաստանին։

Հոկտեմբերի 5-ին թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան Երևանում հայտարարեց, որ իրեն հրամայված է զորքերը հանել Լոռի-Փամբակի շրջանից։ Հայկական կառավարությունը Դրոյին հանձնարարեց իր ղեկավարած Դիլիջան-Լոռիի զորամասի զորքերով անմիջապես զբաղեցնել թուրքերից ազատված տարածքը։ Դրոյի հրամանով, Կուռո Թարխանյանի հեծելազոր գրավեց Դսեղ-Քոլագերան-Ղաչաղան գիծը, իսկ Ապարանում գտնվող գնդապետ Ղորղանյանի զորամասը, անցնելով Սպիտակի լեռնանցքով, զբաղեցրեց Ջալալօղլի–Կուռթան գիծը։

Հոկտեմբերի 21-ին հայ զինվորներն արդեն լիովին վերահսկում էին շրջանը։ Հոկտեմբերի վերջին վրացական զորքերի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրեց ՀՀ կառավարությանը՝ հայկական զորախումբը Լոռվա գավառի սահմաններից անմիջապես հեռացնլու պահանջով։ ՀՀ կառավարությունը մերժեց վերջնագիրը, քանի որ ընդունել այն, կնշանակեր գավառը կամովին զիջել Վրաստանին։ Այդ մերժմանն ի պատասխան, վրացական կողմը փակեց Հայաստան մտնող երկաթգիծը՝ Հայաստանը կտրելով արտաքին աշխարհից, իսկ դեկտեմբերի 5-ին պաշարվեց Ախալքալաքը։

Դեկտեմբերի 30-ին հայկական զորքերը ստացան այս պատերազմում առաջին ու միակ համալրումը՝ 600-հոգանոց ջոկատ և, չնայած վրացիների թվական գերակշռությանը, հաջորդ օրն իսկ կրկին հարձակաման անցան ու վճռական գրոհով վերագրավեցին Սադախլուն։ Դեպի Թիֆլիս ճանապարհն այլևս բաց էր։

Սակայն, նույն օրը երեկոյան, Անգլիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդությամբ, հրադադար հաստատվեց։ Պատերազմն ավարտվեց։ Կատարվեցին տարածքային փոխանակություններ, որի համաձայն Լոռին մնում էր Հայաստանի Առաջին Հանրապետությանը, իսկ Ախալքալաքը և Ախալցխան անցնում էին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[8]։

Վրաստանը 1920-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունում կատարվում են իշխանական մարմինների և կառավարման ձևի ընտրությունների և որոշում է ընդունվում կառավարությունը հանձնել մենշևիկներին՝ սոցիալ-դեմոկրատական հոսքին՝ Ն. Ջորդանիայի ղեկավարությամբ։

Այդ ժամանակահատվածում Վրաստանի կառավարությունը պաշտոնական բանակցություններ էր վարում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նպատակ ունենալով իր տարածքային հիմնախնդիրները լուծել «Մեծ տերությունների» միջնորդությամբ։ 1919 թվականին ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է ճանաչել Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության և Անդրկովկասի մյուս երկրներին անկախությունը, սատարելով Թուրքիային[9]:

Այն բանից հետո, երբ 1920 թվականի հունվարի 12-ին ռուսական զորքերը մտան Վրաստան, Եվրոպայի մեծ տերությունները (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) դե ֆակտո կերպով ճանաչեցին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության և ավելի ուշ նաև Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը:

Նրանք պատճառաբանություն ներկայացրեցին, որ կարևոր է Անդրկովկասի անկախութունը, քանի որ այն հանդիսանում է կամուրջ Ռուսաստանի և մուսուլմանական աշխարհի միջև[10]:

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության նախարարական կազմը

Մարտի 17-ին Վլադիմիր Լենինը Ադրբեջանը խորհրդայնացնելու նպատակով խորհրդային բանակը մտցնում է Անդրկովկաս։ 1920 թվականի ապրիլի 28-ին բոլշևիկները Ադրբեջանում կառավարությունը վերցնում են իրենց ձեռքը և հռչակվում է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:

Վրաստանի կառավարությունը տեսնելով այս ամենը, հասկացավ, որ հաջորդ հարվածը լինելու է Վրաստանին։ Կառավարության որոշմամբ, սկսվեցին թերթերում հրատարակել պատմական փաստեր Անդրկովկասում տիրող պատերազմական իրավիճակների մասին։ Եվ ի վերջո 11-րդ կարմիր բանակը Հայաստանը խորհրդայնացնելուց հետո մտնում է Վրաստան։

1920 թվականի մայիսի 7-ին կնքվում է Մոսկվայի պայմանագիրը` Խորհրդային Ռուսաստանի և Վրաստանի Դեմոկրատական կառավարության միջև: Այս պայմանագիրը նորաստեղծ պետության առաջին դե յուրե պայմանագիրն էր: Ըստ Մոսկվայի պայմանագրի, Ռուսաստանը անվերապահորեն ճանաչում է Վրաստանի անկախությունը, սակայն իր զորքերը անվտանգության նկատառումներից ելնելով որոշ ժամանակ պետք է թողնի Վրաստանի տարածքում:

1920 թվականին Քութայիսը, Քվեմո Քարթլը և Բաթումը հռչակվեցին մարզեր: Թիֆլիսը` որպես դաշնային քաղաք, մնաց Վրաստանի քաղաքական և մշակութային մայրաքաղաքը։ Վրաստանի միասնության գաղափարը հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դժգոհությանը։ Հայաստանը պահանջներ ուներ Ախալքալաքի և Ախալցխայի շրջանների Վրաստանի կազմում մնալու, ինչպես նաև Թիֆլիսի նահանգի և Բաթումի մարզ ինքնավարության համար։ Ադրբեջանը պահանջում էր Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքները, այդ թվում նաև Զակատալա շրջանը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում կնքված պայմանագիրը ամրացրեց Վրաստանի սահմանագիծը։ Լուրջ հակասություններ սկսվեցին Հայաստանի հետ, որը լուծվեց խաղաղ եղանակով։

1920 թվականին Վրաստանը դառնում է Ազգերի լիգայի ոչ լիիրավ անդամ։

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 16-ին Շուլավերում ստեղծվեց Վրաստանի Հեղկոմը (Ա․ Գեգեչկորի, Վ․ Կվիրկվելիա, Ֆ․ Մախարաձե և ուրիշներ)։ Դեմոկրատական Վրաստանի կառավարությունը հասկանում էր, որ Ռուսաստանի հաջորդ քայլը լինելու է Վրաստանի խորհրդայնացումը։

1921 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գորիի, Դուշեթի, Լեչխումի և այլ շրջաններում սկսվեցին զինված ապստամբություններ, որոնք տարածվեցին ամբողջ Վրաստանում։

1921 թվականի փետրվարի 25-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը վրացական ապստամբական ջոկատների հետ մտան Թիֆլիս, տապալեցին մենշևիկյան կառավարությունը։ Մարտի 4-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Աբխազիայում։ Կազմվեց Աբխազական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։

Մարտի 5-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Ցխինվալում (Հարավային Օսիա)։ 1921 թվականի մարտի 16-ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև Մոսկվայում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան հրաժարվեց Բաթումից և Աջարիայի հյուսիսային մասից։ Պայմանագրի համաձայն Աջարիան ճանաչվեց Վրաստանի անբաժանելի մասը։

Մարտի 18-ին մենշևիկյան կառավարությունը վտարվեց Բաթումից։ Մարտի վերջին Վրաստանի ամբողջ տարածքը մաքրվեց մենշևիկյան զորքերից։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից ազգայնացվեցին արդյունաբերությունը, երկաթուղիները, բանկերը, հողերը։

1978 թվականի ապրիլի 14-ին ՎԽՍՀ Գերագույն Խորհուրդի VIII արտահերթ նստաշրջանն ընդունեց հանրապետության նոր սահմանադրությունը։ 10-րդ հնգամյակում Վրաստանի աշխատավորները մեծ հաջողությունների հասան ժողովրդական տնտեսության զարգացման գործում։

Հանրապետությունը բոլոր ցուցանիշներով 1979 թվականին արդյունաբերական արտադրանքի տեմպերի աճով դուրս եկավ 3-րդ տեղ, աշխատանքի արտադրողականության աճի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճի տեմպերով՝ 2-րդ տեղը և 3-րդ տեղը՝ պետական որականիշով արտադրանքի արտադրությամբ[11]։

Միջազգային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 7-ին Մոսկվայի խաղաղության պայմանագրով Խորհրդային Ռուսաստանի իշխանությունները՝ բոլշևիկները, պաշտոնապես ընդունում են Վրաստանի անկախություն Անդրկովկասի սեյմից: Ըստ Մոսկվայի համաձայնագրի, ռուսական զորքերը դուրս էին բերվում Վրաստանի տարածքից, իսկ Վրաստանում ձևավորվում էին նոր իշխանական մարմիններ, որոնք պատասխանատու չեն Ռուսաստանի խորհրդային կառավարությանը։

1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրից հետո Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության անկախությունը ընդունում են Ռումինիան, Արգենտինան, Գերմանիան, Թուրքիան, Բելգիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իտալիան, Լեհաստանը, Չեխոսլովակիան և այլն։

Ժամանակի ընթացքում նրա անկախությունը ճանաչում են նաև մյուս երկրները՝ Հունաստանը, Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Ադրբեջանը, Էստոնիան, Պորտուգալիան և այլն։

Քաղաքական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1918-1921 թվականներին նրա գոյատևման ժամանակահատվածում նա կարողացավ լուծել իր տարածքային խնդիրները հարևան պետությունների հետ (Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, Հայաստանի Առաջին Հանրապետություն, Մուսավաթական Ադրբեջան, Քեմալական Թուրքիա

Հարավում` Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը սահմանակցել է Թուրքիային, որը կառավարվում էր Մուստաֆա Քեմալի հիմնադրած Ազգայնական ուժերի կողմից, որոնք կոչվում էին նաև քեմալականներ։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի նվաճումները կատարվել էին նաև Վրաստանի տարածքների հաշվին։ Թուրքիայի տարածքում էին գտնվում Ախալքալաքի և Ախալցխայի մարզերը, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը և հարակից գյուղական բնակավայրեր։

Բաթում

1920 թվականի օգոստոսին Ֆրանսիայի Սևր արվարձանում կնքված պայմանագրով Առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքական օկուպացված տարածքները վերադարձվում էին տերերին։ Պայմանագրի համաձայն տարածքային ձեռքբերումներ էին ունենում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը, Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը և այլն։ Թուրքիան ենթարկվում էր կապիտուլյացիայի։ Սակայն Սևի պայմանագիրը մնաց թղթի վրա, իսկ Վրաստանը իր հողերը կարողացավ վերադարձնել միայն Մեծ Բրիտանիայի օգնությամբ։

Սահմանային վեճեր առաջացան նաև նոր կազմավորված Հայաստանի հետ։ Վրաստանը կարծելով թե Հայաստանը շուտով որպես պետություն կվերանա, գրավվելով Թուրքիայի կողմից, մտածեց, որ Լոռին կարելի է օկուպացնել և այնտեղ մտցրեց իր 7000 հոգուց կազմված զորքը։ Ի վերջո պատերազմը ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ Լոռին մնաց Հայաստանի կազմում և ստացավ մարզի կարգավիճակ։

Նորաստեղծ Ադրբեջանը Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արևելյան հարևանն էր։ Զաքաթալայի շրջանի հետ կապված տարածքային վեճեր առաջացավ այս երկու երկրների միջև։ Սակայն դա լուծվեց խաղաղ եղանակով, իսկ Զաքաթալայի շրջանը մնաց Ադրբեջանի կազմում։

1921 թվականին ընդունվեց նոր որոշում, որի համաձայն Աբխազիան և Աջարիան ստանում էին ինքնավարություն։ Շուտով Ռուսաստանը ճանաչեց նաև Հարավային Օսիայի անկախությունը։

Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը բացի իր հիմնական տարածքից, ընդգրկում էր նաև այլ նվաճված հողեր։ Նրա հիմնական տարածքը կազմում էր 69.700 կմ², իսկ ընդհանուր տարածքը՝ 107.600 կմ²: Մայրաքաղաք Թիֆլիսն էր, որը հետագայում վերանվանվեց Թբիլիսի: Նրա տարածքում գտնվող մյուս խոշոր քաղաքներն են Բաթումը, Արդահանը, Ցխինվալը, Ախալքալաքը և այլն[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. თენგიზ ვერულავა։ «საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა – Democratic Republic of Georgia (1918-1921 წწ.)»։ სტატიების, ნაშრომების კრებული։ ინტერნეტ ბლოგ-ჟურნალი „ბურუსი“ 
  2. «Full text of "Democratic Republic of Georgia (1918-1921)"»։ archive.org։ Վերցված է 2015-11-23 
  3. «A Retrospective on the 1921 Constitution of the Democratic Republic of Georgia»։ www.fed-soc.org։ Վերցված է 2015-11-23 
  4. «A Retrospective on the 1921 Constitution of the Democratic Republic of Georgia»։ www.fed-soc.org։ Վերցված է 2015-11-23 
  5. «Karl Kautsky: Georgia (Chap.12)»։ www.marxists.org։ Վերցված է 2015-11-23 
  6. «First Republic of Georgia»։ First Republic of Georgia (en-US)։ Վերցված է 2015-11-23 
  7. დაზმირ ჯოჯუა, ტარიელ ფუტკარაძე։ «საქართველო 1918-21 წლებში» (html)։ ისტორიული ნარკვევი։ არასამთავრობო ორგანიზაცია ”საქართველოს დეპუტატთა კლუბი-28 ოქტომბერი” 
  8. «საქართველოს კონსტიტუცია» (pdf)։ სრული ვერსია (1918–1921 წლები)։ სპებ, ციფრული ბიბლიოთეკა 
  9. «Democratic Republic of Georgia - History of Georgia»։ sites.google.com։ Վերցված է 2015-11-23 
  10. «Republic of Georgia»։ www.angelfire.com։ Վերցված է 2015-11-23 
  11. «საქართველოს მთავრობა – მთავარი»։ gov.ge։ Վերցված է 2015-11-23 
  12. «Trending | Tumblr»։ www.tumblr.com։ Վերցված է 2015-11-23 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Legal Acts of the Democratic Republic of Georgia (1918–1921)", Tbilisi, 1990.
  • I. Tseretelli, "Separation de la Transcaucasie et de la Russie et Independence de la Georgie", Paris, Imprimerie Chaix, 1919.
  • P. Surguladze, "The international importance of the independence of Georgia", Istanbul, 1918.
  • P. Surguladze, "Georgia as the independent country", Istanbul, 1918.
  • D. Ghambashidze, "Mineral resources of Georgia and Caucasia. Manganese industry of Georgia", London, 1919.
  • K. Salia, "The History of Georgian Nation", Paris, 1983.
  • Al. Manvelichvili, "Histoire de la Georgie", Paris, 1951.
  • Z. Avalishvili, "The Independence of Georgia in the International Politics of 1918-1921", Paris, 1923.
  • Karl Kautsky: Georgien. Eine sozialdemokratische Bauernrepublik. Eindrücke und Beobachtungen. Wiener Volksbuchhandlung, Wien 1921.
  • K. Kandelaki, "The Georgian Question Before the Free World", Paris, 1951.
  • G. Kvinitadze, "My answer", Paris, 1954.
  • Jan V. Nanuashvili, "What everyone in the Free World should know about Russia", Vantage Press, New York / Washington / Hollywood, 1973.
  • V. Tevzadze, "The memoirs of the Georgian Officer". J. "Iveria", No 32, Paris, 1988.
  • N. Matikashvili, M. Kvaliashvili, "Cadets". J. "Iveria", No 32, Paris, 1988.
  • O. Janelidze, "From May 26 to February 25", Tbilisi, 1990.
  • G. Mazniashvili, "The Memoirs", Batumi, 1990.
  • L. Urushadze, "Bolshevism-Menshevism and the Democratic Republic of Georgia (1918–1921)", 2nd edition, Publishing House "Ena da Kultura", Tbilisi, 2005, ISBN 99940-23-56-X.
  • R. Tsukhishvili, "The English-Georgian Relations (1918–1921)", Tbilisi, 1995.