Հայ-վրացական պատերազմ
[[Պատկեր:s|250x350px]] | |
Թվական | դեկտեմբերի 7-31, 1918 |
Մասն է | Հետպատերազմյան բախումներ |
Վայր | Քվեմո Քարթլի, Ջավախք և Լոռի |
Արդյունք | Հայ-վրացական արձանագրություններից բխող կետեր՝
|
Հակառակորդներ | |
Հայաստանի Առաջին Հանրապետություն | Վրաստանի դեմոկրատական հանրապետություն Աջակիցներ՝ Գերմանական կայսրություն |
Հրամանատարներ | |
Դրաստամատ Կանայան Մովսես Սիլիկյան Հովհաննես Հախվերդյան | Գիորգի Մազնիաշվիլի Վալիկո Ջուղելի Գիորգի Կվինիտաձե |
Կողմերի ուժեր | |
3500-4000[1] | Ավելի քան 10000[1] |
Ռազմական կորուստներ | |
550 սպանված և անհետ կորած[1], 170 գերի[1], 2 թնդանոթ[1], 3 գնդացիր[1] | 1150 սպանված և անհետ կորած[1], 1200 գերի[1], 18 թնդանոթ[1], 24 գնդացիր[1], 3 զրահապատ գնացք[1], 19 շոգեշարժ[1], 320 երկաթուղային վագոն[1] |
Ընդհանուր կորուստներ |
Հայ-վրացական պատերազմ, սահմանային կարճատև պատերազմ Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի դեմոկրատական հանրապետության միջև, որը տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերին՝ հակամարտող երկրների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։ Ռազմական գործողությունները մեծապես ծավալվել են երկու պետությունների սահմանամերձ շրջաններում՝ Լոռիում, Ջավախքում (Ախալքալաք) և Քվեմո Քարթլիում։ Հայկական զորաբանակը գլխավորում էր առաջին հանրապետության ռազմական նախարար, զորավար և ֆիդայի Դրաստամատ Կանայանը։ Վրացական բանակը գործում էր Հարավային Կովկասում հաստատված գերմանական կայազորների զորակցությամբ, իսկ վրաց-գերմանական միացյալ ուժերի գլուխ կանգնած էին Գիորգի Մազնիաշվիլին, Գիորգի Կվինիտաձեն և Վալիկո Ջուղելին։
Նորանկախ կովկասյան հանրապետությունները 20-րդ դարի առաջին տասնամյակում կանգնած էին բազմաթիվ խնդիրների առջև։ Մի կողմից սպառնում էր Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունից հետո ձգտում էր նաև թափանցել Արևելյան Հայաստան և Կովկաս, սակայն 1918 թվականին, կրելով ծանր պարտություն Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, ստիպված էր սպասել։ Վրաստանում իրավիճակը բավականին տարբեր էր․ մայիսի 28-ին կնքված պայմանագրով վրացական կողմը թույլատրել էր գերմանական բանակին հաստատվել Վրաստանի տարածքում, ինչն էլ երկրում ստեղծել էր անկայուն քաղաքական իրավիճակ։ Տարածաշրջանային ուժերի անհամաչափ բաշխվածությունը, թուրք-ռուսական համագործակցությունը, կովկասյան թաթարների անդադար հարձակումները ստիպում էին Հայաստանի կառավարությանը անընդհատ լինել պատերազմական վիճակում։ Վրաստանն իր հերթին հավակնում էր զբաղեցնել Լոռու երկրամասը՝ անտեսելով հայաբնակ Ջավախքի հիմնախնդիրը։ Ղարաքիլիսայում կրած պարտությունից հետո դեպի Թիֆլիս շարժվող թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով վրաց-գերմանական զորքերը մտնում են Լոռի։ Շատ չանցած, խախտելով հայերի հետ ձեռք բերված համաձայնությունը, նրանք հայտնում են Լոռու ինքնավարության մասին։ Լոռիում որպես ընդհանուր կառավարման մարմին ստեղծվում է կոմիսարիատ, որը ղեկավարում էր Ալավերդում կենտրոնացած գերմանական պարետը։ Հընթացս Վրաստանի իշխանությունները՝ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ, ցանկանում են դիվանագիտական մակարդակով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որն էլ ավելի է սրացնում երկկողմ հարաբերությունները՝ մեծացնելով պատերազմի սկսման հավանականությունը։
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը հրամայում է Դիլիջան-Լոռի զորամասի հրամանատար Դրոյին մաքրել Լոռին վրացական զորքերից։ Գործողությունների հենց առաջին օրը գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը գիշերային անակնկալ գրոհով ազատագրեց Տաշիրն ու Պրիվոլնոյեն։ Վրացիների երեք զրահապատ գնացքները համառ դիմադրություն էին ցույց տալիս և բավական բարդացնում էին հայկական զորամասերի դրությունը։ Պատերազմի ամենաթեժ փուլն ընթանում է Շուլավեր գյուղի տարածքում, որտեղ ևս առավելության են հասնում հայերը։ Շուտով դաշնակից երկրների ներկայացուցիչների ներգործմամբ վրացական կառավարությունը հաշտության առաջարկով դիմում է Հովհաննես Քաջազնունուն։
Դեկտեմբերի 30-ի բանակցության արդյունքում վերջնականապես համաձայնություն է ձեռք բերվում պատերազմական գործողությունները դադարեցնել նոր տարվա գալուն պես՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Հունվարի 1-ին հայկական հաշտարար պատվիրակությունը Ղարաքիլիսայից մեկնում է Թիֆլիս և նախապատրաստական աշխատանքներից հետո հունվարի 9-17-ը ընկած ժամանակահատվածում դաշնակիցների մասնակցությամբ կայանում է խորհրդաժողով։ Խորհրդաժողովի ընթացքում Լոռիում ստեղծվում է չեզոք գոտի, որը շուտով պետք է անցնցում կերպով միացվեր Հայաստանին, իսկ Ջավախքի վերաբերյալ բանակցությունները տապալվում են մեծ տերությունների վրացակողմ դիրքորոշման հետևանքով։ Այս դեպքերի կապակցությամբ Հովհաննես Հախվերդյանն ասել է․
Պատերազմի արդյունքը նախ այն էր, որ հայերը փաստորեն իրենց ձեռքին պահեցին գրավված տարածքները և երկրորդը, կոտրվեց վրացիների ամբարտավանությունը, ովքեր սկսեցին ավելի զգույշ վերաբերվել հայերին |
Պատերազմը քննադատաբար ընդունվել է հասարակության լայն շրջանակներում։ «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանը հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է երկու հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։ Այս դեպքերին քննադատաբար էին մոտենում նաև Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշները։ Խաղաղության կոչով է հանդես եկել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը։ Այնուամենայնիվ, հայ-վրացական պատերազմից հետո հստակեցվում է երկու պետությունների միջպետական սահմանները, վերականգնվում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները, և, որ թերևս ամենակարևորն է, վերջնականապես լուծվում է Հայաստանի համար ամենակենսական խնդիրներից մեկը` վերագործարկվում է երկաթուղին` արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման կարևորագույն միջոցը։
Տարածքային վեճերի սկզբնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-վրացական տարածքային վեճերն ունեն խոր արմատներ և մեծապես սկզբնավորվել են Ռուսական կայսրության կազմում ընդգրկված լինելու տարիներին[փա՞ստ]։ Հսկայական կայսրությունն առավել դյուրին և անցնցում եղանակով կառավարելու համար Պետերբուրգի կառավարությունը վարչատարածքային բաժանումն իրականացնում էր հաշվի չառնելով տվյալ երկրամասի ազգաբնակչության պատկերը։ Այդ եղանակով վերջինս կարողանում էր առաջացնել ազգամիջյան խռովություններ, որի միջոցով էլ երկրամասը կարողանում էր պահել կառավարելի։ Դրա վառ օրինակն է պատմական Հայաստանի անքակտելի մաս կազմող հայաբնակ Ջավախքի և Լոռու ներառումը Թիֆլիսի նահանգի մեջ[2]։ Հայոց ազգային խորհուրդը Ռոմանովների իշխանություններին հղած բազմաթիվ հեռագրերով հայտնել են իր դժգոհությունը, որը սակայն չի ուղեկցվել ռուսական կառավարության կողմից կատարված ակնառու որևէ փոփոխությամբ։ Ռուսաց գերագույն արքունիքի թույլտվությամբ հայոց ազգային խորհուրդը իրավիճակին գնահատական տալու հեռանկարով 1909 թվականին եռակողմ քննարկումներ է անցկացնում վրաց և ադրբեջանական (կովկասյան թաթարների) ներկայացուցչության հետ, սակայն այդ քննարկումը միայն և միայն խորացնում է ներազգային հակասությունները։ 1916 թվականին տեղի է ունենում հերթական խորհրդակցությունը, որի ժամանակ Անդրկովկասն ըստ բնակչության թվի վերաբաժանելու հայկական նախագիծը մերժվում է վրացական և ադրբեջանական ներկայացուցչության կողմից։ Կողմերի հաջորդ հանդիպումը տեղի է ունենում կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական դիտորդ խմբի մասնակցությամբ։ Այս հանդիպումը նշանավորվում է նրանով, որ ռուսական արքունիքն առաջին անգամ ընդունում է, որ վարչական բաժանում պետք է կատարվի էթնիկական պատկանելության հիման վրա։ արդյունքում կազմվում է նոր հանձնաժողով (ազգությամբ վրացի Զուրաբ Ավալիշվիլիի գլխավորությամբ), որը ստանձնում է Հարավային Կովկասի նոր սահմանագծման պարտականությունը։ Ալեքսանդր Խատիսյանի ջանքերով որոշում է ընդունվում Լոռին և Ախալքալաքը Թիֆլիսի նահանգային վարչական պատկանելությունից դուրս բերելու մասին։ Որոշ ժամանակ անց վրացական կողմը հանդես է գալիս հայտարարությամբ, որում նշում է, որ այդ փոփոխություններն անհնարին են, քանզի հակասում են 1783 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի կարգավորման առարկային։ 1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և գերմանական խմբավորման անդամ պետությունների միջև կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը զարհուրելի հետևանքներ է ունենում հայ և վրաց ժողովուրդների համար, քանզի ինչպես Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքները, այնպես էլ Կարսն ու Բաթումը, անցնում էին Թուրքիային։ Շուտով իրավիճակը կտրուկ փոխվում է, քանզի Անդրկովկասը Թուրքիայի թելադրանքով հռչակվում է ռուսաց կենտրոնական կառավարությունից անկախ։ Բրեստ-Լիտովսկի բանակցությունները հունիսի 4-ին տեղափոխվում են Բաթում։ Բանակցությունների սկսման պահին հայկական պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ գտնվում էր Բեռլինում, որտեղ վերջիններս նպատակ ունեին գերմանական կառավարության հետ խորհրդակցությունների արդյունքում առ ոչինչ հայտարարել Բրեստ-Լիտովսկի արձանագրությունները։ արդյունքի հասնելով հայոց բանագնացները ստիպված են լինում վերադառնալ Թիֆլիս, որտեղ էլ տեղեկանում են Անդրկովկասի կոմիսարիատի կազմալուծման մասին[Ն 1]։ «Անդրկովկաս-Թուրքիա» քառակողմ բանակցությունները ընթանում են առանց ռուսական ներկայացուցչության և ամփոփվում հունիսի 4-ին կնքված պայմանագրում։ Բաթումի պայմանագիրը խայտառակ ծանր հետևանքներ է ունենում և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար։ Վերջիններս ունենում են տարածքային մեծ կորուստներ՝ հընթացս ճանաչվելով անկախ պետություն[3]։
Բաթումի պայմանագիրը պարտադրված ակտ էր ռազմական գերակշռություն ունեցող Թուրքիայի կողմից։ Հայաստանի կողմից այն վավերացնում են Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը։ Ըստ Բաթումի պայմանագրի՝ Հայաստանի տարածքը կազմում էր 12 հազար քառակուսի կիլոմետր։ Հայաստանին էր մնում Սևանը, Երևանը, Էջմիածինը։ Գերմանացի դիվանագետներից մեկ խոսքերով՝ «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Նույն պայմանագրով Վրաստանի դեմոկրատական հանրապետությունից Թուրքիային էին անցնում Կարսը, Արդվինը, Արդահանը, Բաթումը, Ախալքալաքն ու Ախալցխան։ Փոխարենը Թուրքիան Հայաստանն ու Վրաստանը ճանաչում էր որպես անկախ երկրներ։ |
Միանգամայն ակնհայտ էր՝ ՀՅԴ խուճապային տրամադրության, մենշևիկների ազգայնամոլական, թուրքամետ վարքագծի և գործողությունների հետևանքով Կարսը և այլ բնակավայրեր անցնում են թուրքական պետությանը, ինչն էլ հանգեցնում ներանդրկովկասյան համադաշնության անխուսափելի փլուզմանը։ Թուրքերի պատճառով հռչակված Անդրկովկասյան անկախ պետականությունը բեկումնալից եղավ հայ և վրաց ժողովուրդների համար՝ սկիզբ դնելով անկայուն, հակասական և անկանխատեսելի ելևէջումներով լի անկախության գործընթացին։ Սեյմի անդամ բոլոր պետությունները գիտակցում էին, որ համադաշնության գոյությունը դրական կորակվի միայն ազգային եռամիասնության և արտաքին ազդեցության բացառման պարագայում։ Այս գաղափարախոսության իրագործման համար պայքարող գործիչներից նշանավոր էր վրացի սոցիալ-դեմոկրատ Իրակլի Ծերեթելին։
Նախադրյալներ և նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհաքաղաքական իրադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկին հանդիպեցի Լուսովի հետ։ Վրացիների հետ խոսելուց հետո նա այժմ ավելացնում է, որ չի կարող վճռական կերպով խորհուրդ տալ անկախություն հայտարարել։ Դիմադրել ևս խորհուրդ չի տալիս։ Ասում է, որ պետք է նահանջել բողոքելով։ Եվ այս խորհուրդը նվողը նույն այն Լուսովն է, որն ի նշան բողոքի, հեռացել էր բանակցություններից, որովհետև «Թուրքիայի պահանջները հայերի նկատմամբ անցնում էին ամեն չափ ու սահման»։
Բաթումի բանակցություններից հետո Անդրկովկասյան սեյմը ևս ստիպված եղավ ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագրի դրույթները։ Այսպիսով՝ Ռուսաստանի կողմից Կարսի, Արդահանի և Բաթումի նվիրագործումից հետո հենց ինքը՝ պաշտոնական Մոսկվան ևս ճանաչում է այդ տարածքները Թուրքիայի կազմում և ներազդում Անդրկովկասի անկախացման գործընթացի վրա։ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը, իսկ երկու օր անց՝ Հայաստանը, հռչակում են իրենց անկախության մասին։ Աշխարհաքաղաքական ծանր կենսապայմաններում հռչակվում է հանրապետական Հայաստանի անդրանիկ կառավարությունը՝ սոցիալ-քաղաքական բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ։ Իրավիճակը բարվոք չէր նաև Վրաստանի դեմոկրատական հանրապետությունում, քանզի վերջինիս ներսում ևս կային քաղաքական անորոշություններ և հակասություններ[4]։ Անդրկովկասյան սեյմի լուծարումը տեղի է ունենում թուրքական իշխանությունների թելադրանքով։ Նախքան անկախության հռչակելը Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդն իր բողոքն է հայտնում սեյմի ինքնալուծարման կապակցությամբ և իր հակոտնյա կարծիքը հայտնում անկախ պետությունների ստեղծման որոշման մասին։ Սակայն իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է այն բանից հետո, երբ թուրքական բանակը ներխուժում է Ալեքսանդրապոլ։ Տաճկական ագրեսիան զսպելու նպատակով հայոց պատվիրակությունը մեկնում է Գերմանիա՝ միջնորդ կողմին բողոքելու այն կապակցությամբ, որ Թուրքիան խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Բեռլինում հայկական պատվիրակ Համո Օհանջանյանը հանդիպում է Բաթումի բանակցություններից հեռացած Օտտո ֆոն Լուսովի հետ։ Բավարացի գեներալի հետ հանդիպումից հետո Օհանջանյանն իր հուշերում գրում է հետևյալը (տե՛ս ձախ հատվածում)։ Այպիսով՝ Հայաստանի կառավարությունը ստիպված է լինում վավերացնել ստորացուցիչ պայմաններով Բաթումի պայմանագիրը։ Բաթումի պայմանագրի վավերացումից ծնվում է Հայաստանի առաջին հանրապետությունը[2]։ Այնուամենայնիվ, հայ քաղաքական գործիչները ոգևորությամբ չեն ընդունում հայկական պետականության վերականգնման փաստը՝ հաշվի առնելով գործող քաղաքական իրադրությունը։ Հայոց նորանկախ պետության առջև առկախված առաջնային խնդիրը դա թուրքական սպառնալիքն էր։ Դեռևս անկախության հռչակագրի ընդունումից ոչ ավելի քան տասն օր առաջ թուրքերը սկսել էին Հայաստանի արևմտյան դարպասների նվաճումը՝ հասնելով Ալեքսանդրապոլը։ Հանրապետության հռչակումից անմիջապես հետո թուրքական զորախմբերը ներխուժում են Արևելյան Հայաստան։ Սկսվում է հայ ժողովրդի գոյամարտը հանուն ազգային ինքնորոշման և ազգապահպանության։ Ալեքսանդրապոլում առանց որևէ էական դիմադրության հանդիպելու թուրքերը առաջ են շարժվում դեպի Սարդարապատ փոքրիկ բնակավայր։ Մայիսի 21-ին թուրքերը գրավում են Սարդարապատը՝ մոտենալով կաթողիկոսանիստ Էջմիածնին։ Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ հուժկու հարվածով ոչնչացնում են Եղեգնուտ գյուղի շրջանում կենտրոնացած թուրքական ուժերը՝ ազատագրելով նախօրեին գրավված Սարդարապատը։ Դրան հաջորդում են թուրքական բանակի խայտառակ պարտությունները Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։
Հայ-վրացական հարաբերություններն անկախության պայմաններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանն ու Վրաստանն ստեղծում են իրենց անկախ պետությունները փոխադարձ տարակարծության, անվստահության մթնոլորտի և հակասությունների հիման վրա[5]։ Այդ հակասությունները սկզբնավորվել էին դեռևս ռուսական տիրապետության տարիներին՝ աշխարհաքաղաքական ուժերի, տարածքային հավակնությունների և այլ գործոնների ազդեցությամբ։ Հայ-վրացական հարաբերությունների վատթարացմանը նպաստել է նաև Անդրկովկասյան սեյմի կառավարական կաբինետի անհավասար տեղաբաշխումը՝ հօգուտ Վրաստանի և Ադրբեջանի։ Բաթումի բանակցությունների տապալման մեջ հայկական ուժերն ու մամուլը սկսում են մեղադրել Վրաստանի կառավարությանը՝ վերջիններիս մեղադրելով դավաճանության մեջ։ Հայերի շրջանում մեծ ծավալներ էր ընդունում նաև այն համոզմունքը, որ նախքան Բաթումի վեհաժողովը թուրքերի և վրացիների միջև եղել է պայմանավորվածություն։ Նման մեղադրանքներն իրատեսական էին դարձնում Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու, իսկ հետո էլ անդրկովկասյան առանձին հանրապետությունների ստեղծելու գործում վրացի գործիչների ջանքերը։ Տրապիզոնի և Բաթումի բանակցությունների ժամանակ թուրքերին հաջողվում էր վրացական ազդեցիկ ներկայացուցչությունն օգտագործել հանդիպումն իրենց նախատեսած ելքով ավարտելու համար։ Թուրք-վրացական գաղտնի համաձայնության մասին հայտարարություններն անշուշտ հիմնազուրկ չեն եղել, թեպետ հարկն է նշել այն հանգամանքը, որ վերջիններիս գործունեությունը կարող է մասնակիորեն կապված լինել վրացի մենշևիկների հակաբոլշևիկյան տրամադրություններով, ինչպես նաև ինքնիշխան Վրաստանի ստեղծման համակ ցանկությամբ։ Հայ-վրացական հարաբերությունները կաթվածահար են լինում 1918 թվականի հունիսին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Իրակլի Ծերեթելիի հադնիպումից հետո։ Այդ հանդիպման ժամանակ Ծերեթելին խոսում է համավրացական պետության ստեղծման մասին՝ ընդգծելով Հայաստանի ներառումը վերջինիս կազմի մեջ՝ ի շահ հայ և վրաց ժողովուրդների։ Ի պատասխան Ծերեթելու առաջարկին՝ Անդրկովկասյան սեյմի նախկին պատգամավոր և Հայոց ազգային խորհրդի փոխնախագահ Խաչատուր Կարճիկյանը նշում է, որ անքակտելիորեն պատմական Հայաստանի մաս կազմող տարածքները Վրաստանի մաս համարելով վերջիններս ապացուցում են հայ քաղաքական գործիչների մտավախության իրատեսական լինելու հանգամանքը։ Ըստ վրացիների պնդումներին՝ ստեղծված իրավիճակի պատճառը հայ քաղաքական գործիչների «անուղղելի ռուսասիրություն»-ն է։ Այնուամենայնիվ, չնայած վրացական կողմի ծայրահեղականությանը՝ այդ փաստարկները ևս չեն եղել մասնակիորեն հիմնավոր, քանզի ակնհայտորեն նկատելի է եղել Հայաստանի ռուսամետ կեցվածքի բացասական ազդեցությունը հայ-վրացական հարաբերությունների վրա։ Նախկին հակասություններն ու թշնամանքը անկախությունից հետո տեղափոխվում են միջպետական հարաբերություններ՝ վերածվելով արտաքին քաղաքական հիմնախնդրի[6]։
Դրան հաջորդում է Ավետիս Ահարոնյանի բաց նամակն ուղղված վրաց կառավարությանը։
Մեզանից շատերը կարծում են, որ եթե մենք հաստատենք բարեկամական հարաբերություն թաթարների հետ, հանձին նրանց, մենք կունենանք ավելի հավատարիմ դաշնակիցներ, քան վրացիներն էին։ Խնդիրների քննարկումն ու վերաիմաստավորումը շատ կարևոր է, որովհետև դրանց հիմքում ընկած է կորցրած հայրենիքի մի մասի վրա պետություն ստեղծելու գաղափարը։ Ու բնավ կարևոր չէ, թե ստեղծած պետությունը 10 հազար քառակուսի կիլոմետր է, թե՝ 60 հազար, որովհետև ամբողջի ձգտումը միշտ էլ մոռացության է տալիս նախկին երդումն ու որոշումը և ձև գտնում ներսից այն ախտահարելու։ Նեղ դրության մեջ կամ հարկադրանք-պարտադրանքի անհրաժեշտությամբ ասված մտքերին լուրջ չպետք է վերաբերվել, քանի որ դրանք անմիջապես մոռացվել են իրադարձությունների ու հանգամանքների փոփոխության հետևանքով։ |
Հակամարտության ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի տարածքային հավակնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախությունից հետո առավել ընդգծելի դարձավ այն հանգամանքը, որ Վրաստանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ[7]։ Այդ ձգտումները հստակորեն արտացոլվում էին երկու երկրների միջպետական հարաբերություններում։ Հայ-վրացական նոր հակամարտության առարկա է հանդիսանում Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի անդամների ուշացումով հեռացումը։ Բազմաթիվ որկոչներից հետո 1918 թվականի հուլիսի 17-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի անդամները լքում են Վրաստանի մայրաքաղաքը՝ առանց կառավարական որևէ ուղեկցության։ Իրավիճակն այքան սրված էր, որ անկախացումից հետո անգամ դիվանագիտական մակարդակով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններ չհաստատվեցին, իսկ առնչությունները բացառապես մեղադրանքների, պահանջների և վեճերի տեսքով էին։ Հայ-վրացական դիվանագիտական առաջին շարժը գրանցում է Վրաստանի կառավարությունը՝ տարածքային պահանջ ներկայացնելով Հայ հեղափոխական դաշնակցության ձևավորած կառավարությանը։ Այդ հավակնությունների մասին Վրաստանի դեմոկրատական հանրապետության կառավարության ղեկավար Նոյ Ռամիշվիլին հայտարարել էր Բաթումյան բանակցություններից հետո՝ 1918 թվականի հունիսին, հայոց ազգային խորհուրդ կատարած այցի շրջանակներում։ Այդ հանդիպման ժամանակ վրացի պաշտոնյան հանդես էր եկել հայտարարությամբ, որի ժամանակ նշել էր Բորչալուի շրջանը պետք է բաժանել Հայաստանի և Վրաստանի միջև՝ հաշվի առնելով էթնիկական գործոնը։ Հաջորդ օրը Թիֆլիս մեկնած հայկական բանագնացների (Խաչատուր Կարճիկյանի գլխավորությամբ) առջև վրացական պատվիրակությունը դնում է նոր պահանջներ՝ հայտարարելով, որ Վրաստանի կազմում պետք է ընգրկվեն Ախալքալաքի, Ղազախի, Բորչալուի գավառներն ամբողջությամբ, ինչպես նաև Ալեքսանդրապոլի գավառի Փամբակի շրջանը։ Ի հավելումն այս ձգտումների՝ Իրակլի Ծերեթելին հայտարարում է, որ «նման սահմաններն անհրաժեշտ են ինչպես Վրաստանի, այնպես էլ հայ ժողովրդի կենսական շահերի համար»։
Վրացիները կարծում էին, որ Բաթումի պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի առաջընթացի հնարավորությունները և որ հայաբնակ շրջանների ներառումը Վրաստանի կազմի մեջ կօգնի Հարավային Կովկասում ստեղծել հզոր քրիստոնեական պետություն, որը գերմանական օժանդակությամբ կկարողանա պաշտպանել բոլոր ազգային փոքրամասնությունների շահերը։ Վրացիների այս առաջարկությունը բնականաբար բացասաբար է ընդունվում հայկական պատվիրակների կողմից, սակայն խնդրո առարկան կայանում էր նրանում, որ դեռևս Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի առյուծամարտերի ժամանակ Լոռին գտնվում էր վրացական աշխարհազորայինների վերահսկողության ներքո։ Սկզբում վրացիները պնդում էին, որ վրացական բանակը Լոռիում կենտրոնացվել է Թիֆլիսի ուղղությամբ թուրքական հնարավոր գրոհը կասեցնելու համար։ Սակայն դեպքերն այլ ընթացք են ստանում և Վրաստանի կառավարությունը փաստացիորեն հրաժարվում է դուրս բերել զորքերը Լոռվա տարածքից։ Խնդրին հանգուցալուծում տալու նպատակով հարևան երկրի մայրաքաղաք է մեկնում հայոց ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը, ով Թիֆլիսում հանդիպում է ունենում Նոյ Ժորդանիայի հետ, սակայն այս հանդիպումը ևս արդյունք չի տալիս։ Մասնավորապես հետաքրքրական է այն հանգամանքը, որ վրացական կառավարությունը հրաժարվում է պետական մակարդակով բանակցություններ իրականացնել դաշնակցական պաշտոնյաների հետ։ Թիկունքում ունենալով Գերմանիայի օժանդակությունը, Վրաստանը հավակնում էր ոչ միայն վիճելի, այլև բուն հայկական տարածքների, որոնք երբևէ խնդրի առարկա չեն եղել։ Տարածքային վեճերի հակվածությունը շուտով ծնում է ազգամիջյան կոնֆլիկտ, որը կարճ ժամանակում լայն ծավալներ է ընդգրկում։
Պատերազմին նախորդող ռազմաքաղաքական դրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 25-ին գեներալ Բենոևի հրամանով դադարեցվում է Վրաստանում գտնվող հայկական ուժերին սննդի մատակարարումը, մեկնաբանելով, որ տրամադրվող պարենմթերքը վրաց ինտենդանտական սեփականությունն է։ Հուլիսի 2-ին Ավետիս Ահարոնյանը բողոք-դիմում է ներկայացնում Նոյ Ժորդանիային՝ պահանջելով չեղյալ համարել նախարարության ընդունած որոշումը։ Նա նաև վրացի պաշտոնյային մեղադրում է միակողմանի որոշումներ կայացնելու և նախկին Անդրկովկասյան սեյմի սեփականությունը մենաշնորհի վերածելու մեջ։ Ահարոնյանի հորդորին հետևելով վրացական կառավարությունն ընդունված որոշումը հայտարարում է առ ոչինչ, սակայն որոշ ժամանակ անց վերստին դադարեցնում սննդի մատակարարումը։ Հայ-վրացական հերթական բախումը տեղի է ունենում սեպտեմբերին, երբ վրացական կառավարությունը հպատակեցված Լոռիում սկսում է զորահավաք անցկացնել։ Այս դեպքերի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանը դիմում է ներկայացնում վրաց արտաքին գործերի նախարարությանը, սակայն ստանում է ոչ հստակ պատասխան։ Նմանատիպ անորոշ պատասխաններ են ստանում նաև Հայաստանի կառավարության ներկայացրած հարցադրումներն ու բողոքները, իսկ զորահավաքը շարունակվում է նույն տեմպերով։ Այպիսով, ավարտվում է հայ-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման շրջափուլը, որը պայմանավորված է Վրաստանի դեմոկրատական հանրապետության կենտրոնախույս և ռազմատենչ ձգտումներով։
Կոնֆլիկտի հետագա ընթացի վրա մեծ ազդեցություն է ունենում հընթացս ծավալվող առաջին համաշխարհային պատերազմի ելքի վճռումը՝ ընդդեմ Վրաստանի հովանավոր հանդիսացող Գերմանական կայսրության և վերջինիս դաշնակից պետությունների։ Այսպիսով աշխարհաքաղաքական իրադրությունը շրջվում է ի օգուտ Հայաստանի և այս ամենը գիտակցելով Վրաստանի կառավարությունը փորձում է վիճարկելի տարածքները վրացահպատակ դարձնել ամենամոտ տրամաբանական ժամկետներում[8]։ 1918 թվականի հունիսին Վրաստանի տարածքային կառավարման վարչությունը հրապարակում է դեմոկրատական հանրապետության սահմանները՝ որոնց մեջ ներառված էր ոչ միայն Բորչալուն, այլ նաև Լոռին։ Տեսնելով այս ամենը՝ հոկտեմբեր ամսին հայերը ներխուժում են թուրքերի կողմից լքված Լոռի և ազատագրում այն վրացական վերահսկողությունից։ Այս հանգամանքից զայրացած վրաց իշխանությունները Թիֆլիսի հայոց դեսպան Արշակ Ջամալյանի միջոցով նամակ-ուղերձ են հղում դաշնակցական Հայաստանի կառավարությանը՝ բովանդակելով հետևյալը․
Այսպիսով, վրացի պաշտոնյաները մոռացության են տալիս հայոց ազգային խորհրդին տված այն խոստումը, որ թուրքական սպառնալիքի վերացումից հետո վրացական բանակը կլքի Լոռին։ Իրավիճակն առավել սրվում է հոկտեմբերի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Գերգաձեի ներկայացրած վերջնագրից հետո, համաձայն որի հայկական բանակը քսանչորս ժամվա ընթացքում պետք է լքեր Լոռին։ Հոկտեմբերի 21-ին վերջնագիրը հասնում է ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, որից հետո էլ գերագույն խորհրդում այն դառնում է քննարկման առարկա։ Հանդիպումից հետո Քաջազնունին հեռագիր է ուղարկում Նոյ Ժորդանիային՝ հրաժարվելով կատարել ներկայացված պահանջները և տալով ստույգ հիմնավորումներ։ Որպես հավելում՝ հայոց պետության առաջնորդը վրացի պաշտոնակցին հորդորում է զերծ մնալ ռազմական բախումներից և վեճը լուծել խաղաղ ճանապարհորվ։
Նախապատերազմական առճակատումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերյան բախումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունենում հայ-վրացական առաջին ռազմական բախումները[8]։ Վրացական զորքերը՝ գեներալ Գիորգի Ծուլուկիձեի գլխավորությամբ, սկսում են շարժվել Լոռու ուղղությամբ։ Հոկտեմբերի 25-ին վրացիները սկսում են ռմբակոծել Լոռվա սահմանամերձ գյուղերը, նախ և առաջ՝ Շնողը։ Ռմբակոծությունները երկար չեն տևում, քանի որ հոկտեմբերի 26-ին գործողությունները դադարում են։ Նույն օրը Վրաստանի օրենսդիր մարմնում ծավալվում է արտահերթ խորհրդարանական նիստ, որտեղ քննարկվում է հայ-վրացական հակամարտությանն առնչվող հարցեր։ Նախատեսածի պես Վրաստանի խորհրդարանը որոշում է կայացնում աջակցել կառավարության նախաձեռնած քայլերին՝ հայտարարելով, որ «իրենք չեն պատրաստվում ոչ մի թիզ հող զիջել հայերին»։ Արտահերթ նիստի քննարկումը բավականին բուռն է ընթանում՝ հակասական կարծիքների մթնոլորտում, սակայն օրենսդիրում տիրող ազգայնական տրամադրություններն էլ ավելի են ավելացնում պատերազմի սանձազերծման հավանականությունը։ Պաշտպանության նախարար Գեորգաձեն խորհրդարանի առջև անձնապես ստանձնում է հայերի գործողությունները ճնշելու պատրաստակամությունը[9]։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ որոշման ընդունումից հետո կազմված արձանագրությունում որպես հավելում նշվում է․ «ամեն ջանք պետք է գործադրել, որպեսզի երկու հարևան երկրների միջև հարցը լուծվի խաղաղ ճանապարհով»։ Հոկտեմբերի 23-ին հրահրված առճակատումների դադարեցման հիմնական պատճառը Վրաստանի գլխավոր հովանավոր Գերմանական կայսրության սոսկալի ծանր իրադրությունն էր։ Վերջինիս խմբավորումը գրեթե վերջնականապես պարտություն էր կրել աշխարհամարտում և պատրաստվում էր ենթարկվել կապիտուլյացիայի։ Այնուամենայնիվ, անգամ այս իրավիճակում մամուլին տված հարցազրույցի ժամանակ Թիֆլիսում Գերմանիայի դեսպան ֆոն Կրեսին այն հարցին, թե ինչպիսին է լինելու պաշտոնական Բեռլինի դիրքորոշումը հայ-վրացական հակամարտությանը, պատասխանել է այսպես՝ «մենք պաշտպանելու ենք Վրաստանի դիրքորոշումը»։ Հայաստանի առջև առկախված հերթական խնդրի հեղինակը նույնպես վրացիներն էին, ովքեր Թիֆլիսում համակովկասյան համաժողով գումարելով նպատակ ունեին դիվանագիտական մակարդակով ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ստիպելով ճանաչել Լոռին և Փամբակը Վրաստանի դեմոկրատական հանրապետության կազմում։ Գիտակցելով այս ամենը՝ հայկական պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել կոնֆերանսին, ինչն էլ էլ ավելի է բարկացնում վրաց կառավարությանը։ Նոյեմբերի 3-ին Թիֆլիսում վրացի օրինապահները ձերբակալում են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կցորդ գնդապետ Դոլուխանյանին։ Այս կապակցությամբ (միջազգային իրավունքի նորմերի խախտման հիմքով) Արշակ Ջամալյանը բազմաթիվ բողոքի ուղերձներ է հղում Վրաստանի արտգործնախարարություն, որոնք սակայն լինում են ապարդյուն։ Այսպիսով, Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու վրացիների հերթական փորձը ձախողվում է։
Խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների տապալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ես Երևանից դուրս եկա այն համոզմամբ, որ երկու երկրների ապագան նրանց համերաշխության և համագործակցության մեջ է։ Թվում էր թե այդ գաղափարներով էր ներծծված մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները։ Թվում էր նաև, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չուներ։ Ստեղծված պայմաններում այլ տարբերակի մասին մտածելու որևէ հիմք չկար, բացի փոխադարձ ըմբռնմամբ բարեկամական համաձայնության գալուց
Նկատի ունենալով հայերի անդրդվելիությունը, նոյեմբերի 29-ին Վրաստանի կառավարությունը պաշտոնապես հրաժարվում է Փամբակի նկատմամբ իր հավակնություններից՝ հայտարարելով, որ վերջինս հետայսու չի հանդիսանում ռազմավարական նշանակության օբյեկտ։ Պատասխան նամակով նույն օրը Հայաստանի կառավարությունը դիմում է պաշտոնական Թիֆլիսին․
Հակազդելով հայերի կարծրացող դիրքորոշմանը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է միջպետական սահմանազամտման հարցում ազգագրական սկզբունքով առաջնորդվելուց, պատճառաբանելով, որ այդ որոշումը վերաբերվել է ռուսահպատակ տարածքներին, այլ ոչ թե անկախ Վրաստանին և Հայաստանին։ Շուտով Երևանում տեղի են ունենում հերթական բանակցությունները, որի ժամանակ վրաց դեսպան Մդիվանին խոսում է Լոռու հետվերադարձի հավանականության մասին։ Այս ամենից հետո վրացի պաշտոնյան հավելում է, որ հարցի վերջնական հանգուցալուծումը տրվելու է Սիրական Տիգրանյանի Թիֆլիս կատարած այցի ժամանակ։ Հաջորդիվ Վրաստանի կառավարությունը շրջադարձային կերպով փոխում է իր դիրքորոշումը՝ հայերին մեղադրելով թուրքերի հետ պայմանավորվածություն ունենալու մեջ։ Նրանց այս հուզական արտահայտության համար հիմք էր ծառայել այն հանգամանքը, որ թուրքերն Ախալքալաքը լքելուց առաջ հայերին հորդորել էին զբաղեցնել այն։ Թուրքիան այդ կերպ էր բորբոքել հայ-վրացական արդեն իսկ խարխլված հարաբերությունները՝ տարածաշրջանում ստեղծելով պատերազմական իրադրություն։ Այսպիսով՝ փոխադարձ անվստահության և տարակարծության ֆոնի վրա տապալվում է հայ-վրացական բանակցությունների հերթական փորձը, որն էլ հանգեցնում է իրադարձությունների հետագա զարգացումների այլընտրանքային եղանակի կիրառմանը։ Հայկական կողմը ադեկվատ կերպով գիտակցում էր իրավիճակի լրջությունը և պատերազմի սկսման հավանականությունը։ Այս կապակցությամբ Արշակ Ջամալյանը գրել է․ «Համաձայն եմ Քաջազնունու հետ, որ ծանր մտահոգությունների դուռ է բաց անում հայ-վրացական պատերազմի փոստը»։ Պատերազմի սկսմանը բացասական էին վերաբերվում նաև Հայաստանի կառավարության մյուս անդամները։
Պատերազմի սանձազերծում և ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական զորքերի ներխուժումը Ջավախք և Լոռի
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջարկում եմ հետագա բարդություններից խուսափելու համար հիշյալ տարածքներից դուրս հանել վրացական բոլոր զորամիավորումները։ Մենք չենք կարող ականատես լինել հրետանային կրակի տված մեր գյուղերի կանանց և երեխաների տառապանքին։ Երկու ժողովուրդների շահերից ելնելով, խնդրում եմ նշանակել գործը քննող հանձնաժողով և այդ շրջաններում թողնել միայն ադմինիստրացիաներ։ Հակառակ պարագայում իրադարձությունների պատասխանատվությունը թողնում եմ վրացական կողմի վրա
Երկխոսությունների շնորհիվ կողմերին հաջողվում է կանխել հոկտեմբերյան բախումները, սակայն դրանք բաց պատերազմական գործողությունները հետաձգում են ընդամենը երկու ամսով։ Բանակցությունների փորձերի տապալումից հետո կողմերը սկսում են խնդրի լուծման այլընտրանքային եղանակներ գտնել՝ արդյունքում հանգելով պատերազմին։ արդյունքում ստեղծվում է այնպիսի իրադրություն, որ կողմերը սկսում են պատերազմը վերսկսելու շարժառիթ որոնել, չնայած նրան, որ և՛ հայերը, և՛ վրացիները բացասաբար էին վերաբերվում ռազմական բախմանը[8]։ 1918 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մդիվանին այցելում է ՀՀ արտգործնախարարություն և Սիրական Տիգրանյանի հետ հանդիպման ժամանակ հայոց կառավարությանը տեղեկացնում, որ վրացական բանակը պատրաստվում է իրենց երկրին միավորել Ախալքալաքն ու Ախալցխան։ Մյուս օրը Հայաստանի արտգործնախարարը բողոքի նամակ է հղում վրացական կողմին՝ հորդորելով «ձեռնպահ մնալ Ախալքալաքի գավառ զորքեր մտցնելուց»։ Այսուհանդերձ, դեկտեմբերի 5-ին վրացի զինվորները, կոտրելով հայկական կայազորների դիմադրությունը, գրավում են Ախալքալաքը[8]։
Դեկտեմբերի 8-ին Լոռի-Փամբակի հայկական զորամասի ղեկավար Դրաստամատ Կանայանը հեռագրի միջոցով Թովմաս Նազարբեկյանին տեղեկացնում է վրացիների կողմից Ջավախքի գրավման մասին։ Հայկական բանակը Ախալքալաքում հաստատվել էր նոյեմբերի վերջերին՝ թուրքերի հեռանալուց հետո։ Վրացական բանակի կողմից Ախալքալաքի բռնազավթմանը զուգընթաց Թիֆլիսից Երևան է ուղարկվում հեռագիր, որում բովանդակված է, որ «Ախալքալաքի գրավման հարցը պատմական, քաղաքական և բարոյական առումով վիճելի չի կարող համարվել»։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ վրացիները ռազմական գործողություններ են սկսում Լոռու սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։ Շուտով վրացիները սկսում են ռմբակոծել Օձունը՝ թալանելով և կոտորածի ենթարկելով հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչությանը։ Այս մասին ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունին տեղեկանում է դեկտեմբերի 9-ին և Տիգրանյանին հրաման է արձակում բողոքի ուղերձ հղել Վրաստանի կառավարությանը՝ հորդորելով դադարեցնել բռնի գործողությունները։ Երկու օր շարունակ Օձունը գտնվում է հրետանային կրակի տակ, որի արդյունքում էլ գյուղացիությունն անկանոն կերպով սկսում է ընդդիմության գործողություններ իրականացնել։
Դեկտեմբերի 11-ին Ղարաքիլիսայում հայկական կողմը (Դրաստամատ Կանայան, Ավետիս Ահարոնյան, Միքայել Պապաջանյան) հանդիպում է վրաց դեսպան Մդիվանիին[Ն 2]։ Հանդիպման ժամանակ Դրաստամատ Կանայանն իր ղեկավարած միավորման անունից վերջնագիր է ներկայացնում Լոռին ռմբակոծող վրացական բանակին՝ բովանդակելով հետևյալը․ «Գեներալ Ծուլուկիձեի զորքերի բռնությունները Ուզունլարի գյուղացիների հանդեպ ապստամբեցրել է ողջ Լոռու բնակչությանը։ Առաջարկում եմ հետագա բարդություններից խուսափելու համար հիշյալ տարածքներից դուրս հանել վրացական բոլոր զորամիավորումները։ Մենք չենք կարող ականատես լինել հրետանային կրակին տրված մեր գյուղերի կանանց և երեխաների տառապանքին»։ Այս քայլից հետո Դրոն անթաքույց կերպով ցույց է տալիս, որ հակված է վրացիների հարձակմանը պատասխան հարված տալուն։ Այս կապակցությամբ Հայաստանի ռազմական նախարար Հովհաննես Հախվերդյանն իր հայտարարություններից մեկում նշում է, որ «Դրոն ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, երբ հրանոթներն իրենք են կրակում»։
Զինադադարի վերաբերյալ բանակցությունների ձախողում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմող երկրների կառավարության ղեկավարները․ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին և Վրաստանի դեմոկրատական հանրապետության առաջնորդ Նոյ Ժորդանիան։
|
Հայկական զորքերի հրամանատար Դրաստամատ Կանայանը հակված էր վայրկյան առաջ հակահարված հասցնել գաղափարին, քանի որ գիտակցում էր, որ հարևան երկրի բանակը փոխզիջումների պատրաստ չէ։ Այս ամենի մասին քաջատեղյակ էր վրաց դեսպան Մդիվանին, ով էլ փորձում էր կառավարությանը ներկայացնել, որ առճակատումների սանձազերծողը ոչ թե վրացիներն են, այլ Դրոյի ղեկավարած զորաջոկատները։ Այդ քայլով վերջինս նպատակ ուներ ճշտել, թե արդյոք տարաձայնություններ կան Հայաստանի կառավարության և Դրաստամատ Կանայանի միջև։ Շուտով վրացական կողմը հանդես է գալիս նոր հայտարարություններով, որում նշվում է առ այն, որ Լոռվա գյուղերում բռնկված հակավրացական ապստամբությունների նախապատրաստողը եղել է Կանայանը և որ այդ քայլով վերջինս «խառնվել է Վրաստանի ներքին գործերին»։ Ի պատասխան վրացական կառավարության անհիմն հայտարարություններին՝ հայկական բանակը երկօրյա հաջող մարտերից հետո խուճապի է մատնում հակառակորդին։ Պաշտոնական Թիֆլիսը փորձում է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել` օգտագործելով մեծ տերությունների օժանդակությունը։ արդյունքում՝ հակամարտության կարգավորման նպատակով Մեծ Բրիտանիայից տարածաշրջան է ժամանում անգլիական պատվիրակ կապիտան Ուիլյամ Էդվարդ Գրինը։ Գրինը ծանոթանալով ստեղծված իրավիճակին կազմում է զինադադարի պայմանագիր, որն էլ ըստ իրեն ձեռտու էր և՛ Վրաստանին, և՛ Հայաստանին։ Զինադադարի պայմանագիրը նախատեսում էր պատերազմական գործողությունների քսանչորսնօրյա դադար, ռազմականացված Ախալքալաքից և Լոռուց հակամարտող ուժերի հեռացում, տեղի գյուղացիության անձնական և սեփականության անձեռնմխելիության ապահովում, ինչպես նաև հայ-վրացական միջպետական երթևեկության վերականգնում։ Այս ամենի խաղաղ և անցնցում ճանապարհով իրականացումն իր վրա էր վերցնում երրորդ կողմ հանդիսացող բրիտանական ներկայացուցչությունը։ Մեծ Բրիտանիան նաև պատրաստակամություն էր հայտնել ժամանակավորապես վերահսկողություն սահմանել վիճելի տարածքներում։ Զինադադարի պայմանների հրապարակման նույն օրն այն հեռագրի միջոցով ուղարկվում է Երևան և Թիֆլիս։ Հարցի հրատապությունից ելնելով՝ Հայաստանի վարչապետ Հովհաննես Քաջազնունին դեկտեմբերի 15-ին գումարում է կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում քննարկվում են կապիտան Գրինի առաջարկած առաջնահերթությունները։ ՀՀ կառավարությունը ծանոթանալով անգլիացի կապիտանի ներկայացրած զինադադարի պայմաններին, Դրոյի միջոցով Գրինին հաղորդում է, որ պաշտոնական Երևանը կարող է հստակ պատասխան տալ միայն մեկ օր անց՝ օրենսդիրում քննարկելուց հետո միայն։ Հաջորդ օրը Հանրապետական Հայաստանի խորհրդարանը հավանություն է տալիս ներկայացված ծրագրին, որից հետո Քաջազնունին պատվիրակների միջոցով կապիտան Գրինին հաղորդում է հայկական կողմի համաձայնության մասին։ Միևնույն ժամանակ Քաջազնունին հավելում է, որ հայկական զորախմբերը վիճելի տարածքները կլքեն միայն վրացական հետագա ներխուժման բացառման երաշխիքի առկայության դեպքում։ Այնուամենայնիվ, հակամարտության կարգավորման անգլիական նախաձեռնությունը ձախողվում է, քանի որ Վրաստանն այդպես էլ ներկայացուցչություն չի ուղարկում Ղարաքիլիսա։ Բացի այդ, երրորդ կողմը հայտնել էր, որ հայկական զորքերը Բորչալուի գավառից պետք է դուրս բերվեն առանց որևէ նախապայմանի։ Այս ձախողումից հետո կապիտան Գրինը մեկնում է Թիֆլիս և առանձնազրույցի ժամանակ իրեն Սանահին ուղարկած գեներալ Վիլյամ Թոմսոնին ներկայացնում ռազմադիվանագիտական առաքելության ձախողման պատճառներն ու ընդհանուր քաղաքական իրավիճակը։
Ռազմական հակամարտության հետագա ընթացք և Ախթալա-Սադախլոյի մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար ամենաշահեկան տարբերակը պատերազմի ավարտն էր ամենամոտ տրամաբանական ժամկետում[10]։ Պատճառներից էին թիֆլիսահայության և ջավախահայության հանդեպ իրականացվող հալածանքների քաղաքականությունն ու տնտեսական շրջափակումը։ Քանի որ վրացական կողմը ևս պատրաստ չէր զիջումներին, Դրոյի զորքերին մնում էր միայն շարունակել ռազմական գործողությունները՝ արագացնելով պատերազմի ընթացքը։ Մարտերը վերսկսում են դեկտեմբերի 18-ին և նույն օրն էլ հայկական բանակը գրավում է Այրումը, Ախթալան և Խաչենը։ Գնդապետ Նեստերովսկու զորամասը գրավում է Սանահինը, որտեղից հայերի ձեռքն է անցնում 49 վագոն ու 1 շոգեքարշ, գերեվարվում է 15 զինվոր։ Վրացիների երեք զրահապատ գնացքները համառ դիմադրությւոն էին ցույց տալիս և բավականին բարդացնում էին հայկական զորամասերի դրությունը։ Սակայն Այումի մոտերքում գնդապետ Կորոլկովի զորամասը քանդում է երկաթուղու գիծը՝ կտրելով զրահագնացքների նահանջի ուղին, իսկ կեսգիշերին պայթեցվում է նաև զրահագնացքներից մեկը։ Գիշեվա խավարում Թարվերդյանի 4-րդ գնդի մեկ գումարտակ հետ է շպրտում վրացական զորամասերը Հաղպատի ու Շամուտի շրջակայքից՝ վրացիներից խլելով մեկ գնդացիր։
Ռոտմիստր Փիրումյանի հարյուրակը տեղանքից քշում է վրացիներին և գրավում Լալվար սարի նրանց դիքերը, հակառակորդից գերելով 15 զինվորի և գրավելով 2 գնդացիր։ Մարտական գործողությունների առաջին երկու օրերին վրացիները հատկապես համառ դիմադրություն էին ցուցաբերում Ալավերդում, սակայն Դրոյի ջոկատների ճնշման արդյունքում դեկտեմբերի 15-ին՝ Ալավերդին, իսկ 16-ին՝ Այրումը անցնում է հայերի վերահսկողության տակ։ Դեկտեմբերի 17-ին գնդապետ Թարվերդյանը արևելքից և Փիրումյանը արևմուտքից անցնում են հարձակման, ինչի արդյունքում մեծ զոհերով ցիր ու ցան է լինում վրացական 5-րդ և 6-րդ գնդերը և սահմանապահ գվարդիական ջոկատները։ Հատկապես թեժ բախումներ են լինում Ախթալայում, որի ընթացքում հայերին հաջողվում է գերի վերցնել վրացական մի ամբողջ գումարտակ՝ գնդապետ Էրիստովայի գլխավորությամբ։ Խորհրդանշական է նաև այն, որ հայկական բանակային կորպուսում կային ազգությամբ ռուս երկու ականավոր զորահրամանատարներ՝ ի դեմս Նեստերովսկու և Կորոլկովի։ Վերջիններս գործողություններ էին ծավալում մարտական ճակատի կենտրոնական և աջ թևերում, իսկ ամբողջ ձախակողմյան հատվածը գտնվում էր նախկինում ռուսական կայսերական բանակի սպա Արտեմ Տեր-Նիկողոսյանի վերահսկողության ներքո։ Դեկտեմբերի 19-ին իրավիճակը ռազմաճակատում համեմատաբար կայունանում է։ Այդ օրվա հիմնական ձեռքբերումը լինում է այն, որ հայերը կարողանում են ամրապնդել իրենց դիրքերը Բոլնիս-Խաչենում՝ ծրագրավորելով ռազմական հաջողությունների հետագա զարգացումը։ Հայ-վրացական պատերազմի ամենաթեժ մարտերը տեղի են ունենում դեկտեմբերի 20-22-ն ընկած ժամանակաշրջանում։ Հայկական զորքերի համար հաջող զարգացող գորոծղությունների արդյունքում վրացական զորքերը կենտրոնացել էին Սադախլոյում։ Նույն օրը 1000 նորակոչիկների համալրումով Սադախլո է ժամանում Վրաստանի զինվորական նախարարը, իր հետ բերելով հեծյալ հարյուրակ և զրահապատ գնացք։ Հայկական ջոկատները օժանդակության ակնկալիք չունեին, քանզի պատերազմի ողջ ծանրությունն իր վրա կրում էին Դիլիջան-Լոռի զորամասն ու Ղազախի կամավորները։ Գնահատելով իրավիճակը, նկատի ունենալով ուժերի դասավորվածությունը, Դրոն որոշում է շրջապատել Ծուլուկիձեի զորքերը հենց Սադախլոյում և վերջանականապես ոչնչացնել այնտեղ կենտրոնացված վրացական ուժերը։ Գնդապետ Տեր-Նիկողոսյանին հանձնարարվում է մեկ գումարտակ առաջ տանել և ցուցադրաբար աջակցել Կորոլկովի զորասյանը։ Կորոլկովը հրաման է ստանում մի ջոկատ թողնելով Այրումում, մնացած ուժերով Բրդաձորի և Գյուլուբաղի վրայով անցնելով Դամիա գյուղ, թիկունքից հարձակվել վրացիների վրա՝ միաժամանակ վերահսկելով Շուլավերից Օփրեթ տանող ճանապարհը։
Մարտական գործողությունները Շուլավերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիան երկու կողմերին էլ ստիպեց դադարեցնել պատերազմական գործողությունները, որից կառավարությունը և ողջ ազգն ու ազգային մտավորականությունը ծայրահեղ դժգոհ էր։ Ինչո՞ւ մենք չպետք է դադարեցնենք այն․ ոչ մի տրամաբանական պատասխան լինել չի կարող։ Դուք ասում եք, որ մենք պարտավոր ենք պաշտպանել Վրաստանը և վրացիներին։ Սկզբում մեզ ուղարկեցին Լոռի, բայց այնտեղ մենք ոչ մի վրացի չտեսանք, որ պաշտպանենք։ Հետո ուղարկեցին Սոչի․ այնտեղ նույնպես վրացիներ չկային։ Հիմա ուղարկում են Ախալքալաք և Ախալցխա, ասացե՛ք, այնտեղ որքա՞ն վրացի կա։
Դեկլտեմբերի 19-ին սկսվում են Շուլավերի (ներկայիս Շահումյանի) գրավման մարտական գործողությունները։ Երեկոյան 4-րդ և 6-րդ ռազմական կորպուսները՝ գնդապետ Ֆեյերկովսկու հրամատարությամբ, և 2-րդ հեծյալ հարյուրակը՝ Տեր-Մարտիրոսյանի հրամանատարությամբ, սեփական նախաձեռնությամբ հարձակման են անցնում՝ նպատակ ունենալով գրավել Սադախլո կայարանը։ Այս հուժկու հարձակումից հետո վրացիները ստիպված են լինում պարզել սպիտակ դրոշները։ Սակայն հենց այդ պահին կայարանին է մոտենում վրացական զրահագնացքը և հուժկու կրակ բացում հայկական ուժերի ուղղությամբ։ Դրան հաջորդում են վրացական զորքերի պատասխան գործողությունները․ վերջիններս փոքր մանևրով շրջապատում են 6-րդ գնդի 2-րդ հարյուրակը։ Հայերն ունենում են բազմաթիվ կորուստներ, իսկ հրամանատարներ Ֆիերկովսկիին ու Մարտիրոսյանը գերեվարվում են։ Նույն ժամանակ 6-րդ գնդի մեկ այլ հարյուրակ՝ փոխգնդապետ Մանյանի գլխավորությամբ, հրաման է ստանում 60 զինվոր ուղարկել Ճոճկան։ Դեկտեմբերի 20-ին վրացական զորքերի ուշադրությունը շեղելու համար Դմանիսից Սադախլո ուղղությամբ առաջ է քաշվում Տեր-Նիկողոսյանի ջոկատը։ Դեկտեմբերի 20-ին սկսում են արյունարբու մարտեր․ Կուռո Թարխանյանի ղեկավարած ուժերին հաջողվում է գրավել Շուլավերը՝ Բորչալուի գավառական կենտրոնը, այնուհետեև զարգացնելով մարտական հաջողությունները, հարձակման անցնել Շուլավերի ուղղությամբ, ինչպես նաև կռվի բռնվելով Թիֆլիսից նոր ժամանած վրացական ուժերի հետ։ Մնացականյանի զորամասը քանդում է Մամայ-Սադախլո երկաթգիծը՝ կտրելով վրացական վերջին զրահագնացքի նահանջի ճանապարհը։
Վրացիները դիմադրում էին, թեպետ նրանց ձեռքում միայն կայարանն էր և մոտակա բարձունքներից մեկը։ Նույն ամսվա 22-ին հաշվի չառնելով վրացական զարահագնացքի հրետակոծությունն ու գնդացիրների մրրկալի կրակը, Ճոճկանում ամրացած զորախումբը՝ փոխգնդապետ Պետրոսյանի գլխավորությամբ, Սանգարից անակնկալ գրոհով հարձակվում է Սադախլոի երկաթուղային կայարանի վրա՝ գրավելով կայարանն ու գյուղի մի մասը։ Հաջորդիվ վրացիները կարողանում են հակագրոհի միջոցով ետ վերադարձնել գյուղն ու կայարանը։ Սադախլու մարտերի ժամանակ հայկական կողմում զոհվում են 22 զինվորներ։ Դեկտեմբերի 23-ին հայկական ուժերը վերադասավորվում են և մարտական գործողությունները հընթացս սկսվում են։ Ծանր ու համառ մարտերից հետո 4-րդ գնդի 12-րդ վաշտը՝ փոխգնդապետ Ասլանյանի ղեկավարությամբ, ամբողջապես գրավում են Սադախլոն։ Հայկական ուժերը գերեվարում են 6 սպա, 126 զինվոր ու մեծ քանակով զենք, զինամթերք։ Վրացական զորքերը վերստին անհաջողության են մատնվում նաև Բոլնիս-Խաչենի մատուցներում։ Դեկտեմբերի 24-ին վրացական զորքերը վերսկսին սկսում են հարձակումը Շուլավերի ուղղությամբ՝ գյուղը և խճուղին գրավելու նպատակով։ Մինչ այդ, Վրաստանի հանրապետության կառավարության որոշմամբ տեղի էր ունեցել հրամատարական անձնակազմի փոխատեղում, որի արդյունքում էլ Ծուլուկիձեին փոխարինել էր Մազնիաշվիլին։ Ռազմական գործողությունների հաջորդ օրը Շուլավերը պաշտպանող հայկական ջոկատներին օգնության են հասնում Կորոլկովի ուժերը՝ ետ մղելով հինգ գրոհ։ Կեսօրին, վրացիները Շուլավերին են մոտեցնում 1500 զինվորից բաղկացած թարմ զորագունդ, որը վերսկսում է հարձակումը դեպի Շուլավեր։
Հիմնական մարտերն ընթանում էին խճուղու մոտ՝ Աշաղա-Սարայլ կայարանի շրջանում։ Շուլավերում վրացական կողմը սկսում է օգտագործել նար ռազմական ավիացիա։ Ինքնաթիռները թռչում էին գյուղի վրայով ու ռազմահրետակոծությունների ենթարկում բնակավայրը։ Պետք է նշել, որ այդ տարածաշրջանի կովկասյան թաթարները պաշտապանում էին վրացիներին և կռվին մասնակցում էին նրանց կողմից։ Հայկական զորամասերը՝ ի պատասխան թաթարների վայրագությունների, հրետանային կրակի են մատնում թաթարաբնակ Աշաղա-Սարայլ գյուղը։ Այս կերպ ընդհանուր առմամբ հայկական կողմի համեմատական հաջողություններով ծանր մարտերը շարունակվում են մինչեւ դեկտեմբերի 28-ը։ Դիրքերը զիջելով Հովհաննես Հախվերդյանի ղեկավարած ուժերին՝ գեներալներ Մազնիաշվիլին և Ջուղելին ստիպված են լինում իր զորքերով նահանջել Շուլավեր գյուղի ուղղությամբ։ Կրած անհաջողություններից հետո Թիֆլիսի կառավարությունը սկսում է մտածել ռազմական գործողությունների դադարդեցման և շահեկամ պայմանագրի կնքման մասին։
Պատերազմի ելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինադադարի նախապատրաստում և հաստատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-վրացական պատերազմի ելքի սխալ կանխորոշումը Վրաստանի իշխանություններին ստիպում է դիմել Եվրոպայի գերտերությունների միջամտությանը։ Շուտով Վրաստանի դեմոկրատական հանրապետության վարչապետ Նոյ Ժորդանիան հանդիպում է ունենում Անդրկովկասում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցչության անդամների հետ։ Կապիտալիստական հասարակության օժանդակությունն ստանալու համար վրացիները հատկապես արտասահմանյան ներկայացուցչության ուշադրությունը սևեռում են այն հանգամանքի վրա, որ Հայաստանի հաղթանակը կուժեղացնի սոցիալիստական Ռուսաստանի դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում։ Այս փաստն ակնհայտորեն ինչ-որ չափով ուղղորդում է եվրոպացիներին իրենց միջնորդական առաքելության ուղղվածության կողմնորոշման հարցում։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ պաշտոնական Երևանը չէր փոխել իր դիրքորոշումը պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ ավարտելու հարցում։ Մարտաճակատում ունեցած ակնհայտ հաջողությունների լուրը ստանալուն պես դեմոկրատական Հայաստանի կառավարության ղեկավար Հովհաննես Քաջազնունին հրավիրում է կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվում է հետագա գործողությունների պլանը։ Ելույթների ժամանակ ընդգծվում է, որ Դրոյի ղեկավարած բանակը գրավել է բացառապես հայկական տարածքներ և վերջացրել իր առաքելությունը։ Նույն օրը Քաջազնունին հայտարարում է, որ «հայկական կողմը պատերազմը շարունակելու շարժառիթ այլևս չի տեսնում»։ Արտահերթ նիստի ընթացքում որոշվում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի զինադադարի շուրջ բանակցություններով։ Նորաստեղծ մարմինը, որպես առաջնահերթություն նամակ է հղում վրաց կառավարությանը, նշելով, որ հայկական զորքերին հրաման է տված չանցնել Բորչալուի գավառի այն հատվածը, ուր վերջանում է Հայաստանին պատկանող տարածքների սահմանը։ Հայկական կողմը ևս շահագրգռված էր Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությամբ արագացնել Վրաստանի հետ բանակցային գործընթացի սկիզբը։ Իր դիմումում հայկական կողմն անգամ պատրաստակամություն է հայտում գնալ փոխզիջումների՝ վրացական բանակին թույլատրելով մնալ Ախալքալաքում։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ռազմաճակատում պատերազմական գործողությունները մասնակիորեն շարունակվում էին։ Հովհաննես Քաջազնունու հրամանով ոչ ոք իրավունք չուներ հատել Շուլավեր-Սադախլոյի սահմանագիծը։ Կառավարական բավականին սթափ այս որոշումը հասարակայնության որոշակի շրջանակների մոտ քննադատաբար է ընդունվում, քանզի վերջիններս պնդում էին, որ հայկական բանակը պետք է զարգացնի ռազմավարական հաջողությունները՝ ճանապարհ բռնելով դեպի այդ ժամանակ հայկական սոցիալ-քաղաքական և մշակութային կենտրոն հանդիսացող վրաց քաղաքամայր Թիֆլիս։ Չնայած այս ամենին՝ հայկական կողմը հակված էր ռազմական հաջողություններն օգտագործել Վրաստանի տնտեսական շրջափակումը վերացնելու նպատակով՝ հընթացս կայուն հարաբերություններ հաստատելով դարավոր հարևան պետության հետ։ Այնուամենայնիվ, խնդրի հանգուցալուծումը մեծ մասամբ կախված էր նաև վրացական կողմի դիրքորոշումից, քանի որ նախկինում վերջիններս բազմիցս տապալել էին բանակցային գործընթացը՝ հայերին մեղադրելով պատերազմի սանձազերծման մեջ։ Դեկտեմբերի 24-ին այլընտարնք չունենալով Վրաստանի կառավարությունը ստիպված է լինում ընդունել դաշնակիցների միջնորդությունը։ Հաջորդ օրը Նոյ Ժորդանիան Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռիկրոֆտի և ֆրանսիական բանակի գնդապետ Շարդինի հետ ստորագրում է համաձայնագիր, համաձայն որը նախատեսում էր ժամ առաջ դադարեցնել պատերազմական գործողությունները ռազմաճակատում։ Համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ Թիֆլիսից նոր համալրում ստացած վրացական բանակը հարձակում է գործում ռազմաճակատի ողջ երկայնքով։ Փոփոխական հաջողություններով ընթացող մարտերը որևէ կերպ չեն ազդում պատերազմի ելքի վրա, քանզի դեկտեմբերի 31-ին դրանք վերջնականապես ավարտվում են։ Նախքան զինադադարի վավերացումը, Վրաստանի կառավարությունը չէր հաշտվում ընդհանրացված արդյունքների հետ և փորձում էր բեկումնալից կերպով փոխել իրավիճակը։
Թիֆլիսի պայմանագիր և միջպետական հարաբերությունների հաստատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղարաքիլիսայում հավաքված հայկական պատվիրակությունը հունվարի սկզբին կառավարության թույլտվությամբ մեկնում է Թիֆլիս՝ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցություններին մասնակցելու։ Խորհրդաժողովը սկսվում է հունվարի 9-ին և մինչև վերջին օրն ընթանում է բավականին լարված պայմաններում։ Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ երկու կողմերն էլ դժվարանում էին գնալ մեծ փոխզիջումների։ Վրաց պատվիրակությունը հորջորջում էր իր նախապատերազմական մոտեցումները, իսկ գրավյալ տարածքների Հայաստանի կազմում հաստատվելը դեմ էր այդ դիրքորոշմանը։ Հայաստանի պատվիրակության առանցքային խնդիրը Լոռին և Բորչալուի գավառի հայաբնակ շրջանները Հայաստանի կազմում պահելն էր։ Բանակցություններն ընդանում էին առանձին փուլերով․ նախ և առաջ քննարկվում է տարածքային խնդիրները, որի լուծման համար հունվարի 17-ին կնքվում է հայ-վրացական առաջին արձանագրությունը։ Վեհաժողովի ժամանակ հայկական կողմի առջև առկախված գլխավոր խնդիրը օրեր առաջ դաշնակիցների միջամտությամբ կնքված զինադադարի առանցքային դրույթներն էին, որոնք նպատակ ունեին Լոռին վերածել չեզոք գոտու։ Հայերի այդ պտավախությունն արդարացված էր, քանզի բանակցությունների ընթացքում վեհաժողովի նախագահ Ստյուարտը հայտարարեց, որ կողմերը պարտավոր են հաշվի առնել զինադադարի պայմանագրով նախատեսված պայմանները։ Այսպիսով, հայ-վրացական առանձին արձանագրության համաձայն Լոռին հայտարարվում էր չեզոք գոտի, որտեղ պետք է տեղակայվեր յուրաքանչյուր կողմից 600-ական զինվոր։ Պայմանագիր նախատեսում էր նաև մինչև հունվարի 29-ը կողմերի զինաթափում և ռազմագերիների վերադարձ։ Ինչ վերաբերվում էր Ախալքալաքին, ապա այստեղ պետք է հաստատվեր վրացական վարչակարգ՝ դաշնակիցների ներկայացուցիչների օժանդակությամբ, իսկ տեղական ինքնակառավարումը կատավելու էր հայերի և տեղի իսլամադավանների միջոցով։ Այսպիսով՝ Թիֆլիսի պայմանագիրը հայերի ռազմական գերակշռությանը հակասող պարտադրված պայմանագիր էր, որի արդյունքներից գոհ չէին ո՛չ հայերը և ո՛չ էլ վրացիները։ Հայ-վրացական արձանագրությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե պատերազմը չունեցավ հաղթող։ Պատերազմի արդյունքում պարզապես լուծվում են մի շարք ծառացած խնդիրներ, որոնք էլ հանգնում է երկկողմ հարաբերությունների կայունացմանն ու զարգացմանը։ Պատերազմական գործողությունների արդյունքում Դրաստամատ Կանայանի ղեկավարած բանակը Թիֆլիսի ուղղությամբ շարժվելու մտադրություն չի ունեցել, քանզի հայկական բանակի գլխավոր նպատակը հայաբնակ տարածքների ազատագրումն էր։
Դրոյի կողմից Թիֆլիսի գրավման որկոչի մասին կեղծիքները հիմնականում առաջ են քաշվել հայ ազգայնականների և վրաց զինվորական պաշտոնյաների նախաձեռնությամբ։ Վրացիներն այդ կերպ փորձում էին իրենց բանակի շրջանում ապատեղեկատվության միջոցով բարձրացնել մարտական ոգին և ահագնացնել հայրենիքը կորցնելու մտավախությունը։ Շատ ժամանակ այդ մասին հայտարարում էին նաև հայ նացիոնալիստները՝ նպատակ ունենալով Հայաստանի կառավարությանը դրդել նման անհեռանկարային քայլի։ Թիֆլիսի պայմանագիրը Հայաստանի կողմից ստորագրվում է աշխարհաքաղաքական մի այնպիսի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը միտում ուներ բռնել կայունացման և զարգացման ուղին։ Դա մեծ մասամբ պայմանավորված էր աշխարհամարտի ելքով և Թուրքիայի կապիտուլյացիայով։ Հայերը ևս իրենց դժգոհությունն են հայտնում պայմանագրի դրույքների նկատմամբ, քանզի այն հակասում էր պատերազմի տրամաբանական ավարտին։ Պատահական չէ, որ այս կապակցությամբ ականատեսներից մեկն ասել է․ «Հայ զենքը Դրոյի գլխավորությամբ փառահեղ հաղթանակ տարավ, իսկ հայ դիվանագիտությունը Թիֆլիսում խայտառակ պարտություն կրեց»։
Այնուամենայնիվ, հայ-վրացական պատերազմը վերջնականապես լուծում է միջպետական սահմանային խնդիրը, որին էլ հաջորդում է հարաբերությունների ստաբիլացումը։ Բանակցությունների երկրորդ փուլը սկսվում է փետրվարին, քանզի վրացիները ձգձգում էին հետագա երկխոսությունները։ Այս շրջանում Վրաստանի ափերն ալեկոծում էին անկայունության ալիքները, քանզի վերջինս հավակնություններ ուներ Սոչիի և Բաթումի նկատմամբ։ Վերջինս փորձում էր դաշնակիցների հակառուսական դիրքորոշումն օգտագործել այս խնդիրների լուծման համար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ վեճերի հարցում անգլիացիների բացասական վերաբերմունքը վրացական կողմին ստիպում է վերադառնալ օրինականության տիրույթ։ արդյունքում՝ 1919 թվականի մարտին դիվանագիտական մակարդակով հաստատվում են հայ-վրացական հարաբերությունները, որը կարելի է համարել հայ-վրացական պատերազմի տրամաբանական ավարտը։
Վիրահայության սոցիալ-քաղաքական իրավիճակը պատերազմի տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմական գործողությունների սկսվելուն պես Վրաստանում խորացող հակահայկական տրամադրությունները անկասելիորեն ազդում են վիրահայության սոցիալ-քաղաքական վիճակի վրա։ Սահմանային բախումների օրերին անգամ Վրաստանի կառավարության կողմից ստեղվծած հատուկ կառավարական մարմինը Թիֆլիսի (ապա նաև մյուս քաղաքների) հայ բնակչությանը ցուցակագրելու անվան տակ տեղի ոստիկանությունը սկսում է գիշերային ստուգումներ անցկացնել հայերի բնակարաններում։ Այդ ստուգումները պատերազմի թեժ փուլերում վերածվում են իրական թալանի և խարդավանքի։ Դրան հաջորդում են մասսայական ձերբակալությունները․ ձերբակալվածների մի մասը մեծ գումարների դիմաց ազատ են արձակվում, իսկ որոշներն էլ աքսորվում են Քութայիս՝ մանգանի հանքերում աշխատելու։ Թիֆլիսի հայոց մշակութային կյանքը ևս անկում է ապրում։ Այս շրջանում արգելվում է հայալեզու թերթերի և պարբերականների մեծ մասի հրապարակումը։ Մյուսներն էլ չենք կարողանում օբյեկտիվ կերպով տեղի հայությանը ներկայացնել ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Միևնույն ժամանակահատվածում վրացական ազգայնական թերթերը իշխանություններին կոչ են անում ամենադաժան կերպով պայքարել հայ ժողովրդի դեմ՝ բռնագրավել նրանց ունեցվածքն ու քշել նրանց Վրաստանից։ Վրաստանի գործող իշխանությունները տեղի ունեցող հակահայկական գործողությունները որակում էին դասակարգային պայքար վրացական ժողովրդավարության և հայկական բուրժուազիայի միջև։ Վրաց ոստիկականական ուժերը դեկտեմբերի 20-ին ներխուժում են հայ նավթարդյունահանող և բարերար Միքայել Արամյանցի բնակարան, ուր և կենտրոնացված էր Հայոց ազգային խորհուրդն ու հայկական ներկայացուցչությունը։ Դեկտեմբերի 26-ին Վրաստանի դեմոկրատական հանրապետության օրենսդիրի որոշմամբ Թիֆլիսի գեներալ-նահանգապետ Մաղլակելիձեն Հայաստանի զբաղեցրած տարածքների բնակիչներին որակում է ռազմագերիներ։ Փակվում են հայերին պատկանող խանութներն ու կրպակները։ Դեկտեմբերի կեսերից սկսած թալանն ու զանգվածային ձերբակալությունները հայ բնակչության շրջանում դառնում են նորմալ երևույթ։ Հարկ է նշել, որ Թիֆլիսում հաստատված արտասահմայն ներկայացուցչություններից ոչ մեկը չի ապաստանում հայերին՝ բացառությամբ Պարսկաստանի պատվիրակությունից։
Հատկապես ցավալի է նշել, որ Վրաստանի կառավարության բռնած հայահալած քաղաքականությունը շարունակվում է նաև զինադադարի կնքումից հետո։ Զանգվածային վերջին ձերբակալությունները տեղի են ունենում 1919 թվականի հունվարի 5-ին։ Այս ընթացքում ձերբակալվում են թիֆլիսաբնակ հայազգի բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, հոգևորականներ, ինչպես նաև պետական և քաղաքական գործիչներ։ Նրանց թվում էին Աբգար Իսահակյանը, Եղիշե Շամախյանը, Օլգա Քալանթարովան, ինչպես նաև հայ-վրացական պատերազմի դադարեցման համար պայքարի գլխավոր գործիչ, հայ անվանի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Նրանց մեծ մասը կալանքից ազատվում են խոշոր չափի փրկագնի դիմաց։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո երկու երկրների խաղաղարարները սկսում են բարոյախոսել դարավոր բարեկամության, դրացիության և նույնադավանության մասին։ Հարկ է նշել նաև, որ չնայած վրացական կառավարությունը պատերազմի տարիներին հալածանքների էր ենթարկում տեղի հայությանը, այնուամենայնիվ, վիրահայության տեղահանությունների մասին որևէ խոսակցություններ չեն եղել։ Պատերազմի ավարտից շուրջ երեք ամիս անց վիրահայության սոցիալ-քաղաքական կյանքն ընկնում է բնականոն հունի մեջ և վերջիններիս իրավունքները վերականգնվում են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնաղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վանիկ Վիրաբյան «Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թթ.»
- Կտրիճ Սարդարյան «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Ճակատամարտ» օրաթերթ, Կոստանդնուպոլիս, 1919 թվական, №80, հոդված՝ «Քսանըմէկ օրուան պատերազմի մը պատմութիինը․ ո՞վ իրաւունք ունէր – ո՞վ յաղթեց»։
- ↑ 2,0 2,1 Հայ-վրացական սահմանավեճը փաստաթղթերի լեզվով // կազմեց Համո Կ. Սուքիասյանը, «ՎԷՄ», համահայկական հանդես, Դ (Ժ) տարի, 2012, թիվ 4 (40), հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 194-216։
- ↑ Հայ-վրացական խաղաղարար կոնֆերանսի հայկական պատվիրակության հաշվետվությունը (1918 թ. դեկտեմբեր-1919 թ. մարտ). կազմող՝ Հ. Սուքիասյան // տե՛ս «Պատմաբանասիրական հանդես», 2009, N 1, էջ 185-206։
- ↑ Աբեղեան Արտ., Վրաստանի անկախութիւնը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, N 11 (83), սեպտեմբեր, 1926, էջ 72-83։
- ↑ Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.։ (Քաղաքական պատմություն), Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, (Կազմողներ` Գ. Գալոյան, Վ. Ղազախեցյան (ղեկ.), Վ. Մելիքյան և ուրիշներ), Եր., ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2000:
- ↑ Մախմուրյան Գ., ՀՀ արտաքին քաղաքականության հարցերի արծարծումը Ավետիս Ահարոնյանի Փարիզից ու Սան-Ռեմոյից ուղարկված նամակներում, «Բանբեր Հայաստանի արխիվների», 2010, N 1 (115), էջ 56-72։
- ↑ Աբեղեան Արտ., Մենք եւ մեր հարեւանները (Ազգային քաղաքականութեան խնդիրներ), «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1928, N 3, էջ 126-133։
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Հարությունյան Վլ., Հայ-վրացական պատերազմը (1918 թ.). Նյութեր և փաստաթղթեր / Վ. Հարությունյան, Եր.: «Անտարես» հրատ., 2014:
- ↑ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում. Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Եր., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960:
- ↑ Աբեղեան Արտ., Հայաստան եւ արտաքին հարեւաններ (Ազգային քաղաքականութեան խնդիրներ), «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, N 3, 1929, յունուար, էջ 126-133։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գերմանիայում գտնվելու ժամանակ հայկական պատվիրակությունը զրկված էր կապի միջոցներից և ոչ մի կերպ տեղեկացված չէր տարածաշրջանում կատարվող դեպքերին և իրադարձություններին
- ↑ Հանդիպումից անմիջապես հետո Ավետիս Ահարոնյանը՝ հայկական պատվիրակության հետ միասին պետք է ժամաներ Փարիզ՝ մասնակցելու խաղաղության վեհաժողովին
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբեղեան Արտ., Մենք եւ մեր հարեւանները (Ազգային քաղաքականութեան խնդիրներ), «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1928, N 3, էջ 126-133։
- Աբեղեան Արտ., Հայ-վրացական յարաբերութիւնները, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, N 10, 1929, օգոստոս, էջ 135-145։
- Ա-Դո (Հ. Տեր-Մարտիրոսյան), Հայութեան երկունքը /Ա-Դո.- Եր., Հայաստանի պատմ. թանգարան, 2014։
- Ա-Դո, Իմ հիշողությունները, Եր., ՀՀ ԳԱԱ Պատմ. ին-տ, 2015։
- Ահարոնյան Ավ., Սարդարապատից մինչև Սևր և Լոզան. Քաղաքական օրագիր. 1919-1927, Եր., ԵՊՀ հրատ., 2001:
- Աստուածատրեան Արշ., Հայ-վրացական պատերազմը (Դրոյի յիշատակին), «Հայրենիք», Բոստոն, 1957, N 2 (95), էջ 1-14։
- Աստուածատրեան Արշ., Հայ-վրացական յարաբերութիւնները Ռուսաստանի տիրապետութեան շրջանում եւ անկախութեան օրերին// Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի։ հոդվածների ժողովածու, Եր., «Միտք» վերլ. Կենտրոն, 2011, էջ 381-393, 701-759։
- Բաբալեան Արտաշես, Հայաստանի անկախութեան պատմութիւնը եւ այլ յիշատակներ, Գլենդել, «Նավասարդ» հրատ., 1997
- Բաբալեան Արտ., Էջեր Հայաստանի անկախութեան պատմութենէն, «Հայրենիք», Բոստոն, 1923, N 9, էջ 103-115։
- .Բաբալեան Արտ., Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից, Գահիրե, 1950։
- Գիւլխանդանեան Աբր., Անդրկովկասի հանրապետութիւնները// «Հայրենիք», Բոստոն, 1967, N 3, էջ 9-17, N 4, էջ 70-83։
- Դէոյեանց Տիգրան, Կեանքիս դրուագներից // «Հայրենիք», Բոստոն, 1946, Սեպտեմբեր, N 2 (253), էջ 103-110։
- Լենին Վ. Ի., ԵԼԺ, հ. 52, Եր., «Հայաստան» հրատ., 1983, էջ 80-81, 124- 125, 424-425։
- Դէոյեանց Տիգրան, Դրաստամատ Կանայեան (Դրո) // «Հայրենիք», Բոստոն, 1957, Մարտ-Ապրիլ, N 9 (379), էջ 11-19:Եղիշե Ա քահանա Գեղամյանց, Տաճիկները Կովկասում և Բաքվի անկումը, Բաքու, 1919
- Խատիսեան Ալ., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը. Բ տպագրութիւն, Բէյրութ, տպ. «Համազգայինի», 1968։
- Մասուրեան Ս., Վրացի մենշեւիկները եւ անգլիական զօրավարները, «Հայրենիք», Բոստոն, 1928, N 3, էջ 145-155, N 4, էջ 145-151։
- Ռոստոմ, Հայ-վրացական փոխյարաբերությունները, «ՎԷՄ», 1936, հունվար-փետրվար, թիվ 1, էջ 1-11։
- Ջամալեան Արշակ, Հայ-վրացական կնճիռը, Եր., «Միտք» վերլ. Կենտրոն, 2011։
- Ռուբէն, Ախալքալակի պայքարը, «Դրօշակ», (Փարիզ), 1926, Յունոււար, N 1 (249), էջ 5-11։
- Ռուբէն, Տաշիրի գաւառին բռնագրաւումը, «Դրօշակ», (Փարիզ), 1926, մարտ, N 3 (251), էջ 67-71։
- Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետությիւն, Բէյրութ, տպ. «Մշակ», 1958։
- Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար. Պէյրութ, տպ. «Մշակ», 1962։
- Քաջազնունի Յովհ., Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, «Մ. Վարանդեան» հրատարակչութիւն, 1993։
- Քաջազնունի Հովհ., Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլ ևս. Վիեննա, Մխիթարեան տպարան, 1923։
- Օրջոնիկիձե Գ. Կ., Ընտիր հոդվածներ և ճառեր. 1918-1937, Եր., Հայպետհրատ, 1950, էջ 40-49, 58-61։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատյան Հ., Հայերը միջազգային դիվանագիտական խաչմերուկներում, Եր., «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ, 2009։
- Ալիխանյան Ս. Տ., Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917-1921 թթ.), Եր., «Հայաստան» հրատ., 1966, էջ 274-295։
- Ահարոնյան Գերսամ, Մեծ երազուն ճամփուն վրա, Բէյրութ, 1964։
- Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը։ (պատմության և արդիական խնդիրներ). Միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2015:
- Ավետիսյան Հ., Հայկական Հարցը 1918 թվականին, Եր.: Բարձրագույն դպրոց, 1997։
- Գալոյան Գ. Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923 թթ., Եր. ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1999:
- Եսայան Ա., Հայաստանի միջազգային-իրավական դրությունը.1920- 1922 թթ., Եր., «Միտք» հրատ., 1967:
- Թումանյան Հովհաննես, Երկերի լիակատար ժողովածու. Տաս հատորով, հ. 10, Եր.: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1999:
- Իրազեկ Յ., Մօտիկ անցյալից. Պատմական դէպքեր. Ապրումներ, 1917-1922, Պէյրութ, տպ. Համազգայինի, 1956։
- Լեո, Անցյալից։ Հուշեր, թղթեր, դատումներ, Թիֆլիս, «Խորհրդային Կովկաս», 1925։
- Կարապետյան Ս. Խ., Զինված ապստամբությունը Լոռում 1921 թվականին, Եր., Հայպետհրատ, 1955։ 30. Հակոբյան Ար., Հայաստանի Հանրապետություն
- Հայ ժողովրդի պատմություն, հ. VII, (1917-1941), Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1967:
- Հայոց պատմություն. Հատոր IV, Գիրք առաջին (նորագույն ժամանակաշրջան․1918-1945 թթ.), Եր., ԳԱԱ Պատմ. ինստ-տ, 2012, էջ 313- 324։
- Հայոց հյուսիսային դարպասները. Ջավախք, Լոռի։ Հոդվածների ժողովածու, մաս 5, Եր., «Միտք» վերլուծական կենտրոն, 2009։
- Մայիլյան Բ. Վ., Ազգային հարցը և հայերի կացությունը Վրաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ., Եր., «Գիտություն» հրատ., 2016 թ.:
- Սարդարյան Կ., Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ., Եր.: «Նաիրի» հրատ., 2002:
- Սարգսյան Վ., Ջավախքը 1988-2008 թթ. (հոդվածների ժողովածու), Եր., «Միտք» վերլ. Կենտրոն, 2009։
- Վիրաբյան Վ. Հ., Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները և Լոռու Չեզոք գոտին 1920-1921 թթ., (Տարածքային սահմանազատումը), Եր., ԵՊՀ հրատ., 2015:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 665)։ |
|