Գիորգի Կվինիտաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիորգի Կվինիտաձե
გიორგი კვინიტაძე
Giorgi Ivanes dze Kvinitadze - Chicovani in Tsarist Uniform.jpg
օգոստոսի 21, 1874(1874-08-21) - օգոստոսի 7, 1970(1970-08-07) (95 տարեկանում)
ԾննդավայրԴաղստան, Ռուսաստան
Մահվան վայրՇատու
ԳերեզմանՇատու
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Հայ-վրացական պատերազմ
ՊարգևներՍուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Գիորգի Կվինիտաձե (վրաց.՝ გიორგი კვინიტაძე, օգոստոսի 21, 1874(1874-08-21), Դաղստան, Ռուսաստան - օգոստոսի 7, 1970(1970-08-07), Շատու), վրացի ռազմական գործիչ, գեներալ-մայոր, ով ղեկավարել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության բանակը հայ-վրացական և խորհրդա-վրացական պատերազմներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Կվինիտաձեն ծնվել է 1874 թվականին Դաղստանում։ 1873 թվականին կազմակերպված թուրքմենական արշավանքի հերոս Իվանե Կվինիտաձեի որդին է։ Մասնագիտական կրթություն ստացել է Թիֆլիսի կադետային կորպուսում, որն ավարտել է 1892 թվականին։ Այնուհետև Գիորգին ընդունվել է Կոնստանտինովսկի ռազմական դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1894 թվականի օգոստոսի 8-ին, ստացել է լեյտենանտի կոչում և ծառայության անցել Վլադիկավկազի 152-րդ հետևակային գնդում։ 1901 թվականի օգոստոսի 7-ին ստացել է կապիտանի զինվորական կոչում։ Մեկ տարի անց Գիորգի Կվինիտաձեն 9-րդ արևելասիբիրյան մոտոհրաձգային գնդի շարքերում մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, որից հետո պարգևատրվել է շքանշանով։

1910 թվականին իր ծառայությունը շարունակել է 16-րդ միգրելական նռնակաձգային գումարտակում։ 1912 թվականի ապրիլի 1-ին Գիորգին նշանակվում է Կովկասյան ռազմական շրջանի շտաբի հատուկ սպա։ Նույն տարվա դեկտեմբերի 6-ին պարգևատրվում է Սուրբ Աննայի երրորդ կարգի շքանշանով։

Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում Կովկասում կռվել է թուրքերի դեմ։ Արդյունքում՝ 1915 թվականի հունիսի 25-ին նշանակվել է կովկասյան 4-րդ հետևակային դիվիզիոն գնդի ղեկավար։ Բոլշևիկների հեղափոխությունից հետո Գիորգին պատերազմական գործողություններին մասնակցելու համար պարգևատրվել է «խիզախության համար» շքանշանով, ինչպես նաև գեներալ-մայորի զինվորական կոչմամբ։ Հընթացս ստացել է մի շարք այլ շքանշաններ և պարգևատրումներ ևս։ Վրաստանի անկախության հռչակումից հետո կարևոր դեր է խաղացել երկրի բանակաշինության գործում։ Գիորգի Մազնիաշվիլու հետ մեկտեղ ղեկավարել է Հայաստան ներխուժող վրացական զորքը, որն էլ սանձազերծել է հայ-վրացական պատերազմը։ 1921 թվականի փետրվար-մարտ ամիսներին դիմադրության շարժում է սկսել ընդդեմ խորհրդային կարմիր բանակի։ Վրաստանի խորհրդայնացումից և պետականության կորստից հետո՝ 1921 թվականին, Գիորգին արտագաղթում է Կոստանդնուպոլիս, իսկ 1922 թվականին՝ Փարիզ։

Մահացել է 1970 թվականի օգոստոսի 7-ին Ֆրանսիայի Շատու ավանում։ Թաղված է Շատուի գերեզմանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков С. В. Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том I. А—К. М., 2009
  • Гогитидзе М. Грузинский генералитет (1699—1921). Киев, 2001
  • Шабанов В. М. Военный орден Святого Великомученика и Победоносца Георгия. М., 2004