Հովհաննես Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Հախվերդյան
Իվան Ախվերդով
Hovhannes Hakhverdyan.jpg
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Հունիսի 15, 1918 - Մարտի 27, 1919
Նախորդող Պաշտոնը սահմանվել է
Հաջորդող Քրիստափոր Արարատյան
 
Կուսակցություն՝ չկա
Կրթություն՝ Պետերբուրգի առաջին կադետական կորպուս
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր Հունիսի 29, 1873
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսական Կայսրություն
Վախճանի օր Ապրիլի 28, 1931[1]
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

Արիության ոսկե թուր և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Հովհաննես Հախվերդյան
300
հունիսի 29 (հուլիսի 11), 1873 - մարտի 28, 1931(1931-03-28) (57 տարեկանում)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԶորատեսակՀրետանի
Ծառայության տարիներ1890 - 1931
ԿոչումԳեներալ-լեյտենանտ
ՊաշտոնՀայաստանի Հանրապետության ռազմական նախարար
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ
OrderStGeorge4cl rib.png
RUS Order św. Stanisława (baretka).svg RUS Order św. Stanisława (baretka).svg
Order of Saint Anne Ribbon.png Order of Saint Anne Ribbon.png
Saint vladimir (bande).png
Order of Glory Ribbon Bar.png

Հովհաննես Բարսեղի Հախվերդյան (ռուս.՝ Иван Васильевич Ахвердов, հունիսի 29 (հուլիսի 11), 1873, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 28, 1931(1931-03-28), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, հայկական բանակի գեներալ-լեյտենանտ։ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին ռազմական նախարար։ Անկուսակցական։ 1931 թվականին գնդակահարվել է։ Արդարացվել է հետմահու։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հախվերդյանը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում 1873 թվականի հունիսի 29-ին ազնվական Բարսեղ Ֆյոդորովիչ Հախվերդյանի ընտանիքում, որը հանդիսացել է պետական խորհրդատու։ Հախվերդյանը ունեցել է երկու եղբայր, որոնք նույնպես զինվորական էին. Գաբրիել Հախվերդյան՝ գեներալ-մայոր ու Գևորգ Հախվերդյան՝ փոխգնդապետ[2]։

Ամուսնացել է Կոլեգիալ խորհրդատուի դստեր Նադեժդա Էդմունդի Վելմանի հետ։[3]

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի 1-ին կադետային կորպուսում, որն ավարտել է 1890 թվականին՝ սեպտեմբերի 1-ից անցնելով ծառայության։

Ուսումը շարունակել է Պավլովյան ռազմական ուսումնարանում, որն ավարտել է 1892 թվականին՝ ընթացքում 1891 թվականի մայիսի 9-ին ստանալով ունտեր-սպայական կոչման յունկեր, իսկ 1892 թվականի ապրիլի 14-ին՝ կրթսեր պորտուպեյ յունկերի կոչում։ Ճանաչվել է լավագույն ուսանողներից մեկը, ու 1892 թվականի օգոստոի 4-ին ստանալով պոդպորուչիկի կոչում՝ տեղափոխվել է ծառայության Սամարայի 147-րդ հետևակային գունդ։ 1895 թվականի օգոստոսի 5-ին ստացել է պորուչիկի կոչում։ 1895 թվականի հուլիսի 7-ին տեղափոխվել է ծառայության Յամբուրգ քաղաք։ 1894-1896 թվականներին եղել է գնդի դատարանի գործերի կառավարիչ, ժալոներական սպա ու գնդի ադյուտանտ։[3] 1896 թվականի մայիսի 15-ին շնորհվել է պորուչիկի կոչում։

1897 թվականի օգոստոսին հանձնել է ընդունելության քննությունը Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա, նոյեմբերի 2-ին մեկնարկել է ուսուցումը, սակայն 1898 թվականի ապրիլի 20-ին քննությունը չհանձնելու պատճառով դուրս է մնացել ու վերադարձել ծառայության։ 1899 թվականի օգոստոսի 21-ին կրկին ընդունվել է Նիկոլաևյան ակադեմիա, որն ավարտել է՝ ներառյալ երկու կուրսերը ու լրացուցիչ դասընթացները 1902 թվականին՝ մինչ այդ 1900 թվականի մայիսի 6-ին ստանալով շտաբս-կապիտանի կոչում[4]։

Ծառայությունը Ռուսական կայսերական բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով ծառայության վայր 1902 թվականին մասնակցել է Պետերբուրգյան ռազմական օկրուգում ռազմական հավաքի։ Նույն թվականին կցվել է ծառայության Գլխավոր շտաբին՝ մայիսի 28-ին ստանալով կապիտանի կոչում։ 1902 թվականի հոկտեմբերի 17-ից 1904 թվականի փետրվարի 17-ը եղել է Սամարայի հետևակային 147-րդ գնդում վաշտի հրամանատար։ Փետրվարի 17-ին տեղափոխվել է Գլխավոր շտաբ։

Ռուս-Ճապոնական պատերազմի ժամանակ եղել է Հատուկ ծառայությունների Ավագ սպա Առաջին Սիբիրյան ռազմական կորպուսում մինչև 1906 թվականի փետրվարի 27-ը, այնուհետև հատուկ ծառակությունների սպա Սեմիրեչենսկի շրջանի ռազմական շտաբում մինչև 1909 թվականի հունիսի 27-ը՝ մինչ այդ 1906 ապրիլի 2-ին ստանալով փոխգնդապետի կոչում։ 1909 թվականի հունիսի 1-ից սեպտեմբերի 27-ը եղել է Վիբորգյան գնդի գումարտակի հրամանատար։ 1909 թվականի հոկտեմբերի 9-ից 1913 թվականի հուլիսի 23-ը եղել է Թուրքեստանի ռազմական շրջանի ավագ ադյուտանտ, իսկ 1910 թվականի ապրիլի 18-ին ստանում է գնդապետի կոչում՝ «գերազանց ծառայության համար» հիմնավորմամբ։ Հուլիսի 23-ից 1914 թվականի հուլիսի 18-ը եղել է Թուրքեստանի 1-ին կոզակային դիվիզիայի շտաբի պետ։ 1914 թվականի հուլիսի 18-ին նշանակվել է Սվեաբորգի ամրոցի շտաբի պետ[4]։

Առաջին Համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի մայիսի 1-ից 1916 թվականի մայիսի 11-ը հանդիսացել է Լվովում տեղակայված 3-րդ ֆինլանդական հրաձգային գնդի հրամանատար՝ 1915 թվականի հոկտեմբերի 22-ին 42 տարեկան հասակում ստանալով գեներալ-մայորի կոչում։ Նույն թվականի մայիսի 11-ից հուլիսի 26-ը Տրապիզոնի 127-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։ 1916 թվականի հուլիսի 26-ից մինչև 1917 թվականի փետրվար եղել է Երկրորդ Կովկասյան հեծելազորային կորպուսի շտաբի պետ, որը տեղակայված էր Պարսկաստանում։

1917 թվականի հունիսին՝ 5-րդ ֆինլանդական, ապա՝ 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար (Հարավ-Արևմտյան ռազմաճակատ)։ 1917 թ.-ի վերջից թողել է ծառայությունը և տեղափոխվել Կովկաս։

Հայաստանի Առաջին Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունիսի 15-ից՝ Հայաստանի Հանրապետության առաջին զինվորական նախարարն է։ Չլինելով որևէ կուսակցության անդամ՝ Հախվերդյանը ստանում է աջակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից։

1919 թվականին Հովհաննես Քաջազնունու հրաժարականից հետո լքում է պաշտոնը՝ զբաղեցնելով Գլխավոր Շտաբի պետի պաշտոնը։ 1919 թվականի նոյեմբերին բանակի ազգայնականացման փորձերի ու հայերենը որպես բանակում միակ գործածվող լեզու սահմանելու փորձերի արդյունքում հրաժարական է տալիս՝ լքելով բանակը այլ ռուսալեզու սպաներ Թովմաս Նազարբեկյանի, գնդապետ Շնեուրի ու այլոց հետ մեկտեղ[2]։

1920 թվականի մայիսյան ապստամբությունից ու Համո Օհանջանյանի կառավարության օրոք եղել է ռազմական նախարարի տեղակալ։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների Հայաստանի Հանրապետության անկման արդյունքում ձերբակալվել է բոլշևիկների կողմից ու եղել է այն շուրջ 1500 հայ զինվորականների շարքում, ում ոտքով ստիպել են հասնել Ռյազան՝ Թովմաս Նազարբյեկյանի ու Մովսես Սիլիկյանի հետ։

Ըստ այլ աղբյուրների արտագաղթել է, այնուհետև վերադարձել Հայրենիք[5]։

Ծառայել է սովետական բանակում։ Այնուհետև աշխատել է Լենինգրադում որպես «Արմենտորգ»-ի հաշվապահ։ Բնակվել է Լենինգրադում Մոխովայա փողոց, 27 շենք, բն. 26 հասցեով[4]։

1930 թվականի դեկտեմբերի 23-ին ձերբակալվել է՝ «Վեսնա»-ի գործով։ Դատավճռում նշվել է, որ Հախվերդյանը «հակահեղափոխական միապետական սպայական խմբավորման անդամ է հանդիսացել, մասնակցել է խմբի հավաքներին, անհանդուրժող է եղել սովետական իշխանության նկատմամբ»։ Դատապարտվել է ԽՍՀՄ Քրեական Օրենսգրքի 58-րդ հոդվածի 11 ենթակետով՝ որպես հակահեղափոխական գործունեություն ծավալած անձ։ Գնդակահարվել է 1931 թվականի ապրիլի 28-ին[6]: 1930-1931 թվականներին միայն Լենինգրադում «Վեսնա»-ի գործի շրջանակներում գնդակահարվել է ավելի քան հազար նախկին ռուսական բանակի սպա, ընդ որում նաև Հախվերդյանի ավագ եղբայր գեներալ-մայոր Գաբրիել Հախվերդյանը[1]։

Հետմահու արդարացվել է 1989 թվականի հոկտեմբերի 20-ին[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սբ. Աննա 4-րդ աստիճանի (1902 թ.)
  • Սբ. Ստանիսլավ 3-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1905 թ.)
  • Սբ. Աննա 3-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1905 թ.)
  • Սբ. Վլադիմիր 4-րդ աստիճանի թրերով ու ժապավենով (1906 թ.)
  • Սբ. Ստանիսլավ 2-րդ աստիճանի թրով (1906 թ.)
  • Սբ. Աննա 2-րդ աստիճանի թրերով (1906 թ.)
  • Սբ. Գեորգի 4-րդ աստիճանի (Փետրվարի 3, 1916 թ.)
  • Սբ. Գեորգի զենք (Փետրվարի 3, 1916 թ.)
  • Բուխարայի էմիրատի Ոսկե աստղ 2-րդ աստիճանի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]