Հետևազոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հետևազորը կամ Հետևակը ցամաքային զորքերի տեսակ է։ Նախատեսված է համազորային մարտում հակառակորդին ջախջախելու և նրա տարածքը գրավելու համար։ Մարտ է մղում օրվա բոլոր ժամերին, տարվա բոլոր եղանակներին, ամենատարբեր տեղանքում։ Ամենահին զորատեսակն է, որը հասարակության զարգացմանը զուգընթաց էական փոփոխություններ է կրել։ Ստրկատիրական պետություններում (Եգիպտոս, Հունաստան, Հռոմ և այլն) հետևազորը եղել է գլխավոր զորատեսակ։ Ֆեոդալական ասպետության և թաթար-մոնղոլական տիրապետության շրջանում հետևազորի նշանակությունը նվազել է և վերստին ուժեղացել հրազենի առաջացման ու զարգացման համեմատ։ Տարբերվում էր ծանր և թեթև հետևազոր, բայց 20-րդ դարի սկզբին նման բաժանումը վերացվել է։ Հետևազորի կազմակերպական միավորներից են եղել չեգեոնը, այնուհետև՝ վաշտը, գումարտակը, գունդը, հետևակային բրիգադները, դիվիզիան, կորպուսը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին առավել խոշոր պետությունների զինված ուժերում դիվիզիաները հաշվվում էին 16-21 հազար մարդ և բացի հետևազորից ընդգրկում հրետանի, հեծելազոր և սակրավորների ստորաբաժանումներ։ Ռազմական գործողություններում հետևազորը հիմնական զորատեսակն էր։ Տանկերի, ավիացիայի, քիմիական զորքերի երևան գալով, ինչպես նաև մարտում հրետանու, ինժեներական և կապի զորքերի քանակի ու նշանակության մեծացման հետևանքով պատերազմող կողմերի բանակներում հետևազորի քանակը կրճատվեց մինչև 40-50 տոկոսով (1918-ին)։ Մոտորացման համեմատ աճեց հետևազորի շարժունակությունը։ 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ընթացքում կարմիր բանակը հիմնականում կազմված էր հետևազորից։ 1918 թվականից կարմիր բանակում հետևակային ստորաբաժանումներն սկսեցին կոչվել հրաձգային, սակայն հետևազոր անվանումը պահպանվեց որպես զորատեսակի անվանում։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում հետևազորը հագեցվում էր մարտական տեխնիկայով, շարունակվում էր նրա մեքենայացումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) հետևազորը բոլոր բանակներում մնում էր որպես հիմնական զորատեսակ։ Ներկայումս զարգացած և հզոր պետությունների բանակները իրենց կազմում ունեն ցամաքային, ռազմածովային, օդադեսանտային հետևակային զորամիավորումներ, որոնք հագեցած են ժամանակակից զենքով ու մարտական մեքենաներով։ Հետևակային զինվորը մարտադաշտում գործում է ինչպես հետիոտն, այնպես և ռազմամեքենայի վրայից։ Հետևազորը դարձել է հուժկու, կործանիչ և շարժունակ զորատեսակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 372 CC-BY-SA-icon-80x15.png