Դիվիզիա
Զինվորական կազմավորում | ||
---|---|---|
Տիպային ստորաբաժանումներ | Տիպային քանակ | Տիպային հրամանատար |
ջոկ | 8–12 | սերժանտ |
դասակ | 15–30 | լեյտենանտ |
վաշտ | 80–150 | կապիտան/մայոր |
գումարտակ | 300–800 | փոխգնդապետ |
զորագունդ/ բրիգադ |
3,000–5,000 | գնդապետ/ բրիգադի գեներալ |
դիվիզիա | 10,000–30,000 | գեներալ-մայոր |
կորպուս | 30,000–50,000 | գեներալ-լեյտենանտ |
դաշտային բանակ | 100,000–300,000 | գեներալ |
բանակային խումբ | 2+ դաշտային բանակներ | ֆելդմարշալ/ բանակի ղեկավար |
Մարզ/ ռազմաբեմ |
4+ բանակային խմբեր | գերագույն գլխավոր հրամանատար |
Դիվիզիա (լատին․՝ divisio - բաժանում, տրոհում), ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի տակտիկական զորամիավորում։ Լինում են հետևակային (հրաձգային, մոտոհրաձգային, մոտորացված, մոտոհետևակային), մեքենայացված, հեծելազորային, հրետանային, զենիթային, տանկային (զրահա–տանկային), ավիացիոն, օդադեսանտային, աէրոմոբիլային, ՏՕՊ-ի և այլն։ Դիվիզիաները ռուսական և ֆրանսիական բանակներում երևան են եկել 18-րդ դարի սկզբներին։ 19-րդ դարում վերջնականապես հաստատվել են նաև այլ բանակներում։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) նախօրեին հետևակային Դիվիզիաներ ուներ 15-16 հազար մարդ։ Պատերազմի ժամանակ դիվիզիան վերածվեց համազորային միավորման՝ հետևակի, հեծելազորի, հրետանու, ինժեներական և կապի զորամասերով հանդերձ։ 1930-ական թվականներին որոշ պետությունների զինված ուժերում ստեղծվեցին տանկային (զրահատանկային) և ավիացիոն դիվիզիաներ։ Առանձին բանակներում (օրինակ, ֆրանսիական) տանկեր կային նաև հետևակային դիվիզիաներում։ ԽՍՀՄ-ում 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի տարիներին դիվիզիաները բազմիցս կառուցվածքային փոփոխություններ են կրել, կազմակերպչորեն կատարելագործվել շնորհիվ նոր ռազմ, տեխնիկայի համալրման և կառավարման բարելավման։ Ետպատերազմյան շրջանում, երբ ավարտվեց ցամաքային զորքերի մոտորացումը, հրաձգային դիվիզիաներն սկսեցին կոչվել մոտոհրաձգային, իսկ հեծելազորային դիվիզիաները վերացվեցին։ ժամանակակից զինված ուժերում, կազմակերպչորեն բաղկացած է գնդերից, բրիգադներից կամ բրիգադային խմբերից։ Նրա մեջ մտնում են տարբեր զորատեսակների և հատուկ զորքերի զորամասեր, ինչպես նաև զանազան ծառայություններ։ Դիվիզիաների թվական կազմը տարբեր է։ ԱՄՆ-ում, օրինակ, մեքենայացված դիվիզիան ունի ավելի քան 18 հազար անձնակազմ, մոտ 190 տանկ, 2,8 հազար ավտոմեքենա, 850 զրահատրանսպորտյոր, 57 ուղղաթիռ, 234 միավոր հրետանային, ականանետային և հրթիռային սպառազինություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 408)։ |