Սիմոն Վրացյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Վրացյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նոյեմբերի 25, 1920 - Դեկտեմբերի 2, 1920
Նախորդող Համո Օհանջանյան
Հաջորդող Պաշտոնը կասեցվել է
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար
Նոյեմբերի 25, 1920 - Դեկտեմբերի 2, 1920
Նախորդող Համո Օհանջանյան
Հաջորդող Պաշտոնը կասեցվել է
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության ու պետական գույքի նախարար
Ապրիլի 3, 1920 - Նոյեմբերի 23, 1920
Նախորդող Թադևոս Թոշյան
Հաջորդող Արշակ Հովհաննիսյան
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի նախարար
Ապրիլի 3, 1920 - Նոյեմբերի 23, 1920
Հաջորդող Արշակ Հովհաննիսյան
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քաղաքագետ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ծննդյան օր 1882
Ծննդավայր գ. Մեծ Սալա, Նոր Նախիջևան
(Ռուսաստան) Ռուսաստան
Վախճանի օր Մայիսի 21 1969
Վախճանի վայր Բեյրութ
(Լիբանան) Լիբանան
Simon Vratsian-AYMA.jpg

Սիմոն Վրացյան (1882[2], Նոր Նախիջևան և Դոնի Ռոստով - 1969[1], Բեյրութ) (դասական ուղղագրութեամբ՝ Սիմոն Վրացեան) հայ քաղաքական գործիչ է, դաշնակցական ղեկավար։ Եղել է Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի, ինչպես նաև աշխատանքի նախարար ու չորրորդ վարչապետը։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 թվականին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է Նոր Նախիջևանի միջնակարգ դպրոցում, 1900-1906 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1908-1910 թվականներին սովորում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական և իրավաբանական ֆակուլտետներում։ 1906 թվականից սկսում է հեղափոխական գործունեությունը, զենք է ձեռք բերում և ուղարկում արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907 թվականին մասնակցում է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։ 1910 թվականին Մոսկվայում լույս է ընծայում «Հասկ» ժողովածուն, որի մեծ մասը ցարական կառավարությունը առգրավում է։ Վախենալով հետապնդումից Վրացյանը փախչում է Բաթում, ապա Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս։ Հետագա տարիներին դասավանդում է Կարինի որոշ ուսումնական հաստատություններում, խմբագրում է Կարինում և Եվրոպայում հրատարակվող մի շարք թերթեր։ 1911-1913 թվականներին ԱՄՆ-ում թողարկում է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադառնում է Թիֆլիս, որտեղ մասնակցում է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակում է «Հորիզոն» թերթը։ 1918 թվականին ընտրվում է Անդրկովկասյան Սեյմի, ապա 1919 թվականին դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918 թվականին անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցում է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։

Սիմոն Վրացյանի գրությունը թուրքերի հետ բանակցությունների մասին

Անկախության հռչակումից հետո (1918) նշանակվում է Հարավ Ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար։ 1919 թվականին ընտրվում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1920 թվականի մայիսին նշանակվում է Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար, 1920 նոյեմբերին ՀՀ կառավարության վարչապետ։

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո գլխավորում է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Այս կոմիտեն 1921-ի փետրվարին Երևանում կատարել է հեղափոխության անհաջող փորձ, ինչը դարձել է մեկ ամիս տևած քաղաքացիական բախումերի պատճառ: Սրանք հայտնի են նաև փետրվարյան ապստամբություն անունով: Անհաջողության պատճառով անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Նժդեհի հետ դուրս է եկել երկրից: 1921 թվականի օգոստոսից հետո ապրում է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում։ Շարունակում է քաղաքական գործունեությունը։ 1945 թվականին, որպես Հայկական ազգային կոմիտեի նախագահ վերջնագիր է ներկայացնում Սան-Ֆրանցիսկոյում ՄԱԿ-ի հիմնադիր համաժողովի կազմակերպիչ պետություններին՝ նրանց ուշադրությունը գրավելով պատմական անարդարության վրա՝ հայ ժողովրդի հանդեպ։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը Վրացյանը Բեյրութի «Նշան Պալանջյան» վարժարանի տնօրենն էր։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անկախ եւ Միացեալ Հայաստան, Երեւան, 1920, 23 էջ, Պոսթըն, 1920, 64 էջ:
  • Բանակցութիւններ Ազգային պատուիրակութեան եւ Հայաստանի պատուիրակութեան միջեւ, Պոսթըն, 1920, 67 էջ:
  • Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, Պէյրութ, 1953, 205 էջ:
  • Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, Պէյրութ, 1958, 684 էջ, Թեհրան, 1982, 684 էջ, Երեւան, 1993, 704 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/286/HH_Simon%20Vracyan.pdf
  • Հին թղթեր նօր պատմութեան համար, Պէյրութ, 1962, 381 էջ:
  • Մրրկածին Դրօն, Պէյրութ, 1996, 207 էջ:
  • Կեանքի ուղիներով, հատ. Ա., Գահիրէ, 1955, Պէյրութ, 1967,
  • Կեանքի ուղիներով, հատ. Բ., Պէյրութ, 1960, 1967,
  • Կեանքի ուղիներով, հատ. Գ., Պէյրութ, 1963,
  • Կեանքի ուղիներով, հատ. Դ., Պէյրութ, 1965,
  • Կեանքի ուղիներով, հատ. Ե., Պէյրութ, 1966,
  • Կեանքի ուղիներով, հատ. Զ, Պէյրութ, 1967:
  • Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան /1890-1950/, Պոսթըն, 1950, 636 էջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #142115649 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 14-ին 2015:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԱԽՈՐԴՈՂ Սիմոն Վրացյան ՀԱՋՈՐԴՈՂ
Համո Օհանջանյան Նոյեմբերի 25, 1920 - Դեկտեմբերի 2, 1920 Ալեքսանդր Մյասնիկյան