Համբարձում Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համբարձում Տերտերյան
071 hambardzum terteryan.jpg
Դրոշ
ՀՀ Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր
1919 հունիսի 4 - 1920 դեկտեմբերի 2
Դրոշ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
1920 նոյեմբերի 24 - 1920 դեկտեմբերի 2
Դրոշ
Հայաստանի Հանրապետության հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատար
1920 նոյեմբերի 24 - 1920 դեկտեմբերի 2
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր 1884
Վախճանի օր 1955
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Համբարձում Մանվելի Տերտերյան (ծնվ.՝ 1884 թվական, Նոր Նախիջևանի շրջանի Թոփտի գյուղ), հայ իրավաբան, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի 2-րդ գումարման պատգամավոր[1], Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար (1920 նոյեմբերի 24 - դեկտեմբերի 2), Հայաստանի առաջին հանրապետության հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատար (1920 նոյեմբերի 24-դեկտեմբերի 2)[2]: Եղել է Նոր Նախիջևանի Հայ Յեղափոխական Դաշնակցության Նոր Նախիջևանի Կենտրոնական կոմիտեի նախագահ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականին Նոր Նախիջևանի շրջանի Թոփտի գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա շարունակել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում: Ավարտել է Վլադիկազկազի գիմնազիան, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի Իրավագիտական ֆակուլտետը: Այնուհետև Նոր Նախիջևանում զբաղվել է իրավաբանությամբ: Եղել է Նոր Նախիջևանի Հայ Յեղափոխական Դաշնակցության Նոր Նախիջևանի Կենտրոնական կոմիտեի նախագահը: 1911-1914 թթ. եղել է Նոր Նախիջևանի շրջանի Թոփտի գյուղի ծխական դպրոցի հոգաբարձու: 1914-1917 թթ. եղել է Նոր Նախիջևանի Թեմական դպրոցի հոգաբարձու, ինչպես նաև նույն քաղաքի համայնական խորհրդի անդամ և փոխնախագահ: 1918-1919 թթ. եղել է Նոր Նախիջևանում ստեղծված Կովկասյան ֆրոնտի Պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, ապա՝ նախագահ:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի հունիսից` Հայաստանի առաջին հանրապետության Խորհրդարանի պատգամավոր: 1920 թվականի ամռանը Լևոն Շանթի գլխավորած ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Մոսկվայում և Երևանում տեղի ունեցած հայ-ռուսական բանակցություններին: 1920 թվականի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2Սիմոն Վրացյանի գլխավորած ՀՀ կառավարության կազմում եղել է Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար, հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատարը[2]: 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1921 թվականի փետրվարի 18-ը, համաձայն 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի համաձայնագրի, Խորհրդային Հայաստանի կառավարության կազմում զբաղեցրել է Ֆինանսների նախարարի պաշտոնը: 1921 թվականի փետրվարի 18-ի ապստամբությունից հետո մինչև ապստամբության վախճանը՝ ապրիլի 2-ը Հայրենիքի Փրկության կոմիտեի կառավարության կազմում եղել է ֆինանսների և հանրային խնամատարության նախարար: Ապստամբության պարտությունից հետո ապստամբության մյուս մասնակիցների հետ անցել է Զանգեզուր: 1921 թվականի ամռանն անցել է Իրան: Հետագա գործունեության և մահվան տեղի և թվականի մասին տվյալներ չկան: Հավանաբար զբաղվել է իրավաբանությամբ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինչ պիտի գիտնայ երիտասարդ Դաշնակցականը, Թեհրան, 1955, 136 էջ:
  • Համբարձում Տէրտէրեանի յուշերը 1920 դեկտ. 2-ից մինչեւ 1921 ապրիլ 2 կատարուած դէպքերի մասին, տես Սիմոն Վրացեան, Կեանքի ուղիներով, Զ. հատ., Պէյրութ, 2007, էջ 272-301:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրացեան Սիմոն «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրտ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրտ., Երևան, 1993, 704 էջ:
  • Շահան «Երեւանի համաձայնագիրը», Պոսթըն, 1941, 112 էջ:
  • Սիմոն Վրացեան «Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ», Պէյրութ, 1953, 205 էջ:
  • Սիմոն Վրացեան «Կեանքի ուղիներով», Զ. հատ., Պէյրութ, 1967, 348 էջ, 2-րդ հրտ., Պէյրութ, 2007, 344 էջ:
  • Փիրումեան Ռուբինա «Հայաստանը Հ. Յ. Դ.–բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917–1921 թթ.)», Երևան, 1997, 421 էջ:
  • Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ:
  • Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), Երևան, 2010, 800 էջ:
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918–1920 թթ.)», Երևան, 2011, 416 էջ:
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), Երևան, 2016, 548 էջ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության նիստերի արձանագրություններ: 191-1920թթ. (խմբ. Գլխավոր խմբագիր և կազմող՝ Ա. Վիրաբյան), Երևան, «Հայաստանի ազգային արխիվ», 2009 — 593-597, էջեր 593-597 — 616 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-878-3-6։
  2. 2,0 2,1 2,2 Համբարձում Տերտերյանի կենսագրությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում