Արման Կիրակոսյանը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտիի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժինը, որն ավարտելուց հետո՝ 1977 թվականին մի քանի ամիսների ընթացքում հայոց պատմություն և հասարակագիտություն է դասավանդել Էջմիածնի շրջանիԲաղրամյան գյուղի դպրոցում։ Նույն տարում ընդունվել է պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան և 1980 թվականին ավարտել այն։ 1980-1986 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում (լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող – ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվական կենտրոնի «Հայագիտությունն արտերկրում» խմբի ղեկավար)։ 1986-1991 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կոմկուսի կենտկոմում (Գիտության և կրթական հաստատությունների բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի հրահանգիչ, գաղափարական բաժնի խորհրդատու), այնուհետև կրկին վերադարձել ՀՀ ԳԱԱ՝ որպես Սփյուռքի պատմության և մշակույթի բաժնի ղեկավար։
1992-1993 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը, որից հետո եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Հունաստանում (1994-1999 թվականներ) և ԱՄՆ-ում (1999-2005 թվականներ)։
2005-2011 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2011 թվականին նշանակվել է Ավստրիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[2] և, համատեղության կարգով, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար[3]։ Նույն տարում, համատեղության կարգով, նշանակվել է Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ[4]։ 2012 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։
2018 թվականին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[6]։
Արման Կիրակոսյանը 1999 թվականից պատմական գիտությունների դոկտոր էր, աշխատության թեման՝ «Բրիտանական դիվանագիտությունը և արևմտահայության խնդիրը XIX դարի 30-ական թթ. – 1914 թ.», որը լույս է տեսել նույն թվականին։ Գրքում վեր է հանվում անգիլական դիվանագիտության սկզբունքները և թուրքերի ջարդարարական քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Հիշյալ աշխատությունը անգլերեն լույս է տեսել Լոնդոնում 2004 թ. «Կոմիտաս» ինստիտուտի կողմից։ Բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ էր։ Անգլերեն է հրատարակվել նրա կազմած «Հայկական ջարդերը 1894-96 թթ․» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 35 հոդված, հրատարակվել է 2004 թվականի փետրվարին՝ Դետրոյթի Վեյն նահանգային համալսարանի կողմից։ 2005 թվականին լույս է ընծայել «Ակնարկներ Հայկական հարցի և եղեռնի միջազգային ճանաչման պատմության» հոդվածների ժողովածուն։