Լեգրանի առաքելություն (1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լեգրանի առաքելություն, ՌԽՖՍՀ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում 1920 թվականին՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Պատվիրակությունը ղեկավարել է Բորիս Լեգրանը (1920 թվականի հուլիսին նշանակվել է ՌԽՖՄՀ լիազոր ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում). կազմի մեջ եղել են Ա. Տեր-Գաբրիելյանը, Օ. Սիլինը, Ի. Շիֆֆերսը, Ա. Հովհաննիսյանը։ ՌԽՖԱՀ և Հայաստանի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ բանակցությունները ընթացել էին Մոսկվայում, դեռ մինչև Լեգրանի առաքելությունը, որոնք, սակայն, հաջողություն չէին ունեցել՝ 1920 թվականի հուլիսին Լեգրանի առաքելությունը ժամանել է Անդրկովկաս, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հապաղել է ընդունել նրան։ Հաստատվելով Թիֆլիսում՝ Լեգրանի առաքելությունը բանակցություններ է սկսել այնտեղ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների հետ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրվել է Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև, որով ՌԽՖԱՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետությունը, կողմերի միջև դադարեցվում էին ռազմական գործողությունները, ՌԽՖՍՀ զորքերը մնում էին հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում, մինչև դրանց պատկանելության որոշումը։ Լեգրանի առաքելությունը առաջարկել է իր միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն այն չի ընդունվել։

1917 թվականի հոկտեմբերին Լեգրանի առաքելությունը ժամանել է Երևան, որտեղ շարունակվել են բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ։ Մշակվել է հաշտության պայմանագրի նախագիծ (տես Հաշտության պայմանագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920), համաձայն որի ՌԽՖՍՀ ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, հրաժարվում էր նախկինում նրա նկատմամբ ունեցած իր իրավունքներից, խոստանում իր աջակցությունը արևմտյան Հայաստանի տարածքները միացնելու գործում, պարտավորվում հետ քաշել թուրքական զորքերին մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը, ֆինանսական օգնություն ցույց տալ Հայաստանին։ ՌԽՖՍՀ ստանում էր երկաթուղային ճանապարհներից օգտվելու տրանզիտի իրավունք։ Պայմանագրի նախագիծը մերժհլ է ՌԿ (բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոն և Ադրբեջանական կոմկուսի ԿԿ քաղբյուրոն։ Շարունակելով բանակցությունները Հայաստանի Հանրապետության հետ՝ Լեգրանի առաքելությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրել է համաձայնագիր, որով Հայաստանը հայտարարվել է սոցիալիստական հանրապետություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png