Ջոն Կիրակոսյան
Ջոն Կիրակոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 6, 1929 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | հունիսի 20, 1985 (56 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան, միջազգայնագետ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Երեխաներ | Արման Կիրակոսյան |
Ջոն Սահակի Կիրակոսյան (մայիսի 6, 1929, Երևան - հունիսի 20, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում), հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, քաղաքական գործիչ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1975-1985)։ Ջոն Կիրակոսյանի հեղինակած հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը։
Արման Կիրակոսյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Նրա ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ուր մասնագիտացել է արևելյան երկրների նոր պատմության բնագավառում։ Նույն ինստիտուտում՝ 1954 թվականին, հաջողությամբ պաշտպանել է 1918-1921 թվականներին Իրանում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը։
Ջոն Կիրակոսյանը վերադառնում է հայրենիք և, ամենևին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, մի շարք պատասխանատու կուսակցական, պետական աշխատանքներ է կատարում։ 1955-1962 թվականներին գլխավորում է «Լենինյան ուղիով» ամսագրի քարոզչության բաժինը։ Ապա չորս տարի աշխատում է ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ։ 1966-1969 թվականներին նա վարում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, 1969-1975 թվականներին՝ ՀԿԿ-կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, իսկ կյանքի վերջին տասնամյակում՝ 1975-1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսում էր սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ[1][2]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջ. Կիրակոսյանի գիտական-ստեղծագործական աշխատանքները ծավալվում են 60-ական թվականներից, երբ համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում գաղափարախոսական ոլորտում. անհատի պաշտամունքի քննադատությամբ պայմանավորված՝ ամբողջ երկրում իշխող գաղափարական պարտադրանքներն ինչ-որ չափով թուլացան, ստեղծվեց համեմատաբար ազատ ստեղծագործելու մթնոլորտ։ Շնորհիվ դրա 1960-ական թվականները դարձան հասարակական գիտությունների, հատկապես հայագիտության, հայ արվեստի ու գրականության և ամբողջ մշակույթի համար վերելքի ժամանակաշրջան։
Պատմագիտության մեջ այդ զարթոնքն արտահայտվեց մինչ այդ չխրախուսվող արգելված թեմաների, ինչպես՝ հայ ազգային-ազատագրական շարժումների, հայկական գաղութների ու սփյուռքի և այլ հիմնահարցերի ուսումնասիրությամբ։ Նախաձեռնվեց հայ ժողովրդի ընդհանրացնող պատմության ութհատորյակի ստեղծումը։ Ավելին, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին հաջողվեց հրատարակել «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն և այլն[3]։
«Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը»[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914–1916 թթ.)» մենագրությունը։ Այն ունեցավ երկրորդ հրատարակություն (1967 թ.) և տպագրվեց նաև ռուսերեն (1971 թ.)։ Մենագրությունը լույս տեսավ հայ ժողովրդի ամենաողբերգական իրադարձության՝ Մեծ եղեռնի 50-ամյակի հուժկու շարժման ժամանակ։
Մենագրությունը սկսվում է Առաջին աշխարհամարտին նախորդող շրջանում Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության, նրա սոցիալ-տնտեսական և ազգային ծանր գոյավիճակի նկարագրությամբ։ Թվում էր, թե 1908 թվականի վերնախավային հեղաշրջումով արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II-ին տապալած և իշխանության գլուխ եկած «Միություն և առաջադիմություն» («Իթթիհատ վե թերաքքի») երիտթուրքերի կուսակցությունն առաջադիմական քայլ կկատարեր կայսրության մեջ դժվարին պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ։ Սակայն հեղինակը վերլուծությամբ ցույց է տալիս, որ երիտթուրքերը ոչնչով չտարբերվեցին իրենց նախորդից, հայ ազգաբնակչության անմխիթար վիճակն ամփոփոխ մնաց։
Ջ. Կիրակոսյանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը։ Նրանց գաղափարախոսներից դոկտոր Նազըմը նշում էր, որ իրենց նախնիները Թուրանից են եկել, և Կասպից ծովից դեպի արևելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատար, իսկ իրենք մնում են մեկուսացված։ Հետևաբար, իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչև Արալի ծովը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդն էր համարվում գլխավոր խոչընդոտն այդ միավորումն իրականացնելու ճանապարհին։
Այնուհետև հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին։ Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909 թվականի Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները։ Ապա հեղինակն անցնում է 1912–1913 թվականների Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության և Հայկական հարցի վերաբացման խնդրին։
Այս գրքում, ուշագրավ է Ջոն Կիրակոսյանի կողմից հորինված հեռագիրը որն իբր ուղղված էր Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հովհաննես Քաջազնունու անունից: Սակայն վերոնշյալ հեռագրի իսկությունը չի հաստատվում ոչ մի արխիվային փաստաթղթով: Բացի այդ, հորինված հեռագրի ներքև ստորագրած երեք գործիչներից երկուսի զբաղեցրած պաշտոնները սխալ են ներկայացվել Ջոն Կիրակոսյանի կողմից[4]։
«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ․)»[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականին լույս տեսավ Ջոն Կիրակոսյանի և Ռ. Սահակյանի կազմած «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923 թթ.)» ժողովածուն։ Այն ընդգրկում էր Հայաստանի միջազգային իրավական և քաղաքական պատմությանն առնչվող մեկդարյա բոլոր հիմնական փաստաթղթերը՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից մինչև 1923 թվականի Լոզանի պայմանագիրը։ Գրքի ընդարձակ առաջաբանում Ջ. Կիրակոսյանը կատարել է ժողովածուի փաստաթղթերի և նյութերի գիտական քննություն[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1971
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (հետմահու)
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հնդիկ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի հերոսական էջը (1857 թ. հակաանգլիական ապստամբության 100–ամյակի առթիվ), Երևան, 1957, 80 էջ:
- Ժամանակակից ռևիզիոնիզմը կոմունիստական շարժման գլխավոր վտանգն է, Երևան, 1958, 51 էջ:
- Դաշնակները իմպերիալիզմի գործակալներն են Մերձավոր Արևելքի երկրներում, Երևան, 1960, 58 էջ:
- Գաղութատիրության կործանումը անխուսափելի է, Երևան, 1961, 52 էջ:
- Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1915–1916 թթ.), Երևան, 1965, 512 էջ:
- Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1915–1916 թթ.), Երևան, 1967, 557 էջ: - http։//www.historyofarmenia.am/images/menus/378/1_in_hamashxarhayin_pat_ev_arevmtahayutyun@.pdf
- Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, խմբագիր՝ Ջոն Կիրակոսյան, Երևան, 1972, 809 էջ:
- Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը XIX դարի 70–ական թվականներին, Երևան, 1978, 364 էջ:
- Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը XIX դարի 80–ական թվականներին, Երևան, 1980, 456 էջ: - http։//www.historyofarmenia.am/images/menus/366/BurjuakanDivanagitutyun.pdf
- Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք I, Երևան, 1982, 360 էջ:
- Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք II, Երևան, 1983, 464 էջ: - http։//www.historyofarmenia.am/images/menus/377/Eritturker@PatmutyanDatastaniaraj.pdf
- Երիտթիւրքերը պատմութեան դատաստանի առաջ (ընդդէմ պատմութեան թրքական կեղծարարութեան), ա. տ., 1987, 114 էջ:
- Ընտրանի, Երևան, 2014, 732 էջ:
- Западная Армения в годы первой мировой войны, Е„ 1971;
- Буржуазная дипломатия и Армения (70-е гг. XIX века), Е., 1981;
- А. К. Дживелегов и его историческо-публицистическое наследие, Е., 1986.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալայան Զորի, Կյանք մահից հետո, Երևան, 1999, 264 էջ։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան, 1979, էջ 451-452:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995, էջ 699-700:
- Ով ով է (Հայեր: Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՋՈՆ ՍԱՀԱԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Կիրակոսյան Ջոն Սահակի | historyofarmenia.am.am»։ www.historyofarmenia.am։ Վերցված է 2019-05-06
- ↑ Daily A. Z. G.։ «ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ»։ AZG Daily։ Վերցված է 2019-05-06
- ↑ Ջոն Կիրակոսյանի հորինվածքը. Քաջազնունու և Արամի չգրած հեռագիրը Էնվերին
- ↑ Վլադիմիր Բարխուդարյան, (2009-10-30)։ «Գիտնականը, քաղաքացին (Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ)»։ hpj.asj-oa.am։ Վերցված է 2016-11-07
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունիսի 20 մահեր
- 1985 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Հայ պատմաբաններ
- Հայ քաղաքագետներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներ
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- Խորհրդահայեր
- 20-րդ դարի պատմաբաններ