Լոզանի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոզանի խաղաղության պայմանագիր

Accord relatif à la restitution réciproque des internés civils et à l'échange des prisonniers de guerre, signé à Lausanne

Պայմանագրի տիպ Հաշտության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
24 հուլիսի, 1923 թվական
Լոզան, Շվեյցարիա Շվեյցարիա
Ուժի մեջ է մտել 6 օգոստոսի, 1924 թվական
Ստորագրել են Թուրքիա Թուրքիա

Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իտալիա Իտալիա
Ճապոնիա Ճապոնիա
Հունաստան Հունաստան
Ռումինիա Ռումինիա
Կողմեր Թուրքիա Թուրքիա

Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իտալիա Իտալիա
Ճապոնիա Ճապոնիա
Հունաստան Հունաստան
Ռումինիա Ռումինիա
Հարավսլավիա Հարավսլավիա
Պահվում է Ֆրանսիա
Լեզու Ֆրանսերեն
Wikisource-logo.svg Վիքիդարան պարունակում է տեքստը.
en:Treaty of Lausanne

Լոզանի պայմանագիր, 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։
Պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը[1], մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը[2]:
Ամբողջական ֆրանսերեն անվանումը. Accord relatif à la restitution réciproque des internés civils et à l'échange des prisonniers de guerre, signé à Lausanne - Ներկալված քաղաքացիական անձանց փոխադարձ վերադարձի և ռազմագերիների փոխանակման համաձայնագիր՝ կնքված Լոզանում։ Ամբողջական տեքստն անգլերենով՝ այստեղ[3]

Թուրքիայի Հանրապետությունը Լոզանի պայմանագրով իր հավատարմությունն է հայտնել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիային (միջազգայնագրին), կանոնակարգին և առդիր արձանագրությանը (Բարսելոնի կոնֆերանս, ապրիլ, 1921) (Convention, Statute and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921

Aquote1.png Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ կոնվենցիային և կանոնակարգին, որոնք ընդունվել են Բարսելոնում կայացած կոնֆերանսի կողմից 1921 թվականի ապրիլի 14-ին, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վերաբերյալ նույն կոնֆերանսում 1921 թվականի ապրիլի 19-ին ընդունված կոնվենցիային, կանոնակարգին և առդիր արձանագրությանը:
- Լոզանի պայմանագրի 101-րդ հոդված
Aquote2.png


Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածում հիշատակվող Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ հոդվածը միանշանակորեն հայտարարում է, որ հանձնառու կողմը պետք է «նպաստի իր ինքնիշխանության (sovereignty) կամ իշխանության (authority) տակ գտնվող տարածքով՝ երկաթուղով, ջրային ճանապարհով կամ ցամաքային ուղով, միջազգային փոխադրումների իրականացմանը: Ոչ մի խտրականություն չպիտի դրվի անձանց քաղաքացիության, նավերի պատկանելության (flag), ապրանքի ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, բեռների պահեստավորմանը կամ բեռնափոխադրման եղանակին»:

Լոզանի պայմանագրի 104-րդ հոդվածով, Թուրքիան պարտավորվում է «հավատարիմ մնալ Բարսելոնի կոնֆերանսի կողմից միջազգային երկաթուղիների վերաբերյալ արված (ապրիլի 20, 1921) հանձնարարականներին» (recommendations

Թեև Հայաստանի Հանրապետությունը մաս չի կազմել Լոզանի պայմանագրին, հետևաբար, վերջինս ուղղակիորեն չի վերաբերում մեր երկրին, այնուամենայնիվ այն սերտորեն առնչվում է հայ ժողովրդին։ Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի մասին, սակայն այն 2 առումով առնչվում է վերջինիս։ Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին։ Ընդ որում, փոքրամասնություններին վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն՝ դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն։

Այս պայմանագրի նշանակությունը գերագնահատվում է. այն փոփոխության չի ենթարկել, մինչևիսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդյունքները, այլ միայն Լոզանի պայմանագիրը ստորագրած որոշ երկրների հետ վերատեսության է ենթարկել Սևրի պայմանագրի մի շարք դրույթներ։

Հայաստանի Հանրապետությունը, բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը։ Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը։

Լոզանի և Սևրի պայմանագրերի իրավական փոխհարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա, ըստ որի Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։ Դա թյուր կարծիք է, քանի որ պայմանագիրը չեղյալ է դառնում չեղյալ հայտարարելով։ Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և այդ իրողության ամրագրումով հաջորդ պայմանագրի մեջ։ Լոզանի պայմանագիրը չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը։ Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին։ Ըստ միջազգային իրավունքի, պայմանագիրը կնքած երկրներն իրավասու են հաջորդ պայմանագրով վերատեսության ենթարկել նախորդ պայմանագրի դրույթները։ Սակայն փոփոխված կամ նորամուտ դրույթներն իրավական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրած երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մեջ մնալ նախորդ պայմանագրի դրույթները։ Սա հստակորեն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 39, 40 և 41-րդ հոդվածներում։ Սևրի պայմանագրի կողմեր են հանդիսացել 18 երկիր, իսկ Լոզանի պայմանագրի՝ ընդամենը 8-ը։ Այսինքն, Լոզանին չմասնակցած երկրների համար իրավական է Սևրի պայմանագիրը, իսկ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրավական են Սևրի պայմանագրի այն դրույթները, որոնք չեն փոփոխվել Լոզանի պայմանագրում։

Սևրի պայմանագիրը վավերացման գործընթացի թերի մնալու պատճառով ի սկզբանե չի մտել ուժի մեջ, այսուհանդերձ Լոզանը չեղյալ չի հայտարարել Սևրը. Լոզանը չէր կարող դա անել, քանի որ նշյալ պայմանագիրը և՛ իր բնույթով, և՛ ստորագրողների շրջանակով էապես տարբերվում է Սևրի պայմանագրից։ Այսինքն, ներկայումս Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի վավերական փաստաթուղթ է, որը բանակցվել և ստորագրվել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մեջ չի մտել (valid but not in force)։ Եթե Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա այն օրինապես կմտնի ուժի մեջ։

Սևրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպես միջազգային իրավունքում կոչվում են չվավերացված պայմանագրերը[4] չի խաթարում ՀՀ իրավունքները, քանի որ Թուրքիայի պարտավորությունները ՀՀ նկատմամբ բխում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից (նոյեմբերի 22, 1920)[5]:

Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլև 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք։ Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական և թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ՝ հստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում։ Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը հայտարարում է, որ Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնց վրա Լոզանի պայմանագրով չի ճանաչվել Թուրքիայի ինքնիշխանությունը, իսկ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքների վրա Լոզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանությունը, հետևաբար Թուրքիան մեկ անգամ ևս հաստատել է վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը։

Իրավական տեսանկյունից Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլև, ամենակարևորը՝ էությամբ ու նպատակներով։ Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լոզանի պայմանագիրը՝ 1919-1922 թվականների տեղի ունեցած պատերազմական գործողություններին[1]:

Սևրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից Գլխավոր դաշնակից ուժերի[6] և Դաշնակից ուժերի[7], իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ, իսկ Լոզանի պայմանագրի նպատակն ընդամենը Բարձր պայմանավորվող կողմերի՝[8] և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության, և ոչ թե՝ Թուրքիայի կառավարության, միջև սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր։

Լոզանի պայմանագիրը վերատեսության է ենթարկել 1919-1922 թվականների ռազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչվող դրույթներ, որոնց անդրադարձել էր նաև Սևրի պայմանագիրը։ Միջազգային իրավունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքված պայմանագրի դրույթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող 2 և ավելի կողմերի անունից։ Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպես ամեն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տվյալ պայմանագրին մաս կազմող կողմերին[9], իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այլ երկրների իրավունքների և պարտավորությունների վրա[10]: Դեռևս 19-րդ դարի կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության։

Լոզանի պայմանագրից ոչ միայն ակնհայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղյալ հայտարարել Սևրի պայմանագիրը, այլև Լոզանի պայմանագրում ընդհանրապես հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին։ Ավելի պարզ ասած՝ պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել ոչ այլ կերպ, եթե ոչ պայմանագիրը կնքած բոլոր կողմերի, դրա մասին միանշանակ հայտարարումով։ Միջազգային իրավունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետություն չի կարող ձերբազատվել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի մյուս պայմանավորվող բոլոր կողմերի հստակ համաձայնությունը[11]:

Այսպիսով, Սևրի և Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են։ Լոզանի պայմանագիրն իրավասու չէր և չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը։ Լոզանի պայմանագիրը, հիմնական օրենքի կարգավիճակով, ամրագրել է ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները։ Լոզանի պայմանագիրը վերահաստատել է Թուրքիայի հրաժարումը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված տարածքների տիտղոսից և իրավունքից։

Լոզանի պայմանագիրը և հայ-թուրքական սահմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը հռչակում է. «Այսու Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքների ու կղզիների տիտղոսից և դրանց նկատմամբ իր բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են սույն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բացառյալ նրանց, որոնց նկատմամբ սույն պայմանագրով ճանաչվել է նրա ինքնիշխանությունը: Այդ տարածքների և կղզիների ապագան լուծել են կամ կլուծեն շահագրգիռ կողմերը»:

Քանի որ Լոզանի պայմանագիրը հստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (հոդված 2.1), Հունաստանի (հոդված 2.2), Սիրիայի (հոդված 3.1) և Իրաքի (հոդված 3.2) հետ, ուստի թուրքական իրավունքներն ու տիտղոսը ճանաչվում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրա։

Լոզանի պայմանագիրը չի անդրադարձել հայ-թուրքական սահմանին։ Սրա պատճառն այն է, որ այն արդեն իսկ և մեկընդմիշտ որոշված էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավարար վճռով (նոյեմբերի 22, 1920)։ Քանի որ իրավարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լոզանի պայմանագրով ներառված չեն հետագայում (հոկտեմբերի 29, 1923) որպես Թուրքիայի Հանրապետություն ճանաչված երկրի սահմաններից ներս, ուստի Լոզանում Թուրքիայի անունից հանդես եկող պատվիրակությունը 16-րդ հոդվածով[12] հրաժարվել է դրա տիտղոսից և դրա նկատմամբ իրավունքներից։ Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը վերահաստատում է այդ իրողությունը՝

Aquote1.png Սույն հոդվածի դրույթները չեն ներազդում բարիդրացիական հարաբերություններից բխող այն հատուկ պայմանավորվածությունների վրա, որոնք կայացել են կամ կարող են կայանալ Թուրքիայի և սահմանակից երկրներից որևէ մեկի միջև: Aquote2.png


16-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը խոսում է սահմանները հստակեցնող ոչ թե պայմանագրի կամ համաձայնագրի, այլ «հատուկ պայմանավորվածությունների» (special arrangements) մասին, որոնց թվին է պատկանում նաև իրավարար վճիռը։

Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 89-90-րդ հոդվածներով Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը։

Լոզանի պայմանագիրը և հայկական հուշարձանների կարգավիճակը Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու շենքի նորոգման վերաբերյալ հակասող կարծիքներ են հնչեցվել։ Ոմանց կողմից նույնիսկ փորձ է արվել հարցը ներկայացնել որպես «Թուրքիայի բարի կամքի դրսևորում»:

Թուրքիայի Հանրապետության տիրույթում, ինչպես նաև Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում, գտնվող հայկական հազարավոր հուշարձանների կարգավիճակը և դրանց նկատմամբ Թուրքիայի պարտավորությունները հստակեցված են միջազգային օրենքով և ամրագրված են միջպետական փաստաթղթերում։

Թուրքիայի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ճանաչումը, բխում է Լոզանի պայմանագրից՝ մաս 1-ին, հոդված 1-ին: Նույն պայմանագրի 1-ին մասի 3-րդ բաժինը (հոդվածներ 37-44) ամբողջովին նվիրված է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, նրանց ինքնության ու ժառանգության պահպանմանը։ Ազգային փոքրամասնություններին վերաբերող վերոնշյալ 37-44 հոդվածներին Լոզանի պայմանագրի 37-րդ հոդվածով տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) կարգավիճակ և բացարձակ գերակայություն բոլոր այլ օրենքների, կանոնակարգերի և պաշտոնական գործողությունների նկատմամբ. «Հոդված 37. Թուրքիան ընդունում է, որ 38-ից 44 հոդվածներում առկա պայմանավորվածությունները ճանաչվում են որպես հիմնարար օրենքներ, և որևէ օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող հակասել դրանց կամ խոչընդոտել այդ պայմանավորվածություններին, ինչպես նաև ոչ մի օրենք, կանոնակարգ կամ պաշտոնական գործողություն չի կարող գերակա լինել դրանց նկատմամբ»:

Նշյալ հոդվածով վերջինս հանդիսանում է Թուրքիայի համար միջազգային անբեկանելի պարտավորություն (իրավունքի մեջ հիմնարար օրենքի խմբին են դասվում սահմանադրությունները կամ դրանց հավասարեցված իրավական փաստաթղթերը)։

Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին մասնավոր կամ հանրային կյանքում տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն։ Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք։

Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը։

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնարար օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով։

Լոզանի պայմանագրի 44 հոդվածի 1-ին մասը նշում է. «Թուրքիան համաձայնվում է, որ Թուրքիայի ոչ մուսուլմաններին վերաբերող սույն բաժնի նախորդող հոդվածները հանդիսանում են միջազգային պարտավորություններ և դրանց կատարումը պետք է երաշխավորվի Ազգերի լիգայի կողմից»: Հատուկ պարտականություններ են դրվում Ազգերի լիգայի Խորհրդի (Council of the League of Nations) անդամների վրա՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա։

Այսինքն, ներկայումս Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և Անվտանգության խորհուրդը, որոնք ժառանգել են Ազգերի լիգայի և Խորհրդի ոչ միայն իրավունքները, այլև պարտականությունները, հանդիսանում են Թուրքիայում հայկական փոքրամասնության և, մասնավորապես, հայկական հուշարձանների պահպանման հովանավորներն ու երաշխավորները։

44-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է ցանկացած տարաձայնությունը դատական կարգով լուծելու հնարավորությունը. «Թուրքիան նաև համաձայնվում է, որ օրենքին կամ սույն հոդվածներից բխող որևէ փաստին վերաբերող ցանկացած տարակարծություն, որը կառաջանա թուրքական կառավարության և պայմանագիրը ստորագրած որևէ երկրի կամ Ազգերի լիգայի Խորհրդի որևէ անդամի միջև, պետք է համարվի միջազգային բնույթի վեճ, ինչպիսին ամրագրված է Ազգերի լիգայի կանոնակարգի 14-րդ հոդվածով: Թուրքական կառավարությունը սույնով իր համաձայնությունն է հայտնում, որ նման վեճը, եթե մյուս կողմն այդպես պահանջի, պետք է փոխանցվի Արդարության միջազգային մշտական դատարանի տնօրինմանը: Արդարության միջազգային մշտական դատարանի վճիռը պետք է լինի վերջնական և պետք է ունենա այնպիսի լիազորություն և հետևանք, ինչպիսին Ազգերի լիգայի Կանոնակարգի 13-րդ հոդվածով կայացված վճիռները»:

Լոզանի պայմանագիրը ստորագրած ցանկացած երկիր (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) կամ Խորհրդի (ներկայումս՝ Անվտանգության խորհրդի) անդամ որևէ երկիր (5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից յուրաքանչյուրը) հայկական հուշարձանների ավիրման հարցով իրավասու է Թուրքիայի դեմ հայցով դիմել Արդարության միջազգային մշտական դատարան (ներկայումս՝ Արդարության միջազգային դատարան)։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան նաև պարտավորված են վերահսկել Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի, հանդեպ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

Խախտելով ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ Թուրքիան սասանում է իր գոյության իրավական հիմքերը, քանի որ, ըստ միջազգային օրենքի, պայմանագրերը կատարվում են ամբողջության մեջ. պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից հանձնառությունների չկատարումն ազատում է մյուս կողմին հանձնառությունների կատարումից։ Պայմանագիրը փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, հետևաբար, եթե Լոզանի պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը (Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան և Հունաստանը) ճանաչել է Թուրքիայի Հանրապետությունը, նրա արևմտյան ու հարավային սահմանները, ապա մյուս կողմը՝ Թուրքիան, դրա դիմաց ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ մասնավորապես 37-44 հոդվածների մեջ ամրագրված ազգային փոքրամասնության իրավունքների հարգումը։ Չկատարելով իր ստանձնած պարտավորությունները, Թուրքիան հարցականի տակ է դնում Լոզանի ողջ պայմանագրի վավերականությունը։ Պայմանագրերի օրենքի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969) միանշանակ է այդ հարցում. «Հոդված 60, 2. Բազմակողմ պայմանագրի մասնակիցներից մեկի կողմից պայմանագրի կոպիտ խախտումը իրավունք է տալիս մյուս մասնակիցներին, միաձայն համաձայնությամբ, կասեցնել պայմանագրի գործունեությունը ամբողջությամբ կամ մասամբ, կամ լիովին դադարեցնել այն»:

Թուրքական իշխանությունների կողմից հայկական հուշարձանների նպատակային ավիրումը սոսկ բարոյականության հարց չէ, այլ միջազգային հանձնառությունների կոպիտ խախտում։ Մեկ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը չի կարող փարատել Թուրքիայի Հանրապետության կողմից Լոզանի պայմանագրի հետևողական, բազմակի և շարունակվող ոտնահարումների փաստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lausanne Conference on Near East Affairs, 1922-1923: Records of Proceedings and Draft Terms of Peace (London, UK: His Majesty’s Stationery Office, 1923), p. 1
  2. Lausanne Conference on Near East Affairs, 1922-1923: Records of Proceedings and Draft Terms of Peace (London, UK: His Majesty’s Stationery Office, 1923), p. 2
  3. Treaty of Peace with Turkey signed at Lausanne, Լոզան, Շվեյցարիա, 24 հուլիսի, 1923 թվական, http://wwi.lib.byu.edu/index.php/Treaty_of_Lausanne, վերցված է 27 ապրիլի, 2015 թվական 
  4. Huth P.K. Standing Your Ground, Territorial Disputes and International Conflict. Detroit, 1996, p. 207-8.
  5. Վիլսոնի իրավարար վճռի մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ. Ազգ, 28 դեկ 2006, էջ 3; Պապյան Ա. Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Հայկական հարցը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. Ազգ, 28 փետ 2007, էջ 5
  6. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա և Ճապոնիա
  7. Հայաստան, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբ-Խորվաթ-Սլովենական պետություն, Չեխոսլովակիա և Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) (վերջինս չի ստորագրել պայմանագիրը)
  8. Բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հունաստան, Ռումինիա, Սերբ-Խորվաթ-Սլովենական պետություն (վերջինս չի ստորագրել պայմանագիրը)
  9. Vienna Convention (1969), Article 34. “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”
  10. Vienna Convention (1969), Article 41. “Two or more of the parties to a multilateral treaty may conclude an agreement to modify the treaty as between themselves alone if: (b) the modification in question is not prohibited by the treaty and: (b) (i) does not affect the enjoyment by the other parties of their rights under the treaty or the performance of their obligations”
  11. McNair (Lord). Law of Treaties. Oxford, 1961, p. 230.
  12. Ուշագրավ զուգադիպությամբ միջազգային պայմանագրերում Հայկական հարցին առնչվող և՛ առաջին (տե՛ս՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը, 3.III.1878), և՛ վերջին հոդվածը (Լոզանի պայմանագիրը, 24.07.1923) կրում են միևնույն՝ 16 թիվը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու)