Կարապետ Տեր-Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարապետ Տեր-Մկրտչյան
Ծնվել էմարտի 29, 1866(1866-03-29)
Ցղնա
Մահացել էնոյեմբերի 19, 1915(1915-11-19) (49 տարեկանում)
Բաքու, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր, եպիսկոպոս և աստվածաբան
Ալմա մատերԳևորգյան հոգևոր ճեմարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կարապետ Տեր-Մկրտչյան (1866, գյուղ Ցղնա (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջանում)-19․11 (2․12)․1915, Բաքու), հայ եպիսկոպոս (1909), աստվածաբան, պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ։ Փիլիսոփայության դոկտոր (1893), աստվածաբանության լիցենցիատ (մագիստրոս, 1894):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Տեր-Մկրտչյանը ծնվել է Գողթն գավառի Ցղնա գյուղում, առևտրական Մարտիրոսի ընտանիքում[1]: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական, ապա՝ Զաքաթալայի գավառական դպրոցում: 1880 թվականին քեռու՝ Հովնան ավագ քահանա Ատովմյանի միջնորդությամբ ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1888 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ավարտելուց հետո դասավանդել է Գևորգյան ճեմարանում, վարել մատենադարանապետի պաշտոնը: 1889 թվականին Գևորգ Չորեքչյանի և Գարեգին Հովսեփյանի հետ ձեռնադրվել է կուսակրոն սարկավագ: 1889 թվականից ուսանել է Լայպցիգի, Բեռլինի և Տյուբինգենի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Դասախոսություններ է լսել Տյուբինգենի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության բաժնում, Փարիզի Սորբոնի համալսարանում, Մարբուրգի բողոքական աստվածաբանական ֆակուլտետում: Ուսումնառության տարիներին գիտական հոդվածներով աշխատակցել է գերմանական հայտնի կրոնական հանդեսներին: 1893 թվականին Լայպցիգում հրատարակած «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց ցեղակից աղանդավորական երևույթները Հայաստանում» (գերմաներեն) աշխատության համար 1894 թվականին արժանացել է փիլյան լիցենցիատի գիտական աստիճանի և վերադարձել էջմիածին, ձեռնադրվել կուսակրոն քահանա, կարգվել Գևորգյան ճեմարանի տեսչի օգնական և աստվածաբանության ու կրոնական առարկաների ուսուցիչ: 1899 թվականին նշանակվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1902-1906 թվականներին եղել «Արարատ»-ի կրոնական բաժնի խմբագիրը այնուհետև՝ մինչև 1899 թվականը, ամսագրի խմբագիր։ 1895 թվականին ստացել է վարդապետական աստիճան, նույն թվականին կարգվել Մայր աթոռի «Ուսումնական վարչական հանձնաժողովի» անդամ: 1899-1902 թվականներին կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1903-1905 թվականներին՝ Երևանի թեմակալի փոխանորդ: 1902, 1904, 1905-1906 թվականներին կարճ ժամանակով կրկին եղել է «Արարատ»-ի խմբագիր[2]: 1907 թվականին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան: 1907 թվականին, խույս տալով Մայր աթոռի որոշ միաբանների հարուցած խոչընդոտներից ու զրպարտություններից, մեկնել է Բաքու, տեղի գիմնազիայում աշխատել ուսուցիչ: 1907 թվականին, կարգվելով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, նախաձեռնել է Թավրիզում «Առավոտ» հայերեն շաբաթաթերթի (1909-1912 թվականներին) հրատարակումը, Պարսկաստանի տարբեր վայրերից հայթայթել և էջմիածնի մատենադարանին է ուղարկել հայկական հին ձեռագրեր։ 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1910-1912 թվականներին խմբագրել է «Թավրիզի հայտարարություններ» թերթը։ 1914 թվականից մինչև կյանքի վերջը եղել է Շամախու հայոց թեմի առաջնորդ[3]։

Վախճանվել է 1915 թվականի նոյեմբերի 19-ին Բաքվում: Թաղված է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Մկրտչյանի աշխատությունները, ձեռագրագիտական հազվագյուտ հայտնագործությունները մեծ հետաքրքրություն են ներկայացրել Եվրոպայի գիտական աշխարհում, առատ նյութ տվել Ընդհանրական եկեղեցու և քրիստոնեության վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար: «Պավլիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և նրանց մերձավոր հերձվածային երևույթները Հայաստանում» (1893, գերմաներեն), «Թոնդրակեցիք մեր օրերում» (1895, գերմաներեն) աշխատություններում և «Պավլիկյանց և թոնդրակեցվոց աղանդները արդի քննադատությամբ» («Արարատ», 1900, հուլիս) հոդվածում անդրադարձել է Միջնադարյան Հայաստանում տարածված աղանդավոր. այդ շարժումներին, դրանց վարդապետություններին: Զբաղվել է Հայաստանում աղանդավորական շարժումների պատմության հարցերով [«Թոնդրակեցիք մեր օրերում» (գերմաներեն), 1896]։ Սակայն Թոնդրակյան շարժումը նա բնութագրել է ոչ թե որպես դասակարգային պայքար, այլ սոսկ մտավոր առաջադիմության երևույթ կրոն, հարցերի շուրջ։

Տեր-Մկրտչյանը հերքել է արևելագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Կոնիբերի  «Բանալի ճշմարտության» երկի՝ 9-րդ դարում գրված լինելու մասին թեզը, հիմնավորել է նաև «նոր թոնդրակեցիների» կապը բողոքական մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ կրկնամկրտականության (անաբապտիզմ), մկրտականության, լյութերականության հետ: «Ազգային եկեղեցի» (1903) գրքույկում հեղինակը Հայ առաքելական եկեղեցին ներկայացրել է իր երեք հիմնական գծերով՝ ազգային բնավորությամբ, կրոնական  ոգով և հալածական վիճակով:

1902-1903 թվականներին Տեր-Մկրտչյանին են հանձնարարվել Աստվածաշնչի նոր հրատարակության պատրաստման և խմբագրման աշխատանքները: Նա Մայր աթոռի ձեռագրատան Աստվածաշնչի 40 ձեռագրերից ընտրել է 8-9 հիմնականները, համեմատել եբրայերեն բնագիրը և Յոթանասնից թարգմանությունը և տպագրության պատրաստել Ծննդոց ու Ելից գրքերը: Սակայն 1903 թվականին եկեղեցական գույքի բռնագրավման և Մայր աթոռում ստեղծված իրավիճակի պատճառով գործը չի հրատարակվել և չի հասցվել իր ավարտին:

1904 թվականին Տեր-Մկրտչյանը Երևանի Կաթողիկե եկեղեցում հայտնաբերել է մի կարևոր հայերեն ձեռագիր, որը բովանդակել է II դարի հեղինակ Իրենիոս Լուգդոնացու գրվածքները: Դրանցից առաջինը ՝ «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, մեծ արժեք է ներկայացնում II դարի քրիստոնեական դավանաբանության համար: Հունարեն բնագիրը կորած է, և միայն վերնագիրն էր հայտնի Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ից: Երվանդ Տեր-Մինասյանի հետ հայտնաբերել և գերմաներեն է թարգմանել Ս․ Իրենիոսի (Երանոս) «Ցոյցք առաքելական քարոզության» երկը, որի մասին մինչ այդ սոսկ հիշատակություն կար Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» մեջ, իսկ բնագիրը կորած էր համարվում [լույս է տեսել Լայպցիգում (1907)՝ գերմաներեն և հայերեն զուգադիր տեքստով, պրոֆեսոր Ա․ Հառնակի վերջաբանով և ծանոթագրություններով]։ Տեր-Մկրտչյանի և Երվանդ Տեր-Մինասյանի ջանքերով Լայպցիգում լույս է տեսել (1908) նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն բնագիրը՝ գերմանական և հայերեն առաջաբանով։ 1910 թվականին Լայպցիգում հրատարակվել են Տեր-Մկրտչյանի հայտնաբերած Ս․ Իրենիոսի «Ընդդեմ հերձվածոց» ճառի 4 և 5 գրքերը (հայերեն), գերմաներեն առաջաբանով։ «Արարատ» ամսագրում տպագրել է հայագիտական հոդվածներ։ Հայտնաբերած երրորդ ձեռագիրը, որը 1911 թվականին Տեր-Մկրտչյանը գտել էր Դարաշամբի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքում, «Կնիք հավատո» (1914, Երվանդ Տեր Մինասյանի հետ) դավանաբանական ժողովածուն էր: Այդ գործին կցված ընդարձակ «Ներածությունը» գնահատելի  ուսումնասիրություն է Հայ եկեղեցու 6-7-րդ դդ. պատմության, դավանական դիրքորոշումների և մատենագրության վերաբերյալ: Աշխատության հետ առնչություն ունի հեղինակի մեկ այլ՝ «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի» (1913) ուսումնասիրությունը: Այս գործերում Տեր-Մկրտչյանը անդրադարձել է Հայ եկեղեցու պատմության ամենակնճռոտ և վիճելի հարցերից մի քանիսին, այն է՝ քրիստոնյա աշխարհում դավանաբանական վեճերին հայոց մասնակցության, Քաղկեդոնի ժողովի մերժման, Տիմոթեոս Կուզի  «Հակաճառության» հայերեն թարգմանության ժամանակին, «Գիրք թղթոց»-ի մի շարք գրությունների հեղինակային պատկանելության, գրելու շարժառիթների խնդրին ևն: Պաշտպանել և հիմնավորել է այսօր արդեն հայագիտության մեջ ընդունված այն տեսակետը, թե Հայ եկեղեցին Քաղկեդոնի ժողովի հանդեպ իր բացասական դիրքորոշումը հստակեցրել է 5-րդ դարի վերջին քառորդին՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք: Տեր-Մկրտչյան անձնական կապեր է ունեցել գերմանացի հայագետներ Հ․ Գեչցերի, Ադոլֆ Հառնակի և ուրիշների հետ։

Տեր-Մկրտչյանը հրատարակել է մի շարք հիշատակարաններ Մայր աթոռի մատենադարանի ձեռագրերից: Դրանցից երկուսը լույս են տեսել առանձին (Հովհան Երուսաղեմացու և Հովհաննես Գ Օձնեցու թղթերը): «Արարատ»-ում հրատարակել է «Գիրք թղթոց»-ի մի շարք գրություններ, մասնավորապես՝ Բաբկեն Ա Ոթմսեցի, Ներսես Բ Բագրեվանդցի, Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերը, նոր լույս սփռելով Հայ եկեղեցու VI–VII դդ. պատմության մի շարք հարցերի վրա: 1908 թվականին Վաղարշապատում լույս է տեսել Տեր-Մկրտչյանի  «Հայոց եկեղեցու պատմության» առաջին հատորը: Ժողովրդի կրոնաբարոյական դաստիարակության համար աշխարհաբար է փոխադրել Մատթեոսի Ավետարանը (անտիպ):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիւթեր հայ մելիքութեան մասին, պր. 1, 2, Վաղարշապատ, 1913–14:
  • Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ և մերձաւոր հերձուածային երևոյթներ Հայաստանի մէջ, Երուսաղեմ, Տպարան Սրբոց Հակոբեանց, 1938[4]:
  • Տեր - Մինասյան Ե., Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Մ., 1911:
  • Հովսեփյան Գ., Տ. Կարապետ եպիսկոպոս, «Արարատ», 1915, դ 11–12, էջ 849–856:
  • Stephan S., Karapet Episkopos Ter-Mkrtschjan (1866–1915), Halle, 1983.
  • Կարապետ Եպիսկոպոս Տէր-Մկրտչեան (1866-1915): փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու: Հայաստանի ազգային արխիվ, 2006, 558 էջ[5]:
  • Երկերի ժողովածու: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչություն, 2008[6]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարապետ Տեր-Մկրտչյան» 
  2. «Արարատ, Համար Ա (1913)»։ www.flib.sci.am։ Վերցված է 2019-03-17 
  3. «Տեր-Մկրտչյան Կարապետ | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ Վերցված է 2019-03-17 
  4. Տէր-Մկրտչեան Կարապետ (1938)։ Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ (հայերեն)։ Տպարան Սրբոց Հակոբեանց 
  5. Կարապետ Եպիսկոպոս Տէր-Մկրտչեան (1866-1915): փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու (հայերեն)։ Hayastani azgayin arkhiw։ 2006։ ISBN 9789994191048 
  6. Տէր֊Մկրտչեան Կարապետ (2008)։ Երկերի ժողովածու (հայերեն)։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչություն 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 680 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png