Շամախու թեմ
Շամախու թեմ, կազմավորվել է բուն Աղվանքի (Կուրի ձախափնյակի) հայահոծ շրջաններում։ Կենտրոնները 1660 թվականից Սաղիանի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանք, 1838 թվականից Շամախու Սուրբ Աստվածածին, 1918 թվականից Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ։
Շամախու թեմի ստեղծման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղվանքի հայկական եկեղեցիներն սկզբնաղբյուրներում հիշատակվում են վաղ միջնադարից։ Շամախու թեմի սկզբնավորման ստույգ թվականը և եպիսկոպոսանիստ առաջին եկեղեցին մատենագրական աղբյուրներում վկայված չեն։ Համարվել է Աղվանից կաթողիկոսության թեմերից մեկը։ 11-րդ դարից բուն Աղվանքը հայտնի էր Շիրվան կամ Շիրվանայ երկիր անունով։ Շիրվանի մայրաքաղաքն էր Շամախին։ 16-րդ դարից Շամախու թեմի ենթակայության ներքո էին գտնվում Շաքիի (Նուխի) եկեղեցիներն ու վանքերը։ Ցարական արքունիքի 1836 թվականի մարտի 11-ի ընդունած կանոնադրությամբ (Պոլոժենիե) վերացվել է մետրոպոլիտությունը, և նախկին Աղվանից կաթողիկոսությանը ենթակա շրջաններում ստեղծվել են Մայր աթոռին ենթակա երկու առաջնորդական թեմ և մեկ հաջորդական վիճակ։ Առաջինը Արցախի թեմն էր, երկրորդը Շամախու կամ Շիրվանի թեմը, որն ընդգրկել է Գյոկչայի, Շամախու, Ղուբայի, Սաղիանի, Բաքվի շրջանները և Դերբենդ քաղաքը։ Կանոնադրությամբ Շաքին և Լենքորանը հանձնվել են Արցախի թեմին։ Թեմակալ առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի օրոք (1838–1840) 1838 թվականին առաջնորդանիստը Սաղիանից տեղափոխվել է Շամախի քաղաք, և տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1701 թվականին) դարձել է առաջնորդանիստ։ Նույն թվականից գործել է թեմի վիճակային ատյանը (կոնսիստորիա)։ 1853 թվականին թեմում գործել են 34 եկեղեցի, 31 հոգևորական։ Բաքվում, 1869 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումից հետո, եկեղեցական գործերը վարելու նպատակով, 1872 թվականին Էջմիածնի Սինոդի հրամանագրով ստեղծվել է Բաքվի հայոց եկեղեցիների գործակալություն։
1890 թվականին թեմի տարածքում կար հայաշատ բնակչություն ունեցող չորս քաղաք (Բաքու, Դերբենդ, Ղուբա, Շամախի), 48 հայկական գյուղ, 39 եկեղեցի և երկու վանք [Սաղիանի Սուրբ Ստեփանոս Նախավկա, Մեյսարիի Սուրբ Աստվածածին (հիմնադրվել է 1688 թվականին)]։ 1844 թվականին, Թուրքեստանի Աշգաբադ քաղաքում հայկական առաջին եկեղեցու հիմնադրումից հետո, այն հանձնվել է Շամախու թեմի տնօրինությանը։ 1891 թվականին Թուրքեստանում Աշգաբադ և Ղըզլ-Արվադ քաղաքներում կար 2 գործող եկեղեցի։ 1892 թվականին ռուսական իշխանությունների պահանջով Շամախու թեմում գտնվող Թուրքեստանի հայկական եկեղեցիները հանձնվել են Աստրախանի թեմին։
Հիմնադրված դպրոցները
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին հիմնադրվել է Բաքվի հայոց ծխական հոգաբարձությունը։ Զբաղվել է եկեղեցիների, դպրոցական շենքերի, աղքատանոցների կառուցման, պահպանման ու վերաբացման աշխատանքներով։ Հայկական դպրոցներից են Շամախու հոգևոր սեմինարիան (հիմնադրվել է 1844 թվականին), Սանդուխտյան օրիորդաց դպրոցը (1869), Սաղիան գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը (1864–1885, 1888 թվականին վերաբացվել է), Մատրասա գյուղի ծխական մեկդասյան դպրոցը (1870), օրիորդաց ծխական դպրոցը (1872)։ Բաքվում 1869 թվականին հիմնվել է Մեսրոպյան ծխական երկդասյան արական դպրոցը, Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը, 1894 թվականին Բաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից երկրորդ օրիորդաց դպրոցը։ 1872 թվականին կաթողիկոսի հատուկ կոնդակով հիմնվել է Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր սեմինարիան։ Դերբենդում 1873 թվականին բացվել են հայկական օրիորդաց Մարիամյան մեկդասյան դպրոցը, արական դպրոցը և այլն։
1914 թվականին հայ բնակչությունը թեմի տարածքում կազմել է շուրջ 133 հազար։ 1916 թվականին թեմում գործել է 39 եկեղեցի, որից 14-ը Շամախու, 17-ը Գյոկչայի, 2-ը Ղուբայի գավառներում, 1-ը Դերբենդում և 5-ը Բաքվում (Սուրբ Աստվածածին, հիմնադրվել է 1799 թվականին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հիմնադրվել է 1863–1869 թվականին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ, հիմնադրվել է 1895 թվականին, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս, հիմնադրվել է 1907–1911 թվականներին, Սուրբ Թարգմանչաց, հիմնադրման թվականը անհայտ է)։ 1917 թվականից Բաքվում գործել է Բաքվի հայ քահանաների միությունը։
Շամախին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի մարտի վերջին Շամախիում բռնկած հայ-թաթարական ընդհարումների ժամանակ թաթարներն այրել են թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը։ Թեմը մեծ վնասներ է կրել 1918 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին, երբ թուրքական զորքերի Բաքվի արշավանքի ընթացքում ավերվել են հայկական բազմաթիվ գյուղեր, եկեղեցիներ ու վանքեր, կոտորվել հազարավոր հայեր։ Ճակատագրական այդ օրերին թեմակալ Բագրատ եպիսկոպոս Վարդազարյանը Գյոկչա և Շամախի գավառների կոտորածներից փրկված հայերի հետ գաղթել է Բաքու, որտեղ 1918 թվականին հիմնել է Ինքնօգնության կոմիտե (զբաղվելու էր հայ գաղթականության օգնության խնդիրներով)։ 1918 թվականին նա ընդգրկվել է Բաքվի հայոց Ազգային խորհրդում, այնուհետև դարձել նրա նախագահը, Շամախի քաղաքից այստեղ տեղափոխել թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին դարձրել առաջնորդանիստ։ Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո թեմի առաջնորդարանն ու վիճակային ատյանը դադարել են գործել։ 1920 թվականի օգոստոսին թեմը ժամանակավորապես միացել է Գանձակի փոխանորդությանը, իսկ կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի սեպտեմբերի 3-ի կոնդակով Տաշքենդի, Սամարղանդի, Անդիժանի, Կոկանդի, Աշգաբադի, Չարջոուի, Ղըզլ-Արվադի, Նոր Բուխարայի, Կրասնովոդսկի և Չաքիչլարի հայկ. եկեղեցիները, վանքերը, մատուռներն ու ուխտատեղիները միացվել են Շամախուն և միասնաբար կոչվել Բաքվի և Թուրքեստանի թեմ։ 1921 թվականին Գանձակի փոխանորդությունն առանձնացվել է, և կազմվել է համանուն առանձին թեմ։
Իրանա-Հնդկաստանի թեմում առաջնորդ չլինելու պատճառով կարճ ժամանակով (1923 թվականի հուլիս-նոյեմբեր) Պարսկաստանի Ատրպատական նահանգի Նիշապուր, Սաբզվար, Ղոզան, Մեշխեդ և այլ շրջանների եկեղեցիները միացվել են Բաքվի և Թուրքեստանի թեմին։ 1922 թվականին ստեղծվել է Բաքվի և Թուրքեստանի թեմական խորհուրդը, իսկ 1926 թվականին Շամախի քաղաքում կարճ ժամանակով գործել է Շամախի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու կրոնական համայնք ընկերությունը։ 1927 թվականին Լենքորանը կրկին միացվել է Բաքվի և Թուրքեստանի թեմին։ 1930-ական թվականներին Խորհրդային Միությունում եկեղեցու դեմ իշխանությունների վերսկսած հալածական քաղաքականության հետևանքով Ադրբեջանում և Միջին Ասիայում նույնպես ավերվել ու քանդվել են հայկական եկեղեցիները (Բաքվի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս, Շամախու Սուրբ Աստվածածին և այլն),աքսորվել և գնդակահարվել մեծ թվով եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ։
1930-ական թվականների սկզբներից Թուրքեստանում փակվել են հայկական եկեղեցիները։ Հայրենական մեծ պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը ձեռնամուխ է եղել Հայ եկեղեցու թեշատին մերի վերակազմավորման և վերաբացման աշխատանքներին։ 1945 թվականին Արցախի ու Գանձակի թեմերը միավորվել են Բաքվի և Թուրքեստանի թեմին, որտեղ գործել են միայն Բաքվի և Գանձակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (1945 թվականից)։ Թուրքեստանում գործող եկեղեցիներ չլինելու պատճառով կոչվել է Ադրբեջանի թեմ, առաջնորդանիստը մնացել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Թեմական խորհրդի հրավերով Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը հովվապետական այցելություններ է կատարել թեմ (1957, 1962, 1969 թվականին)։ 1988–1990 թվականին Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայահալած քաղաքականության և շուրջ 300 հազար հայերի բռնագաղթի պատճառով թեմը դադարել է գործել։1989 թվականի դեկտեմբերին հրկիզվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Թեմի վերջին առաջնորդն էր Անանիա եպիսկոպոս Արաբաջյանը (1981–1989 թվականների դեկտեմբեր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
|